The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Sunday 23 August 2020

ԼԻԲԱՆԱՆԻ ԱՆՑՈՒԴԱՐՁԵՐԻ ՄԱՍԻՆ


Լիբանանը ունի 6.800.000 բնակչություն: Լիբանանը մինչև 1943 թվականը Ֆրանսիայի գաղութն էր, անկախանալուց հետո էլ սակայն դեռ գտնվում է Ֆրանսիայի քաղաքական ու մշակությաին ազդեցության ներքո: 
2020 թվականի օգոստոսի պայթունի հետևանքով ավելի քան 80 հազար բնակավայր է վնասվել: Ընդհանուր վնասը գնահատվում է 10-15 միլիարդ դոլար:   
Տասնյակ տարիներ է, որ Լիբանանում կորուպցիայի մեծ ցանց է աշխատում և անընդհատ էլ ավելի է ակտիվանում: Նման վիճակ էր տիրում այս մեծ պայթյունից առաջ և հիմա էլ ազգային համերաշխության բացակայությունը իր գագաթնակետին է հասել, որն էլ Լիբանանին դարձրել է անճակատագիր մի երկիր: 
Լիբանանի քաղաքական օլիգարխիան նմանվում է տարածաշրջանի շատ երկրների օլիգարխիային, սակայն տարբերվում է նրանով, որ Լիբանանի իշխանությունը զրկված է ժողովրդի վստահությունից ու ճգնաժամային պայմաններում ժողովուրդը չի աջակցում պետությանը:  
6 տարի շարունակ 2750 տոննա ամունիումի նիտրատի պահեստավորումը երկրի մայրաքաղաքում ահավոր երևույթ է: Ո՞վքեր էին տեղյակ դրանից և ինչու որևէ քայլ չէին ձեռնարկում վտանգավոր քիմիական նոյւթը տեղափոխելու համար: Լիբանանում վերջին քանի տարիների ընթացքում տարբեր իշխանություններ են իշխանության եկել ու գնացել , սակայն ոչ մեկն էլ չի կարողացել կառուցվածքային ու հիմնական գործունեություն ծավալել և բավարարել ժողովրդի պահանջները: Այսօր Լիբանանում ամենատարրական սոցիալական ընդհանուր ծառայությունը կոռուպցիայի հետ է շաղկապված, այդ իսկ պատճառով ժողովուրդը որևէ վստահություն չունի իշխանության նկատմամբ: Օրական 20 ժամ հոսանքի անջատումը կարծես սովորական երևույթ է դարձել Լիբանանում: Պետք է ընդգծել, որ այս անջատումները չեն ազդում հարուստների կյանքի վրա, որովհետև նրանք հզոր գեներատորներ են գնել ու 24 ժամ հոսանք են ապահովել իրենց համար: 
Անցած քանի ամիսների ընթացքում վիճակը ավելի է բարդացել ու փաստորեն երկիրը պարալիզացված է: Աշխատավորների մեկ երրորդը գործազուրկ է ու եկամուտ չունի: Նման պայմաններում ազգային փողը անընդհատ արժեզրկվում է և վերջին մեկ տարվա ընթացքում 80 տոկոսով է արժեզրկվել: 2016 թվականին երկիրը բռնկված էր քաղաքական կուսակցությունների ու հոսանքների մրցակցությամբ, որը պատճառ էր դարձել, որ դադարեցվի աղբահանումը և աղբի մեծ կուտակումներ էր առաջացել մայրաքաղաքի բլուրների փեշերին և տհաճ հոտը ամիսներ շարունակ ժողովրդի երթևեկության համար արգելք էր հանդիսանում: Այս երևույթը վերացրին, սակայն մեկ տարի առաջ Լիբանանի «Սադր» անտառներում մեծ հրդեհ առաջացավ, որը ոչնչացրեց ամբողջ անտառը: Երեք հրշեջ ուղղաթիռներ, որոնք կարող էին հրդեհը մարել, չկարողացան որևէ ակտիվություն ցուցաբերել, քանի որ պետությունը չի կարողացել նրանց պահպանումը ապահովել ու փաստորեն շարքից դուրս էին եկել:  
Այս ճգնաժամային պայմաններում քաղաքական էլիտար խավը ժողովրդի աղքատանալու հաշվին է հարստանում և, անտեսելով ժողովրդի պահանջները, ավելացնում է սեփական հարստությունը և բարելավում է իր կարգավիճակը:  
Լիբանանի ժողվուրդը իր ցույցերով իր բողոքն է արտահայտել կոռուպցիայի ու ճգնաժամի դեմ: Այդ ցույցերին երբեմն մասնակցում էին մոտ մեկ միլիոն լիբանանցիներ: Ժողովրդի բոլոր այդ ջանքերի շնորհիվ փոխեցին միայն մի քանի քաղաքական դեմքեր ու ոչ մի հիմնական քայլ չվերցնվեց վիճակը բարելավելու ուղղությամբ: 
Պետք է եզրակացնել, որ անցյալ շաբաթվա պայթյունը Բեյրութում անխուսափելի չէր և հնարավոր էր կանխատեսել ու դեմն առնել:  
Պայթունից հետո տեղի են ունենում մի շարք պաշտոնյաների հրաժարականներ: Լիբանանի համար տեղի ունեցավ միջազգային կոնֆերանս, որի նպատակն էր Լիբանանին օգնություններ ցուցաբերելը: Այս կոնֆերանսը ՄԱԿ-ի հսկողության ներքո էր տեղի ունենում: Միայն առողջաբժշկական պահանջները ՄԱԿ-ի կողմից հաշվարկվել է մոտ 85 միլիոն դոլար: 
Այս պայթյունի պատասխանատվությունը կարելի է ասել ընկնում է 1992 թվականից այս կողմ կազմված բոլոր իշխանությունների ու 2014 թվականից ստեղծված նախարարների խորհուրդի վրա: Ընդհանրապես մեղքը ընկնում է Լիբանանի քաղաքական համակարգի վրա, որոնք իրենց իշխանությունը ձեռքի խաղալիք էին դարձրել իրենց քաղաքական հարաբերությունների համար և ծառայում էին այս կամ այն խմբավորմանը: Նրանք մեծ մասամբ կախված էին արտաքին ուժերից՝ հատկապես Ամերիկայից, որը իրեն իրավունք էր տալիս միջամտել Լիբանանի ներքին հարցերին: Նման պայմաններում և ֆինանսական ու տնտեսական ճգնաժամի առկայությամբ իշխանությանը անկարող էր սովորական ծառայություններ մատուցել ժողովրդին, օրինակ, վառելիքի, կորոնայի դեմ պայքարի, էլեկտրականության մատակարարման և այլ բնագավառներում: 
Պայթյունից քանի օր անց՝ չընդհատվող ցույցերի արդյունքում Լիբանանի պետությունը ներկայացրեց իր հրաժարականը: Պաշտպանության նախարարն էլ ավելի շուտ էր հրաժարական ներկայացրել: Նրանք բավարարեցին լիբանանի ժողովրդի կամ ցուցարարների պահանջներից մեկը: Ցուցարարները պահանջում էին բարեփոխություններ: 
Այսօր Լիբանանում հնարավոր է ստեղծել մի անցումային կառավարություն, որտեղ նախարարները ոչ մի պատկանելիություն չեն ունենա որևէ քաղաքական կուսակցության կամ խմբավորումների: Նման կառավարություն կարող է լինել ստեղծարար, դեմոկրատիկ ու ազգային: Միայն կառավարությունը ունակ կլինի երկիրը դուրս բերել ճգնաժամից և վերացնել ստեղծված երեք առանցքային խնդիրները՝ 1-Ընթացող տնտեսական փլուզումից, 2-Հաղթահարել  կորոնավիրուսի ժողովրդին հասցրած վնասները և 3- Բեյրութի պայթունի հետևանքները վերացնել: Այս պայթունը կարող է առիթ հանդիսանա երկրի քաղաքական ու տնտեսական համակարգի վերանորոգման, հասարակական նոր և արդար հարաբերությունների առաջացման համար: Ներկա պայմաններում պետք է շեշտը դնել ազգային համագործակցության ու համերաշխության վրա և հեռու մնալ անջատողականությունից:  
Վերջին 30 տարվա ընթացքում Ֆրանսիան և արտաքին այլ ուժեր հովանավորել ու պաշտպանել են Լիբանանի կոռուպացված և ոչ դեմոկրատ ռեժիմներին: Նրանք, հսկելով այդ իշխանություններին, ուղղակի ֆինանսավորել են նրանց: Ֆրանսիան ուղղակի հովանավորել է Փարիզի 1, 2 և 3-րդ կոնֆերանսները և մինչ այժմ Լիբանանի ազատատենչ քաղաքական գործիչ Ջորջ Էբրահիմ Աբդոլան 1984 թվականից գտնվում է Ֆրանսիայի բանտերում: Ֆրանսիան ենթարկվելով Ամերիկայի ու Իսրայելի ճնշումներին, խախտել է Ֆրանսիայի արդարադատության բոլոր որոշումները:   
Ֆրանսիայի ձախակողմյա կուսակցության ղեկավար Ժան Լուկ Մելանշոն իր տուիտերում հայտարարել է. «Ես զգուշացնում եմ Լիբանանի քաղաքական կյանքում միջամտել մասին: Սա ընդունելի չէ: Լիբանանը Ֆրանսիայի հպատակության տակ չի գտնվում: Ես զգուշացնում եմ լիբանանցիներին՝ Մակրոնի կողմից առաջարկված բարեփոխությունների կապակցությամբ: Դուք պաշտպանեք ձեր հեղափոխական քաղաքացիական պահանջները»: Մակրոնը, որ պայթունից անմիջապես հետո գտնվեց Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում, հայտնեց, որ միջազգային օգնությունների հատկացումը կախված կլինի մի շարք քաղաքական բարեփոխություններից:
Լիբանանի նախարարների խորհուրդը հասկացել էր, որ Մակրոնը համաձայնության է եկել պետության հետ ու ծրագրել են խորհրդարանում պրն. Հեսան Դիաբի իշխանության հրաժարականը պահանջել ու փոխել նրանց և բոլոր մեղքերը բարդել նրանց վրա: Նախարարների խորհուրդն էլ որոշեց հենց ինքը հրաժարական տա, որպեսզի այդ բարդ իրավիճակի պատասխանատվությունը չընկնի իրենց վրա: Թվում է, թե գնալով շատ հարցեր կպարզվեն, իսկ պայթունն էլ այդքան պատահական չի կարող լինել:  
Անցյալում նկատվել է, որ երբ ֆրանսիացիները, ամերիկացիները, իսրաելցիները և Սաուդյան Արաբիան որոշեցին Լիբանանից դուրս հանել Սիրիային, Սաուդյան Արաբիան շատ հանգիստ իր ամենակարևոր դաշնակիցներից մեկի՝ «Ռեֆիղ Ալհարիրի» թիկունքը դատարկեց և ահաբեկչություն տեղի ունեցավ ու այդ երևույթը այնքան մեծացրին, որպեսզի կարողանան Սիրիային Լիբանանից հանել:   
Պարզ է դառնում, որ Բեյրութի պայթյունը հազար ու մի պատճառներով ծրագրված է եղել, որպեսզի մի իրավիճակ ստեղծվի, որտեղ կարողանան տապալել ներկայիս իշխանությանը և արևմուտքի պաշտպանությունը վայելող ձեռնտու մի իշխանության մեջտեղ բերեն: Բայց պետք է նկատի ունենալ, որ ցուցարարաների պահանջը ոչ միայն գործադիրի հրաժարականն է, այլ ամբողջ քաղաքական համակարգի, որի մեջ է մտնում նաև խորհրդարանը և նախագահական համակարգը: Չնայած Եվրոպական երկրներն ու Ամերիկան հաճախ նման դեպքերում հազար ու մի խոստումներ են տալիս, որ ամեն ձևով կաջակցեն այս երկրին, սակայն պատմական փաստերը ցույց են տվել, որ հետագայում հաճախ տարբեր պատրվակներով հրաժարվում են իրենց խոստումները կատարելուց:
Լիբանանի խորհրդարանի նախկին անդամների կեսը պատկանում էին «Մարտ 14» ի և այն ճակատին, որ դեմ էին «Հեզբուլահ»-ի և «Դիմադրողականության» ճակատներին: Եվրոպական երկրներն ու Պարսից Ծոցի երկրները խոստացել էին, որ, եթե իրենց համակրող մի պետություն իշխանության գլուխ գա, իրենք կհովանավորեն: Տեսանք, որ, չնայած նրանց համակրող մի պետություն անցավ իշխանության գլուխ, սակայն նրանք ոչ մի օգնություն չցուցաբերեցին Լիբանանին և նույնիսկ Լիբանանին իրավունք չտվեցին աշխատեցնի էլեկտրակայանը: Լիբանանի խորհրդարանի վերջին ընտրություններն էլ արևմուտքի կողմից հովանավորվող պետության կողմից կազմակերպվեց, սակայն, երբ լիբանանցիները տեսան արևմուտքի և արաբների կողմից որևէ դրական քայլեր չի վերցվում իրենց օգնելու կապակցությամբ, իրենց քվեները տվեցին դիմադրողական ճակատի համակիրներին, որոնց թվում էր նաև Հեզբուլան: Հեզբուլայի օգտին արված քվեարկությունը բխում էր նաև այն իրականությունից, որ ժողովուրդը տեսել էր, թե ինչպես միայն Հեզբուլան է մուսլմաների ու քրիստոնեաների պաշտան կանգնել դաեշի դեմ: Սա այն պայմաններում էր, որ «Ալմոստաղբալ» ճակատը, որը ղեկավարում էր Սադ Օլհարիրին պաշտպանում էր հակասիրիական ուժերին ու դաեշին ևս Ալնոսրա ճակատին: Որոշները  կարծում են, որ հենց այս ճակատն էլ նման պայթուցիկ նյութերը հակասիրիական ուժերին հասցնելու համար Բեյրութի նավահանգստում է տեղավորել:      
Ամերիկացիները այն երկրներում, որտեղ խորհրդարանական ընտրություններ են տեղի ունենում և իրենց ենթակա ուժերը չեն ընտրվում կամ մեծամասնություն չեն կազմում, իրենց ենթակա ուժերին փողոց են հանում, որպեսզի տապալեն օրինական խորհրդարանը ու կրկին իրենց ուժերին բերեն խորհրդարան և ենթարկեն իրենց քաղաքականությանը: Նույնը մտադիր էին անել Լիբանանում, սակայն Լիբանանի խորհրդարանը ընտրվել է ժողովրդի ձայներով և իր ձեռքում է նաև ռազմական ուժերի մեծ կամ գերակայող մասը և այնպես չէ, որ Ամերիկան կարողանա այստեղ էլ Ուկրաինայի նման իր ծրագիրը իրագործի: Ամերիկացիները և ֆրանսիացիները մտադիր են Լիբանանում էլ Իրաքի նման վարվեն, որ իրենց ձեռնտու մի վարչապետ գործի գլուխ գա: Հեզբոլան ցույց է տվել, որ միշտ որոշիչ դերակատարություն ունի և կարծես սպասում է, որ Ամերիկան ու Ֆրանսիան իրենց խաղերը խաղան ու հետո ինքը իր աշխատանքը կատարի, որը մեծ մասամբ որոշիչ դեր է ունենում Լիբանանի համար: 
Դոկտ. Ռուբիկ Սարդարյան,
Rubik Sardarian 
Թեհրան, 20/08/2020


 

No comments:

Post a Comment