-11-
Սկիզբն այստեղ՝ 1/ 2/ 3/ 4/ 5/ 6/ 7/ 8/ 9/ 10
__________________________
Բյուրակն Իշխանյանը ծնվել է 1986 թ․ Մոսկվայում։ Մեծացել է Երևանում՝ լրագրողների ընտանիքում։ Սովորել է Երևանի պետական բժշկական համալսարանում, մասնագիտացել է հոգեբուժության մեջ։ ՈՒսումնառության պրակտիկան անցկացրել է Հոլանդիայում, ապա 2011-ին Էրազմուս մունդուս կրթաթոշակային ծրագրով մեկնել է Եվրոպա՝ կլինիկական լեզվաբանություն մասնագիտությամբ սովորելու։ Ավարտելուց հետո աշխատել է Նուբարաշենի հոգեբուժարանում և դասավանդել մանկավարժական համալսարանում, կարճ ժամանակ անց մեկնել է Դանիա՝ Կոպենհագենի համալսարանում հոգեբանություն և նյարդալեզվաբանություն մասնագիտությամբ ասպիրանտուրայում սովորելու։
Ներկայումս բնակվում է Դանիայի մայրաքաղաքում։ Մասնագիտական գործունեությունից բացի նաև գրում է պատմվածքներ, զբաղվում բլոգերությամբ և կատարում թարգմանություններ։
Աննին, Միչը, Պոլն ու ես, կամ վերջաբանանման
![](https://lh3.googleusercontent.com/blogger_img_proxy/AEn0k_tUNVmFbHyGsCSGMb75KqOXscz1k-K3hEZD1v6_vLQt36ql280_JfAUqXpc0bV9jIJuJaF-Gj7ANGuct4U2RsHMvjzbMvsxScFc1bHh5mDBbz3oHZsnexQI9qgzNbl4Re0pPns3=s0-d)
Սկիզբն այստեղ՝ 1/ 2/ 3/ 4/ 5/ 6/ 7/ 8/ 9/ 10
__________________________
Ներկայումս բնակվում է Դանիայի մայրաքաղաքում։ Մասնագիտական գործունեությունից բացի նաև գրում է պատմվածքներ, զբաղվում բլոգերությամբ և կատարում թարգմանություններ։
Աննին, Միչը, Պոլն ու ես, կամ վերջաբանանման
էս գլուխը նոր հորինեցի, որովհետև ուղղակի չէի կարող Աննիին բաց թողնել: Էնպես որ շատ բաներ բաց եմ թողել, մոռացել, գուցե շփոթում եմ: Ինչևէ, սա վերջին գլուխն էր, սրան կհետևի վերջաբանը:
Գերմանուհի Աննիի հետ նույնպես նույն ֆորումում եմ ծանոթացել, բայց իմ՝ այնտեղ գրանցվելու մի տարի հետո: Պրահայում էի գտնվում, երբ նրանից նամակ ստացա, ու այդպես սկսկվեց մեր մտերմությունը: Աննիին առանձնացնում եմ մյուսներից, որովհետև նրա դեպքում վիրտուալն այնքան էլ շատ չէր: Կարճ ժամանակ անց իրար նամակներ ու նվերներ էինք ուղարկում փոստով, իսկ մեր ծանոթությունից երկու տարի հետո նա եկավ Հայաստան... հատուկ ինձ տեսնելու համար: Հետո, մենք գիտեինք մեկս մյուսիս ամենանվիրական գաղտնիքները ու պինդ-պինդ պահում էինք:
Հայաստան գալուց մի տարի հետո էլ հանդիպել ենք Գերմանիայում: Ես Դրեզդեն քաղաքում էի, և նա իր բնակավայրից եկավ-հասավ, որ ինձ տեսնի: Էնքան հետաքրքիր վիճակ էր: Դրեզդեն առաջին անգամ էր գալիս: Իսկ որովհետև ես արդեն գրեթե մի ամիս այնտեղ էի, տանում էի նրան տեսարժան վայրերը, հետաքրքիր ծակուծուկերը, թեև դրանք բավական քիչ էին այնտեղ:
Հաջորդ տարի էլ միայն մի վիքենդով եկավ Ամստերդամ: Խնդրեց, որ Միչին՝ ֆորումի իր ընկերներից մեկին, որին գիտեի, բայց առանձնապես մտերիմ չէի, հետը բերի:
Ես գնացի Կենտրոնական կայարան, որ նրանց դիմավորեմ: Առաջինը Միչը եկավ: Նկարները շատ էի տեսել, բայց երբ ռեալում ցցվեց դիմացս, մի պահ վախեցա: Երևում էր՝ որևէ հոդային հիվանդություն ունի, հավանաբար ռևմատոիդ արթրիտ, որովհետև ձեռքերի մատները խիստ դեֆորմացված էին, իսկ ինքը կաղալով էր քայլում:
Տասը րոպե էլ չանցավ, երբ Աննիի գնացքն էլ ժամանեց, Պոլն էլ եկավ Ռոտերդամից: Ու մենք միասին սկսեցինք չափչփել Ամստերդամը: Գազանանոց գնացինք, որը, ասում են՝ ամենահինն է Եվրոպայում կամ ամենահներից մեկը: Բայց ինձ այնքան էլ դուր չեկավ. տեղը նեղ, կենդանիները ոչ այնքան բազմազան: Միակ լավ բանն այն էր, որ այնտեղ թիթեռների տուն կար: Էնքան հավես է. մտնում ես ջերմոցային մի տարածք, որտեղ մեծ-մեծ թիթեռներ են թռչում վրայովդ, գալիս, նստում մազերիդ, փախչում, չարաճճիություններ անում: Նման բան աշխարհի ոչ մի գազանանոցում չէի տեսել, բայց առանձին թիթեռների տանը եղել էի Վիեննայում: Հետագայում, երբ եկա ու ոգևորված սկսեցի պատմել, թե Վիեննայում էսպիսի բան կար, շատերը, չնայած այդ քաղաքում մի քանի անգամ եղել էին, զարմացան, որովհետև երբևէ չէին լսել թիթեռների տան մասին:
Հետո էլի տարբեր տեղերում եղանք, զվարճացանք, կատակեցինք, վախեցանք: Ու շատ հաճախ սրճարաններում ու ռեստորաններում հաշիվը Պոլն էր փակում՝ իր սեփական պնդմամբ ու նախաձեռնությամբ:
Աննին ու Միչը կիրակի գնացին: Նույն օրն առավոտյան մենք երեքով (որովհետև Պոլը վերադարձել էր Ռոտերդամ) գնացինք Ամստերդամի զնդան, ծանոթացանք վաղուցվա դաժանություններին: Ու այնտեղից մեզ հիշատակ մնաց այս նկարը.
![](https://lh3.googleusercontent.com/blogger_img_proxy/AEn0k_t-l3x9RZnlg6OKAvxKY_5QfTdp_dLKHsuHkgWNEsauTiTdu9af8BC_fCcf0bMVKuuzb1h6V0GVgHv-FQ4jg5HG3oCKaVlqZ5GXLL9zZGc4aCtkmXHhdNWco1PWrDU7N9r8AfY=s0-d)
Վերջաբանանման
Վերջաբանանման
Էլի շատ բան կար պատմելու, բայց հենց հասա Երևան, բախվեցի այստեղի խնդիրներին, ու Ամստերդամում անցկացրածս մի ամիսը միանգամից փոքրացավ, տեղավորվեց հիշողությանս անկյուններից մեկում, դարձավ միայն իմը: Ու երբ ամեն անգամ վերցնում էի գրիչս, որ շարունակեմ “Գրքանմանը”, զգում էի, որ ներսից ինչ-որ բան խեղդում է, և շատ պատմություններ մնացին այդպես էլ չգրված: Հավաքելով այդ կցկտուր նշումները՝ այն ժամանակվանից երկու տարի անց փորձում եմ դարձնել մի փոքրիկ վերջաբան:
Ես չեմ պատմի, թե ինչպես անցավ վերջին օրս հիվանդանոցում: Մինչև հիմա դարակներիս խառնշտորած թղթերի մեջ պահում եմ այն թղթի կտորը, որի վրա բժիշկ Էյկհոֆն իր էլեկտրոնային հասցեն գրեց և պատվիրեց, որ հարցեր ունենալու դեպքում կապվեմ: Մինչև հիմա չեմ գրել ու չեմ էլ գրելու: Չգիտեմ՝ ինչու դեն չեմ նետում թղթի կտորը, որը մի ավելորդ բեռնվածություն է մնացած անպետք թղթի կտորների կողքին:
Ընթերցո’ղ, գիտե՞ս, թե ինչպես էի տխրում, երբ վերջին անգամ բացում էի պահարանս, վերջին խալաթս նետում կեղտոտ շորերի մեջ, հերթով հրաժեշտ տալիս բժիշկներին: Հենց այդ նույն օրը Պոլը եկավ Ամստերդամ, որ միասին որևէ հետաքրքիր բան մտածենք վերջին օրվա համար: Այդպես էլ ոչինչ չարեցինք: Ուղղակի չափչփեցինք Ամստերդամի թաղամասերը ու նեղլիկ փողոցներից մեկում միասին կոլա խմեցինք: Իսկ հաջորդ օրը երեկոյան արդեն Երևանում էի:
Ես Ամստերդամը շատ սիրեցի: Հիշում եմ՝ ինչպես էի նայում ջրերին, երբ օդանավակայան գնալուց առաջ մի վերջին անգամ տնից դուրս էի եկել: Ու տեսնում էի արտացոլանքս, որը քիչ անց անհետանալու էր ու կորչեր: Չէ’, չարտասվեցի: Ամստերդամը բարի է. սրբում է արցունքներս, որոնց պատճառը հեռվում է: Ու ես հասկացա, որ մի օր նորից վերադառնալու եմ՝ լինի դա վաղը, թե տարիներ անց: Գալու եմ, որովհետև Ամստերդամն ինձ սիրում է, որովհետև մենակությունն այստեղ իր համն ունի, ու ոչ մի տեղ երեկոն այնպես չի ճանապարհում ինձ, ինչպես Ամստերդամում:
Շարունակելի...
![](https://lh3.googleusercontent.com/blogger_img_proxy/AEn0k_thdbfuZlBbCdDh0ktpqdkzAfahsLcN0dvMkGmjPNzSLYzJf1T6b-M19B_lsP47DPyKh_D-pHpoIBK68Rd_LE_38yawB-xeIoO74pPPRnThIX8lFvsi94FUNEUtmXCPWlwReKfa=s0-d)
Շարունակելի...
No comments:
Post a Comment