The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Sunday, 26 October 2025

Ո՞ր կողմը նայի հավատավոր ժողովուրդը

 


Անկախ վերլուծություն

26.10.2025/Nid.oragir

Հոգևոր ճգնաժամի և քաղաքական վերիվայրումների խաչմերուկում

Հայ իրականությունը կրկին կանգնած է իր ամենազգայուն հարցերից մեկի՝ եկեղեցու և հավատքի վստահության ճգնաժամի առաջ։

Մինչ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն Սուրբ Էջմիածնում ձեռնադրում էր վեց նոր քահանաների, երկրի այլ հատվածում՝ Հովհաննավանքում, տեղի էր ունենում այլօրինական պատարագ, որը Մայր Աթոռը չի ճանաչում։

Երկու պատարագ՝ երկու իրականություն, երկու ընկալում՝ մեկ ժողովրդի ներսում։

Ակնհայտ այս ամենը տեղի է ունենում ոչ թե դատարկ տարածքում, այլ հոգևոր հեղինակությունների նկատմամբ հանրային անվստահության աճող մթնոլորտում։ Այս բոլորը տեղի է ունենում  ճշմարտության և լուրերի սահմանագծում։ Վերջին ամիսներին հասարակական հարթակներում ակտիվորեն շրջանառվում են տարբեր տեղեկություններ՝

Ամենայն Հայոց կաթողիկոսի՝ Գարեգին Բ-ի անձնական կյանքի վերաբերյալ,

որոշ բարձրաստիճան հոգևորականների՝ ներառյալ Արշակ սրբազանի շուրջ՝ անբարոյական վարքագծի մեղադրանքներ,

ինչպես նաև եկեղեցու ներսում քաղաքական հայտնի ազդեցությունների մասին խոսակցություններ։

Այս ամենը, անկախ դրանց իսկությունից, լրջորեն խաթարում է հասարակության հավատը հոգևոր առաջնորդության նկատմամբ։

Երբ մարդիկ չեն վստահում ո՛չ խոսքին, ո՛չ խոսողի մաքրությանը, հավատքի լեզուն դադարում է խոսել։

Այստեղ հարցը միայն մեղավոր կամ անմեղ լինելը չէ․ հարցն այն է՝ ինչպես պետք է վարվի հավատավոր ժողովուրդը, երբ սրբության հեղինակությունը կասկածի տակ է դրվում։

Այսօր Էջմիածնի շուրջ զարգացումները գնալով ստանում են քաղաքական երանգ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ «Հովհաննավանքի պատարագը խորհրդանշելու է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ազատագրման գործնական փուլի մեկնարկը»։  Սա էլ համարվում է եկեղեցու գործերին խառնվել։ Բայց իշխանավորներն ասում են, որ եկեղեցին կապ չունի որոշ հոգևորականների "անբարո" գործողություններին։

Ինչ անի լռության և որոնման մեջ գտնվող մարդը։

Հավատավոր մարդը, ով կիրակի օրը գնում է եկեղեցի, այսօր կանգնած է անորոշության առաջ․

ո՞ւմ օրհնությունն է ընդունելի,

ո՞ր պատարագն է իսկականը,

ո՞ւմ ձայնին հավատալ։

Եվ հենց այստեղ է ամենամեծ վտանգը՝ երբ հավատքը սկսում է կախվել ոչ թե Աստծուց, այլ մարդկանց վարքից ու քաղաքական դիրքավորումից։

 Ո՞ւր նայեն հավատացյալները։ Հավատավոր ժողովուրդը այսօր ունի երեք ուղղություն՝

1. Դեպի վեր՝ Աստծո խոսքը, որը չի փոխվում անգամ, երբ մարդիկ ձախողվում են։

2. Դեպի ներս՝ սեփական խիղճը, որովհետև հավատքը չի չափվում ոչ վերնագրերով, ոչ պաշտոններով։

3. Դեպի երկխոսություն՝ առանց դատապարտման, որովհետև առանց անկեղծ խոսքի վերականգնումը անհնար է։

Եկեղեցին կարող է մաքրվել ոչ թե իշխանական միջամտությամբ, այլ՝ հոգևոր ինքնաքննությամբ և պատասխանատվությամբ։

Իսկ ժողովուրդը կարող է ուժեղ մնալ՝ եթե իր հավատքը կապի ոչ թե անձի, այլ Աստծո խոսքի հետ։

Այսօր մեր պատմության մեջ նոր բաժին է գրվում՝ որտեղ հոգևորն ու քաղաքականը բախվում են բացահայտ ձևով։

Սակայն այդ բախման միակ հաղթողը կարող է լինել միայն այն ժողովուրդը, որն իր հայացքը չի ուղղի ոչ դեպի վեհեր, ոչ դեպի նախարարներ, այլ՝ դեպի այն լույսը, որ երբեք չի մարում․

հավատի, մաքրության և ճշմարտության լույսը։

26.10.2025/Նիդ.օրագիր

Այսօր` ինչպես միշտ է, Նիդերլանդների հայկական եկեղեցիներում`  բնականոն կերպով  տեղի ունեցան պատարագի արարողություններ։

No comments:

Post a Comment