The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Sunday 6 August 2017

Բյուրակն Իշխանյանի նիդերլանդական հուշերը / 2. Ելք դեպի քաղաք (ՈՒՏՐԵԽՏ)

2-րդ մաս-2
2-րդ մասի պատմությունների սկիզբն այստեղ ՝
1


Ելք դեպի քաղաք (ՈՒՏՐԵԽՏ)

Ուտրեխտի կենտրոնական կայարան հասա առանց դժվարությունների: Բայց իմ ամենալուրջ խնդիրը... կծիծաղեք... Այնտեղից դուրս գալն էր:

Ճամպրուկս թեև փոքր էր, բայց բավական ծանր էր: Ու եթե ճիշտը խոսենք, խնդիրը ոչ այնքան նրա ծանրությունն էր, որքան քաշելու դժվարությունը. բռնակը ձեռքս ցավացնում էր:

Իսկ ես անընդհատ պտտվում ու պտտվում էի՝ մոռանալով հոլանդերեն uitgang բառը: Ձեռքերս կարմրել էին, հրաժարվում էին ինձ ենթարկվել: Փորձում էի սլաքների «խորհրդին» հետևել, բայց դրանք խանգարում էին, տանում տարբեր ուղղություններով, տարբեր խանութներ:

Հետո չգիտեմ ոնց ստացվեց, բայց դրսում հայտնվեցի: Շուրջս նայեցի: Ավտոբուսի կանգառը դիմացն էր, բայց տոմս չունեի, տոմսի ապարատ էլ չկար, իսկ ես չէի ուզում ավտոբուսից գնել, որ մի քանի անգամ ավելի թանկ չվճարեմ:

Խորը շունչ քաշեցի ու նորից մտա այդ հսկայական կենտրոնը: Որ կողմ գնում էի, փորձում էի մտապահել, որ կարողանամ վերադառնալ:

Մեծ դժվարությամբ գտա փնտրվող խանութն ու անհրաժեշտ տոմսը: Կասեք՝ մեկնումեկից հարցնեիր, բայց այնտեղ մարդիկ այնպիսի արագությամբ էին սլանում, որ չէիր հասցնում՝ բերանդ բացել: Միայն մի վաճառողուհու կարողացա դիմել, որն ինձ ցույց տվեց մեկ այլ խանութ, որտեղ կար անհրաժեշտ տոմսը: Բայց նույնիսկ նրա ասած ուղղությամբ գնալու համար պետք էր շատ բախտավոր լինել: Նա ասաց՝ աջ, և ես գնացի ու տեսա, որ երկու աջ կա. աջ և ավելի աջ:

Տոմսը գնելուց հետո մեկ այլ խնդիր առաջացավ. ինչպե՞ս դուրս գալ, որովհետև այնքան էի շրջել, որ մոլորվել էի: Լավ էր՝ այս անգամ այնքան ուժեղ մոլորվեցի, որ մի լուռ ու հանգիստ տարածքում հայտնվեցի ու հանդիպեցի մի խոհարարի:
- Որտե՞ղ է ելքը:
- Ելք դեպի ու՞ր:
Մտքիս մեջ՝ ի՞նչ կարևոր է, մենակ թե երկինքը տեսնեմ:
- Դեպի ավտոբուսի կանգառ:
Բացատրեց:

Դրանից հետո թե´ բանալի վերցնելու տեղը, թե´ բնակարանս գտա առանց դժվարության: Բայց, միևնույն է, ձեռքերս կարմրել ու վերքոտվել էին, ու ճամպրուկ քշելը գնալով ավելի դժվար էր դառնում... Այդ անիծյալ ճամպրուկն էր հետս, երբ Լոնդոնի փողոցներում կորել էի գիշերվա մթին ու մտածում էի, որ այլևս երբեք տուն չեմ հասնի:

Ուտրեխտի իմ սենյակը մի հիանալի վայրում էր՝ կենտրոնից ոչ շատ հեռու, այգու դիմաց: Այստեղ միայն Ուտրեխտի բժշկական կենտրոնի հետ կապված մարդիկ են մնում: Այնպես որ, բժիշկների տուն էր:

Շենքը չորս հարկանի էր, 49 սենյակով: Ամեն հարկ ունի իր խոհանոցը, ցնցուղները և զուգարանները: Կա ընդհանուր հյուրա-, հեռուստ- և կոմպերի սենյակ՝ անվճար ինտերնետով: Իսկ տան դիմացի սիրուն այգում՝ խոտերի մեջ նստած, սկսեցի այս պատմությունս:

Երբ աշխատողներից մեկն ինձ տեսավ և իմացավ, որ հայ եմ, ուրախացավ: Ասաց՝ մի հայ էլ անցյալ տարի է այնտեղ եղել: Շտապեցի կուրսեցուս գրել, ու պարզվեց՝ ինքն է եղել, չնայած լրիվ ուրիշ ծրագրով էր Ուտրեխտում գտնվել:

Չնայած ուժասպառ էի եղել, բայց երկար քնել չկարողացա. ժամանակս քիչ էր, իսկ ես անհամբեր էի: Վեր կացա, տաք լոգանք ընդունեցի, պայուսակս դասավորեցի. գնում ենք Ուտրեխտում զբոսնելու, դեպի կենտրոնական կայարան, դեպի Ամստերդամ:

Որոշեցի մինչև կենտրոնական կայարան ոտքով գնալ. ժամանակ ունեի, ձեռքի հետ էլ քաղաքին կծանոթանայի:

Ու քայլում եմ Ուտրեխտի փողոցներով: Գեղեցիկ քաղաք է. փոքր-փոքր շենքերով, ջրանցքներով, որոնց ափերին՝ ներքևում, սրճարաններ կան: Իսկ շոգն անտանելի էր: Հոլանդիայում ընդհանրապես որևէ տեսակի շոգ չէի հիշում:

Թվում էր՝ հեքիաթում եմ: Մի տեսակ հանդարտություն կա Ուտրեխտի մեջ:

Ժամանակ առ ժամանակ քարտեզս հանում էի, հետևում, որ հանկարծ սխալ ուղղությամբ չգնամ: Էդպես մի անգամ նայելիս կողքից լսում եմ.
- Կարո՞ղ եմ քեզ օգնել:
Դե արի ու մի ասա... Երբ կենտրոնական կայարանում հուսահատված օգնություն էի փնտրում, ոչ մեկի պետքը չէր: Որևէ բան հարցնելիս էլ թռուցիկ պատասխան էին տալիս: Բայց հիմա, երբ ինձ համար զբոսնում եմ և քարտեզն ապահովության համար եմ բացում, հանկարծ օգնող է հայտնվում:
- Ո´չ,- պատասխանում եմ:
- Իսկ ու՞ր ես գնում:
Նայում եմ՝ սև է: Ես ռասիստ չեմ, բայց Գերմանիայի պատմությունից հետո, որը մի օր կպատմեմ, եթե բոլոր տեսակի ճամփորդական նոթերս ավարտեմ ու էլի գրելու ցանկություն ունենամ, սևերից սկսել եմ զգուշանալ:
- Պարզապես զբոսնում եմ:
Ու քայլերս չեմ դանդաղացնում: Նա էլ կողքիցս գալիս է:
- Որտեղի՞ց ես:
- Հայաստանից:
Գոնե մի օգուտ տամ. թող Հայաստանի տեղն իմանա:
- Դա որտե՞ղ է, ովքե՞ր են հարևանները:
Սկսում եմ բացատրել: Չի օգնում:
- Այսինքն, Ռուսաստանի՞ց:
- Չէ´:
- Քրդստանի՞ց:
- Չէ´:
- Ի՞նչ լեզվով եք խոսում:
- Հայերեն:
- Էդ ի՞նչ է, քրդերե՞նն է:
Դե արի ու դիմացիր...
- Որտեղի՞ց ես եկել:
- Վիեննայից:
- Վիետնամի՞ց:
Վախ մամա ջան:
- Չէ´, Վիեննա՝ Ավստրիա:
- Դա որտե՞ղ է:
Թու˜, սրա IQ-ն ձգտում է 0-ի: Հետո.
- Արմատներս Հնդկաստանից են:
Ես էլ ասում եմ՝ ինչու է չամռվել: Ընդհանրապես, հնդիկները շատ լավն են. մեր համալսարանում քիչ չեմ շփվել: Բայց երբ բանը հասնում է աղջիկ կպցնելուն, ծամոնի նման են:

Նայում եմ՝ այս տղան ժամանակ առ ժամանակ շալվարը ձգում է վերև: Լսել եմ, որ երբ այդպես են անում տղաները, ուրեմն սեռական ցանկություն ունեն: Ես դրան չէի հավատա, եթե չկարողանայի գիտական բացատրություն գտնել:

Չէ´, պետք է քանի շուտ է՝ ազատվել, թե չէ որ սրան մնա, փողոցի մեջտեղում էլ շորերս կհանի:

Առիթից օգտվում եմ. դիմացի մայթին ստվեր կա:
- Ես հիմա պետք է փողոցն անցնեմ,- ասում եմ:
Այնքան հիմար է, որ այդ էական տարբերությունը չի հասկանում. դեմքի շփոթված արտահայտությունը վկա:
Ուզում է ասել՝ կարո՞ղ եմ քեզ միանալ.
- Can I enjoy you?
Ո´չ, ո´չ, ո´չ...
Որ այսպես է ասում, մտածում եմ նույնիսկ ուղղությունս փոխելու մասին: Բարեբախտաբար. խաչմերուկ էր, կարող էի մյուս փողոցով գնալ:

Անցնում եմ, մի քանի քայլ գնում ուղղահայաց փողոցով, հետ գալիս, որ ճամփաս չկորցնեմ, բայց դա դեռ կանգնած նայում է ճանապարհին, որով հեռացել էի: Նորից իջնում եմ փողոցով: Այս անգամ հաստատ որոշել եմ հետ չգնալ. քարտեզ ունեմ, չեմ կորի:

Մեկ էլ մի դռան մոտ տեսնում եմ մի կնոջ՝ լիֆչիկ-տրուսիկով կանգնած: Ընդ որում, լիֆի տակից պտուկի շրջակայքի գունակը՝ արեոլան, երևում է: Ներսից ինչ-որ մեկի հետ է խոսում իսպաներեն: Սկզբում մտածում եմ՝ ցնդած լատինաամերիկացի է: Մի քանի քայլ առաջ եմ գնում: Տեսնում եմ բազմաթիվ այդպիսի կանանց՝ ցուցափեղկերի հետևում: Վախեցած շրջվում, հետ եմ գնում: Հնդիկը դեռ այնտեղ է: Ճար չունեմ, պիտի անցնեմ այդ փողոցով: Ես էլ ասում եմ՝ ինչու է ուշադիր հետևում, թե ուր եմ գնում: Երևի կարծել է՝ հերթական պոռնիկն եմ:

Երևում է՝ այս այցելությանս ժամանակ ավելի շատ բան եմ սովորելու Հոլանդիայի մասին, քան նախորդ անգամ: Հետագայում պարզում եմ, որ փաստորեն մարմնավաճառներն այստեղ օրը ցերեկով էլ են գործ անում:

Բայց ես իսկապես մոլորվեցի, եթե դա կարելի է այդպես անվանել, որովհետև իրականում գիտեի՝ ուր պիտի գնամ, որ նորից գլխավոր փողոց դուրս գամ: Պարզապես փողոցների անունները քարտեզի վրա չէի գտնում:

Երբ վերջապես հայտնվեցի գլխավոր փողոցում ու տեսա ինձ ծանոթ «Ալբերտ Հայն» սուպերմարկետը, որոշեցի սնվել: Գնեցի իմ սիրած թունայով սենդվիչը, որը երկու տարի առաջ Ամստերդամի Դամ հրապարակում էի ուտում, մի շիշ կոլա, ու քաղցս մի քիչ կոտրվեց:


Շարունակելի...
byurakn.jpgԲյուրակն Իշխանյանը ծնվել է 1986 թ․ Մոսկվայում։ Մեծացել է Երևանում՝ լրագրողների ընտանիքում։ Սովորել է Երևանի պետական բժշկական համալսարանում, մասնագիտացել է հոգեբուժության մեջ։ ՈՒսումնառության պրակտիկան անցկացրել է Հոլանդիայում, ապա 2011-ին Էրազմուս մունդուս կրթաթոշակային ծրագրով մեկնել է Եվրոպա՝ կլինիկական լեզվաբանություն մասնագիտությամբ սովորելու։ Ավարտելուց հետո աշխատել  է Նուբարաշենի հոգեբուժարանում և դասավանդել մանկավարժական համալսարանում, կարճ ժամանակ անց մեկնել է Դանիա՝ Կոպենհագենի համալսարանում հոգեբանություն և նյարդալեզվաբանություն մասնագիտությամբ ասպիրանտուրայում սովորելու։
Ներկայումս բնակվում է Դանիայի մայրաքաղաքում։ Մասնագիտական գործունեությունից բացի նաև գրում է պատմվածքներ, զբաղվում բլոգերությամբ և կատարում թարգմանություններ։

No comments:

Post a Comment