The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Sunday, 2 February 2020

Հայ-նիդերլանդական հարաբերությունների շուրջ 1in.am կայքի թղթակիցը զրուցել է «Նիդերլանդական օրագրի» խմբագրի հետ

«Նիդերլանդական օրագրի» հիմնադիր-խմբագիր  Hay Azian-ը պատասխանել է 1in.am  լրատվական կայքի թղթակից Արամ Սարգսյանի հարցերին: 
Մեջբերում ենք ամբողջությամբ


Հայ-նիդեռլանդական հարաբերություններում հսկայական ներուժ կա. Նիդեռլանդները կարող է աջակցել Հայաստանին

Հայաստանի և Նիդեռլանդների հարաբերություններում շատ հետաքրքիր ակտիվություն է նկատվում։ Սրա վառ վկայությունը հյուսիսարևմտաեվրոպական այս երկրի որոշումն է Հայաստանում Նիդեռլանդների Թագավորության (ՆԹ) դեսպանություն բացելու մասին և Նիդեռլանդների արտաքին գործերի (ԱԳ) նախարար Ստեֆ Բլոկի պաշտոնական այցը Երևան, որը տեղի ունեցավ նախորդ շաբաթ։ Հոլանդական կողմի այս քայլերին ընդառաջ գնալով՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ իր հերթին հայտարարել է, որ այս տարի նախատեսվում է իր պաշտոնական այցը Նիդեռլանդներ։ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Ստեֆ Բլոկի հետ համատեղ ասուլիսին ասել է, որ վարչապետի այցը Նիդեռլանդներ ծրագրված է գարնանը։
Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Նիդեռլանդներում գործող, հոլանդահայ համայնքի կյանքի ու անցուդարձի մասին պատմող «Նիդերլանդական Օրագիր» էլեկտրոնային թերթի հիմնադիր և խմբագիր Աշոտ Կնյազյանը (Hay Azian)։
– Պարոն Կնյազյան, Հայաստանում Նիդեռլանդների Թագավորության դեսպանություն բացելու որոշումը և Նիդեռլանդների արտգործնախարարի պաշտոնական այցը Երևան, Ձեր կարծիքով, ընդհանուր ի՞նչ նշանակություն ունեն և ի՞նչ գործոններով են պայմանավորված։ Այս վերջին ակտիվացումը կարո՞ղ ենք նոր շրջափուլի սկիզբ համարել հայ-նիդեռլանդական հարաբերություներում։
– Հայաստանում Նիդեռլանդների դեսպանատուն բացելու քայլը այլևս ողջունելի իրողություն է, որին երկար տարիներ ձգտել են հասնել թե՛ այստեղ գործող հայկական կազմակերպություններն ու կառույցները, մասնավորապես՝ Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան՝ ի դեմս Մաթո Հախվերդյանի, և թե՛ հայկական դիվանագիտական կողմը: Չնայած այս ուղղությամբ տարիների համառ ջանքերին՝ Նիդեռլանդները միայն այս տարի որոշեց դեսպանություն ունենալ Երևանում: Ի դեպ, Հայաստանը տարածաշրջանի միակ երկիրն էր, որտեղ չկար նիդեռլանդական դեսպանատուն: Այս քայլն անելիս նիդեռլանդական կողմը ծանրութեթև արեց դեսպանատուն բացելու հիմնավոր փաստարկները, հաշվի առավ տարածաշրջանային ընդհանուր զարգացումները և Թբիլիսիից ու Բաքվից հետո նպատակահարմար գտավ հաստատվել նաև Երևանում:
Միանշանակ հենց այս նկատառումներով էլ պաշտոնական այցով Հայաստան էր ժամանել Նիդեռլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Ստեֆ Բլոկը, որն իր հայ գործընկերոջը` Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանին փոխանցեց Երևանում Նիդեռլանդների Թագավորության դեսպանություն բացելու վերաբերյալ պաշտոնական դիմումը:
Ընդհանրապես նախարարի մակարդակով սա նիդեռլանդական կողմի առաջին այցն էր Հայաստան: Դատելով մամուլի հրապարակումներից՝ հայաստանյան հանդիպումները ջերմ ու կառուցողական էին: Այդ իսկ պատճառով, իրոք, այն կարող ենք հայ-նիդեռլանդական հարաբերությունների նոր սկիզբ համարել:
Երևանում Նիդեռլանդների դեսպանության բացման որոշումը թելադրված է Հայաստանի նկատմամբ Նիդեռլանդների աճող հետաքրքրությամբ և փոխշահավետությամբ: Այն մեկ օրում չի ձևավորվել և հասունացման փուլ մտավ 2018 թվականի ապրիլին`Թավշյա հեղափոխությունից հետո:
Հետաքրքիր է, որ Նիդեռլանդների ԱԳՆ կայքը Հայաստանում դեսպանություն բացելու հիմնավորումներից մեկը համարել է Հայաստանի ռազմավարական նշանակությունը Նիդեռլանդների համար։  Նաև այն, որ հեղափոխությունից հետո նոր կառավարությունը արդիականացնում է երկիրը և պայքարում է կոռուպցիայի դեմ:  Նիդեռլանդները գտնում է, որ տարբեր գործընթացներում կարող է աջակցել Հայաստանին: Արտգործնախարար Ստեֆ Բլոկը այդ մասին Երևանում էլ է արտահայտվել՝ նշելով, որ Հայաստանը գտնվում է Եվրոպայի ու Ասիայի միջև, բավական բարդ տարածաշրջանում: Երկրները կարող են բարգավաճել, եթե համագործակցեն։ Սա առանցքային դեր ունի: Հսկայական ներուժ կա, որ կարող է ձևավորվել Նիդեռլանդների ու Հայաստանի կառավարությունների համագործակցության արդյունքում: Սերտ դիվանագիտական հարաբերությունները հաստատված են։  Հաջորդ քայլը այդ կապերի խորացումն է:
– Ինչպե՞ս եք այս համատեքստում գնահատում Նիդեռլանդներում ՀՀ դեսպանության աշխատանքը։
– Ավելի, քան դրական: Բնականաբար, այս ուղղությամբ հայկական դեսպանության կողմից բազմաթիվ կազմակերպչական բնույթի ու մեծ ծավալի աշխատանքներ են կատարվել, որոնց տեսանելի մասն աննշան է: Երևի դիվանագիտական աշխատանքի բնույթն է այդպիսին: Նշեմ, որ խորհրդարանականների հետ դեսպանի ունեցած ջերմ հարաբերությունները ևս նպաստեցին, որ Նիդեռլանդների կառավարությունը ընդառաջ գնաց Երևանում դեսպանություն բացելու խնդրին: Պատահական չէ, որ 2019 թ. դեկտեմբերի 5-ին Նիդեռլանդների խորհրդարանի բոլոր խմբակցությունները, բացի մեկից, կողմ եղան արտաքին գործերի նախարարության 2020 թ. բյուջեի լրացմանը, որով անհրաժեշտ միջոցներ` երկու մլն եվրո հատկացվեց Երևանում Նիդեռլանդների դեսպանության բացմանը: Որոշմանը դեմ եղան ընդամենը 3 հոգի, որից երկուսը ազգությամբ թուրք են, մեկը` մարոկացի: Այս խմբակցությունը` բաղկացած 3 մարդուց, ունի  DENK անունը և աննշան դերակատարություն ունի խորհրդարանում:
Երևանում դեսպանություն բացելու որոշումը հունվարի 16-ին նշվել է Նիդեռլանդների խորհրդարանում` դեսպան Տիգրան Բալայանի նախաձեռնությամբ: Նիդեռլանդների Ներկայացուցիչների պալատում, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների և կուսակցական խմբակցությունների ներկայացուցիչների հետ, հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի նախագահ Մաթո Հախվերդյանի, նույն կազմակերպության քարտուղար Ինգե Դրոստի մասնակցությամբ հայ-նիդեռլանդական  բարեկամությունը խորհրդանշող գեղեցիկ տորթով նշվել է Հայաստանում Նիդեռլանդների դեսպանության բացման խորհրդարանական նախաձեռնության հաջողությունը։
ԱԳՆ բյուջեում լրացումը նախաձեռնած պատգամավորներին դեսպան Բալայանը Հայաստանի կառավարության անունից շնորհակալություն է հայտնել Հայաստանում ընթացող գործընթացներին աջակցելու և հայ-նիդեռլանդական հարաբերությունների ընդլայնումը խթանող կարևոր քայլի համար։ Նա նշել է, որ դեսպանության հիմնումը խորհրդանշում է երկկողմ հարաբերություններում արձանագրված առաջընթացը և փոխգործակցությունը խորացնելու երկուստեք տրամադրվածությունը։
Դեսպան Տիգրան Բալայանի նախաձեռնությունն էր, որ 2019 թ. հոկտեմբերին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակության` Նիդեռլանդների Թագավորություն պաշտոնական այցի շրջանակում ձևավորվեց Հայ-նիդեռլանդական միջխորհրդարանական բարեկամության խումբը: Այդ ժամանակ բարեկամական շրջանակի հոլանդական կողմի անդրանիկ նիստը համանախագահեցին ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը և Նիդեռլանդների Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Ջոել Ֆորդևինդը: Ուրախությամբ տեղեկացա, որ  Երևանում օրեր առաջ`հունվարի 24-ին, ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանի և Նիդեռլանդների Թագավորությունում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանի համանախագահությամբ տեղի է ունեցել Հայաստան-Նիդեռլանդներ բարեկամության շրջանակի արդեն հայկական կողմի անդրանիկ նիստը: Այս նիստերին մասնակցել են երկու կողմերի խորհրդարանների անդամներ, համայնքի ներկայացուցիչներ, մշակութային և կրթական գործիչներ:
Հավելեմ, որ Նիդեռլանդների ԱԳ նախարար Ստեֆ Բլոկի՝ հունվարի 22-ից 23-ը Հայաստան կատարած պաշտոնական այցի ողջ ընթացքում պատվիրակության դիմավորողների և ուղեկցողների խմբում է եղել Նիդեռլանդներում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանը:
– Երկկողմ հարաբերությունների զարգացման ու ակտիվացման գործում ի՞նչ դեր են խաղում հայկական դեսպանությունն ու հոլանդահայ համայնքը։ Ի՞նչ կարող եք պատմել հայաստանյան ընթերցողներին Նիդեռլանդների հայ համայնքի անցուդարձի, հասարակական-քաղաքական ակտիվության մասին։ Ի՞նչ դեր են հայերը խաղում այդ երկրում, հետևո՞ւմ են արդյոք հայաստանյան զարգացումներին, որքանո՞վ են պահում կապը Հայաստանի հետ։
– Սրանք հենց այն թեմաներն են, որ փորձում է «Նիդեռլանդական օրագիրը» լուսաբանել, լինել հայ համայնքների ու դեսպանության կողքին, փոխլրացնել առանց այն էլ  լավ կապը:
Չմանրամասնենք դեսպանության ունեցած որոշիչ դերը․ նախորդ հարցի շուրջ այդ մասին փոքր-ինչ խոսեցինք: Երևի  բարեբախտություն է, որ Նիդեռլանդներում ունենք  ԱԳՆ երկու նախկին խոսնակներին` որպես դեսպան: Նախկինը Ձյունիկ Աղաջանյանն էր (2011-2018 թթ․), ներկայինս` Տիգրան  Բալայանը: Երկուսն էլ արժանավայել մեծ ներդրում ունեն  հայ-նիդեռլանդական անցյալի ու ներկայիս ձևավորվող հարաբերություններում, առավելագույնն են արել` ըստ արժանվույն ներկայացրել Հայաստանը: «Դիվանագիտությունը ստեղծագործ աշխատանք է և հնարավորի արվեստ» սա դեսպան Բալայանի ձևակերպումն է` որն այժմ կյանքի է կոչում:
Չնայած հայ համայնքների ու դեսպանության դերն ու խնդիրները, նպատակներն ու գործառնությունները բավական տարբեր են, այդուհանդերձ, նրանք նույն առաքելությունն են  իրականացնում` օգտակար լինել Հայաստանին, բարձր պահել հայրենիքի սուրբ անունն ու  պատիվը: Այստեղից էլ մեկ ընդհանրացում` «հայրենակիցներից յուրաքանչյուրը յուրատեսակ դեսպան է սփյուռքում»: Սա արդեն Նիդեռլանդներում ՀՀ դեսպանի մյուս ձևակերպումն է, որին պետք է համաձայն լինել:  Նիդեռլանդներում սփռված հայ համայնքը իր օրինակելի վարքով, ստեղծագործ աշխատանքով,  հասարակական-քաղաքական ակտիվությամբ տարեց տարի ավելի ազդեցիկ ու ծանրակշիռ է դառնում:
Կուզեի առանձնացնել Հաագայի Աբովյան մշակությային միության (Մաթո Հախվերդյան), Ամստերդամի «Գրիգոր Նարեկացի հիմնադրամի» (Վահան Ավագյան), Ալմելոյի (Օնիկ Գելիջի), Նայմեխենի «ՎԱՆ » միության (Սվետա Աբրահամյան),  Դեն-Բոսի «Ուրարտու» (Տոնի Բոգոսյան) և «Կոմիտաս» (Մարո Կարյան), Մաստրիխտի «Անի» (Լևոն Սարգիս) և 30-ից ավելի հայկական կազմակերպությունների ու  կառույցների աշխատանքները, որոնք հայապահպանությունից բացի՝ ամուր կամուրջ են հայ-նիդեռլանդական բարեկամական հարաբերություններում: Դեսպանությունը իր հերթին մշտապես համագործակցում է անխտիր բոլոր կառույցների, նաև որևիցե  կառույց չներկայացնող անհատների հետ` հաղորդակից լինում  նրանց խնդիրներին, լուծումներ առաջարկում:
Ավելի ու ավելի շատ հայ երիտասարդներ են ներգրավում երկրի հասարակական, քաղաքական, տնտեսական կյանքին, իրենց տեղն են գտնում բարձր տեխնոլոգիայի, իրավաբանության, բժշկության, կրթության, սպորտի, բիզնեսի և այլ ոլորտներում: Նման ինտեգրումը չի  կարող դրական ազդեցություն չունենալ հայ-նիդեռլանդական գործող հարաբերություններում: Միառժամանակ ավելի հաճախակի են դառնում մեր երկու ժողովուրդների մշակութային շփումները, որը փոխադարձ ճանաչողության նոր մակարդակ է ապահովում: Սրա կողքին մեր հայրենակիցները բավական զգայուն են հայրենիքում տեղի ունեցող զարգացումներին: Օրինակ` Թավշյա հեղափոխության վճռական օրը` 2018 թ. ապրիլի 23-ին, Հաագայում`Արդարադատության միջազգային դատարանին հարակից հրապարակում, ինքնաբուխ բողոքի ցույց են արել: Այժմ ավելի է հաճախացել հայրենիք այցելողների թիվը:
Համայնքների մասին կարելի է առանձին-առանձին ու երկար խոսել` արտաքին մարտահրավերներից մինչև ներքին տարաձայնություններ: Ասեմ ամենակարևորի մասին. հայ համայնքը ակտիվ ձևավորման փուլում է, կարող սերունդ է մեծանում, կարծում եմ՝ զգալի աշխատանք կա, որպեսզի նոր սերունդը իր ուսերին վերցնի համայնքը վերակազմավորելու ու միավորելու խնդիրը:
– Իսկ ընդհանրապես ի՞նչ հեռանկարներ ունեն Հայաստանի և Նիդեռլանդների հարաբերությունները, ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող ի՞նչ ոլորտներ, որոնց շուրջ երկու երկրները կարող են զարգացնել երկկողմ հարաբերությունները։
– Հայաստանը Նիդեռլանդների հետ հեռանկարային առումով ունի հնարավորության լայն սահմաններ: Առկա մեծ ներուժի լիարժեք կիրառման դեպքում Հայաստանը մեծ օգուտներ կքաղի: Հայաստանը եթե անգամ կիրառի այս երկրի  տարբեր բնագավառների կուտակած հարուստ փորձը, ապա լուրջ ձեռքբերումներ կունենա:   Հայաստանի վիճակագրական կոմիտեի վերջին տվյալների համաձայն` անցած տարվա հունվար-նոյեմբեր ամիսներին հայ-նիդեռլանդական առևտուրը կազմել է 178 միլիոն 10 հազար դոլար, ինչը 2018 թ. առաջին 11 ամիսների համեմատ ավելի է 6.1%-ով։  Հաջողություններն առկա են առևտրի ու տնտեսական ոլորտներում, որը կարել է խորացնել: Ակտիվանում են գործարար կապերը, մասնավորապես գյուղատնտեսության, կաթնարդյունաբերության, բարձր տեխնոլոգիաների և այլ ոլորտներում։
Մշակույթի ու գիտության ասպարեզում կարելի է ևս առաջընթաց ապահովել: Որպես  հեռանկարային ուղղություններ, կարելի է առանձնացնել  կրթության, բարձր տեխնոլոգիաների, զբոսաշրջության, գյուղատնտեսության, արդարադատության, բանկային ոլորտները: Համագործակցության հեռանկարներ կան նաև տեղեկատվական տեխնոլոգիաների, ինչպես նաև հումանիտար բնագավառներում, նաև թափոնների վերամշակման և կառավարման, ջրային ռեսուրսների կառավարման, բարձր տեխնոլոգիաների ու առողջապահության բնագավառներում:  Նիդեռլանդները երկրագործական և բանջարաբոստանային ապրանքների աշխարհի ամենախոշոր արտահանողներից է, բայց գյուղատնտեսության այս ոլորտում աշխատում է մասնագիտական բնակչության ընդամենը 4%-ը։ Սա շնորհիվ նրա է, որ գյուղատնտեսությունը ամբողջովին ավտոմատացված է: Ներդրումային գրավիչ ծրագրերը ևս օգուտներ կբերեն:
– Ձեր կարծիքով՝ ի՞նչ դեր կարող է Ամստերդամը խաղալ Հայաստան-Եվրամիություն հարաբերություններում։
Նիդեռլանդները համարվում է Եվրամիության առաջատար երկրներից մեկը, որն այս կառույցին ավելի շատ ներդրումներ է անում, քան սպառում: Հետևաբար, Հայաստան-Եվրամիություն հարաբերությունում երկուստեք արժեքավոր  է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) դերըՊայմանագրի կիրառումը կարևոր գործիք է Հայաստանի կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների գործընթացի խթանման համար, իսկ մյուս կողմից բարենպաստ պայմաններ կստեղծվեն ԵՄ անդամ երկրների հետ ուղիղ հարաբերություններ հաստատելու համար:
Նիդեռլանդներն իրապես շահագրգիռ է Հայաստանում բարեփոխումների ընթացքով: Այդ է պատճառը, որ տարվա վերջում սկզբում Նիդեռլանդների ներկայացուցիչների պալատը, այնուհետև՝ ընդամենը 5 օր հետո, Նիդեռլանդների Սենատը, առանց քննարկման և քվեարկության, միաձայն վավերացրեցին Հայաստան-Եվրամիություն Համարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ Եվրամիության բոլոր երկրների կողմից պայմանագիրը վավերացնելուց հետո Հայաստանի համար դուռ է բացվելու դեպի ԵՄ երկրներ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ բանակցություններ:
Եվրամիության հետ գործընկերությունը կամրապնդի Հայաստանի հեղինակությունն ու դիրքերը միջազգային և տարածաշրջանային տարբեր հարցերի շուրջ բանակցություններում, էլ չեմ ասում, որ կարժանանա այս երկրների աջակցությանն ու օժանդակությանը:
– Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ նախատեսում է այս տարի պաշտոնական այցով մեկնել Նիդեռլանդներ։ Արդեն հայտնի է, որ այցը տեղի կունենա գարնանը։ Ի՞նչ նշանակություն ունի այս այցը Ձեր կարծիքով։ Այն կարո՞ղ է նոր ազդակ հաղորդել երկկողմ հարաբերությունների զարգացմանը։
– Անշուշտ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Նիդեռլանդներ շատ հարցերով դրական ազդեցություն է թողնելու ինչպես հայ-նիդեռլանդական երկկողմ, այնպես էլ Եվրամիության անդամ երկրների հետ հարաբերությունների վրա: Մեր վարչապետին այստեղ լավ են ճանաչում: Նիդեռլանդական մամուլն ու հեռուստատեսությունը բավարար լուսաբանել ու շարունակում են լուսաբանել նոր Հայաստանի իրողությունները: Անցյալ տարեվերջին Ազգային ժողովի նախագահի պատվիրակության այցին ընդառաջ հեղափոխությանը նվիրված ցուցահանդես էր բացվել: Մամուլով մեկ անգամ չէ, որ խոսվել է Հայաստանում ընթացող բարեփոխումների մասին: Այնպես որ` բարով գա, այստեղ նա լավ ընդունելության կարժանանա թե՛ երկրի քաղաքական ղեկավարության, և թե՛ հայ համայնքի կողմից: Չեմ կասկածում, որ նոր համագործակցության ուղիներ կհարթվեն, ձեռք կբերվեն արժեքավոր համաձայնություններ ու պայմանավորվածություններ:
– Փաշինյանն ասել էր, թե իր այցը կլինի Հայաստանի ղեկավարի առաջին այցը Նիդեռլանդներ՝ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր։ Բայց ՀՀ ԱԳՆ-ի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ նախկինում Նիդեռլանդների Թագավորությունում եղել են նաև նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանը և Սերժ Սարգսյանը։ Գուցե Նիկոլ Փաշինյանը նկատի ունի Հայաստանի ղեկավարի առաջին պաշտոնակա՞ն այցը Նիդեռլանդներ։ Ի՞նչ տեղեկություններ ունեք այս հարցի վերաբերյալ։
– Դուք ճիշտ եք կռահել. սա Նիկոլ Փաշինյանի` Հայաստանի վարչապետի առաջին պաշտոնական այցն է լինելու Նիդեռլանդներ: Նախկին բարձրաստիճան պաշտոնյաների այցը Նիդեռլանդներ այլ շրջանակներում է եղել: Օրինակ` 2014 թ. մարտին Սերժ Սարգսյանը Նիդեռլանդներ էր եկել աշխատանքային այցով` մասնակցելու Հաագայում կայանալիք Միջուկային անվտանգության գագաթնաժողովին: Մեկ անգամ էլ Սերժ Սարգսյանը Նիդեռլանդներ է եկել 2016 թվականին՝ մասնակցելու Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) գագաթնաժողովին: Ես հենց նոր ճշտեցի Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի նախագահ Մաթո Հախվերդյանից` առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի այցը ևս պաշտոնական չի եղել:  Այնպես որ` Երևանում Նիդեռլանդների հետ ուղիղ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու շեմին մեր երկրի ղեկավարը գարնանը առաջին անգամ պաշտոնական այցով կլինի Նիդեռլանդներում:


No comments:

Post a comment