The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Sunday, 26 July 2026

ՀԱԿՈԲ ԱՍԱՏՐՅԱՆ. «Ով ներկայացվում է «ՕՐԵՐ»-ում, մնում է պատմության մեջ»

 Նիդերլանդների հայությունը՝ «ՕՐԵՐ»-ի բացառիկ համարում
Երբ յուրաքանչյուր համար դառնում է համայնքի տարեգիրք

«ՕՐԵՐ» եվրոպական ամսագրի համահիմնադիր և գլխավոր խմբագիր Հակոբ Ասատրյանը պատմում է «Եվրոպայի հայերը» նախագծի, Նիդերլանդների հայությանը նվիրված բացառիկ համարի և եվրոպահայ համայնքների հիշողությունը պահպանելու առաքելության մասին։


                                                  Առաջաբան

Հայկական սփյուռքի մասին խոսելիս հաճախ ուշադրության կենտրոնում են լինում առանձին իրադարձությունները կամ համայնքային նախաձեռնությունները։ Սակայն շատ ավելի հազվադեպ են այն մարդիկ, ովքեր տարիների հետևողական աշխատանքով ստեղծում են այդ համայնքների հավաքական հիշողությունը՝ փաստագրելով նրանց պատմությունը, գործունեությունը, ձեռքբերումներն ու մարդկանց։

«ՕՐԵՐ» եվրոպական ամսագրի համահիմնադիր և գլխավոր խմբագիր Հակոբ Ասատրյանն արդեն շուրջ երեք տասնամյակ այդ առաքելությունն իրականացնող լրագրողներից է։ Նրա հեղինակած «Եվրոպայի հայերը» նախագիծը վաղուց արդեն դուրս է եկել սովորական լրագրության սահմաններից՝ վերածվելով եվրոպահայ համայնքների մասին փաստագրական, հանրագիտարանային և պատմական նշանակություն ունեցող բացառիկ մատենաշարի։

«ՕՐԵՐ»-ի՝ Նիդերլանդների հայությանը նվիրված 112-էջանոց հատուկ համարը հերթական վկայությունն է այդ մեծ աշխատանքի։ Այն ներկայացնում է ոչ միայն համայնքի անցյալն ու ներկան, այլև մարդկանց, որոնք իրենց գործունեությամբ կերտել են և շարունակում են կերտել Նիդերլանդների հայության դիմագիծը։

«Նիդերլանդական օրագրի» այս հարցազրույցում Հակոբ Ասատրյանը պատմում է նախագծի գաղափարի, աշխատանքի ընթացքի, եվրոպական հայկական համայնքների առանձնահատկությունների, մարտահրավերների և ապագայի իր տեսլականի մասին։ Զրույցը հնարավորություն է տալիս ընթերցողին ավելի խորությամբ հասկանալ այն հսկայածավալ աշխատանքի արժեքը, որն արդեն ավելի քան մեկ տասնամյակ կատարվում է «ՕՐԵՐ»-ի էջերում։

Հարցազրույց «ՕՐԵՐ» եվրոպական ամսագրի համահիմնադիր և գլխավոր խմբագիր Հակոբ Ասատրյանի հետ                                        

1. Պարոն Ասատրյան, նախ շնորհավորում ենք «ՕՐԵՐ» եվրոպական ամսագրի՝ Նիդերլանդների հայությանը նվիրված բացառիկ համարի լույսընծայման առիթով։ Ինչպե՞ս ծնվեց այս հատուկ համարի գաղափարը, և որքա՞ն ժամանակ տևեց դրա նախապատրաստական աշխատանքը։

Շնորհակալություն։ Նմանապես շնորհավորում եմ Նիդերլանդների հայությանը։ Նման համար հրատարակելու գաղափարը նոր չէ․ այն «Եվրոպայի հայերը» նախագծի շրջանակում ծրագրված հոդվածաշարի մի մասն է, որի համաձայն եվրոպական յուրաքանչյուր հայ համայնքի նվիրում եմ ամսագրի մեկ բացառիկ համար։ Այս համարի նախապատրաստական աշխատանքներն ու հրատարակությունը տևեցին շուրջ երեք ամիս՝ հաշվի առնելով, որ շատերը ուշացրին պատասխանները, և, ինչպես միշտ, գործընթացը որոշ չափով ձգձգվեց։

2. Ինչպես նշեցիք, «ՕՐԵՐ»-ը տարիներ շարունակ հրատարակում է եվրոպական տարբեր երկրների հայ համայնքներին նվիրված հատուկ համարներ։ Ինչպե՞ս ծնվեց այս նախագիծը, և ի՞նչ նպատակ եք դրել դրա իրականացման միջոցով։

Նախագիծը սկսել եմ 2014 թվականի վերջին, և այն արդեն գրեթե 12 տարի շարունակվում է։ Միայն Քովիդ-19-ի համավարակի տարիներին աշխատանքները որոշ չափով դանդաղեցին, սակայն նույնիսկ այդ պայմաններում շարունակեցի հրատարակել հատուկ համարները։

Շնորհակալությամբ պետք է նշեմ, որ այս նախագծի հովանավորն է «Գալուստ Կիւլպէնկեան հիմնարկութեան» Հայկական համայնքների բաժանմունքը։ Արդեն հրատարակել ենք Եվրոպայի ավելի քան 30 երկրների հայ համայնքներին նվիրված հատուկ համարներ, որոնք տարածվել են հայկական համայնքներում։ Հետագայում նախատեսում եմ նաև հրատարակել «Եվրոպայի հայերը» գիրքը, որով կամփոփվեն այս երկարամյա նախագծի արդյունքները։

3. 112 էջանոց այս համարում ներկայացված են Նիդերլանդների հայ համայնքի պատմությունը, կազմակերպությունները, եկեղեցիները, մշակութային ու հասարակական կյանքը, ինչպես նաև շուրջ հարյուր անհատներ։ Ի՞նչ սկզբունքներով եք ընտրել թեմաներն ու զրուցակիցներին։

Ինչպես, հավանաբար, նկատեցիք, համարը կազմված է մոտ տասը թեմատիկ բաժիններից՝ համայնքի պատմություն, եկեղեցական և միութենական կազմակերպություններն ու դրանց գործունեությունը, տարբեր քաղաքների համայնքային կառույցները, հիմնադրամներն ու Հայաստանի հետ երկկողմ հարաբերությունները, Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը, հայագիտությունն ու հայկական մեկօրյա դպրոցները, երաժշտության, արվեստի և գրականության ներկայացուցիչները, գիտնականները, մարզիկներն ու գործարարները։

Վերջում ներկայացվում են նաև երիտասարդական կազմակերպությունների գործունեությունն ու համայնքի ապագային վերաբերող տեսլականները։ Ըստ էության, այս համարը Նիդերլանդների հայության անցյալի և ներկայի մասին հանրագիտարանային ամփոփ հրատարակություն է, որը, կարծում եմ, յուրաքանչյուր նիդերլանդահայ կցանկանար ունենալ իր գրադարանում։

4. Նիդերլանդների հայությանը նվիրված այս համարը պատրաստելու համար հատուկ Չեխիայից ժամանել էիք Նիդերլանդներ։ Այս այցի ընթացքում ինչպե՞ս տեսաք համայնքը։ Ի՞նչն էր Ձեզ առավել տպավորել, զարմացրել կամ, գուցե, հիասթափեցրել։

Իրականում առաջին անգամ չէր, որ այցելել էի Նիդերլանդներ։ Մոտ 15 տարի առաջ նույնպես եղել էի Ամստերդամում, Հաագայում, Ալմելոյում և Արնհեմում, և հոդվածաշարով անդրադարձել էի այն ժամանակվա համայնքային կյանքին ու մարտահրավերներին։

Այս անգամ համայնքն ավելի լավատեսական տրամադրություն ուներ։ Հատկապես զարմացած եմ երիտասարդության ակտիվությամբ, ինչպես նաև հայաստանցիների՝ համայնքային կյանքին ինտեգրվելու պատրաստակամությամբ։ Նախկինում նման ակտիվություն չէի նկատել։

Ինձ համար նոր բացահայտում էին նաև հոլանդական այն երաժշտական խմբերը, որոնք երգում են հայերեն և տարածում հայկական երգն ու երաժշտությունն իրենց երկրում։ Աննկարագրելի զգացողություն էր ապրիլի 25-ին Ամստերդամում ունկնդրել «Ծիրանի ծառ» և «Սև կարապ» երաժշտախմբերի ելույթները։

5. Եթե ընդամենը մի քանի նախադասությամբ պետք է բնութագրեք Նիդերլանդների հայ համայնքը եվրոպական մյուս համայնքների համեմատ, ինչպիսի՞ն է նրա դիմանկարը։ Որո՞նք են նրա առանձնահատկություններն ու ուժեղ կողմերը։

Ինչպես արդեն նշեցի, նիդերլանդահայությունը մյուս համայնքներից առանձնանում է երիտասարդների աննախադեպ ակտիվությամբ, եկեղեցու հետ ամուր կապով և հայանպաստ բազմազան նախաձեռնություններով։

Նիդերլանդների հայ համայնքը շատ այլ համայնքներից տարբերվում է նաև կազմակերպությունների առատությամբ, որոնք զբաղվում են ոչ միայն ներհամայնքային կյանքով, այլև իրականացնում են Հայաստանի հետ կապված մշակութային, կրթական և բարեգործական ծրագրեր։

Կարևոր հանգամանք է նաև այն, որ նոր սերունդն ակտիվորեն մասնակցում է երկրի քաղաքական կյանքին։ Հայեր ընտրվում են քաղաքային խորհուրդների անդամներ, ունենք նաև խորհրդարանի մեկ պատգամավոր։ Սա վկայում է համայնքի քաղաքական հասունության մասին։

Եվրոպայում շատ քիչ երկրներում են գործում հայ բժիշկների կամ իրավաբանների միություններ։ Նիդերլանդներն այդ բացառիկ երկրների շարքում են։ Պատկերացրեք, թե որքան մեծ է հայ բժիշկների և իրավաբանների թիվը, որ կարողացել են ստեղծել մասնագիտական առանձին միություններ։ Վերջերս տեղեկացանք նաև հայ գործարարների միության ստեղծման մասին։

Այս ամենը միայն ուրախացնում և ոգեշնչում է՝ համոզելով, որ համայնքի ապագան հուսալի ձեռքերում է։

Կարևոր է նաև այն, որ տարբեր երկրներից, տարբեր մշակութային միջավայրերից եկած և հոլանդական հողում հաստատված հայերն այսօր կարողանում են համագործակցել ընդհանուր ծրագրերի շուրջ։

Իհարկե, ցավով նշում են նաև, որ Հայաստանի և Արցախի վերջին տարիների իրադարձությունները բացասաբար են ազդել մարդկային հարաբերությունների և հայկական հարցերի շուրջ համախմբվելու գործընթացի վրա։

6. Ձեր հոդվածում նշում եք, որ սովորաբար նման հատուկ համարներում ներկայացնում եք նաև Հայաստանի գործող դեսպանի տեսակետը։ Ինչո՞ւ եք դա կարևոր համարում, և ի՞նչ տեղ եք վերապահում դեսպանի խոսքին նման հրատարակություններում։

Քանի որ համայնքներին նվիրված հոդվածներում անդրադառնում ենք նաև Հայաստանի և տվյալ երկրի երկկողմ հարաբերություններին, նախընտրում ենք այդ բաժնում ներառել Հայաստանի դեսպանների գնահատականները։ Այդպիսով ամփոփվում է նաև վերջին տասնամյակների ընթացքում երկկողմ հարաբերությունների զարգացման ընթացքն ու մակարդակը։

7. Այս համարում ներկայացված է նախկին դեսպան Տիգրան Բալայանի՝ դեռևս 2023 թվականին արձանագրված գնահատականը հայ-հոլանդական հարաբերությունների վերաբերյալ, սակայն բացակայում է գործող դեսպան Վիկտոր Բիյագովի տեսակետը։ Ձեր խմբագրականում նշել եք, որ նա չի պատասխանել ձեր հարցերին։ Կարո՞ղ եք ներկայացնել, թե ինչպես ընթացավ այդ գործընթացը։

Ինչպես մնացած բոլոր դեպքերում, գրավոր երկու հարց էի ուղարկել դեսպանին՝ նվիրված երկկողմ հարաբերությունների մակարդակին և հայ համայնքի ներուժին, սակայն պատասխան չէի ստացել։

Մի քանի շաբաթ անց կրկին հիշեցում ուղարկեցի, ինչին ի պատասխան դեսպանատան աշխատակիցը տեղեկացրեց, որ դեսպանը շատ զբաղված է և ժամանակ չունի պատասխանելու։

Ես առաջարկեցի, որ ապրիլի 25-ին Ամստերդամում նախատեսված միջոցառումից հետո կարողանանք կարճ հարցազրույց ձայնագրել։ Այդ մասին անձամբ ասացի նաև դեսպանին, երբ հանդիպեցինք Ամստերդամում։ Սակայն նա կրկին պատասխանեց, որ ժամանակ չունի։

Ինձ համար նման վերաբերմունքը լիովին անհասկանալի էր։

8. «Նիդերլանդական օրագիրը» ևս վերջին երեք տարիներին բազմիցս փորձել է հարցազրույց ստանալ Հայաստանի Հանրապետության դեսպան Վիկտոր Բիյագովից։ Սկզբում եղել է համաձայնություն, սակայն հետագայում մեր դիմումները մնացել են անպատասխան։ Ձեր փորձը հաշվի առնելով՝ ինչպե՞ս եք գնահատում նման իրավիճակները, երբ դեսպանությունը չի համագործակցում համայնքային անկախ լրատվամիջոցի հետ։

Իհարկե, նման դեպքերը հազվադեպ են պատահում։ Սփյուռքում իմ շուրջ 30 տարվա գործունեության ընթացքում ընդամենը մեկ-երկու նման դեպք է եղել։ Ընդհակառակը՝ սովորաբար հենց դեսպանատներն են շահագրգռված լինում, որ լուսաբանենք իրենց աշխատանքը կամ համագործակցենք։

Անկեղծ ասած, մենք ոչինչ չենք կորցնում, քանի որ, ըստ էության, այդ երկու հարցերի պատասխանները կարող էինք նաև ինքներս գրել։ Սակայն մեր նպատակը դեսպանին խոսքի հնարավորություն տալն է, որպեսզի ընդգծվի նաև Հայաստան–Սփյուռք կապն ու համագործակցությունը։

Հայաստանի արտաքին գործերի նախարարության հետ միշտ ունեցել ենք ակտիվ և գործնական հարաբերություններ։ Բոլոր դեսպանները, մեկ-երկու բացառությամբ, համագործակցել են մեզ հետ։ Բավական է հիշատակել Քովիդի տարիներին մեր հրատարակած հատուկ համարը, որտեղ Եվրոպայում հավատարմագրված Հայաստանի ավելի քան 20 դեսպաններ առանձին հարցազրույցներով ներկայացրին իրենց երկրներում համավարակի դեմ պայքարի առանձնահատկությունները։ Այդպիսի բացառիկ հրատարակություն Արտաքին գործերի նախարարության պատմության մեջ չէր եղել։

Այնպես որ, ով ներկայացվում է «ՕՐԵՐ»-ում, մնում է պատմության մեջ, իսկ ով հրաժարվում է՝ դուրս է մնում այդ պատմությունից։

Դեսպանությունն ու սփյուռքահայ մամուլը պետք է դիտարկվեն ոչ թե որպես միմյանց հակադիր կողմեր, այլ որպես կառույցներ, որոնք ծառայում են նույն նպատակին՝ Հայաստանի և համայնքի միջև կապերի ամրապնդմանը։

9. Եթե Ձեզ խնդրեին ընդամենը հինգ էջում ներկայացնել Նիդերլանդների հայ համայնքը, ի՞նչը երբեք դուրս չէիք թողնի այդ պատմությունից։

Դժվար է ասել, քանի որ նիդերլանդահայությունն ունի հարուստ պատմություն։ Անպայման կանդրադառնայի առաջին հայ առևտրականների պատմությանը, հայ գրատպության հիմնադրմանը, եկեղեցական ակտիվ գործունեությանը, որը շարունակվում է մինչև մեր օրերը և սերտորեն կապված է նաև Սուրբ Սերվատիուսի անվան հետ։

Մեծ տեղ կհատկացնեի նաև «Նիդերլանդական օրագրի» կատարած հսկայածավալ աշխատանքին, մեր մշակույթի, գիտության և գործարար աշխարհի ներկայացուցիչներին, ինչպես նաև շնորհալի երիտասարդներին։

Անշուշտ, կրկին հատուկ կանդրադառնայի նաև հոլանդացի հոգևորականների այն աննկարագրելի խիզախությանն ու նվիրումին, որով նրանք աջակցում են հայ փախստական ընտանիքներին։

10. Ձեր գործունեության ընթացքում բազմիցս հանդիպել եք Եվրոպայի տարբեր երկրների հայկական համայնքներին։ Ձեր կարծիքով՝ ո՞րն է ամենակարևոր նախապայմանը, որպեսզի համայնքը երկարաժամկետ կենսունակ մնա և չկորցնի իր ազգային ինքնությունը։

Ամենակարևոր նախապայմանը միասնականությունն է, ազգային ինքնության պահպանումը և երիտասարդության ներգրավվածությունը համայնքային կյանքում։ Այն համայնքները, որոնք կարողանում են սերնդեսերունդ փոխանցել լեզուն, մշակույթը և ազգային արժեքները, ունեն նաև ավելի կայուն ու կենսունակ ապագա։

Շատ կարևոր է նաև եկեղեցու, կրթական հաստատությունների, մշակութային և հասարակական կազմակերպությունների համագործակցությունը։ Երբ համայնքի տարբեր կառույցները գործում են համախմբված, արդյունքը միշտ ավելի տեսանելի և երկարատև է լինում։

11. Ձեր շուրջ երեք տասնամյակի լրագրողական աշխատանքի ընթացքում ինչպիսի՞ փոփոխություններ եք նկատել եվրոպական հայկական համայնքների կյանքում։ Ի՞նչն է փոխվել ամենաշատը։

Կարող եմ ասել, որ հայաստանցիներն այսօր շատ ավելի ակտիվ են դարձել։ Տեղային տարբերակումները՝ իրաքահայ, պարսկահայ, սիրիահայ, պոլսահայ կամ հայաստանցի, աստիճանաբար նվազել են, իսկ համագործակցելու ցանկությունն ավելի գերիշխող է դարձել։

Սա, կարծում եմ, վերջին տարիների ամենակարևոր դրական փոփոխություններից մեկն է։

12. Ձեր կարծիքով՝ ո՞րն է այսօր եվրոպահայ համայնքների ամենամեծ մարտահրավերը՝ ձուլո՞ւմը, երիտասարդության ներգրավվածությո՞ւնը, կազմակերպությունների համագործակցությո՞ւնը, թե՞ այլ խնդիրներ։

Իհարկե, առաջին հերթին՝ ձուլումն ու մայրենի լեզվի կորուստը։

Կան համայնքներ, որտեղ, ինչպես Նիդերլանդներում, զգացվում է երիտասարդության ակտիվ մասնակցությունը, սակայն կան նաև երկրներ, որտեղ գերակշռում են անտարբերությունն ու ուծացումը։

Եվ, իհարկե, ամենամեծ խնդիրը շարունակում է մնալ միասնականությունը։

13. Եվրոպայի շուրջ 30 երկրների հայ համայնքներին նվիրված հատուկ համարներ եք հրատարակել։ Ձեր դիտարկմամբ՝ ինչո՞վ է Նիդերլանդների հայ համայնքը տարբերվում մյուսներից, և ինչպիսի՞ տեղ ունի այն եվրոպական համայնքների շարքում, հատկապես երիտասարդության ակտիվության տեսանկյունից։

Նիդերլանդներում նոր սերունդն ակտիվ է ոչ միայն համայնքային, այլև երկրի ներքաղաքական կյանքում։

Մեծ է նաև հոլանդացիների հետաքրքրությունը Հայաստանի և հայկական մշակույթի նկատմամբ։ Գործում են բազմաթիվ կազմակերպություններ, որոնք փոխլրացնում են միմյանց, իսկ համայնքում կան անհատներ, որոնք տասնամյակներ շարունակ իրենց ուսերին կրում են հայկական հարցերի և համայնքային կյանքի պատասխանատվությունը՝ շարունակելով նպաստել ազգային ժառանգության պահպանմանը։

Միաժամանակ պետք է նկատի ունենալ, որ երիտասարդության ակտիվությունը միշտ հարաբերական է և մեծապես կախված է սերնդափոխությունից։

Օրինակ՝ Չեխիայում մի քանի տարի առաջ երիտասարդական միությունները շատ ակտիվ էին, հատկապես 44-օրյա պատերազմի օրերին։ Նրանցից մի քանիսը նույնիսկ մեկնեցին Արցախ, և նրանցից մեկը քաջաբար զոհվեց։

Սակայն Արցախի հայաթափումից հետո մի տեսակ համընդհանուր հիասթափություն իջավ, ինչը մտահոգիչ է ոչ միայն Չեխիայի, այլև եվրոպական բազմաթիվ համայնքների համար։

Երբեմն մի սերունդ չափազանց ակտիվ է լինում, սակայն հաջորդը չի կարողանում նույն հետևողականությամբ շարունակել նրա գործը։

Այս առումով Նիդերլանդների հայ համայնքն առանձնանում է նրանով, որ երիտասարդների ակտիվությունը պահպանվում է նաև եկեղեցու և համայնքային կառույցների հետ նրանց ամուր կապի շնորհիվ։ Սա շատ կարևոր և իսկապես գովելի երևույթ է։

14. Հավանաբար 112 էջն էլ բավարար չէր բոլորին ներկայացնելու համար։ Կա՞ն մարդիկ կամ պատմություններ, որոնք այս անգամ չտեղավորվեցին համարում, բայց կցանկանայիք անդրադառնալ ապագայում։

Իհարկե, միշտ լինում են մարդիկ և պատմություններ, որոնց մասին տեղեկանում եմ համարի հրապարակումից հետո, ինչը միանգամայն բնական է։

Մենք պարզապես ի վիճակի չենք մեկ համարում ներկայացնելու տասնյակ հազարավոր հայերի։

Բայց լինում է նաև հակառակը, երբ մարդիկ անձնական կամ այլ պատճառներով չեն ցանկանում, որ իրենց մասին հրապարակում լինի։ Դա ևս պետք է հարգել։

15. Այս հատուկ համարներն, ըստ էության, դառնում են եվրոպահայ համայնքների պատմության յուրատեսակ տարեգրությունները։ Երբ նյութ եք ընտրում, մտածո՞ւմ եք, որ դրանք տարիներ անց կարող են դառնալ պատմական սկզբնաղբյուրներ։

Միանշանակ։ Դրանք արդեն իսկ դարձել են սկզբնաղբյուրներ, քանի որ ոչ միայն սփյուռքյան համայնքային կառույցները, այլև Հայաստանի պետական մարմիններն ու դեսպանություններն են օգտվում մեր հրատարակած հատուկ համարներից։

Դա լավագույն գնահատականն է այս երկարամյա աշխատանքի համար։

16. Ո՞ր երկրի հայ համայնքին է նվիրված լինելու «ՕՐԵՐ»-ի հաջորդ հատուկ համարը։ Կարո՞ղ եք մի փոքր բացել առաջիկա ծրագրերի փակագծերը։

Հաջորդ երկրները, որոնց պետք է անդրադառնամ, Շվեդիան և Իսպանիան են։

Արդեն աշխատում եմ այդ ուղղությամբ, և եթե «Նիդերլանդական օրագրի» ընթերցողների շրջանում կան այդ երկրներում բնակվող հայեր, որոնք ունեն հետաքրքիր պատմություններ, սիրով կանդրադառնանք նաև նրանց։

17.  Եվ վերջում՝ Եթե այս հարցազրույցը տարիներ անց կարդա Եվրոպայում ապրող մի երիտասարդ հայ, ի՞նչ կցանկանայիք, որ նա իր հետ տանի այս զրույցից։

Որ նա գիտակցի, թե որքան մեծ աշխատանք են կատարել նախորդ սերունդները՝ հայկական ինքնությունը պահպանելու համար։ Եվ որ յուրաքանչյուր սերունդ պարտավոր է իր բաժին ներդրումն ունենալ, որպեսզի այդ պատմությունը չընդհատվի...

Շնորհակալություն  այս հետաքրքիր զրույցի համար։

-------------

«Նիդերլանդական օրագրի» կողմից.- Կարդալով ամբողջ հարցազրույցը՝ դժվար է այն ընկալել որպես պարզապես հերթական մամուլի զրույց։ Այն, ըստ էության, փաստագրական արժեք ունեցող նյութ է, որը ներկայացնում է ոչ միայն  ամսագրի գործունեությունը, այլև այն մեծ գաղափարը, որի շուրջ արդեն ավելի քան տասնամյակ աշխատում է Հակոբ Ասատրյանը։

«ՕՐԵՐ»-ի յուրաքանչյուր հատուկ համար փաստորեն դառնում է տվյալ համայնքի յուրատեսակ տարեգիրքը՝ իր մեջ ամփոփելով պատմությունը, մարդկանց, կազմակերպությունները, մշակույթը, ձեռքբերումներն ու ապագայի տեսլականը։ Այս տարիների ընթացքում կատարված աշխատանքը կարելի է համարել նաև եվրոպահայ համայնքների մասին հանրագիտարանային բացառիկ նախագիծ, որն այսօր արդեն կարևոր սկզբնաղբյուր է թե՛ հետազոտողների, թե՛ համայնքային կառույցների, թե՛ պետական հաստատությունների համար։

Սփյուռքում ապրող յուրաքանչյուր հայ արժանի է ունենալու իր գաղթօջախի մասին պատմող «ՕՐԵՐ»-ի հատուկ համարը։ Դա պարզապես ամսագիր չէ. այն հիշողության պահոց է, համայնքի ինքնության վավերագիրը և այն ժառանգությունը, որը փոխանցվելու է հաջորդ սերունդներին։

Տարիներ անց, երբ հետազոտողները փորձեն վերականգնել եվրոպահայ համայնքների պատմությունը, դժվար կլինի շրջանցել «ՕՐԵՐ»-ի այս բացառիկ շարքը։ Իսկ դա, թերևս, յուրաքանչյուր լրագրողի և խմբագրի աշխատանքի ամենաբարձր գնահատականն է։

Հարցազրույցը`  Ա.ԿՆԻԱԶՅԱՆԻ
«Նիդերլանդական օրագրի» հիմնադիր-խմբագիր

--------------------------------------


ՕՐԵՐ ամսագրի այս և այլ համարները  կարող եք պատվիրել՝ նամակ գրելով hakob@orer.cz հասցեին։ Մեկ ամսագրի արժեքը 10 եվրո է, փոստային ծախսով՝ 15 եվրո։

Հոլանդիայի համայնքային կառույցները կարող են պատվիրել միանգամից տասնյակից ավելի համարներ, այդ դեպքում մեկ համարի գինը կլինի 13 եվրո։

Նրանք, ովքեր կբաժանորդագրվեն, տարեկան կստանան չորս միացյալ համար, վճարելով ընդամենը 60 եվրո։

Ձեր փոխանցումները կարող եք կատարել հետեւյալ բանկային հասցեով՝

ICKVE-ORER MAGAZINE
Account number 1002511474 / 2700
IBAN CZ 38 2700 0000 0010 0251 1474
SWIFT CODE – BACXCZPP
Uni Credit Bank Czech Republic a.s.

No comments:

Post a Comment