Բրյուսելից գրառում
18.05.2026/ Նիդ օրագիր/Լիանա Բալյան
Նիդերլանդներում և Եվրոպայի տարբեր երկրներում բնակվող բազմաթիվ հայերի համար յուրաքանչյուր ընտրությունից առաջ կրկին արդիական է դառնում նույն հարցը՝ արդյո՞ք արտերկրում ապրող ՀՀ քաղաքացիները կարող են մասնակցել Հայաստանի խորհրդարանական ընտրություններին՝ առանց Հայաստան մեկնելու։
Թեմայի վերաբերյալ պարզաբանում է ներկայացրել փաստաբան Լիանա Բալյանը, (Liana Balyan ) ով մեր հարթակում հաճախ է հանդես գալիս իրավական և հանրային կարևոր հարցերի մեկնաբանություններով։
Ըստ գործող օրենսդրության՝ եթե դուք Հայաստանի Հանրապետության քաղաքացի եք և մշտապես կամ ժամանակավորապես բնակվում եք արտերկրում, ապա ներկայումս չեք կարող մասնակցել ՀՀ խորհրդարանական ընտրություններին դեսպանատներում կամ արտերկրում գործող ընտրատեղամասերում։
Հայաստանում ընտրական գործընթացը հիմնականում կազմակերպվում է միայն ՀՀ տարածքում, ինչը նշանակում է, որ ընտրությանը մասնակցելու համար քաղաքացին պետք է անձամբ գտնվի Հայաստանում և քվեարկի համապատասխան ընտրատեղամասում։
Օրենքով նախատեսված են միայն որոշ բացառություններ։ Հատուկ կարգով քվեարկելու իրավունք ունեն՝
դիվանագիտական ծառայողները,
արտերկրում ծառայություն իրականացնող զինվորականները,
որոշ պետական ներկայացուցչությունների աշխատակիցներն ու նրանց ընտանիքի անդամները։
Այս խմբերի համար գործում է առանձնացված ընթացակարգ։
Մյուս բոլոր դեպքերում արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիները, անկախ բնակության երկրից, ընտրությանը մասնակցելու համար պետք է մեկնեն Հայաստան։
Իրավական հիմքը՝
ՀՀ Ընտրական օրենսգիրք (ընդունվել է 2011 թվականին, ուժի մեջ է մտել 2012-ից՝ հետագա փոփոխություններով)։

No comments:
Post a Comment