The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Sunday 23 January 2022

ՄԱՐԻԱՄ ԱԼՈՅԱՆ. Նոր ձայն, կատարողական նոր ոճ, նոր անուն՝ եվրոպական բեմում

Ընդամենը մի քանի տարի առաջ էր: Մարիամի ելույթը օպերային դահլիճում հիացրեց օտարերկրյա կատարողներին ու հենց այդ պահին նրանք որոշեցին՝ Մարիամ Ալոյանը անպայման պետք է ձայնը մշակի Եվրոպայում՝ ճանաչված մասնագետների մոտ։ Մարիամը աշխատում էր եռանդով՝ մասնագիտական հմտություններից բացի նաև լեզուներ էր սովորում, կատարելագործում էր հմտությունները՝ նախապատրաստվելով իր երազանքի իրականացմանը։ Ով մեկ անգամ լսում էր Մարիամի կախարդական ձայնը, հուզառատ կատարումը, այլևս չէր կարողանում անտարբեր անցնել նրա տաղանդի կողքով։ 

Մարիամը Անուշի դերում
Մարիամը Անուշի դերում

Այսօր արդեն Երևանի կոնսերվատորիայի շրջանավարտ տաղանդաշատ հայուհուն մեծ հուզմունքով և ոգևորությամբ են դիմավորում եվրոպական բեմերում։ Մարիամ Ալոյանը կատարելով արիաներ հայտնի եվրոպացի ստեղծագործողների գործերից, շարունակում է նրանց ներկայացնել նաև հայտնի հայերի գործեր, որոնք Մարիամի մեկնաբանմամբ գրավում  և հիացմունք են պատճառում նրբաճաշակ եվրոպական հասարակությանը։

Աստծո կամքով և օգնությամբ Մարիամը մեկնում է Շտուտգարտ՝ մշակելու ձայնը, կատարելագործելու ունակությունները, հղկելու կատարողական արվեստը։ Մարիամը հասցնում է նաև հաճախել թանգարաններ, պատկերասրահներ, դիտել իր սիրած նկարիչների գործերը։ Եվրոպական բեմերը մեկը մյուսի ետևից հավանության են արժանացնում երիտասարդ հայուհու կատարումները, որը Մարիամին համար դառնում է պարտավորեցնող։  Նրա ընկերուհին՝ Աննա Ավդալյան, նույնպես երգչուհի է և Գերմանիայում մշակում է ձայնը:

Հաջողությունը ոգևորում Մարիամին, աշխատասեր լինելուց բացի նա  պատվախնդրորեն է մոտենում գործին։ Հայի ոգին ուժեղ է մեջը, անկորտրում կամքը տրամադրում է  էլ ավելի եռանդով ու նվիրումով աշխատել։ Ամեն կարճատև արձակուրդի հայրենիք ու ընտանիքի մոտ վերադառնալիս երիտասարդ երգչուհին ավելի մեծ պատասխանատվությամբ ու պահանջկոտությամբ է վերաբերվում իրեն ու  օպերային արվեստի հայ ունկնդիրներին, ովքեր Մարիամի յուրաքանչյուր ելույթի մեծ անհամբերությամբ են սպասում։ Այդպիսի ելույթներից էր սեպտեմբերի 9-ին Կամերային երաժշտության տանը Մարիամի կատարումը ՀՀ պետական կամերային  նվագախմբի հետ՝  հանրաճանաչ դիրիժոր Մլքեյանի ղեկավարությամբ։ 

Մարիամը կատարումներ էր ծրագրել նաև Նիդերլանդներում: Ցավոք՝ պայմանավորվածությունները քովիդի ճգնաժամի պատճառով,  հետաձգվեց մի այլ պատեհ առիթի:

Նաիրա ԳԱՍՊԱՐՅԱՆ

Նիդ.օրագիր

Երևան


No comments:

Post a Comment