The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Sunday, 19 July 2026

Մարդու մասին լավագույնս պատմում են ոչ միայն նրա գիտական կոչումները, այլև նրա մտքերը, երազանքներն ու արժեքները

Աստվածաբանության դոկտոր Խաչիկ Հովհաննիսյանի կյանքն ու գործունեությունը տարիներ շարունակ նվիրված են հավատքի, գիտության և հայ քրիստոնեական մտքի ուսումնասիրությանը։ Բրյուսելում ապրելով և աշխատելով՝ նա շարունակում է իր գիտական առաքելությունը՝ մշտապես պահպանելով ամուր կապը Հայաստանի և հայկական հոգևոր-մշակութային ժառանգության հետ։

«Նիդերլանդական օրագիրը» նախկինում ևս բազմիցս անդրադարձել է Խաչիկ Հովհաննիսյանի գիտական գործունեությանը՝ հրապարակելով նրա մասին հոդվածներ և հարցազրույցներ։ Այս անգամ մեր ընթերցողներին ներկայացնում ենք ավելի անձնական և մտերմիկ զրույց, որտեղ նա խոսում է իր գիտական ճանապարհի, Գրիգոր Նարեկացու հանդեպ իր հետաքրքրության, Հայաստանի հետ ունեցած կապի, հայկական ինքնության, երիտասարդներին ուղղված իր պատգամի և այն Հայաստանի մասին, որի տեսլականը կրում է իր սրտում։


1. Ո՞վ է Խաչիկ Հովհաննիսյանը՝ մի քանի բառով։

Ես աստվածաբան եմ, հետազոտող և դասախոս՝ մասնագիտացած գերմանալեզու աստվածաբանության, հայ քրիստոնեական մտքի և Գրիգոր Նարեկացու ժառանգության ուսումնասիրության մեջ։

2. Բելգիայի ո՞ր քաղաքում եք ապրում։

Ապրում եմ Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում։

3. Ի՞նչ եք ուսումնասիրում այս տարիներին։

Այս տարիներին հիմնականում ուսումնասիրում եմ Գրիգոր Նարեկացու աստվածաբանական ժառանգությունը։ Այդ թեմայով մի շարք հոդվածներ և ուսումնասիրություններ արդեն հրատարակվել են կամ պատրաստվում են հրատարակության։ Միաժամանակ աշխատում եմ երկհատոր նոր գրքի վրա, որը հայերեն և ֆրանսերեն լեզուներով կներկայացնի աստվածաբանության և փիլիսոփայության բարդ ու երբեմն հակասական փոխհարաբերությունները։

4. Ինչո՞ւ ընտրեցիք հենց այդ ուղղությունը։

Սովորել եմ Սևանի Վազգենյան հոգևոր դպրոցում և սկզբում ցանկացել եմ հոգևորական դառնալ։ Սակայն տարիների ընթացքում այդ կոչումը վերափոխվեց աստվածաբանությամբ զբաղվելու ճանապարհի։ Ինձ համար աստվածաբան լինելը մեծ պատասխանատվություն է՝ հավատքի, Աստծու գաղափարի և քրիստոնեական համայնքի առջև։ Համոզված եմ, որ աստվածաբանությունը պետք է ծառայի քրիստոնեական հավատքի խորացմանն ու համայնքի բարօրությանը։

5. Ի՞նչ կապ ունի Ձեր աշխատանքը Հայաստանի հետ։

Իմ աշխատանքը սերտորեն կապված է Հայաստանի հետ, քանի որ ուսումնասիրում եմ հայ քրիստոնեական միտքն ու Գրիգոր Նարեկացու ժառանգությունը։ Հայաստանում նույնպես առիթ եմ ունեցել ներկայացնելու իմ գիտական ուսումնասիրությունները։ Ինձ համար կարևոր է նպաստել, որպեսզի աստվածաբանությունը Հայաստանում շարունակաբար զարգանա և ամրանա որպես ինքնուրույն գիտական ուղղություն։

6. Նարեկացու ստեղծագործություններից ո՞րն է Ձեզ ամենամոտը և ինչո՞ւ։

Ինձ ամենամոտը Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության»-ն է։ Այդ գիրքը դարեր շարունակ հոգևոր բժշկության և մխիթարության աղբյուր է եղել հայ ժողովրդի համար։ Սակայն ինձ հետաքրքրում է նաև այն հարցը, թե արդյոք մենք Նարեկացուն լիովին և ճիշտ ենք հասկացել։ Իմ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ նրա ստեղծագործությունը նոր աստվածաբանական մեկնաբանության կարիք ունի։ Նարեկացին մեծ խոնարհությամբ է խոսում Աստծու մասին՝ մարդուն ներկայացնելով որպես ողորմություն հայցող, իսկ Աստծուն՝ որպես անսահման սիրով ու շնորհով մարդուն փրկող։ Հենց այդ խոր աստվածաբանական տեսլականն է, որ ինձ ամենից շատ է գրավում։

7. Ի՞նչ նշանակություն ունի Գրիգոր Նարեկացին այսօր աշխարհի հայերի համար։

Այսօր Գրիգոր Նարեկացին աշխարհի հայերի համար ոչ միայն ազգային, այլև համաքրիստոնեական արժեք է։ Նրա ստեղծագործությունը մեզ հիշեցնում է, որ մարդը պետք է խոնարհությամբ դիմի Աստծուն և մշտապես փնտրի Նրա շնորհն ու ողորմությունը։ Նարեկացին սովորեցնում է, որ ապաշխարությունն ու հավատքը պետք է արտահայտվեն նաև գործնական կյանքում՝ սիրո, ողորմածության և պատասխանատվության միջոցով։ Նրա աստվածաբանական խորությունը, Սուրբ Գրքի մեկնության առանձնահատկությունները և մարդ-Աստված հարաբերության ընկալումը շարունակում են արդիական մնալ՝ կարևոր ուղենիշ լինելով նաև մեր օրերում։

8. Բելգիայում ապրելով՝ ինչպե՞ս եք պահպանում հայկական ինքնությունը։

Շառլ Ազնավուրն ասում էր. «Ես հարյուր տոկոս հայ եմ և հարյուր տոկոս ֆրանսիացի»։ Այդ միտքը շատ հոգեհարազատ է նաև ինձ։ Բելգիայում ապրելով՝ ես լիարժեքորեն ինձ համարում եմ այս երկրի քաղաքացի՝ միաժամանակ ամբողջովին պահպանելով իմ հայկական ինքնությունը։ Բելգիան հնարավորություն է տալիս պահպանելու հայկական լեզուն, մշակույթն ու հավատքը՝ հայկական եկեղեցիների, դպրոցների և ակտիվ համայնքային կյանքի շնորհիվ։ Ինձ համար այս երկու ինքնությունները ոչ թե հակադրվում են, այլ փոխադարձաբար հարստացնում են միմյանց։

9. Եթե մեկ խորհուրդ տայիք երիտասարդ հայերին, ի՞նչ կասեիք։

Իմ խորհուրդը երիտասարդ հայերին սա է՝ մշտապես կրթվել, զարգացնել քննադատական մտածողությունը և մեր նախնիներից ժառանգած արժեքները ոչ միայն պահպանել, այլև ստեղծագործաբար վերաիմաստավորել ու գործնական արժեքի վերածել։

10. Ձեր ամենամեծ երազանքը ո՞րն է։

Իմ ամենամեծ երազանքն է տեսնել անվտանգ, խաղաղ և բարեկեցիկ Հայաստան, որտեղ մարդիկ կարող են արժանապատիվ ապրել, ստեղծագործել և վստահությամբ նայել ապագային։ Կարծում եմ՝ եթե դա իրականանա, շատ այլ երազանքներ նույնպես կդառնան իրականություն։

11. Եթե Ձեր գիտական ճանապարհը մեկ նախադասությամբ բնութագրեիք, ինչպե՞ս կասեիք։

Իմ գիտական ճանապարհը մշտական ուսումնառության, ինքնաքննության և ճշմարտության անընդհատ որոնման ճանապարհ է՝ Աստծուն և մարդուն ավելի խորությամբ ճանաչելու ձգտմամբ։

Հարցազրույցը վարեց «Նիդերլանդական օրագրի» Բելգիայի թղթակից` 
Լիանա Բալյանը։

No comments:

Post a Comment