Նիդերլանդական Օրագիր
Տեղեկատվությունը վերցված է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն պաշտոնական կայքից։ Նյութի վերաբերյալ հոդված է հրապարակել նաև ORER Armenian European Magazine եվրոպական ամսագիրը։
Հայ մեծանուն քանդակագործ, նկարիչ Երվանդ Քոչարի 125-ամյակի շրջանակում Թբիլիսիի Պուշկին փողոցի 13-րդ համարում՝ այն տան վրա, որտեղ արվեստագետը բնակվել է 1899-1922 թվականներին, բացվել է հուշատախտակ։ Նախաձեռնությունը իրականացել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից՝ Վրաստանում ՀՀ դեսպանության և Թբիլիսիի քաղաքային իշխանությունների աջակցությամբ։
Բացման արարողությանը ներկա էին ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, Թբիլիսիի քաղաքային խորհրդի նախագահ Զուրաբ Աբաշիձեն, Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը, ինչպես նաև Երվանդ Քոչարի թանգարանի տնօրեն, արվեստագետի թոռնուհի Կարինե Քոչարը։
Ողջույնի խոսքում Ալֆրեդ Քոչարյանը ընդգծել է, որ այս հասցեն տարիներ շարունակ կարևոր նշանակություն է ունեցել ինչպես հայերի ու վրացիների, այնպես էլ ամբողջ տարածաշրջանի արվեստասեր հանրության համար։ Նրա խոսքով՝ հուշատախտակի տեղադրումը խորհրդանշում է երկու երկրների մշակութային կապերի ամրապնդումը․
«Քոչարի ստեղծագործական ինքնատիպության արմատները ձևավորվել են հենց հայ և վրաց ժողովուրդների համակեցության ու միմյանց մշակույթի նկատմամբ ունեցած հարգանքի միջավայրում։ Այս հուշատախտակը դառնում է նոր կամուրջ Երևանի և Թբիլիսիի, Հայաստանի և Վրաստանի մշակութային երկխոսության մեջ»։
Երվանդ Քոչարի թբիլիսյան շրջանը նրա ստեղծագործական կյանքի հիմնասյուներից է։ Քոչարի տուն-թանգարանում մինչ օրս պահպանվում են նրա հեղինակած Շոթա Ռուսթավելու արձանը, ինչպես նաև անձնական նամակագրությունը նկարիչներ Լադո Գուդիաշվիլիի, Էլենե Ախվլեդիանիի, Դավիթ Կակաբաձեի և այլ արվեստագետների հետ։



No comments:
Post a Comment