Mateos Tsaretsi Ամստերդամի գրադարանում կարելի է գտնել Հայոց Ցեղասպանության մի վավերագիրք` «Ժողովրդի մի հոգեվարքը» Վերնագրով գիրքը։
1915 թվականի ապրիլի 24-ի ձերբակալությունների ալիքից փրկվելու համար Զապել Եսայանը որոշ ժամանակ թաքնվում է, ապա անցնում Բուլղարիա։ Երկու տարի անց՝ 1917-ին, նա Կովկասում հանդիպում է Մեծ եղեռնից փրկված Հայկ Թորոյանին, որը Բաքվում աշխատում էր որպես գերմանացի սպայի թարգմանիչ։ Թորոյանի վկայություններն են հիմք դառնում հայ ժողովրդի ցեղասպանության առաջին փաստագրական նկարագրություններից մեկի։
«Ժողովրդի մի հոգեվարքը» սկզբում հրապարակվել է «Գործ» հանդեսում։ Այն ոչ թե գեղարվեստական վեպ է, այլ վկայություն՝ հիմնված վերապրածների պատմությունների վրա։ Գրքում ներկայացվում են Փոքր Ասիայից և հայաբնակ գավառներից Միջագետք աքսորված հայերի կրած անասելի տառապանքները, ինչպես նաև Սիրիայի անապատներում կատարված զանգվածային բնաջնջումը։
Զապել Եսայանը գիտակցաբար հրաժարվել է ողբերգությունը գեղարվեստականացնելուց՝ պահպանելով վկայողի ճշգրտությունն ու մարդկային արժանապատվության նկատմամբ խոր հարգանքը։ Այդ պատճառով գիրքն այսօր էլ համարվում է Հայոց ցեղասպանության ամենաարժեքավոր վավերագրական գործերից մեկը։
Հրատարակության մեջ ներառված է նաև «Գրագետի մը հիշատակները» հավելվածը, որտեղ հեղինակը ներկայացնում է 1915 թվականի ապրիլի 24-ին Կոստանդնուպոլսում իր ապրումները, ձերբակալությունից խուսափելու փորձերը և փրկության ճանապարհը։
Գրքի նախաբանի հեղինակն է սփյուռքահայ անվանի մտավորական Մարկ Նշանյանը։
------
Ժողովուրդի մը հոգեվարքը
Եսայեան, Զապէլ
Զապէլ Եսայեան 24 ապրիլ 1915-ի վաղորդայնին շրջան մը ընդյատակ քաշուելէ ետք կ՚անցնի Պուլկարիա։ 1917-ին ան Կովկաս էր արդէն, ուր կը հանդիպի որպէս գերմանացի սպայի մը թարգման Մեծ Եղեռնէն մազապուրծ փրկուած եւ Պաքու ապաստանած Հայկ Թորոյեանին։ Ան Եսայեանին կը պատմէ Փոքր Ասիայէն ու հայաշատ գաւառներէն Միջագետք աքսորուած հայերու վիճակը։ Մեծ Եղեռնի այս առաջին վկայագրութիւնը լոյս կը տեսնէ «Գործ» հանդէսին մէջ։ «Ժողովուրդի մը հոգեվարքը» սահմռկեցուցիչ տեսարաններ կը պարզէ ընթերցողներու աչքին առջեւ, կը ներկայացնէ հոգեվարքը ամբողջ ժողովուրդի մը, որ իր իսկ հայրենիքի տարածքին ու Սուրիոյ անապատներուն վրայ կը զոհուէր տասնեակ հազարներով։ Եսայեան խուսափած է հայ ժողովուրդի օրհասական այս տառապանքը գրականութեան նիւթի վերածելէ՝ անոր մօտենալով ամենայն պարզութեամբ ու ակնածանքով։ Ընթերցողը հոն պիտի գտնէ քաղաքակիրթ ազգի մը վերջին օրերու անպատմելի պատմութիւնը։ Որպէս յաւելուած հրատարակուած է «Գրագէտի մը յիշատակները», ուր Եսայեան կը պատմէ Ապրիլ 24-ի շրջանին Պոլիս գտնուող մտաւորականի մը (ի՛ր) ձերբակալուելու վախը, հոս ու հոն թաքնուիլը եւ վերջապէս փախուստը։ Գիրքը օժտուած է յառաջաբանով, զոր գրի առած է սփիւռքահայ անուանի մտաւորական Մարկ Նշանեան։

No comments:
Post a Comment