The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Friday, 24 July 2026

Գենկում կլինի Հայ Առաքելական եկեղեցու մշտական պաշտամունքի վայր

 Pontifical Legation Western Europe 
Պատմական ձեռքբերում Լիմբուրգի հայ համայնքի համար․ Գենկում կլինի Հայ Առաքելական եկեղեցու մշտական պաշտամունքի վայր

24.07.2026/Նիդ.օրագիր

Հայ Առաքելական եկեղեցու Արևմտյան Եվրոպայի թեմից տեղեկացնում են, որ կարևոր և պատմական նշանակություն ունեցող համաձայնագիր է կնքվել Բելգիայի Լիմբուրգ նահանգի հայ համայնքի համար։

Գերաշնորհ Տեր Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի օրհնությամբ և հրամանով, ինչպես նաև Հոգեշնորհ Հայր Մաղաքիա աբեղա Բեսքիսիզյանի նախաձեռնությամբ, համաձայնագիր է ստորագրվել Բելգիայի Գենկ քաղաքի Սուրբ Եվենտիոս եկեղեցին վարձակալելու վերաբերյալ։

Այս համաձայնագրի շնորհիվ Լիմբուրգ նահանգի հայ հավատացյալներն այսուհետև կունենան իրենց մշտական պաշտամունքի վայրը, որտեղ կկարողանան համախմբվել աղոթքի, Սուրբ Պատարագի, ինչպես նաև համայնքային հոգևոր և մշակութային կյանքի շուրջ։

Սա կարևոր հանգրվան է Լիմբուրգի հայ համայնքի եկեղեցական և կազմակերպական կյանքում։ Մշտական եկեղեցու առկայությունը ոչ միայն ապահովում է կանոնավոր հոգևոր ծառայությունների անցկացումը, այլև նպաստում է համայնքի համախմբմանը, ազգային ինքնության պահպանմանը և երիտասարդ սերնդի հայեցի ու քրիստոնեական դաստիարակությանը։

Ներկայումս Բելգիայում բնակվում է շուրջ 40–50 հազար հայ։ Վերջին չորս-հինգ տարիների ընթացքում, Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակության առաջնորդությամբ և Գերաշնորհ Տեր Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի հովանավորությամբ, ինչպես նաև Հոգեշնորհ Հայր Զատիկ վարդապետ Ավետիքյանի, Հայր Տիրայր վարդապետ Հակոբյանի և Հայր Մաղաքիա աբեղա Բեսքիսիզյանի հետևողական ծառայության ու համագործակցության շնորհիվ, ձևավորվել են նոր եկեղեցական համայնքներ՝ ի սպաս մեր ժողովրդի հոգևոր, կրթադաստիարակչական և հայապահպան առաքելության։

Լիմբուրգ նահանգի տարբեր քաղաքներում և բնակավայրերում բնակվում է շուրջ 250–300 հայ ընտանիք։ Գենկում մշտական պաշտամունքի վայրի ստեղծումը կարևոր քայլ է նրանց եկեղեցական կյանքն առավել կազմակերպված, կենսունակ և կայուն հիմքերի վրա դնելու ճանապարհին։

Աստվածապաշտական արարողությունների ժամանակացույցի և առաջիկա տոնակատարությունների վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունները կհրապարակվեն առաջիկայում։




No comments:

Post a Comment