The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Thursday, 4 December 2025

Ազատ Խլղաթյան-115․ Լույս, որ չի մարում


Բանաստեղծ, լրագրող, Հանրային ռադիոյի «Կիրովականյան կյանք» հաղորդաշարի նախկին խմբագիր Սամվել Դուրինյանը իր ուսուցչին՝ Ազատ Խլղաթյանին, երախտագիտությամբ է հիշում․ «Կենդանության օրոք արդեն իսկ լեգենդ էր»։ Այդ կարծիքին էին և այսօր էլ են շատերը՝ Խնձորուտ թաղամասի բնակիչներ, մանկավարժական համայնք, քաղխորհրդի կրթության, գիտության, մշակույթի և պատմական ժառանգության հանձնաժողովի անդամներ։ Նրանց առաջարկությամբ էլ Վանաձորի քաղխորհրդի նախագահությունը հատուկ որոշմամբ թիվ 18 միջնակարգ դպրոցը սիրահոժար անվանակոչեց հանրապետության վաստակաշատ մանկավարժի՝ դպրոցի հիմնադիր Ազատ Խլղաթյանի անունով։

Լեգենդով հեղված ճանապարհ

Ազատ Խլղաթյանը ծնվել է Մշո Բուլանուղի հայկական Շեխ-Եղաուպ գյուղում, քաթիպ Հովհաննեսի առաջնեկ որդին էր ու գյուղի առաջին արու զավակը։ Երիտթուրքերի իշխանության գալով՝ հայերն ազատության նոր հույսեր ունեին, հավատում էին՝ վերջ դրվեց բռնություններին։ Այդ հավատով էլ նորածին որդուն անվանեցին Ազատ։

Բայց հույսը երկար չտևեց․ գյուղը, շուրջ 200 ընտանիք, կոտորածներից մազապուրծ հարկադրյալ գաղթի ճանապարհ ընկավ։ Այդ արհավիրքի ընթացքում զոհվեց Ազատի եղբայրը՝ Արամայիսը։ Ընտանիքը հասավ Էջմիածին, ապա բնակություն հաստատեց Վարդանլու գյուղում՝ ապագա Վանաձորի թաղամասում։

Տնավեր ու քնկոտ մնացած ընտանիքը ստիպված էր ամեն կարգի աշխատանքների լծվել։ Ազատն աշխատում էր որպես նման, միաժամանակ հաճախում էր դպրոց։ Նրա երազանքը մեկն էր՝ դառնալ վարժապետ։ Ուսումը գերազանց ավարտելով՝ արդեն 8-րդ դասարանում նրան առաջարկեցին դասավանդել։ Հետագայում ավարտեց մանկավարժական ուսումնարանը, ապա բուհի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետը։ Դասավանդեց Շնողում, Մեղրուտում, սակայն մշտապես մտքում ու սրտում էր Վարդանլուի երեխաների վիճակը, որոնք ամեն օր մեծ դժվարությամբ էին հասնում հեռավոր Մեղրուտ դպրոց։

Այդ մտահոգությունն էլ դարձավ շնորհալի ուսուցչի մեծ գործի սկիզբը։ Նա համոզեց համագյուղացիներին, և միասին սկսեցին դպրոց կառուցել՝ սայլերով անտառից բերելով շինանյութ, վերանորոգելով մի քանի տներ և դրանք դարձնելով դասասենյակներ։

Պատերազմ, վերադարձ ու մեծագործություն

1941-ին նա այլ հայ երիտասարդների պես մեկնեց ռազմաճակատ։ Կռվեց, հերոսացավ։ Վերադառնալով՝ կրկին տոգորված էր մեկ նպատակի գիտակցությամբ՝ դպրոցը դարձնել տասնամյա։ Դիմեց բոլոր ատյաններին։ Աջակցությունը տրվեց, բայց պայմանով՝ համայնքն էլ իր ներդրումը պետք է ունենա։ Ու հենց այստեղ բացահայտվեց Ազատ Խլղաթյանի իսկական կերտվածքը․ նա կարողացավ ոգևորել համագյուղացիներին, ովքեր իրենց աշխատանքով ու նվիրաբերած շինանյութով վերածեցին իրենց երազանքը իրականության։

Տասնամյակներ շարունակ Ազատ Խլղաթյանը սեփական կյանքի 44 տարին նվիրեց երեխաների կրթությանը։ Թեև ինքը նյութապես երբեք ապահովված չէր, բայց մշտապես քաղաքից գնում էր տետրեր, մատիտներ և այլ պարագաներ՝ դրանք նվիրելով սաներին։ Նրա անունը դարձավ ժողովրդական կրթության ոլորտի բացառիկ երախտավորի խորհրդանիշ։ Նրա կրած ՈւՍՈՒՑԻՉ կոչումը իսկապես լեցուն էր բարոյական ծանրությամբ ու վաստակով։

Ավանդույթի ուժը․ 32 տարվա հիշատակի և լույսի օրերը

Դպրոցի անվանակոչումից ի վեր մանկավարժական ու աշակերտական համայնքները ամեն տարի՝ արդեն 32 տարի, պատշաճ կերպով նշում են մեծ ուսուցչի ծննդյան օրը։ Դրանք միայն հիշատակի օրեր չեն․ դրանք դաստիարակչական, բարոյահոգեբանական մեծ շեշտադրում ունեցող միջոցառումներ են, որոնց ընթացքում սերունդները սերտում են ուսուցչի թողած պատգամներն ու արժեհամակարգը։

115-ամյակի բացառիկ միջոցառումը

Այս տարի լրացել է ուսուցչի ծննդյան 115-ամյակը։ Հոբելյանական միջոցառումը նշվեց դպրոցի նոր տնօրենի՝ նրա թոռնուհի, Էդուարդ որդու դստեր՝ Լուսինե Խլղաթյանի ղեկավարությամբ։ Բեմադրություններով, պարերով, բանաստեղծություններով ու թևավոր մտքերով դպրոցի սաները ներկայացրեցին նրա պայծառ կյանքն ու առաքելությունը։ Հաստատվեց նաև ուսուցչի կանխազգացումը.
«Ամեն գարնան հետ նորից կբացվեմ, հավետ կլնեմ»։

Միջոցառման ընթացքում ելույթ ունեցան Վանաձորի քաղաքապետի խորհրդական, պատմական գիտությունների թեկնածու Արման Բեռնեցյանը, ՀԳՄ Լոռու մարզային բաժանմունքի նախագահ Մանվել Միկոյանը, մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Թերեզա Շահվերդյանը, Հրաչյա Սարուխանի այրին՝ Անահիտ Պետրոսյանը, բանաստեղծուհի Լենա Անթառանյանը, մանկագիր Մարտուհի Սարգսյանը, ուսուցչուհի Գոհար Սիրունյանը և այլք՝ բարձր գնահատելով ուսուցչի վաստակը։

«Արվեստագետ» ՀԿ նախագահ Իվան Անտոնյանը ներկայացրեց կազմակերպության որոշումը՝ Ազատ Խլղաթյանին «Պատվավոր հայ» կոչում շնորհելու մասին և համապատասխան հուշամեդալը հանձնեց նրա թոռնուհուն։

Շնորհակալագրեր և երախտագիտություն

Տարիների նվիրված աշխատանքի համար շնորհակալագրեր ստացան մի շարք փորձառու ու նվիրված ուսուցիչներ՝
Արուսյակ Մարգարյանը, Գոհար Թումանյանը, Էլմիրա Վարդանյանը, Նելլի Ասրյանը, Սուսաննա Խառատյանը, Գայանե Վարդանյանը, Ելենա Սարգսյանը, Աննա Մելիքսեթյանը, Ելենա Աշուղյանը, Գոհար Կոշտոյանը։

Միջոցառման կազմակերպման աջակցության համար շնորհակալագիր ստացավ նաև դասվար Լիանա Եղիազարյանը, իսկ գեղեցիկ պարային համարների համար՝ 11-րդ դասարանի աշակերտուհի Նազելի Սարգսյանը։

Միջոցառումն ավարտվեց Մարգահովտի և մերձակա համայնքների հոգևոր հովիվ Տեր Ներսես Ղալայանի գնահատանքի խոսքով և դպրոցի տնօրեն Լուսինե Խլղաթյանի շնորհակալական ուղերձով։

Գագիկ Անտոնյան





No comments:

Post a Comment