Լևոն Լաճիկյանը գեղագետ է, արվեստաբան, գծանկարիչ, գրող, լրագրող, մանկավարժ։ Միայն այս բոլոր բնորոշումներից հետո կարելի է ձևակերպումն անել երկու բառով՝ մշակույթի մարդ։
Մարդ, որի ճանապարհը տարիներ շարունակ անցել է արվեստի, գրականության, լրագրության և հայկական հիշողության միջով։
Այսօր նրա ծննդյան օրն է։
Եվ Լևոն Լաճիկյանին կարելի է պարզապես գրել՝ «շնորհավոր ծնունդդ»։ Բայց նրա անցած ճանապարհը մի քանի տողով փակելն իմ կողմից անարդար կլիներ։
Գյումրիից սկսվող ճանապարհը
Լևոն Լաճիկյանը ծնվել է 1955 թվականի սեպտեմբերի 7-ին Լենինականում՝ այսօրվա Գյումրիում, նկարիչների ընտանիքում։ Նրա հայրը նկարել է, իսկ ավագ եղբայրը՝ ՀՀ վաստակավոր նկարիչ Սամվել Լաճիկյանին անգամ ներկայացնելու հարկ չկա:
Գյումրին գուցե հենց այն միջավայրն էր, որ դեռ վաղուց նրա մեջ ձևավորեց ոչ միայն արվեստի նկատմամբ հետաքրքրությունը, այլև նկարչի հայացքը։
Բայց Լևոնի ճանապարհը սկզբում բառի միջով էր։
1977 թվականին նա ավարտեց Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը, ապա շարունակեց ուսումը ասպիրանտուրայում՝ գեղագիտության մասնագիտությամբ։ Տարիներ շարունակ դասավանդեց համալսարանում, հետագայում էլ վերադարձավ ԵՊՀ՝ որպես դասախոս։
Այսինքն՝ մինչ գիծը կդառնար նրա արտահայտչամիջոցներից մեկը, նա երկար տարիներ բառով էր փորձում հասկանալ արվեստը։
90-ականների «Ազգը» և մշակույթը՝ անլույս տարիներին
Լևոն Լաճիկյանի կենսագրության մեջ առանձնահատուկ էջ է 1990-ականների սկզբի լրագրությունը։ 1992–1994 թվականներին նա «Ազգ» օրաթերթի մշակութային էջի պատասխանատուն էր։ Այդ տարիները Հայաստանի համար ծանր էին՝ պատերազմ, շրջափակում, տեղեկատվական սղություն, ինչպես ասում են ցուրտ ու մթի տարիներ, որ շատերիս գոյաբանական արտագաղթի պատճառ հանդիսացավ։
Լևոնը մնաց: Հենց այդ պայմաններում Լաճիկյանը փորձում էր պահել իրեն, մշակույթն ու թերթը:
«Ազգ»-ի 2025 թվականի հոբելյանական անդրադարձում նրան հիշում են որպես 90-ականների մշակութային կյանքի տարեգրի, որը պարբերաբար ներկայացնում էր ժամանակի գեղարվեստական կյանքը և արվեստագիտական լուրջ նյութեր էր գրում։ Նրա աշխատանքի շնորհիվ թերթը հետագայում մշակույթին հատկացրեց ամբողջական ամենօրյա էջ։ Ինքը հետագայում այդ շրջանի հոդվածները միավորեց «Անլույս օրերի ոգեղեն ղողանջներ» գրքում, որը լույս տեսավ 2004 թվականին։
Այստեղ Լաճիկյանի լրագրությունը պարզապես մասնագիտություն չէր։
Դա մի տեսակ մշակութային դիմադրություն էր։
Երբ առօրյան ստիպում էր մարդկանց մտածել միայն հացի, լույսի ու ջերմության մասին, Լևոնը թերթի էջերից հիշեցնում էր, որ մարդուն միայն գոյատևել չէ պետք․ նրան նաև մշակույթ է պետք։ Այո, իրոք դժվար ժամանակներ էին:
Գրողը, արվեստաբանը և ճանապարհորդը
Լաճիկյանի ստեղծագործական ճանապարհը հետագայում շարունակվեց գրքերով։ Նրա մատենագրության մեջ առանձնահատուկ տեղ ունեն «Անլույս օրերի ոգեղեն ղողանջներ», «Հրաշալի այբուբենը», «Հայաստանին ձոն», «Խաչվող ճանապարհներ», «Իմ Հայաստան» և այլ աշխատություններ։ «Խաչվող ճանապարհներ»-ը դարձավ նաև այն ստեղծագործական շրջադարձի կարևոր կետերից մեկը, որից հետո նրա ճանապարհորդական գրությունները սկսեցին միանալ գծանկարին։
Այստեղ բառը և գիծը վերջապես հանդիպեցին։
Ճանապարհորդությունը, քաղաքը, գերեցիկ տեսարանը կարող էր սկզբում դառնալ հոդված, իսկ հետո՝ գծանկար։ Եվ այդպես Լևոն Լաճիկյանը սկսեց ոչ միայն գրել քաղաքների մասին, այլև նկարել դրանք։
Երբ լրագրողի գրիչը սկսեց նկարել
Գծանկարչի Լաճիկյանի պատմության մեջ կա մի հետաքրքիր դրվագ։ Վենետիկի մասին ուղեգրություն գրելիս նա թղթի վրա գրիչով նկարեց «Հառաչանքի կամուրջը»։ Դրական արձագանքներից հետո սկսեց երբեմն նկարազարդել իր հոդվածներն ու գրքերը։ Իսկ 2004 թվականին արդեն որոշեց իրեն ներկայացնել նաև որպես գծանկարիչ։ Իր աշխատանքները ցույց տվեց նկարիչ Հակոբ Հակոբյանին, որի գնահատականն ու քաջալերանքը նրան ավելի վստահ դարձրեցին շարունակելու այդ ճանապարհը։
Այսպիսով, գծանկարչությունը նրա կյանք մտավ ոչ թե որպես նախապես ծրագրված մասնագիտություն, այլ՝ տեսածը պահելու ներքին անհրաժեշտություն։
Եվ այդտեղից սկսվեց մի ամբողջ աշխարհ։
Քաղաքերգակ Լաճիկյանը
Այսօր Լևոն Լաճիկյանի գծանկարների մասին հաճախ ասում են՝ նա «քաղաքերգակ» նկարիչ է։ Դա շատ դիպուկ բնորոշում է։ Նա նկարում է Գյումրին, Երևանը, Գորիսը, Վենետիկը, Փարիզը, Մարսելը, Պրահան, Ստամբուլը և բազմաթիվ այլ քաղաքներ։ Բայց նրա քաղաքները պարզապես ճարտարապետական պատկերներ չեն։
Դրանք քաղաքների հիշողություններն են։
Նրա գծի մեջ կա այն ցանկությունը, որ քաղաքը պահպանվի ոչ միայն քարտեզի, այլև մարդու հիշողության մեջ։
Հատկապես առանձնահատուկ է Գյումրին։ Լաճիկյանը ծնվել է Գյումրիում և տարիների ընթացքում ստեղծել է հարազատ քաղաքի մի ամբողջ գծանկարային աշխարհ։ 2024 թվականին «Գյումրի և ավելին» ցուցահանդեսում ներկայացվեց շուրջ յոթ տասնյակ աշխատանք, որոնց առանցքը հենց գյումրիապատումն էր։ Ցուցահանդեսը նրա ստեղծագործական կենսագրության 18-րդ անհատական ցուցահանդեսն էր։
Այն քաղաք է, որը պետք է տեսնել, սիրել և պահպանել։
Եվ հենց այստեղ գծանկարը դառնում է ավելին, քան արվեստ։
Այն դառնում է քաղաքային հիշողության պահպանման ձև։
«Գյումրի, իմ սեր»
2015 թվականին լույս տեսավ նրա գրաֆիկական բացիկաշարը՝ «Գյումրի, իմ սեր»։ Անվանումն ինքնին շատ բան է ասում։ Գյումրին նրա համար թեմա չէ։ Գյումրին սեր է։
Գուցե այդ պատճառով նրա գյումրիապատումը երբեմն ավելի շատ հիշեցնում է սիրո խոստովանություն, քան քաղաքի նկարագրություն։
Նա Գյումրին չի փորձում ներկայացնել միայն գեղեցիկ կամ միայն պատմական։ Նա փորձում է ցույց տալ այն իր ամբողջ մարդկային ու հիշողության շերտերով։
Լաճիկյանի գծանկարների աշխարհը, սակայն, չի սահմանափակվում քաղաքներով։
Նա ստեղծել է նաև հայկական եկեղեցիների ու վանքերի պատկերաշարեր՝ Հայաստանից, Արցախից և Սփյուռքից։ 2024 թվականի «Գյումրի և ավելին» ցուցահանդեսում այդ «գրաֆիկական եկեղեցապատման» շարքում կողք կողքի ներկայացված էին հայկական տարբեր հոգևոր կառույցներ՝ Հայաստանից մինչև Սինգապուր։
Սա արդեն մեկ այլ ճանապարհ է՝ հայրենիքից դեպի Սփյուռք և Սփյուռքից դեպի հայրենիք։
Հայկական հիշողությունը նրա աշխատանքներում սահման չունի։ Այն կարող է լինել Գյումրու մի հին շենք, Հայաստանի մի եկեղեցի, Ստամբուլի հայկական գերեզմանատուն կամ Բոսֆորի ափին կանգնած պատմական կառույց։
Այս ճանապարհի ամենանշանակալի վերջին հանգրվաններից մեկը Ստամբուլն է։ 2024 թվականին Պոլսում լույս տեսավ Լևոն Լաճիկյանի եռալեզու՝ հայերեն, թուրքերեն և անգլերեն «Պոլիսը՝ հին և նոր» պատկերագիրքը։
Գրքում ընդգրկված են ավելի քան 100 գծանկարներ՝ Ստամբուլի տարբեր քաղաքային տեսարաններով, ինչպես նաև Քընալը և Բյույուքադա կղզիների պատկերներով։ Առանցքային տեղում, բնականաբար, հայկական Պոլիսն է՝ եկեղեցիները, պատմական կառույցները, գերեզմանատները և հայկական հետքի բազմաթիվ այլ վկայություններ։ Գրքի հրատարակությունը կատարվել է Պոլսի Հայոց պատրիարք Սահակ Բ. Մաշալյանի հովանավորությամբ և օրհնությամբ։
Այս գիրքը պարզապես Ստամբուլի մասին պատկերագիրք չէ։ Այն հայկական հիշողության որոնում է մի քաղաքում, որտեղ այդ հիշողությունը դեռ ապրում է՝ երբեմն տեսանելի, երբեմն գրեթե ջնջված հետքերով։
Լաճիկյանը Պոլիսը նկարում է ոչ միայն որպես գեղեցիկ քաղաք։ Նա այնտեղ փնտրում է հայկական ներկայության հետքերը։ Եվ գուցե հենց այդ պատճառով նրա գծանկարները երբեմն ավելի շատ բան են պատմում, քան երկար պատմագիտական ծանրաշունչ տեքստերը։
Գիծ, բառ ու բան որ շարունակում է ճանապարհը
Լևոն Լաճիկյանի ստեղծագործական ճանապարհն այսօր էլ շարունակվում է։ Նրա արվեստի հետաքրքիր առանձնահատկությունն այն է, որ գծանկարները դուրս են եկել արվեստանոցի ու ցուցասրահի սահմաններից։ Դրանք հայտնվել են թերթերի ու հանդեսների էջերում, գրքերի մեջ, բացիկներում, քաղաքային միջոցառումների պատկերաշարերում և տարբեր մշակութային նախաձեռնություններում։
Այսինքն՝ նրա արվեստը հասել է մարդկանց այնտեղ, որտեղ նրանք սովորաբար արվեստ չեն փնտրում։ Եվ դա, գուցե, ամենակարևոր բաներից մեկն է։
Ճանապարհ՝ բազմաթիվ աշխարհներով
Եթե փորձենք մի նախադասությամբ բնորոշել Լևոն Լաճիկյանի ճանապարհը, կարելի է ասել՝ նա իր կյանքի ընթացքում տարբեր լեզուներով է խոսել նույն բանի մասին։
Գրականությամբ՝ հիշողության մասին։
Լրագրությամբ՝ ժամանակի մասին։
Գծանկարով՝ այն ամենի մասին, ինչը պետք է հավետ մնա։
Այսօր՝ նրա ծննդյան օրը, չէի կարող գոնե այսքանը չասել Լևոն Լաճիկյան մարդու, ընկերոջ մասին:
«Նիդերլանդական օրագրի» մի փոքրիկ, բայց գեղեցիկ ավանդույթ
Լևոն Լաճիկյանի և «Նիդերլանդական օրագրի» ճանապարհներն էլ վաղուց են հատվում։ Տարիների ընթացքում «Նիդերլանդական օրագիրը» պարբերաբար անդրադարձել է նրա ստեղծագործությանը, ցուցահանդեսներին, գրքերին ու մշակութային նախաձեռնություններին։ Այդ կապը, սակայն, միայն հրապարակումներով չի սահմանափակվել։
Վերջին տարիներին ձևավորվել է մի փոքրիկ, բայց մեզ համար շատ սիրելի ավանդույթ․ տարիներ շարունակ օրագիրը հետևել է Լաճիկյանի արվեստին, և տարեվերջյան ամփոփումներում նրա նուրբ ու ինքնատիպ գծանկարներից մեկը օգտագործվել է որպես մշակութային հիշողության և գեղարվեստական ճաշակի խորհրդանիշ «Նիդերլանդական օրագրի» տարվա ամփոփումներում Լևոն Լաճիկյանի գծանկարներից մեկը դարձել է տարվա պատկերային նշանը։
«Նիդերլանդական օրագրի» ընթերցողների միջոցով ցանկանում եմ շնորհավորել Լևոն Լաճիկյանին ոչ միայն որպես արվեստագետի, արվեստաբանի, լրագրողի կամ մանկավարժի, այլ որպես մարդու, որն իր կյանքի մի մեծ մասը նվիրել է տեսնելու, նկատելու և պահպանելու գործին։
թող դեռ շատ քաղաքներ լինեն, որոնք սպասում են Ձեր գծին։
Շատ պատմություններ՝ Ձեր բառին։
Շատ մարդիկ՝ Ձեր ուշադրությանը։
Եվ շատ հիշողություններ՝ որոնք դեռ պետք է փրկվեն մոռացությունից։
Ծնունդդ շնորհավոր։
Թող Ձեր ճանապարհը դեռ երկար շարունակվի՝
արվեստի, գրականության և հայկական հիշողության միջով։





No comments:
Post a Comment