Մեր ընթերցողներին փաստաբան Լիանա Բալյանի անունն արդեն լավ ծանոթ է։ Տևական ժամանակ նա համագործակցում է «Նիդերլանդական օրագրի» հետ՝ հանդես գալով իրավաբանական խորհրդատվություններով, պարզաբանելով տարբեր իրավական հարցեր և ներկայացնելով օրենքի պահանջներն ու դրանց գործնական կիրառման առանձնահատկությունները։ Նրա հրապարակումները մշտապես հետաքրքրություն են առաջացրել՝ օգնելով մեր հայրենակիցներին ավելի լավ կողմնորոշվել իրավական բազմաթիվ իրավիճակներում։
Այսօր ուրախությամբ տեղեկացնում ենք, որ մեր համագործակցությունը շարունակվում է նոր ձևաչափով։ Իրավաբանական թեմաներից բացի, Լիանա Բալյանն այսուհետ կներկայացնի նաև Բելգիայի հայկական համայնքի կյանքը՝ լուսաբանելով համայնքային, մշակութային, հասարակական և այլ կարևոր իրադարձություններ։ Այսպիսով, նա միանում է «Նիդերլանդական օրագրի» լրագրողական թիմին՝ որպես Բելգիայի թղթակից։ Հավելենք, որ այս աշխատանը` ինչպես նաև «Նիդերլանդական օրագրի» ողջ գործունեությունը արվում է անշահախնդրորեն ու մեծ սիրով` առանց վճարվելու:
Համոզված ենք, որ նրա մասնագիտական փորձը, հասարակական ակտիվությունն ու համայնքի հետ սերտ կապը մեր ընթերցողներին հնարավորություն կտան ավելի մոտիկից ծանոթանալ Բելգիայի հայության առօրյային, նախաձեռնություններին և ձեռքբերումներին։
Իսկ որպեսզի մեր ընթերցողները ճանաչեն ոչ միայն փաստաբան Լիանա Բալյանին, այլև այն մարդուն, ով այսուհետ պատմելու է Բելգիայի հայկական կյանքի մասին, առաջարկեցինք նրան պատասխանել մեր հարցերին։
– Նախ խնդրում ենք մի փոքր պատմել Ձեր մասին։ Ո՞վ է Լիանա Բալյանը՝ մասնագետից դուրս։
– Մասնագիտությամբ փաստաբան եմ, սակայն ինձ համար կյանքը երբեք չի սահմանափակվել միայն իրավաբանությամբ։ Առաջին հերթին կին եմ, մայր, ով սիրում է սովորել, զարգանալ և օգտակար լինել մարդկանց։
– Ինչպե՞ս կայացրեցիք Բելգիա տեղափոխվելու որոշումը, և ինչպիսի՞ն էին առաջին քայլերը նոր երկրում։
– Բելգիա եմ տեղափոխվել օրինական ճանապարհով և անմիջապես ստացել եմ բնակության կարգավիճակ։ Իսկ ընդամենը մեկ ամիս առաջ ստացել եմ նաև Բելգիայի քաղաքացիություն։ Բելգիա գալուս առաջին իսկ օրից սկսել եմ սովորել և այդ ճանապարհը շարունակում եմ մինչ օրս՝ հավատալով, որ կրթությունն ու ինքնազարգացումը երբեք չեն ավարտվում։
– Ի՞նչ դժվարությունների բախվեցիք առաջին տարիներին։
– Լուրջ դժվարություններ չեմ ունեցել։ Ամենամեծ մարտահրավերը ֆրանսերեն լեզուն էր։ Այն սկսել եմ սովորել բառի բուն իմաստով՝ այբուբենից, և այսօր էլ շարունակում եմ կատարելագործվել։
– Ի՞նչն էր Ձեզ ամենից շատ զարմացրել կամ տպավորել Բելգիայի հասարակության, մշակույթի և առօրյայի մեջ։
– Ամենից շատ ինձ տպավորել են մարդկանց փոխադարձ հարգանքը, օրենքի նկատմամբ պատասխանատու վերաբերմունքը և հասարակական կարգապահությունը։ Այստեղ մարդիկ հարգում են միմյանց անձնական տարածքը, ժամանակն ու իրավունքները, իսկ օրենքը գործում է բոլորի համար՝ անկախ զբաղեցրած դիրքից կամ պաշտոնից։
– Քանի՞ տարի եք աշխատել որպես փաստաբան Հայաստանում և ո՞ր ոլորտներում եք մասնագիտացել։
– Համալսարանի իրավաբանական ֆակուլտետն ավարտելուց անմիջապես հետո՝ 22 տարեկանից, սկսել եմ աշխատել որպես փաստաբան Հայաստանում։
Այդ տարիներին մասնագիտացման համակարգ դեռևս չկար, ուստի զբաղվել եմ տարբեր ոլորտների գործերով՝ քաղաքացիական, քրեական և ամուսնաընտանեկան իրավունքի շրջանակներում։ Մինչ օրս շարունակում եմ լինել Հայաստանի Հանրապետության փաստաբան։ Մասնագիտական գործունեության ամբողջ ընթացքում աշխատել եմ որպես անկախ փաստաբան և ունեցել եմ սեփական փաստաբանական գրասենյակ։
Թեև այժմ ապրում եմ Բելգիայում, շարունակում եմ մասնակցել Հայաստանի Փաստաբանների պալատի կողմից կազմակերպվող մասնագիտական վերապատրաստումներին՝ առցանց ձևաչափով։
– Շարունակո՞ւմ եք իրավաբանական գործունեությունը Բելգիայում։
– 2022 թվականին Բելգիան ճանաչել է իմ իրավաբանական դիպլոմը և շնորհել իրավաբան-մագիստրոսի որակավորում։ Այս պահին շարունակում եմ ուսումս և մասնագիտական զարգացման գործընթացը՝ խորացնելով գիտելիքներս։
Միաժամանակ, քանի որ բազմաթիվ հայրենակիցներ դիմում են ինձ իրավական հարցերով, սկսել եմ սոցիալական հարթակներում պատրաստել և հրապարակել իրավական բովանդակություն՝ հիմնականում Բելգիայում բնակվող հայերի համար։
– Ի՞նչն է առավել անհրաժեշտ, որպեսզի սփյուռքում ապրող հայերն ավելի պաշտպանված և իրավագիտակից լինեն։
– Ամենակարևոր գործոններն են իրավագիտակցությունը, լեզվի իմացությունն ու հասարակության մեջ լիարժեք ինտեգրումը։ Երբ մարդը ճանաչում է իր իրավունքներն ու պարտականությունները, տիրապետում է լեզվին և ակտիվորեն ներգրավված է հասարակական կյանքում, նա շատ ավելի պաշտպանված է։
– Ի՞նչ խորհուրդ կտաք այն հայ իրավաբաններին, ովքեր ցանկանում են մասնագիտական գործունեություն ծավալել Եվրոպայում։
– Առաջինը՝ լեզուն է։ Առանց տվյալ երկրի լեզվի ինտեգրումը գրեթե անհնար է։
Երկրորդ՝ պետք է հասկանալ, որ հայկական իրավաբանական կրթությունը, որպես կանոն, բավարար չէ Եվրոպայում անմիջապես մասնագիտական գործունեություն սկսելու համար։ Հաճախ անհրաժեշտ է լրացուցիչ կրթություն, վերապատրաստում կամ համապատասխան հավաստագրում։
Երրորդ՝ կարևոր է հնարավորինս արագ ինտեգրվել տեղական իրավական միջավայրին՝ անցնել ստաժավորում, կամավորական աշխատանք կատարել կամ փորձ ձեռք բերել իրավաբանական գրասենյակներում։
– Այսուհետ նաև «Նիդերլանդական օրագրի» Բելգիայի թղթակիցն եք։ Ինչո՞ւ ընդունեցիք այս առաջարկը։
– Այս առաջարկն ընդունեցի որպես հնարավորություն՝ ավելի տեսանելի դարձնելու Բելգիայի հայկական համայնքի կյանքն ու խնդիրները։ Ցանկանում եմ լուսաբանել ոչ միայն իրավական և սոցիալական թեմաներ, այլև պատմել մարդկանց մասին՝ նրանց հաջողությունների, դժվարությունների, ինտեգրման փորձի և ձեռքբերումների մասին։
– Ձեր կարծիքով՝ ի՞նչ պատմություններ են պակասում սփյուռքահայ մամուլում։
– Կարծում եմ՝ հաճախ պակասում են մարդկանց առօրյայից ծնված իրական պատմությունները։ Բացի այդ, քիչ են իրավական պարզաբանումները, որոնք կարող են գործնական օգուտ տալ ընթերցողին և օգնել նրան առօրյա կյանքում։
– Ի՞նչ է Ձեզ սովորեցրել փաստաբանի մասնագիտությունը։
– Այն ինձ սովորեցրել է քննադատաբար մտածել, չշտապել եզրակացություններ անել և միշտ լսել բոլոր կողմերին։ Իսկ որպես մարդ՝ տվել է պատասխանատվության բարձր զգացում և սովորեցրել է ցանկացած իրավիճակում առաջնորդվել մասնագիտական էթիկայով։
– Ի՞նչն է Ձեզ այսօր ամենաշատը ոգեշնչում։
– Ինձ ամենաշատը ոգեշնչում են այն մարդիկ, ովքեր, հայտնվելով դժվար պայմաններում, կարողանում են նոր երկրում ստեղծել իրենց կյանքը։ Նրանց աշխատասիրությունն ու կամքի ուժն ինձ նույնպես ուժ են տալիս առաջ շարժվելու։
– Ի՞նչ խորհուրդ կտաք այն երիտասարդներին, ովքեր ցանկանում են ընտրել փաստաբանի մասնագիտությունը։
– Պետք է պատրաստ լինել երկար և պատասխանատու ճանապարհի։ Լավ փաստաբան լինելու համար միայն իրավական գիտելիքները բավարար չեն։ Անհրաժեշտ են նաև համբերություն, ճշգրտություն, ազնվություն և մասնագիտական բարձր էթիկա։
– Ի՞նչ նպատակներ և երազանքներ ունեք առաջիկա տարիների համար։
– Մասնագիտական առումով ցանկանում եմ նպաստել, որպեսզի սփյուռքում բնակվող հայերի համար իրավական խորհրդատվությունն ու աջակցությունն ավելի հասանելի դառնան։ Իսկ անձնական կյանքում ամենակարևորը ընտանիքիս կայունությունն ու բարօրությունն են։
– Եվ վերջում. եթե հնարավորություն ունենայիք մեկ խորհուրդ տալ Բելգիայում նոր կյանք սկսող յուրաքանչյուր հայի, ո՞րն այն կլիներ։
– Նախ՝ սովորեք լեզուն։ Դա նոր կյանք կառուցելու ամենակարևոր բանալին է։ Եվ երկրորդ՝ մի՛ մեկուսացեք։ Շփվեք մարդկանց հետ, ճանաչեք տեղական հասարակությունը, ակտիվ մասնակցեք համայնքային կյանքին։ Որքան բաց լինեք աշխարհի հանդեպ, այնքան ավելի հեշտ կլինի ինտեգրվել և հաջողության հասնել։
Բլից հարցեր
– Սիրելի քաղաքը Բելգիայում
– Բրյուսել։
– Սուրճ, թե՞ թեյ
– Սուրճ։
– Երեք բառ, որոնք բնութագրում են Ձեզ
– Հետևողական, պատասխանատու, հավասարակշռված։
– Ո՞ր գիրքն եք խորհուրդ տալիս կարդալ
– Պաուլո Կոելյոյի «Ալքիմիկոսը»։
– Հայաստան՝ մեկ բառով
– Արմատ։
– Բելգիա՝ մեկ բառով
– Հնարավորություն։




No comments:
Post a Comment