The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Wednesday, 23 September 2026

Անկախության 35-ամյակը Նիդերլանդներում․ պաշտոնական ընդունելություն և համայնքային ներառականության հարցը

Սեպտեմբերի 21-ին Նիդերլանդներում նշվեց Հայաստանի Հանրապետության Անկախության 35-րդ տարեդարձը։ Նիդերլանդներում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը տոնական միջոցառումների մասին իր պաշտոնական հաղորդագրության մեջ ներկայացրել է օրվա ծրագիրը և Հաագայում կայացած ընդունելությունը։

Ըստ դեսպանության հաղորդագրության՝ Անկախության օրվա տոնակատարությունների մեկնարկը տրվել է Մաաստրիխտում։ Սուրբ Սերվատիոս տաճարի զանգերը ժամը 10։00-ին, 12։00-ին և 14։00-ին հնչեցրել են Հայաստանի Հանրապետության պետական օրհներգը։

Նույն օրվա երեկոյան կայացել է Հայաստանի Հանրապետության 35-րդ տարեդարձին նվիրված ընդունելությունը։

Դեսպանության հաղորդմամբ՝ ընդունելությանը ներկա են եղել Նիդերլանդների գործադիր և օրենսդիր մարմինների, Հաագայում տեղակայված միջազգային կազմակերպությունների, դիվանագիտական կորպուսի, գործարար շրջանակների և հայ համայնքի ներկայացուցիչներ։

Ողջույնի խոսքով հանդես են եկել Նիդերլանդներում ՀՀ դեսպան Վիկտոր Բիյագովը և Նիդերլանդների ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Յոաննեկե Բալֆորտը։

Երեկոյի ընթացքում հայ-նիդերլանդական «Սև կարապ» հնգյակի կատարմամբ հնչել են հայկական ազգային ստեղծագործություններ։ Տոնական ընդունելությունն ավարտվել է հայկական խոհանոցի ներկայացմամբ․ Հայաստանից հրավիրված խոհարարները հյուրերին մատուցել են հայկական ուտեստներ։

Այսպիսին է Անկախության 35-ամյակի միջոցառումը ներկայացնում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը։

Իսկ համայնքային հարթակո՞ւմ

Միևնույն ժամանակ, այս պաշտոնական հաղորդագրության մեջ չի արտացոլվում մեկ այլ հանգամանք, որն արժանի է ուշադրության։

«Նիդերլանդական Օրագիրը» այս միջոցառմանը հրավիրված չի եղել։ Մեր ունեցած տեղեկություններով՝ հրավիրված չեն եղել նաև Նիդերլանդների հայ համայնքի որոշ այլ ներկայացուցիչներ և կառույցներ։

Այս հանգամանքը հատկապես ուշագրավ է ոչ միայն «Նիդերլանդական Օրագրի» և դեսպանության միջև վերջին տարիներին ձևավորված հաղորդակցության խնդիրների համատեքստում, այլև այն պատճառով, որ խոսքը Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա՝ բոլոր հայերի համար նշանակալի ազգային տոնի մասին է։

Անկախության օրվա պաշտոնական ընդունելությունը, իհարկե, դիվանագիտական ձևաչափ ունեցող միջոցառում է, և դեսպանությունն ինքն է որոշում հրավիրյալների շրջանակը։ Սակայն ազգային տոների պարագայում բնական է նաև այն հարցը, թե որքան լայնորեն են ներկայացված տեղի հայկական համայնքի տարբեր հատվածները։

Այս հարցը միայն «Նիդերլանդական Օրագրի» խնդիրը չէ։

Բաց նամակ՝ դեսպանությանը

Անկախության 35-ամյակի առիթով դեսպանությանը բաց նամակով դիմել է Ամստերդամում գործող Made in Armenia/Nina’s Handwork Boutique-ի հիմնադիր-տնօրեն Նարինե Բարսեղյանը։

Նա նախ շնորհավորել է դեսպանությանը և դրականորեն անդրադարձել ինչպես Անկախության օրվա նշմանը, այնպես էլ Մաաստրիխտում պետական օրհներգի հնչեցմանը։ Միաժամանակ նամակում բարձրացրել է ազգային տոների կազմակերպման և համայնքի ավելի լայն մասնակցության հարցը։

Նամակի հիմնական միտքն այն է, որ Հայաստանի Անկախության օրը որևէ առանձին կազմակերպության կամ խմբի տոնը չէ, այլ Հայաստանի Հանրապետության և Նիդերլանդներում ապրող հայության ազգային տոնը։

Նամակագիրը նաև առաջարկում է նման կարևոր տարեդարձերի ժամանակ հնարավորինս լայնորեն ներգրավել հայկական կազմակերպություններին, եկեղեցուն, մշակութային կենտրոններին, գործարարներին և համայնքի տարբեր ներկայացուցիչներին։

Նրա պատկերացմամբ՝ նման միջոցառումը կարող էր կազմակերպվել նաև Ամստերդամում՝ հայկական եկեղեցու միջավայրում, որպես տարբեր համայնքային շրջանակների համատեղ մասնակցության հնարավորություն։

Բաց նամակում, մասնավորապես, նշվում է, որ Անկախության 35-ամյակը կարող էր դառնալ ոչ միայն պետական տոնական միջոցառում, այլև Նիդերլանդների հայության միասնությունն ու ակտիվությունը ներկայացնելու առիթ։

Նամակի հեղինակը միաժամանակ շեշտում է, որ իր խոսքերը չի ցանկանում ընկալել որպես քննադատություն, այլ՝ որպես ցանկություն՝ տեսնելու ավելի միասնական, համագործակցող և իրար լսող հայկական համայնք Նիդերլանդներում։

Հարցը՝ հրավերից ավելի լայն

«Նիդերլանդական Օրագիրը» չի կարծում, որ մեկ միջոցառման հրավիրյալների ցանկը ինքնին կարող է ամբողջությամբ բնորոշել Նիդերլանդների հայ համայնքի և Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչության հարաբերությունները։

Սակայն այս տարվա Անկախության օրվա շուրջ ստեղծված իրավիճակը լրացուցիչ հարց է առաջացնում։

Արդյո՞ք Հայաստանի Հանրապետության ազգային տոների նշումը Նիդերլանդներում կարող է լինել այն հարթակը, որտեղ հնարավորինս լայնորեն ներկայացված կլինեն տեղի հայ համայնքի տարբեր կազմակերպությունները, կառույցներն ու անհատները՝ անկախ նրանց կազմակերպական պատկանելությունից։

Այս հարցը հատկապես արդիական է այն դեպքում, երբ վերջին տարիներին «Նիդերլանդական Օրագրի» և ՀՀ դեսպանության միջև լրագրողական հաղորդակցության շուրջ նույնպես առաջացել են խնդիրներ։

Մեր խմբագրությունը բազմիցս դիմել է դեսպանությանը համայնքին առնչվող հարցերով և, ինչպես արդեն հրապարակայնորեն ներկայացրել ենք, մի շարք հարցումների պատասխաններ չի ստացել։ Անկախության 35-ամյակի միջոցառմանը չհրավիրվելը այդ ավելի երկար պատմության հերթական դրվագն է «Նիդերլանդական Օրագրի» համար։

Սակայն այս հրապարակման նպատակը հերթական անգամ միայն մեր չհրավիրվելու փաստը արձանագրելը չէ։

Ավելի կարևոր է մեկ այլ հարց՝ ինչպիսի՞ համայնքային ներառականություն ենք ցանկանում տեսնել Հայաստանի ազգային տոների ժամանակ Նիդերլանդներում։

Հայաստանի անկախության օրը պետական և ազգային տոն է։ Նիդերլանդների հայ համայնքը տարբեր կազմակերպություններ, եկեղեցական կառույցներ, մշակութային ու հասարակական միություններ, գործարարներ, մասնագետներ, լրատվամիջոցներ և բազմաթիվ անհատներ ունի։ Նրանք կարող են ունենալ տարբեր մոտեցումներ, տարբեր կազմակերպական պատկանելություն և տարբեր կարծիքներ, բայց Անկախության օրը նրանց համար ընդհանուր ազգային նշանակություն ունեցող օր է։

Հետևաբար, ազգային տոների կազմակերպման շուրջ ավելի լայն մասնակցության ակնկալիքը կարելի է դիտարկել ոչ թե որպես որևէ մեկի նկատմամբ արտոնյալ վերաբերմունքի պահանջ, այլ որպես համայնքային երկխոսության և փոխադարձ լսելիության հարց։

Ի վերջո, դեսպանության կազմակերպած միջոցառումը և համայնքի որոշ ներկայացուցիչների բարձրացրած հարցերը կարող են գոյակցել։ Մեկը չի չեղարկում մյուսը։

Իսկ եթե Անկախության 35-ամյակը նաև հնարավորություն է տալիս մտածելու ապագայի մասին, ապա գուցե հենց այս հարցն է արժանի շարունակական քննարկման՝ կարո՞ղ են Հայաստանի պետական ներկայացուցչությունը և Նիդերլանդների բազմաշերտ հայկական համայնքը ազգային տոների առիթով ավելի լայնորեն հանդիպել, լսել և ներկայացնել միմյանց։

«Նիդերլանդական Օրագիրը» այս հարցի պատասխանը թողնում է դեսպանությանը և, ավելի լայն իմաստով, Նիդերլանդների հայ համայնքի բոլոր ներկայացուցիչներին։

«Նիդերլանդական Օրագիր»
23.09.2026



Լուսանկարները դեսպանության ֆեյսբուքյան էջից



No comments:

Post a Comment