Հաագա, Նիդերլանդներ - 2025 թ. Նոյեմբեր 4
Հայաստանի Հանրապետության Անկախության 34-րդ տարեդարձին նվիրված ընդունելությունը, որը հոկտեմբերի 6-ին անցկացվել է Հաագայում՝ Նիդերլանդներում Հայաստանի դեսպանության նախաձեռնությամբ, այս տարի դարձել է հանրային քննարկման առիթ ոչ միայն տոնական, այլև հասարակական-դիվանագիտական հարթության վրա։
Դեսպանության պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ միջոցառմանը մասնակցել են Նիդերլանդների պետական մարմինների ներկայացուցիչներ, խորհրդարանի պատգամավորներ, միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան պաշտոնյաներ, հավատարմագրված դեսպաններ և հայ համայնքի ներկայացուցիչներ։ Սակայն համայնքային մի շարք կառույցներ և հասարակական գործիչներ փաստում են, որ այս տարի չեն ստացել հրավեր՝ չնայած անցյալում ունեցած ակտիվ մասնակցությանը նմանատիպ ընդունելություններին։
Համայնքային արձագանքներ
Ալմելոյի քաղաքապետարանի ավագանու հայազգի անդամ Ռուբեն Հայկ Գելիչին իր թարմ` նոյեմբերի 4-ի ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է, որ տեղեկացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին՝ Նիդերլանդներում Հայաստանի դեսպանության գործունեության վերաբերյալ իր մտահոգությունները.
«Դեսպանությունը մոռացել է, թե ինչ է նշանակում ներկայացուցչություն։ Անտեսել նվիրյալ հայերին դիվանագիտություն չէ՝ դա անհարգալից վերաբերմունք է։ Մենք արժանի ենք ավելիին նրանցից, ովքեր կրում են մեր դրոշը արտերկրում»։
Ավելի վաղ արդեն մեր գրառման տակ Բիլթհովենի ավագանու անդամ Կարինե Քլյանը ևս անդրադարձել է թեմային՝ նշելով.
«Դեսպանությունը կոչված է ծառայելու թե՛ Հայաստանի Հանրապետության շահերին, և թե՛ Նիդերլանդներում բնակվող հայկական համայնքին։ Սակայն վերջին տարիներին նկատվում է, որ համագործակցությունը համայնքի հետ բավարար արդյունավետությամբ չի իրականացվում։ Մենք չպետք է հանձնվենք․ դեսպանությունը պետք է վերականգնի վստահությունը և սերտ կապը համայնքի հետ»։
Նման բովանդակությամբ մեկնաբանություններ են հնչել նաև մի շարք այլ կազմակերպությունների կողմից։
Նայմեխենի «Միացյալ Հայերը Հոլանդիայում» կազմակերպության համահիմնադիր Սվետա Աբրահամյանը շնորհավորելով դեսպանատանը՝ նշել է, որ «ցանկալի կլիներ մասնակցել մեզ համար այդ կարևոր տոնին, բայց կարծում եմ՝ բացթողում է եղել»։
Համայնքի մեկ այլ ակտիվիստ Գայանեն իր արձագանքում գրել է.
«Կարծես չկա այլևս այն կրակը, որը կար»։
Ալմելոյի կիրակնօրյա դպրոցի տնօրեն Սվետլանա Անդրեսյանն իր մեկնաբանությունում հիշեցրել է, որ Անկախության տոնը տարիներ շարունակ եղել է համայնքային համախմբման և ծրագրերի քննարկման հարթակ.
«Դեսպանության կազմակերպած այդ ընդունելությունները միշտ եղել են առիթ՝ քննարկելու հայապահպանության, կրթական ու մշակութային ծրագրեր։ Ցանկալի է, որ այդ կապը չթուլանա, որովհետև դեսպանությունը Հայաստանի մի մասնիկն է Նիդերլանդներում»։
Bright Future Foundation հասարակական կազմակերպության տնօրեն Մարիամ Կիրակոսյանն իր հերթին ընդգծել է, որ նախկինում դեսպանության հետ համագործակցությունը եղել է ակտիվ, սակայն վերջին շրջանում նկատվում է կապերի խզում.
«Եթե սա էթիկայի խախտում չէ, ապա ի՞նչ է ... Հուսով ենք՝ դեսպանատունը կվերանայի իր որդեգրած անհասկանալի քաղաքականությունը, իսկ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը ուշադրություն կդարձնի այս խնդրին»։
Լրատվամիջոցի դիտարկումը
«Նիդերլանդական Օրագրի» խմբագրությունը կարևորում է, որ խնդիրը դիտարկվի ոչ թե անձնական, այլ ինստիտուցիոնալ հարթության վրա։ Խմբագրությունը հիշեցնում է, որ դեռ մեկ տարի առաջ դիմել էր դեսպանին հարցազրույցի խնդրանքով, որն սկզբում հավանության էր արժանացել, սակայն չնայած մի քանի հիշեցումներին՝ մինչև օրս մնացել է անպատասխան։
Նույն լռությունը պահպանվել է նաև վերջին հրապարակման կապակցությամբ՝ որտեղ բարձրացվել էր հարցը, թե ինչու համայնքային բազմաթիվ կառույցներ դուրս մնացին Անկախության միջոցառման շրջանակից։
Խմբագրությունը շեշտում է, որ սա ոչ թե պահանջ է, այլ հանրային դիվանագիտության և փոխադարձ հարգանքի հարց․
«Դեսպանը պարտավոր չէ պարտադիր հարցազրույց տալ, սակայն պարտավոր է արձագանքել՝ հարգալից ձևով։ Հանրային դիվանագիտության էությունը բաց հաղորդակցությունն է, հատկապես այն դեպքում, երբ խոսքը վերաբերում է սեփական համայնքին և սփյուռքի լրատվամիջոցին»։
Ամփոփում
Նիդերլանդներում Հայաստանի դեսպանության շուրջ ձևավորված այս քննարկումը փաստում է, որ հայկական համայնքը ցանկանում է պահպանել և զարգացնել կապը Հայաստանի պետական ներկայացուցչության հետ։ Տոնական ընդունելության շուրջ առաջացած արձագանքները ցույց են տալիս՝ համայնքը ակնկալում է ավելի բաց հաղորդակցություն, փոխադարձ հարգանք և համատեղ աշխատանք՝ ի շահ Հայաստանի ու Նիդերլանդահայ կյանքի ամրապնդման։
Ինչպես նշում են տարբեր համայնքային ներկայացուցիչներ, դեսպանությունը Հայաստանի մի մասնիկն է Նիդերլանդներում, իսկ կապը համայնքի հետ՝ վստահության ու հայրենասիրության կամուրջ։
Կեցցե' Հայաստանի Հանրապետությունը։
Լուսանկարում.Նիդերլանդների թագավորությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Բիյագովը

No comments:
Post a Comment