Նոյեմբերի 11, Կոպենհագեն
Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով գտնվում է Դանիայի Թագավորությունում, որտեղ հանդիպումներ է ունեցել Դանիայի արտգործնախարար Լարս Լոկկե Ռասմուսենի և Եվրոպական հարցերով նախարար Մարի Բյեռի հետ։
Հանդիպումների ընթացքում քննարկվել են Հայաստան–Դանիա և Հայաստան–ԵՄ հարաբերությունների զարգացման ընթացքը, քաղաքական երկխոսության ակտիվացման, ներդրումների խթանման, կանաչ էներգիայի և նորարարական ոլորտներում գործակցության ընդլայնման հարցեր։
Նախարարները ստորագրել են փոխըմբռնման հուշագիր Հայաստանի և Դանիայի արտաքին գործերի նախարարությունների միջև, որով վերահաստատվել է երկու երկրների հանձնառությունը ժողովրդավարական արժեքներին, ԵՄ չափանիշներին մոտարկմանն ու ինստիտուցիոնալ ամրապնդմանը։
Անդրադարձ է կատարվել նաև Հայաստան–Ադրբեջան խաղաղության հաստատման համատեքստում հաղորդակցությունների ապաշրջափակման հնարավորություններին և Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը՝ որպես ԵՄ «Համաշխարհային դարպաս» ծրագրի տրամաբանության մեջ ներդաշնակ նախաձեռնություն։
Կողմերը քննարկել են նաև Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովների կազմակերպչական հարցերը՝ ընդգծելով Դանիայի պատրաստակամությունը աջակցելու 2026թ. մայիսի 4-ին Երևանում կայանալիք ԵՔՀ գագաթնաժողովի նախապատրաստությանը։
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Կոպենհագենում հանդիպել է Դանիայի խորհրդարանի ներկայացուցիչների հետ։
Քննարկվել են Հայաստան–Դանիա հարաբերությունների զարգացումը, ԵՄ գործընկերության խորացումը և տարածաշրջանային անվտանգությունը։
Նախարարը կարևորել է խորհրդարանական համագործակցությունը, հատկապես NB8 ձևաչափով։
Նա նշել է ԵՄ-ին անդամակցման գործընթաց սկսելու մասին օրենքի ընդունումը և տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման նշանակությունը։
Միրզոյանը ներկայացրել է ՀՀ դիրքորոշումը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ և պատասխանել հումանիտար ու այլ հարցերին։
Արարատ Միրզոյանի այցը Դանիա նպատակ ունի խորացնել Հայաստանի և Եվրոպական գործընկերների համագործակցությունը՝ ուղղված ժողովրդավարության, կայուն զարգացման և տարածաշրջանային խաղաղության ամրապնդմանը։

No comments:
Post a Comment