The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Friday, 28 November 2025

Հավատքի ճգնաժամը և համակարգի փլուզումն ու քայքայումը Հայ Առաքելական Եկեղեցու ներսում

 

Գրիգորի Հովսեփյան / Նիդ. օրագիր / 28.11.2025

Հայաստանի հասարակական-քաղաքական օրակարգում նոր թեժ կիզակետ է ձևավորվել․ պետական իշխանությունն ու Հայ Առաքելական Եկեղեցին՝ ազգային ինքնության երկու առանցքային ինստիտուտներ, հայտնվել են բաց հակասության եզրին։ Վերջին շաբաթների զարգացումները ցույց տվեցին, որ խոսքը պարզապես քաղաքական-հոգևոր վեճի մասին չէ․ սա ճգնաժամ է, որն ունի արժեքային, հոգևոր և ազգային ինքնության խոր հիմք։

Հայ Առաքելական Եկեղեցին այսօր կանգնած է իր ամենածանր հեղինակային և հոգևոր ճգնաժամի առջև։ Բայց արդյո՞ք պատճառը միայն իշխանությունների գործողություններն են։  Ո՛չ ու էլի ոչ: Եթե համակարգն առողջ լիներ Եկեղեցին վեհ ու անսասան կլիներ: Ճշմարտությունն այն է, որ Եկեղեցու այսպիսի խոցելի դառնալու առաջնային մեղքը հենց հոգևորական համակարգինն է։ Չեմ ուզում տեղայնացնել, բայց ականատես եմ եղել փիլոնի տակ ջինս հագած հոգևորականի, որ իջել է թանկարժեք մեքենայից, որի մեջ երիտասարդ աղջիկներ էին, ձեռքին 5 լիտրանոց տարա, որ եկել էր գինի տանելու: Կարծում եմ նմանատիպ տեսարաններ քչերի աչքից չի վրիպել:

 Եթե եկեղեցական համակարգը լիներ առողջ, ապա որևէ արտաքին թիրախավորում չէր դառնա ճակատագրական։ Ճշմարտությունն այն է, որ Եկեղեցու այսպիսի խոցելի դառնալու առաջնային մեղքը հենց հոգևորական համակարգինն է։

Տասնամյակներ շարունակ Եկեղեցին, որը պիտի լինի լույսի, սիրո և ազնվության խորհրդանիշ, փակվել է իրեն շրջապատած հեղինակավոր պատերի մեջ։ Այդ պատերի ներսում, ցավոք, սաղմնավորվել է ոչ թե հավատքը, այլ կամայականությունը։ Վանական աղքատության ու ծառայության ուխտը հաճախ դարձել է ձևականություն՝ փոխարինվելով շքեղ առանձնատներով, թանկարժեք ավտոմեքենաներով, անհաշիվ նվիրատվություններով ու մութ տնտեսական գործարքներով։

Հիշենք հուշարձանագետ, վաղամեռիկ Սամվել Կարապետյանի ահազանգերը՝ եկեղեցական համակարգի անկման մասին։ Նա բարձրաձայնեց այն, ինչի շուրջ շատերը լռում էին։

Երբ հոգևորականը դառնում է գույքատեր, բիզնեսմեն, երբ նրա համար հեղինակությունն ու իշխանությունը դառնում են ավելի կարևոր, քան խոնարհությունն ու աղոթքը հենց այս տեղից սկսվում է հավատքի մահը։

Հայ եկեղեցու կանոնակարգը հաճախ գործում է ոչ թե հավասարության, այլ՝ ընտրովի արդարության սկզբունքով․

  • Ով վերնախավին մոտ է՝ պաշտպանված է,
  • Ով քննադատում է՝ լռեցվում է,
  • Ով արդար է՝ դուրս մղվում, տեղ չունի 

Արշակ սրբազանին վերաբերվող վերջին սկանդալային հրապարակումները` լինի դա ապացուցված թե դեռևս ուսումնասիրության ենթակա փուլում, չեն ծնվել դատարկ տեղից։

Դրանք բերեցին այն գարշահոտությունը, որը տարիներ շարունակ քողարկվում էր ու թաքցվում, տեղ-տեղ ի հայտ էին գալիս միայն ասեկոսեների ու շշուկների տեսքով:

Սարսափել է պետք ոչ թե այս բացահայտումներից, այլ այն մտքից, որ դրանք  բացառություն չեն։

Եկեղեցու վերնախավը տարիներ շարունակ ստանձնել է կուլիսային բռնակալության ձևը, որտեղ խախտողների մեղքերն անտեսվել են ու պարգևատրվել են, իսկ մաքուրները՝  արդարները, ըմբոստները դուրս մղվել, ենթարկվել  հալածանքի: Իրական մեղավորների մատնանշումը դուրս է եկեղեցու պարիսպներից: Հավատացյալ ժողովուրդը, որը դարերով պահել է և փրկել եկեղեցին ցեղասպանությունների ու պատերազմների միջից, այսօր տեսնում է, որ եկեղեցու ներսից է ծնվել ամենամեծ վտանգը։ Երբ եկեղեցին դառնում է ինքնանպատակ կառույց, այլ ոչ թե Աստծո տան դռան պահապան` այն կորցնում է իր սրբությունը։

Եվ հենց այդ կորուստն է հնարավորություն տվել, որ քաղաքականությունը ներխուժի այնտեղ, որտեղ տեղ չուներ։ Մաքուր միջավայրում քաղաքականությունը տեղ չպիտի ունենար: Եկել  կանգնել ենք տխուր իրականության շրջաբերանում: Եթե ցանկանում ենք, որ այս փոթորիկը ավերվածություններ չանի, ապա պետք է ասել պարզագույն ճշմարտությունը․

Եկեղեցու ներսում ձևավորվել է կուլիսային բռնապետություն, որտեղ մեղքը չափվում է ոչ թե Աստծո օրենքով, այլ անձնական լոյալությամբ։ Իսկ ով չի ենթարկվում, ենթարկվում է հալածանքի։

Ինչու չի հասցրել եկեղեցին ինքնամաքրվել: Մի հոգևորական էլ դա բացատրում է հոգևորականների սակավ թվով: Բայց միթե՞ Վազգեն առաջինի օրոք նրանց թիվն ավելի շատ էր:

Հավատացյալ ժողովուրդն այսօր ցավով տեսնում է՝ ամենամեծ վտանգը գալիս է ներսից։

Երբ եկեղեցին դառնում է ինքնանպատակ կառույց և ոչ թե Աստծո տան դռան պահապան, այն կորցնում է իր սրբությունը։ Եվ հենց այդ կորուստն է բացել դուռը, որ քաղաքականությունն անընդունելի ազդեցությամբ ներխուժի՝ այնտեղ, որտեղ ապրել էր միայն հավատքը։ Այս իրավիճակում առերեսվում են երեք խոշոր արժեքային բևեռներ․

  1. Հոգևորական ինստիտուտը` որի պարտքն է առաջնորդել հոգևոր մաքրությամբ, բայց հաճախ առաջնորդում է իր իշխանական հաշվարկներով։ 
  2. Պետական ինստիտուտը` որը փորձում է վերահսկել բարոյական դաշտը, բայց հաճախ հատում է սահմանը՝ փոխարինելով արդարության ճնշմամբ։
  3. Հավատացյալ ժողովուրդը`  որը հարց է տալիս․ ո՞ւմ հավատալ, ո՞վ է որոշում մեղքի սահմանները, և ո՞ւմ ձեռքում է եկեղեցու ապագան։

Եթե այս երեք բևեռները միավորվեն ճշմարտության, թափանցիկության և պատասխանատվության շուրջ, հնարավոր է վերականգնել կորցրած միասնությունն ու հավատը։ Եթե ոչ` վտանգված է ոչ միայն հոգևորականության հեղինակությունը, այլև ազգային ինքնության հոգևոր հիմքը։

Այս իրադրությունը պահանջում է չափազանց պարզ և անկեղծ եզրահանգում․

✦ Մեզ պետք չէ թույլ, կախյալ և կառավարելի եկեղեցի։

✦ Մեզ պետք է հոգևոր մաքուր կառույց։

✦ Եվ մաքրման առաջին և գլխավոր հասցեն է՝ Էջմիածնի Մայր Աթոռը։

Եկեղեցին պետք է դադարի լինել փակ ու անձեռնմխելի ամրոց և դառնա հաստատություն, որտեղ հաշվետվողականությունը, բարոյականությունը և օրենքը վերաբերում են բոլորին՝ հատկապես առաջնորդողներին։

Այո՛, իշխանության գործողությունները վտանգավոր կարող են լինել եկեղեցու ինստիտուցիոնալ անկախության համար, բայց իշխանությունը չէ, որ ստեղծել է եկեղեցու ներկա անառողջ վիճակը։ Այն ընդամենը պատռել է դիմակը։ Բուժում պետք է։

  Եկեղեցին պիտի ունենա միայն մեկ նպատակ՝ վերածնել հավատը։ Այսօր աղոթքել  բավարար չէ, եթե այն չի ուղեկցվում առողջ գործով, մաքրագործող արարքով և բանականությամբ։

Եթե ցանկանում ենք, որ Հայ Առաքելական Եկեղեցին դիմանա այս փորձությանը և նորից դառնա հավատքի անսասան լեռ, ապա այն պետք է դուրս գա այս ճգնաժամից՝  ավելի ազնիվ, ավելի թափանցիկ և առավել հոգևոր, որպեսզի կարողանա շարունակել իր դարավոր առաքելությունը` մեր ժողովրդի հոգևոր տունը լինելու առաքելությունը։



No comments:

Post a Comment