Կենդանիները բիզնես շահի գերին. ինչ է կատարվում Մխչյանի «Հրաշք այգում»
Մխչյան գյուղում գործող «Հրաշք Այգի» ռեստորանային համալիրը վերջին տարիներին ոչ մեկ անգամ է հայտնվել հասարակության և կենդանապաշտպան կազմակերպությունների ուշադրության կենտրոնում։ Պատճառը պարզ է․ այստեղ վայրի կենդանիները պահվում են ոչ բնական և անբավարար պայմաններում՝ դառնալով ոչ թե զբոսաշրջային գրավչություն, այլ անպատասխանատու վերաբերմունքի կենդանի վկայություն։
Ներկայացված կադրերում հստակ երևում է, որ կենդանիները գտնվում են նեղ ու անհարմարավետ վանդակաճաղերի հետևում։ Բեզոարյան այծերն ու եղնիկները զրկված են իրենց բնորոշ ազատ տարածքից։ Առյուծներն ու արջը պարզապես գոյատևում են, իսկ կապիկների համար բացակայում է շարժվելու ու զարգանալու անհրաժեշտ տարածքը։ Ակնհայտ է՝ կենդանիները ընկճախտի մեջ են ու տառապում են ոչ ճիշտ վայրում պահվելու պատճառով։
Օտարազգի աշխատակիցը ևս հաստատեց, որ կենդանիները լավ պայմաններում չեն։
Կենդանապաշտպան կազմակերպությունները բազմիցս ահազանգել են այս խնդրի մասին։ «FPWC»-ը (Wildlife and Cultural Assets Հիմնադրամ) և «Zoo Fauna Art»-ը վերջին տարիներին փորձել են փրկել և տեղափոխել այստեղ պահվող մի շարք կենդանիներին՝ ապահովելով նրանց առավել բնական միջավայր։ Մասնավորապես, մի քանի արջեր արդեն տեղափոխվել են վերականգնողական կենտրոններ։ Այնուամենայնիվ, խնդիրը շարունակում է մնալ արդիական․ այսօր էլ «Հրաշք այգում» կան կենդանիներ, որոնք գոյատևում են ոչ համարժեք պայմաններում։
Այս իրավիճակը ոչ միայն խախտում է կենդանիների բարեկեցության տարրական իրավունքները, այլ նաև լուրջ բարոյական խնդիր է հասարակության համար։ Հանուն բիզնես շահերի ամեն բան թույլատրելի չէ։ Վայրի կենդանիները զվարճանքի առարկա չեն և չպետք է օգտագործվեն որպես ռեստորանային համալիրի լրացուցիչ «հրաշք»։
Կենդանիները մեր համատեղ աշխարհի մաս են։ Նրանց նկատմամբ հոգատարությունը պետական և հասարակական կառույցների պարտականությունն է։ Հասարակությունը պետք է պահանջի, որ նման վայրերում վայրի կենդանիների շահագործումը դադարեցվի, իսկ կենդանիները տեղափոխվեն այնպիսի վայրեր, որտեղ նրանց կապահովվի ազատություն, արժանապատիվ կյանք և պաշտպանություն։


No comments:
Post a Comment