The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Friday, 15 December 2023

Տիգրան Պետրոսյանցի «Զաքարե» պատմաքաղաքական վեպի և «Վաչուտյաններ» մենագրության շնորհանդեսը

Այսօր ՀՊՄՀ գիտական գրադարանի դահլիճում տեղի ունեցավ ռազմական պատմաբան ու քաղաքագետ գրադարանի տնօրեն Տիգրան Պետրոսյանցի «Զաքարե» պատմաքաղաքական վեպի և «Վաչուտյաններ» մենագրության շնորհանդեսը։ Զաքարե թագավորից Վաչուտյաններ ընկած ժամանակահատվածը շատ քիչ է մեկնաբանվել հայոց պատմագրության մեջ, բայց այն հայության լուսավոր շրջաններից է։ Ճիշտ է թագավորություն չենք ունեցել Զաքարեներից հետո, բայց պետականություն ունեցել ենք, չնայած մեզ այդ մասին չգիտես ինչու երբեք չեն ասել։ Տիգրան Պետրոսյանցի «Զաքարե» պատմաքաղաքական վեպը, որն ըստ էության, շատ հանգամանալից աշխատություն է, ՀՀ ԳԱ թղթակից անդամ, բ․գ․դ․, պրոֆեսոր, Աելիտա Դոլուխանյանի գնահատմամբ յուրահատուկ արժեք է ներկայացնում, քանի որ աշխատանքի դրվագները ոչ թե պարզապես հորինվածք են, այլ հիմնվում են տվյալ դարաշրջանի պատմիչների գործերի վրա։ Այս առումով պրոֆ․ Դոլուխանյանը հատուկ ուշադրություն հրավիրեց այն փաստին, որ հիշատակված պատմիչների աշխատությունները ոչ միայն հայ ժողովրդի համար են արժեքավոր տեղեկատվություն պարունակում, այլև համաշխարհային պատմության։ Պատմավեպը հստակ պատկերացում է տալիս տվյալ շրջանի հայության ապրելակերպի, կենցաղի, արժեքների և սովորությունների մասիև։ Զաքարե թագավորը կրել է շահնշահ, կեսար տիտղոսները, և ինչպես նշեց ՀՀ ԳԱ ակադեմիկոս, պ․գ․դ․ պրոֆեսոր Աշոտ Մելքոնյանը,  շահնշահ տիտղոսն ամեն թագավորի չի տրվում։ Թե՜  «Զաքարե» պատմավեպը, և թե՜ «Վաչուտյաններ» մենագրությունը հսկայական լույս են սփռում մեր պատմության այս անտեսված բայց փառավոր ժամանակահատվածի վրա։ Պրոֆեսոր Աշոտ Մելքոնյանը նշեց, որ հայ ժողովրդի համար 13-րդ դարը նշանավորվել է որպես հայոց պետականության ծաղկման շրջան, երբ ստեղծվեցին բազմաթիվ հոգևոր ու մշակութային կոթողներ, ոչ միայն Սյունիքում այլև Արարատյան դաշտավայրում, Անիում։ Ստեղծված վանական համալիրներն ու կոթողները, ինչպես վկայում են բազմաթիվ աղբյուրներ, ճարտարապետական եզակի և բարձրակարգ կառույցներ են։ 

Պրոֆեսոր Աելիտա  Դոլուխանյանն արժևորեց այն փաստը, որ աշխատանքները կատարելիս Զաքարե իշխանների մասին պատմավեպում կիրառված՝ պատմագրություններից խնամքով ընտրված, հավաստի, նաև համաշխարհային պատմության տեսակետից արժեքավոր տեղեկատվությունը, կարևոր է ոչ միայն գիտական առումով, այլև ընդգծում է Տիգրան Պետրոսյանցի, հիշատակելու արժանի փաստ, հետազոտություն կատարելու ունակությունը և պատասխանատվության զգացումը՝ ձեռնարկած աշխատանքի նկատմամբ։։ Հարգարժան պատմաբան պրոֆեսորները նշեցին, որ ժամանակահատվածը յուրահատուկ կարևորություն ունի հատկապես ոչ միայն մշակութային և ճարտարապետական կոթողներ, եկեղեցիներ ստեղծելու առումով․ ամենահիշարժան փաստն այն է, որ ամբողջական 50 տարի Հայաստանն ունեցել է լիարժեքորեն անկախ պետականություն, չնայած այն թագավորություն չի եղել այդ ընթացքում։ Ստեղծված լիովին անկախ պետականությունը գոյություն է ունեցել մինչև մոնղոլա-թաթարական արշավանքները, սակայն նույնիսկ այդ ժամանակ Հայաստանի պետականությունը հիմնովին չի կորսվել, այն մասնակի վայրերում պահպանվել է։ Ելույթ ունեցողների կողմից մեծ ուշադրության արժանացավ այն, որ գրքերը պարունակում են փաստեր հայոց պատմական աշխարհագրությունից։ Տիգրան Պետրոսյանցի մենագրության արժանիքներից է այն, որ հսկայական տեղեկատվություն է ներկայացված ծանոթագրությունների միջոցով։ Հեղինակը մենագրության հավելվածի միջոցով մանրամասն հիշատակել է այն բոլոր հրատարակությունները, որոնք տարբեր ժամանակներում տարբեր աղբյուրներում անդրադառնում են Սյունյաց աշխարհի և հայոց հենասյուներ Վաչուտյանների գործունեությանը։ 

Ելույթ ունեցողները շատ էին, բոլորն էլ հատուկ հիացմունքով էին նշում գրքերի արժանիքները և հեղինակի կատարած աշխատանքի կարևորությունը։ Բոլորը շատ մեծ ջերմությամբ էին պատմում դրվագներ, բարձրաձայնում կարևոր դեպքերի մասին։ Առանձնակի ջերմ էին գրքի խմբագիր պրոֆեսոր Վանիկ Վիրաբյանի ելույթը, արձակագիր Վրեժ Սարուխանյանի խոսքը։ Քանի որ Տիգրան Պետրոսյանցը նաև գործող զինվորական է եղել, նրան ողջունելու էր եկել իր զինակից ընկերներից՝  Խաչիկ  Մարգարյանը, ում հետ ծառայություն են անցել Վայքում 90-ականների կեսերին։ Ամենահետաքրքիր պահերից էին, երբ  Տիգրան Պետրոսյանցի աշխատանքը «Վահագն» ՀԿ ի նախագահ Կարո Մորուք Կարապետյանի և «Հայ Արվեստի Տուն» ՀԿ–ի Նախագահ Մելսիդա Հակունցի կողմից արժանացավ պարգևատրման ամենայուրահատուկ մեդալներով։ Նշենք որ տ․ Մելսիդան իր հուզիչ խոսքով փաստեց, որ իրենց համագործակցությունն ավելին է քան սոսկ աշխատանքը՝ նա Զաքարե իշխանական տոհմից է և մեծ հպարտությամբ է աշխատակցում Տ․ Պետրոսյանցի հետ։ Տ․ Մելսիդան Տ․ Պետրոսյանցին հանձնեց Գարեգին Նժդեհի անվան ոսկե մեդալը, որի առաջին կրողն է լինելու Տ․ Պետրոսյանցը։ /Բոլոր նկարները կցվում են/։ 

Միգուցե Սյունիքի Վաչուտյան իշխանների գենը հենց այն գենն է եղել, որ հպարտ սյունեցուն միշտ մղել է կանգուն պահել հայոց պետականության հիմնասյուները։

Հանդիպումն անցավ անասելի բարեկամական ջերմ մթնոլորտում։


Հատուկ Niderlandakan Oragir / Diary of the Netherlands/Նիդերլանդական օրագիր լրատվամիջոցի համար

ԵՊՀ դոցենտ բ․գ․թ․ Նաիրա Գասպարյան

Երևան, 14.12.2023















Wednesday, 13 December 2023

Հոգշ. Տ. Տիրայր վարդապետ Հակոբյանը նշանակվել է Անտվերպենի հոգևոր հովիվ

 

Pontifical Legation Western Europe 

 կայքը տեղեկացնում է, որ  Հոգշ. Տ. Տիրայր վարդապետ Հակոբյանը նշանակվել է Անտվերպենի հոգևոր հովիվ
—————
Դեկտեմբերի 10-ին Բելգիայի Անտվերպեն քաղաքի հայ համայնքի հոգևոր հովիվ է նշանակվել Հոգշ. Տ. Տիրայր վարդապետ Հակոբյանը:
Սուրբ Հովսեփ եկեղեցում Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակ և Վատիկանում Հայ Առաքելական Եկեղեցու ներկայացուցիչ՝ Գերշ. Տ. Խաժակ Արք. Պարսամյանի հանդիսապետությամբ իր անդրանիկ Սուրբ և Անմահը Պատարագը մատուցեց Հոգշ. Տ. Տիրայր վարդապետ Հակոբյանը:
Պատարագին ներկա էին Բելգիայի հայոց հոգևոր հովիվ Հոգշ. Տ. Զատիկ վարդապետ Ավետիքյանը, այլ հոգևորականներ և հյուրեր: Պատարագի ընթացքում Սրբազան Հայրը համայնքին ներկայացրեց Հայր Տիրային՝ որպես իրենց նորանշանակ հոգևոր հովիվ:
Իր քարոզում Սրբազան Հայրը ընդգծեց միասնության, քրիստոնեական սիրո անհրաժեշտությունն ու կարևորությունը համայնքային կյանքում, ինչպես նաև գոհունակություն հայտնեց բոլոր հայկական կառույցներին ու հոգևորականներին, ովքեր իրենց ծառայությունն են մատուցել Անտվերպենում և շրջական քաղաքներում: Սրբազան Հայրը շնորհակալություն հայտնեց Անտվերպենում գտնվող հայերին՝ իրենց արմատներից չհեռանալու համար, և հավելեց ապագա սերնդի քրիստոնեաբարո ու հայեցի դաստիարակման կարևորության մասին, այնուհետև աղոթք բարձրացրեց առ Աստված, որպեսզի  Հայր Տիրայրը կարողանա իր առաքելությունը պատշաճ կերպով իրականացնել Անտվերպենի հայ համայնքում:
Սրբազան Հայրը նաև խնդրեց նորանշանակ հոգևորականին իր պատգամը բերել Անտվերպենի հայությանը: Սուրբ Պատարագի ավարտին տեղի ունեցավ մտերմիկ զրույց համայնքի անդամների հետ:
Հավելենք որ, Ատվերպենի Սբ․ Գրիգոր Նարեկացի Ծուխը հիմնվել է 25 օգոստոս 2016թ.: Համայնքում գործում է նաև հայ տիկնանց «Նոյ» հասարակական, բարեգործական և մշակութային միությունը։
Տ. Տիրայր վարդապետ Հակոբյանը 2018-2022 թվականներին եղել է Իտալիայի հոգևոր հովիվ:
Հայր Տիրայրը ունի երեք պարզ նպատակ. մարդկանց հավաքել եկեղեցու շուրջ, իրականացնել քարոզչություն և կազմակերպել համայանքային կյանքը: Նաև հայերին ավելի մոտեցնել միմյանց և, իհարկե, Աստծուն:
* * * *
✅ Հոգշ. Տ. Տիրայր վարդապետ Յակոբեան նշանակուած է Անտուերպենի հոգեւոր հովիւ
—————
Դեկտեմբեր 10-ին, Պելճիգայի Անտուերպեն քաղաքի հայ համայնքի հոգեւոր հովիւ  նշանակուած է՝ Հոգշ. Տ. Տիրայր վարդապետ Յակոբեան:
Հանդիսապետութեամբ՝  Արեւմտեան Եւրոպայի հայրապետական պատուիրակ եւ Վատիկանի մէջ Հայ Առաքելական Եկեղեցւոյ ներկայացուցիչ` Գերշ. Տ. Խաժակ Արք. Պարսամեանի, Սուրբ Յովսէփ եկեղեցւոյ մէջ Հոգշ. Տ. Տիրայր վարդապետ Յակոբեան իր անդրանիկ Սուրբ եւ Անմահ Պատարագը մատուցեց:
Պատարագին ներկայ էին Պելճիգայի հայոց հոգեւոր հովիւ Հոգշ. Տ. Զատիկ վարդապետ Աւետիքեան, այլ հոգեւորականներ եւ հիւրեր: Պատարագի ընթացքին Սրբազան Հայրը համայնքին ներկայացուց Հայր Տիրայրը` որպէս իրենց նորանշանակ հոգեւոր հովիւ:
Սրբազան Հայրը՝ իր քարոզին մէջ ընդգծեց միասնութեան, քրիստոնէական սիրոյ անհրաժեշտութիւնն ու կարեւորութիւնը համայնքային կեանքին մէջ, ինչպէս նաեւ գոհունակութիւն յայտնեց բոլոր հայկական կառոյցներուն ու հոգեւորականներուն, որոնք իրենց ծառայութիւնը մատուցած են Անտուերպենի եւ շրջական քաղաքներուն մէջ: Սրբազան Հայրը շնորհակալութիւն յայտնեց Անտուերպեն գտնուող հայերուն` իրենց արմատներէն չհեռանալու համար, եւ աւելցուց ապագայ սերունդի քրիստոնէաբարոյ ու հայեցի դաստիարակման կարեւորութեան մասին, այնուհետեւ աղօթք բարձրացուց առ Աստուած, որպէսզի  Հայր Տիրայրը կարենայ իր առաքելութիւնը պատշաճ կերպով իրականացնել Անտուերպենի հայ համայնքին մէջ:
Սրբազան Հայրը նաեւ խնդրեց նորանշանակ հոգեւորականին իր պատգամը բերել Անտուերպենի հայութեան: 
Սուրբ Պատարագի աւարտին տեղի ունեցաւ մտերմիկ զրոյց համայնքի անդամներուն հետ:
Աւելցնենք, որ Ատուերպենի Սբ․ Գրիգոր Նարեկացի ծուխը հիմնուած է 25 օգոստոս 2016-ին: Համայնքին մէջ կը  գործէ նաեւ հայ տիկնանց «Նոյ» հասարակական, բարեգործական եւ մշակութային միութիւնը:
Տ. Տիրայր վարդապետ Յակոբեան 2018-2022 թուականներուն եղած է Իտալիոյ հոգեւոր հովիւը:
Հայր Տիրայրը ունի երեք պարզ նպատակ՝ մարդոց հաւաքել եկեղեցւոյ շուրջ, իրականացնել քարոզչութիւն եւ համայանքային կեանք կազմակերպել: Նաեւ հայերը աւելի մօտեցնել իրարու եւ ի հարկէ, Աստուծոյ:


Monday, 11 December 2023

Կիրակնօրյա դպրոցի բացում՝ Բելգիայի Գերարդսբերգեն քաղաքում

 


Դեկտեմբերի 9-ին՝ Բելգիայի Գերարդսբերգեն քաղաքում՝ նոր հիմնադրված հայ եկեղեցական համայնքում, տեղի ունեցավ «Կոմիտաս» կիրակնօրյա դպրոցի բացումը:

Գերարդսբերգեն քաղաքում արդեն երկու ամիս է ինչ հիմնադրվել է հայ եկեղեցական համայնք, և համայնքի ու կից քաղաքներում բնակվող հայերի համար արդեն գործում է կիրակնօրյա դպրոց:
Կիրակնօրյա դպրոցի բացման արարողությունը սկսվեց եկեղեցական արարողությամբ, որը նախագահեց Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակ և Վատիկանում Հայ Առաքելական Եկեղեցու ներկայացուցիչ՝ Գերշ. Տ. Խաժակ Արք. Պարսամյանը, Անտվերպենի նորանշանակ հոգևոր հովիվ Հոգշ. Տ. Տիրայր վարդապետ Հակոբյանի ընկերակցությամբ: Ներկա էին նաև քաղաքի կաթոլիկ համայնքի նորանշանակ հոգևոր հովիվ Էմանուել Վիթսը, Ծխական խորհդի անդամներ, համայնքի ներկայացուցիչներ:
Բացման խոսքով հանդես եկավ համայնքի հոգևոր հովիվ Հոգշ. Տ. Մաղաքիա աբեղա Բեսքիսիզյանը. «Տեղին է ասել, որ Բելգիայի հայ համայնքը պատմական ուրախ և անմոռանալի օր է ապրում, որովհետև մեր՝ Գերարդսբերգենի եկեղեցական այս համայնքը, հիմնելուց երկու ամիս անց մեր զավակների հայապահպանման և հայակերտման համար կունենանք «Կոմիտաս» կիրակնօրյա հայ դպրոցը: Անմերժելի իրականություն է, որ դարեր շարունակ և, մասնավորապես, այսօր աշխարհում տիրում է գոյապայաքար՝ ազգերի շարունակականության համար: Հայ ազգը իր անցյալի փորձով, իմաստուն անհատներով, ուժեղ ոգով, եկեղեցականներով, կամքով և հավատքով կարողացել է հասնել մինչև այսօր: Իսկ այս պայքարում կարևոր դեր է ունեցել, ունի և պիտի ունենա հայ դպրոցը, որը հայապահպանման և հայակերտման ամուր դարբնոցն է: Վստա՛ք եղեք, եթե հայ ազգը իր պատմությունը, մշակույթը, կրոնը, արժեքները, գիտելիքները և այս ոգին չփոխանցի ապագա սերունդներին ապա մենք պարտված ենք: Շնորհավորում եմ Գերարդսբերգենի և շրջակա քաղաքներից ժամանած հայ ծնողներին, որ այսօր Սրբազան Հոր գլխավորությամբ հիմք դրվեց կիրակնօրյա դպրոցի»:
Այնուհետև գեղեցիկ կատարումներով հանդես եկան կիրակնօրյա դպրոցի սաները; Հնչեցին հայրենասիրական բանաստեղծություններ և երգեր:
Արարողության ավարտին Գերշ. Տ. Խաժակ Արք. Պարսամյանը իր խոսքում նշեց. «Ձեր շնորհիվ՝ սիրելի երեխաներ, երիտասարդներ, ծնողներ, հոգևորականներ, մենք նոր ճանապարհ ենք սկսել: Այս ճանապարհը հաղթանակի ճանապարհ է՝ և՛ հոգևոր, և՛ ազգային առումով: Մեր պատմության ընթացքում ավանդությունն այն է եղել, որ մանավանդ Սփյուռքում, եկեղեցին և դպրոցը գտնվել են մեկ վայրում, ու հայ մանուկը ստացել է հոգևոր, մշակութային, ազգային դաստիարակություն: Այնքան ժամանակ քանի դեռ մեր երեխաների և երիտասարդների ձայները լսելի են՝ եկեղեցում, դպրոցում, մենք կանք և պիտի շարունակենք ապրել: Այսօր ինչ կատարվում է այստեղ ինձ համար հրաշք է, և ես իմ գնահատանքն եմ հայտնում ձեզ՝ բոլորիդ: Հայր Մաղաքիայի գլխավորությամբ, ձեր բոլորի աշխատանքների շնորհիվ դուք ճիշտ ճանապարհի վրա եք։ Եվ մանավանդ այս վերջին ժամանակաշրջանում, երբ մեր ազգը ապրում է դժվար օրեր՝ ուրախ ենք, փառք ենք տալիս Աստծուն, որ այսպիսի լուսավոր պահեր ևս կան»:
Սրբազան Հայրը կիրակնօրյա դպրոցի սաներին նվիրեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից բերված խաչեր, որպեսզի Ս. Գրիգոր Լուսավորչի և բոլոր Հայրերի օրհնությունը միշտ լինի երեխաների հետ:
Արարողության ավարտից հետո Խաժակ Սրբազանի գլխավորությամբ բոլոր ներկաները ուղղվեցին դեպի կիրակնօրյա դպրոցի մասնաշենք: Նշենք որ, բացման պատիվը՝ կարմիր ժապավենի կտրումը, տրվեց Սրբազան Հորը: Այնուհետև Հայր Մաղաքիան և դպրոցի ուսուցչուհի Անի Կարապետյանը Խաժակ Սրբազանին և Հայր Տիրայրին ծանոթացրին կիրակնօրյա դպրոցի ծրագրին:
Հայր Մաղաքիան նաև նշեց, որ առաջիկայում կան ծրագրեր ստեղծելու երգչախումբ ու տիկնանց միություն:
Օրվա վերջում Ծխական խորհրդի անդամները և կիրակնօրյա դպրոցի սաների ծնողները կազմակերպել էին հյուրասիրություն:

Կիրակնօրեայ դպրոցի բացում՝ Պելճիգայի Կերարտպերկեն քաղաքին մէջ
————
Դեկտեմբեր 9-ին Պելճիգայի Կերարտպերկեն քաղաքին մէջ նոր հիմնադրուած հայ եկեղեցական համայնքէն ներս, տեղի ունեցաւ «Կոմիտաս» կիրակնօրեայ դպրոցի բացումը:
Կերարծպերկեն քաղաքին մէջ արդէն երկու ամիսէ ի վեր հիմնադրուած է հայ եկեղեցական համայնք, եւ համայնքի ու կից քաղաքներուն մէջ բնակող հայերուն համար արդէն կը գործէ կիրակնօրեայ դպրոց:
Կիրակնօրեայ դպրոցի բացման արարողութիւնը սկսաւ եկեղեցական արարողութեամբ, որ նախագահեց Արեւմտեան Եւրոպայի հայրապետական պատուիրակ եւ Վատիկանի մէջ Հայ Առաքելական Եկեղեցւոյ ներկայացուցիչ` Գերշ. Տ. Խաժակ Արք. Պարսամեան, Անտվերպէնի նորանշանակ հոգեւոր հովիւ Հոգշ. Տ. Տիրայր վարդապետ Յակոբեանի ընկերակցութեամբ: Արարողութեան ներկայ էին քաղաքի կաթոլիկ համայնքի նորանշանակ հոգեւոր հովիւ Էմանուէլ Վիթսը, Ծխական խորհուրդի անդամներ, համայնքի ներկայացուցիչներ:
Բացման խօսքով հանդէս եկաւ համայնքի հոգեւոր հովիւ Հոգշ. Տ. Մաղաքիա աբեղայ Պեսքիսիզեան նշելով, որ. «Տեղին է ըսել, որ Պելճիգայի հայ համայնքը պատմական ուրախ եւ անմոռանալի օր կ՛ապրի, որովհետեւ մեր Կերարծպերկենի եկեղեցական համայնքը հիմնուելէ երկու ամիս անց մեր զաւակներու հայապահպանման եւ հայակերտման համար կ'ունենանք «Կոմիտաս» կիրակնօրեայ հայ դպրոցը: Անմերժելի իրականութիւն է, որ դարեր շարունակ եւ, մասնաւորապէս, այսօր աշխարհի մէջ կը տիրէ գոյապայաքար ազգերու շարունակականութեան համար: Հայ ազգը իր անցեալի փորձով, իմաստուն անհատներով, ուժեղ ոգիով, եկեղեցականներով, կամքով եւ հաւատքով կրցած է հասնիլ մինչեւ այսօր: Իսկ այս պայքարին մէջ կարեւոր դեր ունեցած է, ունի եւ պիտի ունենայ հայ դպրոցը, որ հայապահպանման եւ հայակերտման ամուր դարբնոց է: Վստա՛ք եղէք, եթէ հայ ազգը իր պատմութիւնը, մշակոյթը, կրօնը, արժէքները, գիտելիքները եւ այս ոգին չփոխանցէ ապագայ սերունդներուն ապա մենք պարտուած ենք: Կը շնորհաւորեմ Կերարծպերկենի եւ շրջակայ քաղաքներէն ժամանած հայ ծնողները, որ այսօր Սրբազան Հօր գլխաւորութեամբ կիրակնօրեայ դպրոցի հիմքը դրուեցաւ»:
Այնուհետեւ գեղեցիկ կատարումներով հանդէս եկան կիրակնօրեայ դպրոցի սաները; Հնչեցին հայրենասիրական բանաստեղծութիւններ եւ երգեր:
Արարողութեան աւարտին Գերշ. Տ. Խաժակ Արք. Պարսամեան իր խօսքին մէջ նշեց, որ «Ձեր շնորհիւ՝ սիրելի երեխաներ, երիտասարդներ, ծնողներ, հոգեւորականներ, մենք նոր ճանապարհ մը սկսած ենք: Այս ճանապարհը յաղթանակի ճանապարհ է ե՛ւ հոգեւոր, ե՛ւ ազգային առումով: Մեր պատմութեան ընթացքին աւանդութիւնը եղած է այն, որ մանաւանդ Սփիւռքի մէջ, եկեղեցին եւ դպրոցը մէկ վայրի մէջ գտնուած են, եւ հայ մանուկը ստացած է հոգեւոր, մշակութային, ազգային դաստիարակութիւն: Այնքան ժամանակ քանի դեռ եկեղեցւոյ եւ դպրոցի մէջ լսելի են մեր երեխաներուն եւ երիտասարդներուն ձայները, մենք կանք եւ պիտի շարունակենք ապրիլ: Այսօր ինչ կը կատարուի այստեղ ինծի համար հրաշք է, եւ ես իմ գնահատանքս կը յայտնեմ ձեզի` բոլորիդ։ Հայր Մաղաքիայի գլխաւորութեամբ, ձեր բոլորի աշխատանքներուն շնորհիւ դուք ճիշդ ճանապարհի վրայ էք։ Եւ մանաւանդ, այս վերջին ժամանակաշրջանին, երբ մեր ազգը դժուար օրեր կ՛ապրի, ուրախ ենք, փառք կու տանք Աստուծոյ, որ այսպիսի լուսաւոր պահեր եւս կան»:
Սրբազան Հայրը կիրակնօրեայ դպրոցի սաներուն նուիրեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինէն բերուած խաչեր, որպէսզի Ս. Գրիգոր Լուսաւորիչի եւ բոլոր Հայրերու օրհնութիւնը միշտ երեխաներուն հետ ըլլայ:
Արարողութեան աւարտէն ետք Խաժակ Սրբազանի գլխաւորութեամբ բոլոր ներկաները ուղղուեցան դէպի նորաբաց կիրակնօրեայ դպրոցի մասնաշէնք: Նշենք, որ բացման պատիւը` կարմիր ժապաւէնի կտրումը, տրուեցաւ Սրբազան Հօր: Այնուհետեւ, Հայր Մաղաքիան եւ դպրոցի ուսուցչուհի Անի Կարապետեանը Խաժակ Սրբազանին եւ Հայր Տիրայրին կիրակնօրեայ դպրոցի ծրագիրը ներկայացուցին:
Հայր Մաղաքիան նաեւ նշեց, որ յառաջիկային կան նոր ծրագիրներ՝ երգչախումբ ու տիկնանց միութիւն հիմնելու:
Օրուան աւարտին, Ծխական խորհուդի անդամները եւ կիրակնօրեայ դպրոցի աշակերտներու ծնողները կազմակերպած էին հիւրասիրութիւն մը:

Opening ceremony of Sunday School in Geraardsbergen, Belgium

—————
On December 8, in the city of Geraardsbergen, Belgium, in the newly established Armenian church community, the opening of the "Komitas" Sunday school took place. An Armenian church community was established in the city of Geraardsbergen two months ago, and a Sunday school is already operating for the Armenians living in the community and neighboring towns.
The Sunday school opening ceremony began with a church ceremony presided by the Pontifical Legate of the Western Europe and Representative of the Armenian Church to the Holy See, His Eminence Archbishop Khajag Barsamian, with the company of newly appointed pastor of Antwerp Very Rev. Father Tirayr Hakobyan. The newly appointed pastor of the catholic community, Emmanuel Vidts, members of the Parish Council, community representatives were also present.
The pastor of the community Very Rev. Father Maghakia Beskisizian made an opening speech: “Its worth mentioning that the Armenian community of Belgium is experiencing a historic, happy and unforgettable day, because two months after founding this church community of Geraardsbergen, we will have the "Komitas" Sunday Armenian school for the preservation and formation of our children. It is an undeniable reality that for centuries, and especially today, there has been a cornerstone for the continuity of nations in the world. The Armenian nation still exists thanks to its experience, wise individuals, strong spirit, clergymen, will, and faith. The Armenian school is the gate to the preservation and conservation of our nationality. The Armenian nation will be defeated if we do not pass on our history, culture, religion, values, knowledge, and spirit to future generations. I congratulate the Armenian parents from Geraardsbergen and the surrounding cities, that today, under the leadership of the His Eminence Archbishop Khajag Barsamian, the foundation of the Sunday school was laid.”
Then the Sunday school students performed beautifully. They recited and sung patriotic poems and songs.
At the end of the ceremony, His Eminence Archbishop Khajag Barsamian said in his speech. “Thanks to you, dear children, young people, parents, clergy, we have started a new path. This path is the path of victory, both spiritually and nationally. Our history had a tradition of having the church and school in one place, particularly in the Diaspora, and the Armenian child received spiritual, cultural and national education. As long as the voices of our children and young people are heard in the church, at school, it means we do exist and will continue to live. This day is a miracle to me, and I express my gratitude to all of you, led by Father Maghakia. Thanks to your work, you are heading in the right direction, especially nowadays, when our nation is going through difficult times. We are happy, we give glory to God that there are such bright moments as well.”
Archbishop Khajag Barsamian gave crosses to Sunday school students, brought from the Mother See of Holy Etchmiadzin so that the blessings of St. Gregory the Illuminator and all the Fathers always be with the children.
After the end of the ceremony, led by His Eminence, attendees headed to the Sunday school building. It should be noted that the honor of the opening, the cutting of the red ribbon, was given to the His Eminence Archbishop Khajag Barsamian. Then Father Maghakia and the school teacher Ani Karapetyan introduced the Sunday school program to His Eminence and Father Tirayr. Father Maghakia also mentioned that there are plans to create a choir and a women's union in the near future.
At the end of the day, members of the Parish Council and parents of Sunday school students organized a reception.








Հիշատակի արարողություն Լեյսդենի գերեզմանատանը


Անցյալ շաբաթ օրը՝ դեկտեմբերի 9-ին Նիդերլանդներում, Լեյսդենի Խորհրդային գերեզմանատանը առաջին անգամ տեղի ունեցավ հիշատակի արարողություն` այնտեղ թաղված 7 հայ զինվորների համար, ովքեր գնդակահարվել էին գերմանացի օկուպանտների կողմից 1944թ. դեկտեմբերի 9-ին Միդդելհարնիսում (Զելանդիա):

7 ռազմագերիները, որոնք սերտորեն համագործակցում էին հոլանդական դիմադրության հետ, ձերբակալվեցին դաշնակիցների կողմ փախուստի փորձի ժամանակ։ Կարճ ժամանակ անց նրանք գնդակահարվեցին, այս վայրում, ծովին մոտ,  այսօր էլ նրանց հիշատակին հուշաքար ու խաչքար կա տեղադրված: Այս թեմայով «Նիդերլանդական օրագիրը» քանիցս անդրադարձել է:

 Ի վերջո հայ ռազմագերիների աճյունը  հանգրվանեց  խորհրդային Պատվո դաշտ եղբայրական գերեզմանոցում` 860 այլ  Կարմիր բանակի զինվորների հետ: 

Մինչ Խորհրդային «Պատվո դաշտ» հիմնադրամի նախագահ Ռեմկո Ռեյդինգը ելույթ կունենար, կարմիր մեխակներ և մոմեր դրվեցին հայկական դրոշներ դրված յոթ գերեզմանների մոտ: Խորհրդային «Պատվո դաշտ» հիմնադրամի տնօրենը հույս հայտնեց, որ այս ոգեկոչումը կդառնա ամենամյա, և հաջորդ տարի պատերազմի զոհերի այս խմբի մասին ավելի շատ տեղեկություններ կտրամադրվեն։

Անցյալ տարի Խորհրդային Պատվո դաշտի հիմնադրամի նախագահ Ռեմկո Ռեյդինգին շնորհվեց  «Նարեկացի» հիմնադրամի ամենամյա մրցանակը, այն տրվում է  հոլանդացի գործիչներին ովքեր հայերին և Հայաստանին նշանակալի ծառայություններ են մատուցում: Սուրբ Գրիգոր Նարեկացի հիմնադրամը արդեն տարիներ է, որ համագործակցում է «Պատվո դաշտ» հիմնադրամի հետ և գերեզմանի խնամքի հետ կապված որոշակի պարտավորություններ է ստանձնել:

  Իր պատասխան խոսքում Ամստերդամի մշակութային «Սուրբ Գրիգոր Նարեկացի» հիմնադրամի նախագահ Վահան Ավագյանն իր երախտագիտությունը է հայտնեց «Պատվո դաշտ» խորհրդային հիմնադրամի կողմից հայ զինվորների հիշատակը վառ պահելու ջանքերի համար։

Գրող-լրագրող Յորիս Վերստեգը, ով երկար ժամանակ հետաքննում էր հայերի խմբին, ասաց, որ նրանք գերմանական ծառայությունից ապստամբություն էին ծրագրում օկուպացիոն ուժերի դեմ։ Նա իր խոսքում ներկաներին բացահայտեց յոթ զինվորներից երկուսի մասին մանրամասը տեղեկություններ հայտնելով։  Դա հոգեպես ներկաներին ավելի մոտեցրեց հայրենի տնից այդքան հեռացած ու միշտ երիտասարդ մնացած մարդկանց ճակատագրին։

Ոգեկոչմանը հավելյալ առանձնահատուկ բնույթ հաղորդեց Տեր Խաչատուր քահանա Ֆրանգյանի հոգեհանգստի արարողությունը: Ծխացող Խունկն ու երգի աղօթքը հանգստություն բերեցին հեռավոր ափերում ազատության համար զոհված հայ զինվորների հոգիներին:






Sunday, 10 December 2023

Արցախի խաղաղության համար պայքարող իրական հերոսները

 Այսօր դեկտեմբերի 9-ին հուզիչ ու հագեցած երեկո էր՝ SPEECH BOXի BookArt 2/ Artsakh բաց միջոցառումը SarGallery 'Yerevan- ում։ Գլխավոր հովանավոր SAR Wine

SarGallery -ի հատուկ հյուրերն էին ` Հայքի մշակույթի Օմբուդսմեն -Ombudsman of Culture of  Hayk  Հովիկ Ավանեսովը, Արցախի Ծիլ տիկնիկային ստուդիայի ղեկավար Արմեն Գաբրիելյանը, առցանց հարթակով միջոցառմանը մասնակցեց «Կտորե տոպրակ» գրքի հեղինակ Բյուրակն Իշխանյանը  (Byurakn Ishkhanyan) ։ Հատուկ հյուրերի շարքում էին նաև ստեղծագործողներ, թարգմանիչներ, Genofond միջազգային բարեգործական հիմնադրամի «Artsakh News» շարքի կամավորներ և, վերջապես, հայության սիրել Սայիդա Պողոսյանը։ Միջոցառման ընթացքում հնարավորություն ընձեռվեց տեսնելու Արցախից երկու նկարիչներ Հովիկ Գասպարյանի և Սամվել Թավադյանի կտավները։ Օրը գեղեցիկ էր, խոստումնալից, սպասումներով լի, գույներով ու հույզերով հագեցած։

Հավաքված հյուրերին անչափ հետաքրքրեց Հայքի Օնբուդսմեն, Բաքվից Արցախ տեղահանվածների զավակ, պատմաբան, կովկասագետ Հովիկ Ավանեսովի զրույցը, որը նվիրված էր արցախյան իրականության մեջ մարդու իրավունքների կոպիտ ոտնահարման, մշակութասպանության, պատերազմական և հետպատերազմական, սեպտեմբերյան  արհավիրքների կործանարար ազդեցություններին՝ դեպքեր, որոնց արդյունքում արցախցին առերեսվեց սահմռկեցուցիչ իրականությանը։ Հովիկ Ավանեսովը, ով ամուսնացել էր Արցախի դժվարին օրերին և հայր էր դարձել Արցախի պաշարման ժամանակ, բռնել է գաղթի ճամփան իր մեկ ամսական փոքրիկի և տիկնոջ հետ, հարազատներ է կորցրել այդ դաժան օրերին, սակայն աննկուն մարտնչում է հանուն արդարության հաղթանակի։ Հովիկը փորձեց հանրությանը հանգամանալից ներկայացնել իր դիտարկումները և մտահոգությունները։ Զրույցն ընդունվեց բուռն արձագանքով։ 

Նկարում Հովիկ Ավանեսովն է։

Նկարներում տեսնում եք արցախցի հայտնի հերոսական ընտանիքի դստերը՝ Սայիդային իր բալիկների հետ։ Անգամ ամենադժվարին պահերին Սայիդան չի դադարել կազմակերպել անհրաժեշտ օգնություն տեղահանված մայրերին ու բալիկներին, նույնիսկ երբ ինքն էր չորրորդ անգամ մայրանում նա էլի շարունակում էր իր օգնությունը։ Նկարներում տեսնում եք Սայիդա Պողոսյանին իր սիրելի քեռակնոջ՝  ԵՊՀ դոցենտ, բ․գ․թ․ Մարիամ Խաժակյանի հետ, ով արցախցու հարս էև իր բնակարանը երկարաժամկետ ու անհատույց օգտագործման է հանձնել իր արցախցի հարազատներին։

Նկարներում արցախցի նկարիչների գործերն են։

Միջոցառումը հրաշալի էր կազմակերպված, անցավ ջերմ մթնոլորտում։ Վերջում պատասխանատվությամբ ու հպարտությամբ իրենց ստանձնած գործը կատարող հարգարժան մասնակիցները  պարգևատրվեցին պատվոգրերով։

Հատուկ Niderlandakan Oragir / Diary of the Netherlands/Նիդերլանդական օրագիրի ընթերցողների համար 

ԵՊՀ դոցենտ, բ․գ․թ․ Նաիրա Գասպարյան












Saturday, 9 December 2023

ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈւՅՆԵՐԸ

Նոյեմբերի 26-ին Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում կայացավ «Վարկանիշ» ընկերության կազմակերպած “THE LEADER 2023” մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը: Մեծարման երեկո, որը տնտեսության ու գիտության առաջատար ընկերությունների և ականավոր անհատների գնահատանքն է: Մրցանակաբաշխության համար հիմք են հանդիսացել «Էմպիրիկա» հետազոտական ընկերության կատարած սոցիոլոգիական հարցումները և փորձագիտական եզրակացությունները։ Միջոցառման անվանակարգերում ներկայացված էին ՀՀ և Սփյուռքի տնտեսության՝ արդյունաբերության, արտադրության, ՏՏ և մի շարք այլ ճյուղերի առաջատարները՝ վերջին տարիներին երկրի զարգացմանը միտված գործունեություն ծավալող ընկերություններ, վաստակավոր գիտնականներ, գործարարներ, հաջողակ և տաղանդավոր անհատականություններ: Կարևորելով Հայաստան-Սփյուռք համագործակցությունն ու աշխարհասփյուռ հայերի անգնահատելի դերը հայաստանյան տնտեսության զարգացման գործում՝ անվանակարգերում ներկայացված էին նաև միջազգային հարթակում խոսուն դերակատարում ունեցող «Beneluxe Vodka», «Villa La Bella» ընկերությունները, որոնց հիմնադիրները նիդերլանդաբնակ հայերն են` Գարիկ Մարտիրոսյանը, Սերգեյ Պլանջյանը, Արման Տեր-Հակոբյանը և Կարո Իսկեջյանը:

https://niderlandakan.livejournal.com/580212.html








Wednesday, 6 December 2023

Նաիրի Հախվերդի. Հուսով եմ, որ ապագայում ավելի ու ավելի խորը համագործակցություն կլինի

  



Թբիլիսիի կինոփառատոնի շրջանակներում վրացական ժյուրիի սահմանած Terra Incognita-ի  հատուկ մրցանակ է շնորհվել Նաիր
ի Հախվերդիի «Վարորդ» ֆիլմի նախագծի սցենարի  համար: Թեև ֆիլմը դեռ նկարահանման ճանապարհ է անցնելու այնուհանդերձ Թբիլիսիի կինոփառատոնի շրջանակներում ներկայացվում են մշակման փուլում գտնվող վրացական և հայկական կինոնախագծերը: Նաիրի Հախվերդին առաջին  անգամը չէ, որ աչքի է ընկնում կինոասպարեզում: Նրա  «Ավլելով Երևանը» վավերագրական անիմացիոն ֆիլմը տարբեր միջազգային կինոփառատոններում մրցանակների է արժանացել: Ռեժիսոր և սցենարիստ` Նաիրի Հախվերդին, Նիդերլանդահայ ֆեդերացիայի նախագահ Մաթո Հախվերդյանի դուստրն է, որ բնակություն է հաստատել քաղաքամայր Երևանում:

Գալով Թբիլիսյան կինոփառատոնին հավելենք, որ մրցույթին մասնակցել է 8 գեղարվեստական 9 վավերագրական ֆիլմերի նախագիծ: Միջազգային ժյուրիի որոշմամբ հաղթել է Օվսաննա Գեւորգյանը («Իմ սիրտը նման է այդ ավերված տներին») և «Շատ մոտ երկնքին» (ռեժիսոր՝ Դեա Չոլոկավա, պրոդյուսեր՝ Իրինա Գելաշվիլի) և  «Հարևանները քնած են» (Կոտե Կալանդաձե և Էլենե Մարգվելաշվիլի) ֆիլմերի նախագծերը։

Նաիրի Հախվերդին վրացական կինոփառատոնի կազմակերպումն ու անցկացումը բարձր է գնահատում: Նա գտնում է, որ մրցանակներից զատ ավելի կարևոր է  միմյանց հետ կապվելն ու հետաքրքիր գաղափարներ փոխանակելը, տարածաշրջանային նախագծերին  ծանոթանալն ու վրացի գործընկերների հետ կապեր հաստատելը: «Հուսով եմ, որ ապագայում ավելի ու ավելի խորը համագործակցություն կլինի»:

National Cinema Center of Armenia-Հայաստանի ազգային կինոկենտրոն





Tuesday, 5 December 2023

Գրիգոր Նարեկացի հիմնադրամի օգնությունը արցախցիներին տեղ հասավ

Նիդ.օրագիրն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Սուրբ Գրիգոր Նարեկացի հիմնադրամը հոկտեմբեր ամսին  համայնքի անդամների ուժերով  արագ տեմպերով հավաքագրեց 2.3 տոննա առաջին օգնության ապրանքներ՝  վերմակ, հագուստ ու այլ պարագաներ: Հիմնադրամը՝  նրա նախագահ Վահան Ավագյանը, մեզ տեղեկացրեց, որ օգնությունն  ամբողջությամբ բաշխվել են Հայաստանում  տեղահանված արցախցի մեր հայրենակիցներին:

Ավելի ստույգ,  առաջին անհրաժեշտության պարագաները  բաշխվում են Արագածոտնի մարզի Արտաշավան, Սաղմոսավան, Օհանավան, Ուշի, Կարբի, Մուղնի, Օշական գյուղերում եւ Աշտարակ քաղաքում: Ընդհանուր առմամբ, 498 մարդ՝  120 ընտանիքից, ստացել է  օգնություն՝  ձմեռային հագուստ, ծածկոցներ,  հիգիենայի պարագաներ և այլն:

Այս աշխատանքն իրականացվել է  12 նվիրյալ կամավորների միջոցով, ովքեր  քաղաքապետարանների կողմից տրամադրված փախստականների ցուցակներով երկու շաբաթվա ընթացքում նախապատրաստություն են կատարել եւ ճշգրիտ բաշխել Նիդերլանդներից ուղարկված առաջին անհրաժեշտության ապրանքները: Գրիգոր Նարեկացի հիմնադրամից գտնում են, որ իրենց այս ակցիան, եթե կարողացել է ինչ որ չափով  մեղմել արցախցի մեր հայրենակիցների հոգսը, ապա իրենք դրանից միայն բավարարված են զգում, նույնիսկ եթե կարողացել են փոքր ինչ օգտակար լինել հայրենակիցներին:

Հիմնադրամը նաև շնորհակալություն է հայտնում Արագածոտնի թեմի առաջնորդին՝  անձամբ Մկրտիչ եպիսկոպոսին, առաջարկած աջակցության եւ «Հայորդաց տան»-ը մարդասիրական օգնությունը բաշխելու հնարավորության համար։

«Սուրբ Գրիգոր Նարեկացի» հիմնադրամի խորհուրդը կրկին  երախտագիտությունն է հայտնել նիդերլանդահայ համայնքի անդամներին, սրտացավ հոլանդացիներին և բոլոր ներգրավվածներին՝ այս ակցիային ինչ որ կերպ  արձագանքելու համար։

Հիմնադրամի կողմից նոր օգնության ակցիաների մասին կհայտարարվի հիմնադրամի ֆեյսբուքյան էջով։







Sunday, 3 December 2023

Բարեգործական մեկօրյա տոնավաճառում

Լուսանկարային  ռեպորտաժ




Այսօր` Երևանում բարեգործական մեկօրյա տոնավաճառ  էր գործում Ամիրյան 2 հասցեում ։ Աշխարհի տարբեր անկյուններից հավաքվել էին իրենց նպաստը բերելու այս կարևոր ձեռնարկին։ Եկել էին Դուբայից, Եվրոպայից։ Արցախցի կանայք ներկայացել էին իրենց ամենահամեղ փախլավայով։ Ինչեր ասես չկային՝ խաղալիքներ, արծաթեղեն ձեռքի աշխատանք տարբեր մոմեր ձեռագործ, հելունով աշխատանքներ։ Հրաշագործ կանայք արեևաշող ժպիտներով ողջունում էին ու ներկայացնում իրենց ու իրենց ընկերների աշխատանքները։ Երբեմն նաև տղամարդիկ էին հանդիպում, օրինակ, Դուբայից երիտասարդը այնպիսի գեղեցիկ շաքարային տիկնիկներ էր ներկայացնում, որ մի պահ նույնիսկ մտածեցի մեղք է նման գեղեցիկ պատկերները ուտել։  Բոլորը ուրախ երգում էին , պարում։ Անգամ արցախցի կանայք էին ժպտում, ուրախանում, միայն ափսոս, որ աչքերի մեջ խոոոոր, շատ խոոոր թախիծն էր ծվարել՝ կորստյան թախիծը, բայց դա չէր խանգարել , որ գան ու բարեգործությամբ զբաղվեն։ Թող աշխարհի բոլոր անկյուններում խաղաղությունը թևածի ու այլևս չլինեն նոր որդեկորույս մայրեր ու ծնողներ կորցրած զավակներ։

Բարեգործական տոնավաճառը կազմակեերպել էր IWAY միջազգային կանանց միության երևանյան գրասենյակը։

Նպատակն էր՝  բարելավել ու խթանել Հայաստանի կանանց ու երեխաների կյանքը։

Նկարներում`  Փախլավան արցախցիների պատրաստածն է, իսկ դուբայցի երիտասարդը իր հրաշագեղ տիկնիկներով գրավում է բոլորի ուշադրությունը։

Ներկայացված էին ձեռագործ հայկական տարազներով տիկնիկներ։

Լուսանկարային ռեպորտաժը` Նաիրա ԳԱՍՊԱՐՅԱՆԻ