The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Monday, 19 May 2025

Մաստրիխտ 2025․ Հայ համայնքը՝ Սուրբ Սերվատիոսի պատվին

Հայազգի Սուրբ Սերվատիոսին նվիրված յոթ տարին մեկ անցկացվող տպավորիչ ուխտագնացություն Մաստրիխտում

🌿 Հայկական համայնքը Մաստրիխտում հանդիսավորությամբ պատրաստվում է Սուրբ Սերվատիոսի տոնին նվիրված եզակի  2025-ի ուխտագնացությունը: Այն միացումի, հավատքի, ժառանգության և միասնության մի տոնախմբություն է լինելու, երբ շաբաթ՝ հունիսի 14-ին, ժամը 12:00-ին, Սուրբ Սերվատիոսի բազիլիկայում տեղի կունենա հատուկ հայկական պատարագ, կազմակերպված Մաստրիխտի Սուրբ Կարապետ եկեղեցու կողմից։ Այս Պատարագը բացառիկ է  Եվրոպայի առաջին արմատներով հայ եպիսկոպոս  Սուրբ Սերվատիոսի պատվին։
 🏛️Մաստրիխտի Սուրբ Սերվատիոսի բազիլիկան կառուցված է այս սրբի շիրիմի վրա, ով համարվում է Նիդերլանդների առաջին եպիսկոպոսը։ 
 
Թեև պատմական փաստերը սահմանափակ են, ավանդույթն ու քրիստոնեական զրույցները Սուրբ Սերվատիոսին հայկական ծագում են վերագրում։ Նրա անունն էլ է գալիս հայկական անուններից՝ «Զարավանդ» կամ «Զարուանդ», որոնք հռոմեական և հունական ավանդույթներում դարձել են «Սերվատիոս»։ Սուրբ Սերվատիոսի շիրիմի վրա կառուցված Սուրբ Սերվատիոսի բազիլիկան դարձել է ոչ միայն Մաստրիխտի քրիստոնեական հոգեւոր սիրտը, այլև հայ համայնքի նոր հավատքի կենտրոնը։ Մաստրիխտում չկա մեկը, որ չհաստատի Սերվատիոսի հայ լինելու փաստը 


 📜  Մաստրիխտի հատուկ տարեգրքում զետեղված են տեղեկություններ Սուրբ Սերվատիոսի ու հայ համայնքի մասին՝ պատմական անդրադարձներով:
Տարեգրքում մեջբերված են ամերիկահայ նշանավոր գրող Վիլյամ Սարոյանի խոսքերը.
«Երբ երկու հայ հանդիպում են աշխարհի որեւէ կետում, այնտեղ ստեղծվում է հայկական համայնք»։ Եվ հենց այս մտքի կենդանի դրսեւորումն է Մաստրիխտի հայ համայնքը, որը վերջին երեք տասնամյակում դարձել է հարազատ տուն տասնյակ ընտանիքների համար, իսկ այսօր նաև՝ մշակութային կամուրջ է հազարամյա հայկական հոգևոր ժառանգության և հին քրիստոնեական Եվրոպայի միջև։
1990-ականներին, փախչելով Մերձավոր Արևելքի և Կովկասի հակամարտություններից (նույնիսկ Լեռնային Ղարաբաղի պատերազմի հետևանքներից), մի քանի հայկական ընտանիքներ տեղափոխվեցին Նիդերլանդների հարավ՝ Մաստրիխտ։ Նրանց թվում էին Արմանդ Կարաողլանի և Վազգեն Սարգսի ընտանիքները՝ համայնքի հիմքում կանգնած անձինք, ովքեր տարիների ընթացքում իրենց հավատքով, նվիրվածությամբ ու մշակութային ներդրումներով կառուցեցին ամուր և հյուրընկալ համայնք։ Այսօր այդ համայնքն արդեն ունի մոտ 150 ընտանիք։
Մաստրիխտում հաստատվելը կարող էր թվալ պատահականություն, բայց ինչպես նշում է Կարաողլանը՝ Սուրբ Սերվատիոսի ժառանգության ներկայությունն այստեղ նրանց համար մի իսկական Աստվածահաճո շնորհում էր։  Հավատը՝ հայերի ինքնության անբաժան մասնիկն է: Հայերի համար հավատքը երբեք պարզապես կրոն չէ՝ այն ինքնության հիմքն է, պատմական դիմադրության միակ օղակը և մշակույթի շարունակականության գրավականը, գրված է տարեգրքում: Մաստրիխտում հայերը չեն կորցրել այս համոզմունքը․ տարիների ընթացքում, շնորհիվ Նիդերլանդների եկեղեցական առաջնորդների (ինչպես օրինակ՝ եպիսկոպոս Վիերթցի ու դեկան Հաննեմանի աջակցությանը), հայերը կարողացել են ազատորեն իրականացնել իրենց ծեսերն ու մշակութային արարողությունները։ Այսօր համայնքն իր մշտական վայրը գտել է նախկին Քրիստոսի Համբարձման եկեղեցում (Pottenberg), որն այժմ ծառայում է որպես հայկական «Սուրբ Կարապետ» եկեղեցի։ Մաստրիխտի հայ համայնքը ապացուցում է, որ նույնիսկ հազարավոր կիլոմետրեր հեռու՝ օտար հողում, հավատքը, պատմությունը և մշակույթը կարող են ծաղկել, երբ կա ընդունելություն, երկխոսություն և միասին ապրելու կամք։
 
Heiligdomsvaart 2025-ը ոչ միայն մաստրիխտցիների, այլ նաև ամբողջ եվրոպական սփյուռքի հայության համար բացառիկ հնարավորություն է՝ վերամիավորվելու հավատքի ու իր ժառանգության շուրջ։
 
⛪ Ուխտագնացություն 2025 – Սուրբ Սերվատիոսի տոնը հայ համայնքի աչքերով
Մեր գործընկերոջ Nieuws Armenië կայքի ուշադրության կենտրոնում է հայտնվել  այս տարվա Սուրբ Սերվատիոսի  Heiligdomsvaart 2025՝  յոթ տարին մեկ անցկացվող տպավորիչ ուխտագնացությունը։ Միջոցառումը հանդիսանում է Մաստրիխտի հոգևոր կյանքի պսակն ու գագաթնակետը, որի ընթացքում քաղաքի պատմական սիրտը լցվում բազմահազար հավատացյալներով, արարողությունները շունչ ու լիցք են տալիս ավանդույթ ունեցող միջոցառմանը։
 

 
📅 Հատուկ իրադարձություններ՝
 
Շաբաթ՝ հունիսի 14-ին, ժամը 12:00-ին, Սուրբ Սերվատիոսի բազիլիկայում կկայանա հատուկ հայկական պատարագ, կազմակերպված Մաստրիխտի Սուրբ Կարապետ եկեղեցու կողմից։ Պատարագը բացառիկ պահ է՝ հայերեն աղոթքի, հոգևոր խորհրդածության և համայնքային կապի համար։
 
Կիրակի՝ հունիսի 15-ին, կանցկացվի ուխտագնացության հիմնական պահը՝ Մեծ Ընթացքը (Grote Processie կամ Ommegang)։ Մաստրիխտի պատմական կենտրոնով կանցնեն հարյուրավոր մասունքներ, դրոշներ, սրբապատկերներ ու քանդակներ։ Հայ համայնքը ևս՝ իր ազգային տարազներով ու խորհրդանիշերով, կդառնա երթի հպարտ մասնակից։
Այս տարվա պատվավոր հյուրն է՝  Վատիկանում Հայ Առաքելական Եկեղեցու պատվիրակ, արքեպիսկոպոս Տ. Խաժակ Պարսամյանը, ով հատուկ Հռոմից ժամանելու է Մաստրիխտ՝ միանալու ուխտին։
 
Այս միջոցառմանը սպասվում է 60,000-ից մինչև 100,000 այցելուների հոսք, ինչը դարձնում է այն ոչ միայն հսկայական հոգևոր, այլև մշակութային տոն։
 
🙌 Հավատքի կենդանի վկայություններ
Սուրբ Սերվատիոսի շիրիմը ոչ միայն Մաստրիխտի, այլև հայ ուխտավորների կարևորագույն վայր է։ Հայ համայնքում պատմվում են մի քանի հրաշալի դեպքեր՝ մասնավորապես հաշմանդամ երիտասարդի բուժման մասին, ինչպես նաև երեխա չունեցող զույգի երազանքի կատարման մասին։ Այս պատմությունները, փոխանցվելով բանավոր ու գրավոր ձևով, դարձնում են այս վայրը հայերի համար հոգևոր մխիթարության աղբյուր։


✝️  երախտագիտության խորհրդանիշ է հայկական խաչքարը: 2016թ.-ին Մաստրիխտի հայկական համայնքի նվիրած գեղեցիկ խաչքարը տեղադրված է Սուրբ Սերվատիոսի բազիլիկայի մոտ՝ որպես խորհրդանիշ հարյուրամյակների ընթացքում գոյատևած հավատքի, կրոնի, և մշակույթի։ 
📣 Մաստրիխտի Սուրբ Կարապետ եկեղեցու խորհուրդը, Անի հայ համայնքը կոչ են անում բոլորին միանալ սփյուռքի պատմական այս իրադարձությանը:
Nieuws Armenië-ի և «Նիդերլանդական օրագրի» խմբագրակազմը հատուկ ուշադրություն է դարձրել այս միջոցառմանը՝ այն դիտարկելով որպես ոչ միայն տեղական, այլ նաև համահայկական նշանակության իրադարձություն, քանզի այս տոնին հոլանդացիներն են հանդիսավորությամբ պատրաստվում: Տարիներ շարունակ հայերը, որոնց ճակատագիրը ցրել է աշխարհով մեկ, վերգտել, պահել են իրենց ինքնությունը։ Մաստրիխտն այսօր ապաստան գտած հայերի նաև հոգևոր սյուներից մեկն է։ Մաստրիխտի հայ համայնքը հրավիրում է բոլոր հայերին՝ անկախ բնակության վայրից, միանալու այս եզակի տոնակատարությանը՝ լինելու մի մասնիկ պատմության, որ համադրում է ԵՎՐՈՊԱՆ և ՀԱՅԱՍՏԱՆԸ՝ մեկ հավատքի ու տանիքի ներքո։

 
📍📅  Տեղեկություններ միջոցառման և ծրագրի մասին՝
🔗 heiligdomsvaartmaastricht.nl/nl/programma-2025
🕊️ Հունիսի 14, ժամը 12:00 – Հայկական պատարագ Սուրբ Սերվատիոսի բազիլիկայում
🎉 Հունիսի 15 – Հայ համայնքի մասնակցությունը Մեծ ուխտագնացությանը (Grote Processie)
10.00 uur: Pontificale hoogmis (uitgezonden door de KRO) in de Sint Servaas basiliek
14.00-17.00 uur: Eerste ommegang
🌍 Հյուր – Արհ. Տ. Խաժակ արքեպս. Պարսամյան, Հռոմ
📍 Վայր – Մաստրիխտ, Նիդերլանդներ
 
🌐 Լրացուցիչ տեղեկություն – heiligdomsvaartmaastricht.nl
📘 Մաստրիխտի տարեգրքի հատուկ էջեր՝ պատմական անդրադարձներով


Մաստրիխտի տարեգրքի հատուկ էջեր

Սերվատիոսի դամբարանը

Պատրաստեց Hay Azian-ը

No comments:

Post a Comment