The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Wednesday, 23 September 2026

«Գլաձոր»՝ 20 տարվա ճանապարհ, որը շարունակվում է

ASV Gladzor-ը նշում է 20-ամյակը և պատրաստվում է իր 21-րդ ուսանողական խորհրդի ձևավորմանը

Նիդերլանդների հայ ուսանողական միությունը՝ ASV Gladzor-ը, այս տարի նշում է հիմնադրման 20-ամյակը՝ 2006–2026 թվականներ։ Երկու տասնամյակ շարունակ այն միավորում է Նիդերլանդների տարբեր քաղաքներում սովորող հայ ուսանողներին՝ ստեղծելով ոչ միայն շփման և ընկերության, այլև հայկական մշակույթին, պատմությանն ու ինքնությանը հաղորդակից լինելու միջավայր։

«Գլաձոր» անվանումը պատահական չէ։ Միությունը կոչվել է 13–14-րդ դարերում Սյունիքում գործող Գլաձորի համալսարանի պատվին՝ այն կրթամշակութային կենտրոնի, որը հայտնի է որպես «Հայկական Աթենք»։ Միջնադարյան Գլաձորի գիտության, արվեստի և կրթության ավանդույթը ժամանակակից միությունը փորձում է շարունակել արդեն 21-րդ դարի ուսանողական միջավայրում։

ASV Gladzor-ը landelijke՝ համազգային բնույթի ուսանողական միություն է, որը միավորում է Ամստերդամում, Ռոտերդամում, Հաագայում, Ուտրեխտում, Բրեդայում և Նիդերլանդների այլ քաղաքներում սովորող հայ երիտասարդներին՝ անկախ նրանց համալսարանից կամ բնակության վայրից։

Երկու տասնամյակ՝ ուսանողական կյանքից մինչև համայնքային հարթակ

20 տարիների ընթացքում «Գլաձորի» գործունեությունը ներառել է մշակութային, կրթական, սոցիալական և համայնքային բազմաթիվ նախաձեռնություններ։ Կազմակերպվել են հայկական պարի դասեր, խոհարարական վարպետության դասեր, մշակութային օրեր, սիմպոզիումներ, էքսկուրսիաներ, դասախոսություններ և բանավեճեր։

Ուսանողական կյանքի անբաժանելի մասն են դարձել նաև գալա երեկոները, ամանորյա borrel-ները, ֆիլմերի երեկոները, բոուլինգը, ճամփորդություններն ու տարբեր սոցիալական միջոցառումները։ Դրանց միջոցով «Գլաձորը» տարիների ընթացքում դարձել է նոր ծանոթությունների, ընկերությունների և սերունդների միջև կապերի ձևավորման վայր։

Միության օրակարգում տեղ են գտել նաև հայկական պատմությանն ու մշակույթին նվիրված ծրագրերը, Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառումները, հատկապես ապրիլյան օրերին, ինչպես նաև համագործակցությունը Նիդերլանդների հայկական այլ կառույցների, այդ թվում՝ FAON-ի հետ։

Առանձին տեղ ունի «Arax» ամսագիրը, որը ստեղծվում և հրատարակվում է հենց ուսանողների կողմից։ Այն հնարավորություն է տալիս երիտասարդներին գրել հայկական մշակույթի, պատմության, կրոնի, սփյուռքի և սեփական փորձառությունների մասին՝ միաժամանակ դառնալով Գլաձորի ուսանողական կյանքի յուրօրինակ մշակութային արխիվ։

Յուրաքանչյուր տարի՝ նոր խորհուրդ

«Գլաձորի» առանձնահատկություններից մեկը նրա կառավարման շարունակական փոփոխությունն է։ Ամեն տարի ընտրվում է նոր խորհուրդ, որը միության գործունեությանը բերում է նոր գաղափարներ, նախաձեռնություններ և մոտեցումներ։

20-ամյակի տարում միությունը ղեկավարում է Bestuur 20-ը՝ նախագահ Դավիթ Դաշյանի գլխավորությամբ։ Խորհրդի կազմում են նաև քարտուղար Գավրիել Ակմակջյանը, արտաքին կոորդինատոր Միքայել Չաթսատրյանը, փոխնախագահ և գանձապահ Թոմաս Հայրանը, ինչպես նաև ներքին կոորդինատոր և PR-մենեջեր Արինա Արաքելյանը։

Նրանցից յուրաքանչյուրն ունի իր պատկերացումը «Գլաձորի» հետագա զարգացման մասին՝ սկսած ուսանողների միջև կապերի ամրապնդումից և նոր համագործակցություններից մինչև կրթական ծրագրերի զարգացում և Նիդերլանդներ ժամանող հայ ուսանողների համար աջակցության ավելի կազմակերպված համակարգի ստեղծում։

Այսպիսով, խորհրդի պարբերական փոփոխությունը ոչ թե ընդհատում է «Գլաձորի» պատմությունը, այլ ապահովում է դրա շարունակականությունը՝ փորձը փոխանցելով հաջորդ սերնդին։

20-ամյակը՝ չորրորդ «Լուստրումով»

20-ամյակի առիթով «Գլաձորը» նշում է նաև իր չորրորդ «Լուստրումը»՝ հինգ տարին մեկ կազմակերպվող հոբելյանական շրջանը։

Տոնական ծրագրերում նախատեսվում են հայկական գինիների համտես, հանդիսավոր ընթրիք և փառատոն Ուտրեխտում՝ հենց այն քաղաքում, որտեղ հիմնադրվել է «Գլաձորը» և որտեղ անցկացվել են նախորդ «Լուստրումների» միջոցառումները։ Ծրագրերի վերջնական ծավալը կախված է մասնակցության և գրանցումների հնարավորությունից։

Այս նախաձեռնությունները նախատեսված են ոչ միայն գործող ուսանողների, այլև «Գլաձորի» շրջանավարտների ու նախկին անդամների մասնակցությամբ՝ ընդգծելով միության 20-ամյա պատմության տարբեր սերունդների կապը։

«Գլաձորը»՝ Նիդերլանդների հայ երիտասարդության կյանքում

«Նիդերլանդական Օրագիրը» տարիների ընթացքում բազմիցս անդրադարձել է ASV Gladzor-ի գործունեությանը՝ լուսաբանելով խորհուրդների ընտրությունները, միջոցառումները և միության կյանքը։

Այս տարի «ՕՐԵՐ» եվրոպական ամսագիրն իր Նիդերլանդների հայ համայնքին նվիրված համարում նույնպես անդրադարձել է ASV Gladzor-ին՝ առանձնացնելով նրա երկու տասնամյակների գործունեությունը։

20-ամյակը, սակայն, «Գլաձորի» համար ոչ թե ամփոփիչ կետ է, այլ հերթական հանգրվան։ Շուտով կձևավորվի միության 21-րդ ուսանողական խորհուրդը, և նոր սերունդը կստանձնի կազմակերպության հետագա ընթացքը։

2006-ին սկսված նավարկությունը շարունակվում է։

Արդեն նոր խորհրդով, նոր ուսանողներով, նոր գաղափարներով, բայց նույն անվամբ ու նույն հիմքով՝ Գլաձոր։

Շնորհավոր 20-ամյակ, «Գլաձոր»։ Եվ բարի ճանապարհ՝ դեպի հաջորդ 20-ամյակը։

Աշոտ ԿՆԻԱԶՅԱՆ
«Նիդերլանդական օրագիր»




No comments:

Post a Comment