The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Thursday, 2 July 2026

Մինչ Սահմանադրական դատարանը խորհրդակցական սենյակում է

  (ՍԱՏԻՐԱ)


02.07.2026/Արտազ Վարդանյան/Նիդ.օրագիր

Ընդդիմության փաստաբանները Սահմանադրական դատարան մտան այնպիսի սրտնեղած դեմքերով, կարծես ոչ թե ընտրությունների արդյունք էին վիճարկելու, այլ Սուրենյանցի կանխատեսած եղանակային աղետի պատճառով ամբողջ Հայաստանի համար փոխհատուցում էին պահանջելու։
Գլխավոր փաստաբանը հանդիսավոր հայտարարեց.

— Պահանջում ենք չեղարկել ընտրությունները... և, անհրաժեշտության դեպքում, հայտարարել քաղաքական արտակարգ իրավիճակ։
Դատավորը բարձրացրեց ակնոցը.
— Իսկ ի՞նչ է տեղի ունեցել։
— Աղետ, ձեր պատվավորություն։
— Ի՞նչ աղետ։
— Ընտրողները չեն քվեարկել այնպես, ինչպես մենք էինք ակնկալում։

Դատավորը թերթեց գործի նյութերը.

— Այստեղ գրված է, որ ընտրացուցակները մաքրվել են, մահացածները չեն քվեարկել, տեղամասերում էական խախտումներ չեն արձանագրվել, իսկ ձեր մրցակիցը գրեթե կրկնակի ավելի շատ ձայն է ստացել։

Փաստաբանը հանգիստ գլխով արեց.

— Հենց դա էլ ամենամեծ կասկածն է։
— Որ մարդիկ գնացել ու իրենց ուզածի՞ն են ընտրել։
— Այո՛։
— Ու դա՞ եք վիճարկում։
— Մենք վիճարկում ենք, որ այդքան մարդ կարող էր մեզ հետ չհամաձայնել։

Դատավորը մի պահ լռեց, ապա հռետորական հարց տվեց.

— Իսկ ո՞վ է ընտրողը։

Փաստաբանը մտածկոտ պատասխանեց.

— Հենց դա էլ ամենամեծ կասկածն է։ Մենք դեռ ուսումնասիրում ենք այդ երևույթը։
Դահլիճում այնպիսի լռություն տիրեց, որ թվում էր՝ նույնիսկ դատարանի ժամացույցն էր դադարել աշխատել։
Այդ պահին փաստաբաններից մեկը հաղթական դեմքով վեր թռավ.

— Ունենք նաև ամենակարևոր ապացույցը։ Ծրարները թափանցիկ են եղել։

Դատավորը վերցրեց սեղանին դրված մուգ գույնի ծրարը, երկար նայեց, շրջեց բոլոր կողմերից, հետո նույնիսկ լուսամուտի դիմաց պահեց։

— Որտե՞ղ է երևում։

Երկրորդ դատավորը վերցրեց ծրարը.

— Ես էլ չեմ տեսնում։

Երրորդը ծիծաղեց.

— Ռենտգեն է պետք։ Կամ գոնե գերբնական տեսողություն։ Սովորական աչքով միայն ծրարն է երևում։

Դահլիճից մի քաղաքացի բարձրաձայն ասաց.

— Եթե սա թափանցիկ է, ուրեմն ընտրություններն էլ են թափանցիկ եղել։ Էլ ինչի՞ շուրջ ենք վիճում։

Փաստաբաններից մեկն անմիջապես հակադարձեց.

— Դա թափանցիկ դավադրություն էր։

Մյուսը շտապեց լրացնել.

— Իսկ եթե լավ նայեք, կտեսնեք, որ ծրարներն ընտրողների վրա հոգեբանական ճնշում էին գործադրում։

— Այս տեմպերով, — շշնջաց դատավորը, — հաջորդ նիստին կպարզվի, որ ծրարները նաև հուշել են՝ ում օգտին քվեարկել։

Եկավ մեղադրական եզրափակիչ ելույթի պահը։

Դահլիճ մտավ ամենաազդեցիկ փաստաբանը։

Նա երկար լռեց, հայացքը հառեց առաստաղին, ապա հանդիսավոր ձայնով սկսեց.

— Հարգելի՜... բարձր դատարաաան... պատվարժան գործընկերներ...

Նա յուրաքանչյուր բառի միջև այնպիսի դադար էր տալիս, կարծես սպասում էր, որ այդ ընթացքում պատմությունը փոխվի։

— Այս... գործը... սովորական... գործ... չէ...

Նոր դադար։

— Սա... ընտրություն... չէր...

Դատավորներն ակամա առաջ թեքվեցին։

— Սա... քաղաքական... ցունամի... էր...

Եվս մեկ երկար դադար։

— Մեր ընտրողները... չպարտվեցին... նրանք... տարերային աղետի... զոհ... դարձան...

Առաջին դատավորը պատուհանից դուրս նայեց.

— Տարօրինակ է... դրսում արև է, բայց այս ելույթից հետո արդեն զգում եմ, որ անձրևանոց է պետք։

Երկրորդը թղթերը թերթեց.

— Այստեղից ստացվում է, որ ընտրությունների օրը ոչ թե քվեարկություն է եղել, այլ համաշխարհային կլիմայական աղետ՝ քաղաքական էպիկենտրոնով։

Երրորդը չդիմացավ.

— Եթե այսպես շարունակվի, հաջորդ նիստին Նոյի տապանը կներկայացնեն որպես իրեղեն ապացույց։

— Իսկ կենդանիներին՝ որպես վկաներ, — ավելացրեց մյուս դատավորը։

Այդ պահին քարտուղարը ներս մտավ.

— Պարոնայք, լրագրողները սպասում են։
— Ի՞նչ են հարցնում։
— Հարցնում են՝ որոշե՞լ եք։
— Դեռ ոչ։
— Ինչո՞ւ։
— Նախ պետք է պարզենք՝ ընտրությունների գործն ենք քննում, թե օդերևութաբանական ծառայության արտահերթ հաղորդագրությունը։

Դատարանի շենքից դուրս փաստաբաններն արդեն հարցազրույց էին տալիս։

— Տեղի ունեցածը պարզապես ընտրություն չէր, — հայտարարեց մեկը։ — Դա քաղաքական ցունամի էր։

Մյուսը շարունակեց.

— Այնպիսի ալիք էր, որ ծով չունեցող Հայաստանը քիչ էր մնում նավահանգիստ ունենար։

Երրորդը հավելեց.

— Մեր ձայները ոչ թե կորան, այլ հեղեղվեցին։

— Իսկ ժողովրդի կամքը, — ասաց չորրորդը, — տարվեց քաղաքական քամիներով։

Այդ պահին ուղիղ եթերը դիտող մի քաղաքացի ժպտաց.

— Ամեն ընտրությունից հետո նույն պատմությունն է։ Հաղթողները խոսում են ժողովրդի կամքից, պարտվողները՝ համաշխարհային աղետից։

Մյուսը ծիծաղեց.

— Երևի հաջորդ ընտրություններից առաջ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողքին պետք է հերթապահեն նաև օդերևութաբաններն ու փրկարարները։

— Ինչո՞ւ։

— Որ արդյունքների հրապարակման պահին անմիջապես հայտարարեն.

«Ուշադրություն։ Առաջիկա օրերին Հանրապետության տարածքում սպասվում է ուժեղ քաղաքական ամպրոպ, տեղ-տեղ՝ բողոքների կարկուտ, հայցադիմումների մառախուղ, վերաքննիչ փոթորիկներ և սահմանադրական ցիկլոն։ Քաղաքացիներին խորհուրդ է տրվում պահպանել հանգստություն, պահեստավորել սուրճ, համբերություն և հեռակառավարման վահանակ, քանի որ առաջիկա օրերին բոլոր ալիքներով սպասվում են նույն մեկնաբանությունները»։

Առայժմ Սահմանադրական դատարանը խորհրդակցական սենյակում է:

No comments:

Post a Comment