Հարցազրույց երաժիշտ-երգահան Արեգ Նազարյանի հետ
Բրյուսելում բնակվող երաժիշտ, երգահան և հեղինակ-կատարող Արեգ Նազարյանը երկար տարիներ ստեղծագործում է՝ հավատարիմ մնալով հեղինակային երգի ժանրին և հայկական երաժշտական մտածողությանը։ Թեև արդեն ավելի քան երկու տասնամյակ ապրում է Բելգիայում, նրա ստեղծագործական ներշնչանքի հիմնական աղբյուրը շարունակում է մնալ Հայաստանը։
«Նիդերլանդական օրագրի» Բելգիայի թղթակից Լիանա Բալյանի հետ զրույցում Արեգ Նազարյանը պատմել է իր մանկության և երաժշտական ճանապարհի, Բելգիա տեղափոխվելու պատճառների, արտերկրում ստեղծագործելու դժվարությունների, հայկական մշակույթի ու հեղինակային երգի մասին։ Նա անդրադարձել է նաև «Կամար» դուետի գործունեությանը, իր ստեղծագործական ծրագրերին, հայրենիքի կարոտին, ինչպես նաև կիսվել իր երազանքով, որ իր երգերը շարունակեն ապրել իրենից հետո։
– Խնդրում եմ, պատմեք Ձեր մասին։ Որտե՞ղ եք ծնվել և մեծացել Հայաստանում։
– Ծնվել ու մեծացել եմ Երևանում։
– Ինչպե՞ս սկսվեց Ձեր երաժշտական ճանապարհը։
– Երբ հինգ տարեկան էի, հայրս մի օր տուն բերեց Վլադիմիր Վիսոցկու ձայներիզը։ Թեև ռուսերեն չէի հասկանում, նրա ձայնի, էներգիայի և կիթառի համադրությունն ինձ այնքան տպավորեց, որ հենց այդ ժամանակ ցանկացա մի օր ինքս էլ կիթառ վերցնել ձեռքս։
Հետագայում ուսանեցի կիթառի վարպետ Ավետիք Պետրոսյանի մոտ, ով ինձ փոխանցեց դասական կիթառի հանդեպ սերը։ Իմ սիրելի կոմպոզիտորներից են Ագուստին Բառիոսն ու Ֆրանցիսկո Տառեգան, որոնց ստեղծագործությունները մինչ օրս սիրով նվագում եմ։
– Ե՞րբ հասկացաք, որ երաժշտությունը լինելու է Ձեր կյանքի գլխավոր ուղին։
– Մինչև հիմա էլ չեմ հասկացել։ Երաժշտությունն ինձ ուղեկցում է անընդհատ, երբեմն նույնիսկ իմ կամքին հակառակ։ Այդպես է ստացվել։ Դա գիտակցված ընտրություն չէր, այլ ճանապարհ, որն ինքն իրեն բացվեց։
– Ո՞վ կամ ի՞նչն է ամենամեծ ազդեցությունն ունեցել Ձեր ստեղծագործական ձևավորման վրա։
– Ինչպես արդեն ասացի, առաջին հերթին՝ Վլադիմիր Վիսոցկին։ Բայց նաև բազմաթիվ հեղինակ-կատարողներ Ռուսաստանից, Հայաստանից և Հարավային Ամերիկայից, որտեղ հեղինակային երգի ավանդույթը նույնպես շատ զարգացած է։
Նոր կյանք Բելգիայում
– Ի՞նչն էր Ձեզ բերել Բելգիա։
– Ծնողական պարտականություններս։ Երբեք ցանկություն չեմ ունեցել հեռանալ Հայաստանից։ Բայց Բելգիայում պետք է ծնվեր իմ երեխան, և ես եկա այստեղ հայրություն անելու։
– Ե՞րբ տեղափոխվեցիք Բրյուսել։
– 2001 թվականին։
– Ինչպիսի՞ն էին առաջին տպավորությունները քաղաքից և երկրից։
– Ամեն ինչ խորթ ու օտար էր։ Միևնույն ժամանակ կարծում էի, որ ժամանակի ընթացքում կգտնեմ իմ տեղը։ Մինչև հիմա էլ փնտրում եմ։
Թեև այստեղ ունեմ տուն, պետական աշխատանք, ինչպես նաև դասավանդում եմ երաժշտություն և սպորտ, Բելգիայում շարունակում եմ ինձ զգալ հյուրանոցի բնակչի պես։
– Ի՞նչ դժվարությունների հանդիպեցիք որպես երաժիշտ նոր երկրում։
– Իմ երաժշտական ոճը բավական առանձնահատուկ է և նախատեսված է փոքրաթիվ լսարանի համար։ Ես հեղինակ-կատարող եմ և գրում եմ բացառապես հայերեն։
Անգամ Հայաստանում, որտեղ մարդիկ հայերեն են խոսում, հեղինակային երգն առանձնապես զանգվածային ժանր չէ։ Կան փառատոններ, համերգներ, ռադիո-հեռուստահաղորդումներ, որոնց մասնակցել եմ, սակայն այս արվեստի սիրահարները շատ չեն։
Բելգիայում, բնականաբար, այդ լսարանն էլ ավելի փոքր է, ինչով էլ պայմանավորված են իմ համերգների սակավաթիվ լինելը։
– Այսօր ինչպիսի՞ն է Ձեր ստեղծագործական կյանքը Բելգիայում։
– Ստեղծագործելու համար ես պետք է գնամ Հայաստան, հանդիպեմ ընկերներիս, ապրեմ հասարակության մեջ, զգամ երկրի շունչն ու տրամադրությունը։
Վերադառնալով Բելգիա՝ այդ ապրումները հաճախ վերածվում են երգերի։
– Ունե՞ք համերգներ կամ համագործակցություններ տեղացի երաժիշտների հետ։
– Բելգիայում համագործակցում եմ հրաշալի երգչուհի և ջութակահար Անուշ Տերտերյանի հետ։ Միասին ստեղծել ենք «Կամար» դուետը, որի կազմում բազմաթիվ համերգներ ենք ունեցել թե՛ Բելգիայում, թե՛ Հայաստանում։
Անուշի հետ աշխատելը շատ հեշտ ու հաճելի է։ Նրա երաժշտական մտածողությունը թույլ է տալիս արագ գտնել յուրաքանչյուր երգի լավագույն լուծումը։ Բացի այդ, մենք նույն արժեքների կրողներն ենք, և դա մեր համագործակցության ամուր հիմքն է։
Ստեղծագործություն և արվեստ
– Ինչպիսի՞ երաժշտություն եք ստեղծում և կատարում։
– Ես գրում եմ հեղինակային երգեր, որոնց հիմքում բանաստեղծական խոսքն է։ Երաժշտությունն ու խոսքերը գրում եմ ինքս և երգերը կատարում եմ կիթառի ուղեկցությամբ։
Թեմատիկան բազմազան է՝ լիրիկական, խոհափիլիսոփայական, քաղաքացիական, հայրենասիրական և այլ։
– Ինչպե՞ս է եվրոպական մշակութային միջավայրը ազդել Ձեր արվեստի վրա։
– Հեղինակային երգն իր էությամբ եվրոպական արվեստ է։ Այն գալիս է հին շրջանի թափառող երգասացներից, որոնցից ամենահայտնին Հոմերոսն է։ Միջնադարում նրանց անվանում էին բարդեր։
Այսօր այդ ավանդույթը Եվրոպայում կարծես մարել է։ Բայց մենք՝ հայերս, այն պահպանել ենք։
Ինչպես բազմաթիվ եվրոպական գրավոր աշխատություններ են պահպանվել հայկական թարգմանությունների շնորհիվ, այնպես էլ այսօր հայ բարդերը, կարելի է ասել, Եվրոպային վերադարձնում են իր մոռացված ավանդույթը։
– Ձեր ստեղծագործություններից ո՞րն եք համարում ամենահարազատը։
– Ունեմ մի երգ, որը կոչվում է «Ձիերի դրախտը»։ Այն ինձ համար առանձնահատուկ տեղ ունի։
– Աշխատո՞ւմ եք նոր նախագծերի վրա։
– Սեպտեմբերին Երևանում ընկերներիս՝ Վախթանգ Հարությունյանի և Արմինե Հայրապետյանի հետ նախատեսում ենք համերգ, որի ընթացքում կներկայացնենք մեր երգերն ու մտորումները։
Հայկական ինքնություն և մշակույթ
– Ի՞նչ տեղ ունի հայկական երաժշտությունն ու մշակույթը Ձեր ստեղծագործական կյանքում։
– Կենտրոնական, առանցքային տեղ։
Ցանկանում եմ, որ իմ երգերը լինեն ոչ միայն հայերեն, այլև հայկական իրենց մտածողությամբ ու հնչողությամբ։ Հաճախ իմ ստեղծագործություններում օգտագործում եմ հայկական մեղեդայնություն։
Մեր ֆոլկլորը արվեստի ցանկացած ճյուղի, այդ թվում՝ երաժշտության համար, անսպառ աղբյուր է։
– Փորձո՞ւմ եք հայկական երաժշտությունն ու մշակույթը ներկայացնել եվրոպացի հանդիսատեսին։ Ի՞նչ արձագանք եք ստանում։
– Այո՛։ Թե՛ «Կամար» դուետով, թե՛ անհատական ելույթներով բազմիցս հանդես եմ եկել օտարազգի հանդիսատեսի առջև։
Այդ համերգները դառնում էին երաժշտական ճամփորդություն դեպի Հայաստանի պատմությունը, մշակույթն ու քաղաքակրթությունը։
Շատ հաճելի էր տեսնել, որ մարդիկ, չիմանալով հայերեն, մեծ հետաքրքրությամբ էին լսում և բաց էին մեր երաժշտության հանդեպ։
– Եթե մեկ երգով պետք է ներկայացնեիք Հայաստանը Բելգիայում, ո՞րը կընտրեիք։
– Դժվարանում եմ միայն մեկ ստեղծագործություն ընտրել։
Կնախընտրեի ներկայացնել «Արաքս» խմբի երաժշտական մշակումները՝ Կոմիտասի, Սայաթ-Նովայի և հայկական ժողովրդական երգերի հիման վրա։ Դրանք շատ գեղեցիկ կերպով արտահայտում են հայկական երաժշտության խորությունն ու ինքնությունը։
Անձնական դիտարկումներ
– Ի՞նչն է Ձեզ ամենաշատը պակասում Հայաստանից։
– Լեզուն, ընկերներիս շրջապատը, մեր ակումբային համերգները… և, իհարկե, սարերը։
– Իսկ ի՞նչն եք ամենաշատը սիրում Բրյուսելում։
– Կյանքի կանխատեսելիությունը։
– Որտե՞ղ եք Ձեզ ավելի շատ տանը զգում՝ Հայաստանում, թե՞ Բելգիայում։
– Միանշանակ Հայաստանում։
Ապագայի ծրագրեր
– Ո՞րն է Ձեր ամենամեծ երազանքը որպես երաժիշտ և հեղինակ-կատարող։
– Ունեմ երգեր, որոնք գրվել են շուրջ երեսուն տարի առաջ, և մարդիկ մինչ օրս երգում ու սիրում են դրանք։
Կուզեի, որ իմ երգերը ինձանից երկար ապրեն։
– Ի՞նչ խորհուրդ կտաք երիտասարդ հայերին, ովքեր ցանկանում են զբաղվել հեղինակային երգով։
– Շատ կարդացեք՝ թե՛ դասական, թե՛ ժամանակակից բանաստեղծների։ Հղկեք ձեր լեզուն, խոսքն ու բանաստեղծական մտածողությունը։
Եվ անպայման վարպետացեք կիթառի մեջ։ Լավ նվագելը նույնքան կարևոր է, որքան լավ երգ գրելը, որովհետև հենց կատարումն է, որ ամբողջական է դարձնում երգը։
Հարցազրույցը` «Նիդերլանդական օրագրի» Բելգիայի թղթակից
Լիանա Բալյանի





No comments:
Post a Comment