Ժամանակ կար, երբ լրագրողի գիրը ձևավորում էր հանրային կարծիք, ազդում պետական որոշումների վրա, ստիպում պատասխանատվություն կրել պաշտոնյաներին և պաշտպանում անիրավության ենթարկված քաղաքացուն։ Լրագրողի անունը վստահություն էր ներշնչում, իսկ նրա հրապարակումները ստիպում էին արձագանքել։
Այսօր այդ ազդեցությունը զգալիորեն թուլացել է։
Թվային դարաշրջանը լայն հնարավորություններ բացեց խոսքի ազատության համար, սակայն միաժամանակ ջնջեց մասնագիտական լրագրության և պատահական տեղեկատվության սահմանը։ Այսօր լրագրող են անվանում գրեթե բոլորին, ովքեր ունեն տեսախցիկ, հեռախոս կամ սոցիալական էջ։ Հաճախ չեն տարբերում փաստը ենթադրությունից, լրատվությունը՝ կարծիքից, հետաքննությունը՝ բամբասանքից։ Արդյունքում արժեզրկվում է նաև բարեխիղճ լրագրողի աշխատանքը։
Իսկ իրական լրագրությունը պատասխանատվություն է։ Այն հիմնվում է ստուգված փաստերի, բոլոր կողմերի լսման և ճշգրտության վրա։ Լրագրողի նպատակը ոչ թե աղմուկ ստեղծելն է, այլ հանրությանը հավաստի տեղեկատվություն ներկայացնելը։
Լրագրողի ամենամեծ կապիտալը ոչ թե հետևորդների թիվն է, այլ հեղինակությունը, որը տարիներով է կառուցվում և կարող է կործանվել մեկ անպատասխանատու հրապարակմամբ։
Ինչո՞ւ է թուլացել լրագրողի խոսքի ազդեցությունը։
Տեղեկատվության արագությունն այսօր հաճախ գերազանցում է ճշգրտությանը։ Սոցիալական ցանցերում առավել տեսանելի է ոչ թե ամենաստուգված, այլ ամենաաղմկոտ բովանդակությունը։ Քաղաքական և ֆինանսական ազդեցությունները նույնպես հարվածել են լրագրության հեղինակությանը, իսկ հասարակությունը հաճախ նույն հարթության վրա է դնում պրոֆեսիոնալ լրագրողին և ապատեղեկատվություն տարածողին։
Սակայն երբ թուլանում է անկախ լրագրությունը, առաջին հերթին տուժում է քաղաքացին։ Որովհետև հասարակությունը կորցնում է ոչ միայն վստահելի տեղեկատվությունը, այլև իշխանությունից հաշվետվողականություն պահանջելու կարևոր գործիքներից մեկը։
Իսկական լրագրողը չի ստեղծվել բոլորին դուր գալու համար։ Նրա պարտականությունն է հարցեր ուղղել, ստուգել փաստերը, բարձրաձայնել հանրային շահին վերաբերող խնդիրները և պատասխաններ պահանջել։
Լրագրողին հարգել չի նշանակում համաձայնել նրա բոլոր տեսակետներին։ Դա նշանակում է հարգել նրա իրավունքը՝ հարցնելու, ստուգելու և տեղեկացնելու։ Այն հասարակությունը, որը դադարում է լսել լրագրողին, աստիճանաբար կորցնում է նաև ճշմարտությունը տարբերելու կարողությունը։
Այսօր առավել քան երբևէ անհրաժեշտ է վերականգնել լրագրողի մասնագիտության հեղինակությունը։ Դա սկսվում է լրագրողների պատասխանատվությունից, բայց կախված է նաև հասարակությունից, որը պետք է կարողանա տարբերել պրոֆեսիոնալ լրագրությունը տեղեկատվական աղմուկից։
Այսօր ցավալի իրողություններից մեկն այն է, որ հանրային շահին վերաբերող հիմնավորված լրագրողական հարցադրումները հաճախ այլևս չեն ունենում նախկին ազդեցությունը։ Եթե ժամանակին պետական կամ հասարակական կառույցները պարտավորված էին արձագանքել հրապարակումներին, ապա այսօր հաճախ ընտրում են լռությունը կամ անտեսումը։
Երբ փաստերի վրա հիմնված լրագրությունը նույնացվում է տեղեկատվական աղմուկի հետ, արժեզրկվում է լրագրողի խոսքը, իսկ պատասխանատվությունից խուսափելը դառնում է ավելի հեշտ։
Երբ արժեզրկվում է պրոֆեսիոնալ լրագրությունը, շահում են ոչ թե քաղաքացիները, այլ նրանք, ովքեր չեն ցանկանում հաշվետու լինել հասարակությանը։
Տեսական դատողությունները արժեք ունեն այնքան ժամանակ, քանի դեռ հաստատվում են իրական փաստերով։ Ստորև ներկայացվող պատմությունը, խմբագրության գնահատմամբ, այդպիսի փաստերից մեկն է։ Թող ընթերցողն ինքը գնահատի ներկայացված ժամանակագրությունը և ձևավորի իր եզրակացությունը։
Հայաստանի դեսպանությունը Նիդերլանդներում. երեք տարվա լռություն լրագրողական հարցումների նկատմամբ![]() |
| Լուսանկար` դեսպանության կայքից.Նիդերլանդների թագավորությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Բիյագովը |
Փաստահավաք խմբագրական
Վերջին երեք տարիներին «Նիդերլանդական օրագիրը» բազմիցս փորձել է վերականգնել աշխատանքային հաղորդակցությունը Նիդերլանդներում Հայաստանի Հանրապետության դեսպանության հետ ։ Հարցազրույցի առաջարկները, պաշտոնական պարզաբանումների հարցումները և գրավոր դիմումների գերակշիռ մասը մնացել են անպատասխան։
Այս հրապարակման նպատակը որևէ անձի կամ կառույցի հետ հակադրություն ստեղծելը չէ։ Այն ներկայացնում է փաստերի ժամանակագրությունը և այն հարցերը, որոնք երեք տարի անց էլ շարունակում են մնալ առանց պաշտոնական պարզաբանման։
Մինչև 2023 թվականը՝ ձևավորված համագործակցություն
Մինչև 2023 թվականը «Նիդերլանդական օրագիրը» և Հայաստանի Հանրապետության դեսպանությունը Նիդերլանդներում համագործակցում էին փոխադարձ հարգանքի և արդյունավետ հաղորդակցության մթնոլորտում։
Նախկին դեսպան Տիգրան Բալայանի և նրա նախորդների պաշտոնավարման ընթացքում մեր խմբագրությունը պարբերաբար լուսաբանում էր դեսպանության գործունեությունը՝ հանդիսանալով կարևոր տեղեկատվական կամուրջ դեսպանության և Նիդերլանդների հայ համայնքի միջև։ Այսօր էլ «Նիդերլանդական օրագիրը» շարունակում է լուսաբանել դեսպանության միջոցառումները:
Դեսպանության պաշտոնական կայքի «Հայ համայնքներ» բաժնում տեղադրված էր նաև «Նիդերլանդական օրագրի» մասին տեղեկատվությունը՝ նշելով, որ լրատվամիջոցը 2012 թվականից լուսաբանում է համայնքային կյանքը։ Այդ տեղեկատվությունը համապատասխանում էր իրականությանը և որևէ տարաձայնության առարկա չէր դարձել։
2023 թվականից սկսված փոփոխությունները
2023 թվականի սեպտեմբերին, դեսպանի պաշտոնը ստանձնելուց հետո, խմբագրությունը մի քանի անգամ՝ բանավոր և գրավոր, դիմեց դեսպան Վիկտոր Բիյագովին և նրա աշխատակազմին՝ հարցազրույցի առաջարկով։
Դեսպանը սկզբունքորեն համաձայնեց հարցազրույցին։ Նրա օգնականի հետ նախապատրաստվեց հարցաշարը, սակայն դրանից հետո գործընթացը դադարեց։ Օգնականը խորհուրդ տվեց անմիջականորեն կապ հաստատել դեսպանի հետ։
Խմբագրությունը դեսպանին ուղարկեց հինգից ավելի հիշեցումներ։
Մինչ այս հրապարակման պահը դրանց պատասխան չի ստացվել։
Մեր բոլոր նամակները եղել են բացառապես քաղաքավարի և հարգալից։ Անհրաժեշտության դեպքում պատրաստ ենք դրանք հրապարակել ամբողջությամբ։
Հոկտեմբերի 6-ի (2025) ընդունելությունը և դրան հաջորդած իրադարձությունները
Հայաստանի Անկախության տոնին նվիրված ընդունելությանը, մեր տեղեկություններով, չէին հրավիրվել Նիդերլանդների հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ, այդ թվում՝ քաղաքապետարանների ավագանիների երկու անդամներ, հայկական կազմակերպությունների ղեկավարներ և համայնքի միակ հայկական լրատվամիջոցը՝ «Նիդերլանդական օրագիրը»։
Այս առիթով մեր խմբագրությունը հրապարակեց «Նիդերլանդներում Հայաստանի դեսպանության գործունեության շուրջ արձագանքներ» հոդվածը։
Մեր արխիվում պահպանված պատճենների համաձայն՝ մեր հրապարակումից հետո դեսպանության պաշտոնական կայքի «Հայ համայնքներ» բաժնից այլևս բացակայում էր «Նիդերլանդական օրագրի» մասին տեղեկատվությունը։ Դեսպանությունը չի պարզաբանել, թե երբ և ինչ որոշմամբ է կատարվել այդ փոփոխությունը։
«Նիդերլանդական օրագրի» հղումը` դեսպանության կայքում մինչև 2025թ. Հոկտեմբերի 6-ի միջոցառումը: Կապույտով ընդգծումը` Նիդ.օրագրի
Խմբագրությունը բազմիցս դիմել է դեսպանությանը՝ խնդրելով պարզաբանել՝
- ինչու է հեռացվել տեղեկատվությունը,
- ով է կայացրել այդ որոշումը,
- ինչ չափանիշներով է այն ընդունվել,
- արդյոք այդ որոշումը որևէ կապ ունի մեր հրապարակման հետ։
Մինչ այս հրապարակման պահը դեսպանությունը որևէ պաշտոնական պարզաբանում չի ներկայացրել։
Դեսպանությունից ստացված միակ պատասխանը
Դեսպանությունից ստացված միակ գրավոր պատասխանը վերաբերում էր ոչ թե մեր բարձրացրած հարցերին, այլ «Նիդերլանդական օրագրի» իրավական կարգավիճակին։
Մեզանից պահանջվեց ներկայացնել լրատվամիջոցի անվանման և գործունեության օրինականության վերաբերյալ տեղեկություններ։
Խմբագրությունը նույն օրը ներկայացրեց անհրաժեշտ պարզաբանումները՝ հղում անելով Նիդերլանդների Mediawet 2008 օրենքին, համաձայն որի՝ առցանց համայնքային լրատվամիջոցների գործունեությունը լիովին օրինական է և պարտադիր պետական գրանցում չի պահանջում։
Դրանից հետո մեր հետագա դիմումները կրկին մնացին անպատասխան։
Կայքի նոր փոփոխությունները
Չի կարելի հաստատել, թե մեր նամակներն ազդեցություն ունեցե՞լ են այդ փոփոխությունների վրա, սակայն ավելի ուշ դեսպանության պաշտոնական կայքի «Հայ համայնքներ» բաժնից որոշել ու հանել են նաև Նիդերլանդների հայկական կազմակերպությունների դաշնության մասին տեղեկատվությունը։
Խմբագրության արխիվում պահպանվում են կայքի տարբեր ժամանակների պատճենները, որոնք փաստում են այդ փոփոխությունների հաջորդականությունը։ Առաջինը հեռացվել է մեր մասին տեղեկությունը՝ անմիջապես Հոկտեմբերի 6-ի միջոցառման մասին մեր հոդվածից հետո։
Մենք չենք կարող պնդել, թե ինչ նպատակով են կատարվել այդ փոփոխությունները։ Սակայն փաստ է, որ դրանք իրականացվել են, և դրանց վերաբերյալ որևէ պաշտոնական պարզաբանում մինչ օրս չի ներկայացվել։
«ՕՐԵՐ» եվրոպական ամսագրի փորձը
«ՕՐԵՐ» եվրոպական ամսագրի գլխավոր խմբագիր Հակոբ Ասատուրյանը «Նիդերլանդական օրագրին» տված հարցազրույցում հայտնել է, որ 2026 թվականի ապրիլին հատուկ Չեխիայից ժամանել էր Նիդերլանդներ՝ պատրաստելու Նիդերլանդների հայ համայնքին նվիրված պատմական հատուկ համարը։ Նրա խոսքով՝ այդ նպատակով մի քանի անգամ դիմել է Հայաստանի Հանրապետության դեսպան Վիկտոր Բիյագովին՝ հարցազրույցի առաջարկով, այդ թվում՝ անձամբ հանդիպման ընթացքում։ Սակայն հարցազրույցը չի կայացել, քանի որ դեսպանը հրաժարվել է՝ պատճառաբանելով զբաղվածությունը։
Այս փաստը ևս վկայում է, որ վերջին տարիներին դեսպանության և հայկական համայնքային լրատվամիջոցների միջև հաղորդակցությունը բախվել է դժվարությունների։
Դիմումներ պետական մարմիններին
Խնդրի լուծման նպատակով խմբագրությունը դիմել է Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությանը, վարչապետի աշխատակազմին և Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակին։
Առաջին դիմումի վերաբերյալ խմբագրությունը ԱԳՆ-ից սահմանված ժամկետում չի ստացել այնպիսի պատասխան, որը կպարունակեր բարձրացված հարցերի վերաբերյալ էական պարզաբանումներ։ Դրա փոխարեն 2-րդ անգամ վարչապետի աշխատակազմը մեր դիմումը դեռևս հունվարին անմիջապես վերահասցեագրեց Արտաքին գործերի նախարարությանը։
Օրենքով սահմանված ժամկետներն անցել են, նամակը դեռ ընթացքի մեջ է, սակայն էական պատասխան մինչ օրս չի ստացվել։
Համայնքի հետ աշխատանքի մասին
Դեսպանը արտերկրում ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունը և կարևոր դեր ունի համայնքային կյանքի համախմբման գործում։
Խմբագրությանը հայտնի չէ որևէ դեպք, երբ 2023 թվականից հետո դեսպանությունը սեփական նախաձեռնությամբ կազմակերպած լինի Նիդերլանդների հայ համայնքի ակտիվի հետ բաց հանդիպում, մինչդեռ նախորդ տարիներին նման հանդիպումներ կազմակերպվում էին պարբերաբար։
Միջազգային պրակտիկայում ընդունված է, որ դիվանագիտական ներկայացուցչությունները պարբերաբար հանդիպումներ են ունենում տեղի հայկական համայնքների ներկայացուցիչների հետ՝ ապահովելով երկկողմ հաղորդակցությունը։ Նման բաց շփումները նպաստում են վստահության ձևավորմանը և համայնքային համագործակցության ամրապնդմանը։
Այս առումով օրինաչափ մոտեցում է ցուցաբերում Հայաստանի վարչապետը, որը արտերկրյա գրեթե յուրաքանչյուր պաշտոնական այցի ընթացքում հանդիպում է տվյալ երկրի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, լսում նրանց մտահոգություններն ու ներկայացնում Հայաստանի առաջնահերթությունները։ Այս մոտեցումը ցույց է տալիս, որ համայնքը դիտարկվում է որպես Հայաստանի արտաքին քաղաքականության կարևոր բաղադրիչ և ոչ միայն ազգային ինքնության պահպանման, այլև Հայաստանի և տվյալ երկրի միջև կապերի ամրապնդման գործոն։
Այս համատեքստում երկու մոտեցումների միջև նկատվում է տարբերություն։
Համայնքի հետ հանդիպումները պետք է լինեն ոչ թե ձևական արարողություն, այլ պետական աշխատանքի բնական բաղադրիչ։ Դա հարգանքի դրսևորում է ոչ միայն տվյալ երկրում բնակվող հայերի, այլև Հայաստանի նկատմամբ նրանց վստահության հանդեպ։
Դեսպանի գործունեության ընդհանուր գնահատականը մեր իրավասության շրջանակում չէ։ Սակայն մենք իրավունք ունենք գնահատելու դեսպանության վերաբերմունքը մեր լրատվամիջոցի նկատմամբ։
Այս իրավիճակը չի կարող չառաջացնել մտահոգություն։ Հանրային դիվանագիտությունը չի սահմանափակվում միայն պաշտոնական միջոցառումներով կամ դիվանագիտական առօրյա աշխատանքով։ Դրա կարևոր բաղադրիչներն են նաև հաշվետվողականությունը, թափանցիկությունը և համայնքի հետ բաց հաղորդակցությունը։
Կայքից «Նիդերլանդական օրագրի» մասին տեղեկության հեռացման ժամանակագրությունը կարող է տպավորություն ստեղծել, թե դա պատասխան քայլ էր մեր հրապարակման նկատմամբ։ Սակայն, քանի որ դեսպանությունը որևէ պաշտոնական բացատրություն չի ներկայացրել, խմբագրությունը չի կարող եզրակացնել, թե որն է եղել այդ որոշման իրական պատճառը։ Եթե այդպես չէ, ապա դեսպանությունը մինչ օրս որևէ այլ բացատրություն չի ներկայացրել։
Եզրակացություն
«Նիդերլանդական օրագիրը» շուրջ 14 տարի ծառայում է Նիդերլանդների հայ համայնքին՝ առանց պետական ֆինանսավորման և առանց քաղաքական պատվերների։
Մենք չենք ձգտում հակամարտության և մեզ այլ քայլ չէր մնում` քան երկար սպասումներից հետո (ավելի քան երկու տարի) հրապարակել այս պարզաբանումը:
Մենք շարունակում ենք պատրաստակամ լինել հրապարակելու Հայաստանի Հանրապետության դեսպանության ցանկացած պաշտոնական պարզաբանում՝ ամբողջությամբ և առանց խմբագրման։
Սակայն այս հրապարակման մեջ ներկայացված փաստերը երեք տարվա ընթացքում այդպես էլ չեն ստացել պաշտոնական պատասխան։
Հրապարակումից առաջ խմբագրությունը ևս մեկ անգամ հնարավորություն է տվել դեսպանությանը ներկայացնելու իր պաշտոնական դիրքորոշումը։ Այդ հնարավորությունը նույնպես չի օգտագործվել։
Երբ պետական կառույցը հետևողականորեն չի արձագանքում լրագրողական հարցումներին, խնդիրը դուրս է գալիս լրատվամիջոցի շրջանակներից և դառնում հանրային հաշվետվողականության և պետական հաղորդակցության հարց։
Հարցեր, որոնք մինչ օրս մնացել են անպատասխան
- Ինչո՞ւ չիրականացվեց նախապես համաձայնեցված հարցազրույցը։
- Ինչո՞ւ հինգից ավելի պաշտոնական հիշեցումները մնացին անպատասխան։
- Ինչո՞ւ դեսպանության կայքից հեռացվեց «Նիդերլանդական օրագրի» մասին տեղեկատվությունը։
- Ինչո՞ւ դեսպանության կայքից ավելի ուշ հեռացվեց Նիդերլանդների հայկական կազմակերպությունների դաշնության մասին տեղեկատվությունը։
- Ո՞վ է կայացրել այդ որոշումը։
- Ի՞նչ չափանիշներով է այն ընդունվել։
- Ինչո՞ւ այդ որոշման վերաբերյալ որևէ պաշտոնական պարզաբանում չի ներկայացվել։
- Ինչո՞ւ երեք տարվա ընթացքում չի վերականգնվել աշխատանքային հաղորդակցությունը անկախ համայնքային լրատվամիջոցի հետ։
- Ինչո՞ւ ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը դեռևս չի ներկայացրել էական պատասխան խմբագրության դիմումներին։
Եթե այս հարցերին տրվեն պաշտոնական պատասխաններ, «Նիդերլանդական օրագիրը» պատրաստ է դրանք հրապարակել ամբողջությամբ, առանց կրճատումների և խմբագրման՝ ապահովելով բոլոր կողմերի դիրքորոշումների հավասարակշիռ ներկայացումը։
Այս հոդվածի նպատակը որևէ կամուրջ այրելը չէ, այլ դրանք վերականգնելու անհրաժեշտության մասին խոսելը։ Անկախ լրագրությունն ու պետական կառույցները հակառակորդներ չեն։ Նրանք երկուսն էլ ծառայում են նույն հանրությանը՝ տարբեր դերերով։ Երբ այդ երկխոսությունը խզվում է, տուժում են ոչ թե լրագրողները կամ պաշտոնյաները, այլ հասարակությունը:
Խմբագրությունը չի բացառում, որ իր գործունեության մեջ նույնպես կարող են լինել թերություններ։ Սակայն այդ հնարավոր թերությունները չեն վերացնում դեսպանության պարտականությունը՝ պատասխանել լրագրողական հարցումներին և ապահովել բաց հաղորդակցություն:
Այս հրապարակման մեջ ներկայացված յուրաքանչյուր փաստ հիմնված է խմբագրության արխիվում պահպանվող փաստաթղթերի, նամակագրության, հրապարակումների և կայքերի պահպանված պատճենների վրա։ Եթե Նիդերլանդներում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը կամ հոդվածում հիշատակված որևէ այլ կողմ ներկայացնի պաշտոնական պարզաբանում կամ լրացուցիչ տեղեկություն, «Նիդերլանդական օրագիրը» պատրաստ է այն հրապարակել ամբողջությամբ՝ առանց կրճատումների և խմբագրման՝ հավատարիմ մնալով բազմակողմանի և հավասարակշիռ լուսաբանման սկզբունքին։
Անկախ լրագրողը պետության հակառակորդը չէ։ Նա հանրության անունից հարց տվողն է։ Իսկ այն պետությունը, որը պատասխանում է հարցերին, ուժեղանում է։ Այն, որը լռում է, վաղ թե ուշ կորցնում է հանրային վստահությունը։
Աշոտ Կնիազյան
«Նիդերլանդական օրագիր»
Հիմնադիր-խմբագիր
dear.press@yandex.ru





No comments:
Post a Comment