The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Wednesday 12 July 2023

Կյանքից հեռացել է պատմաբան Ռիչարդ Հովհաննիսյանը

 

Այդ մասին հայտնում է Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը:

Ռիչարդ Հովհաննիսյանը Կալիֆորնիայի պետական համալսարանի Արդի հայոց պատմության ամբիոնի հիմնադիրն ու առաջին վարիչն էր:

 Ռիչարդ Հովհաննիսյանը Հայաստանի առաջին արտաքին գործերի նախարար Րաֆֆի Հովհաննիսյանի հայրն է:

 ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռիչարդ Հովհաննիսյանը ծնվել է 1932 թ. նոյեմբերի 9-ին Կալիֆորնիայի նահանգի Թուլերի քաղաքում: Նրա հայրը` Գասպար Գավրոյանը, ծնունդով Արևմտյան Հայաստանի Խարբերդ գավառի Բազմաշեն գյուղից էր: Գասպարի հորը տանում են «բանակ»` «կռվելու» Թուրքիայի թշնամիների դեմ, իսկ գերդաստանի կանանց ու երեխաներին քշում են դեպի Եփրատ գետ: Հենց այդ ժամանակ էլ մի քուրդ Գասպարին խլում է մոր ձեռքից և որպես ծառա տանում իր տուն: Հենց սա էլ դառնում է մանուկ Գասպարի  փրկության, բայց և տառապանքների սկիզբը: 

    14-ամյա Գասպարն ականատես է լինում ցեղասպանության ողջ զարհուրանքին. գրեթե 2 տարի դեգերում է Արևմտյան Հայաստանում, կռվում Անդրանիկի գլխավորած բանակում: 1920թ. Կոստանդնուպոլսից փախչում է Ֆրանսիա, այնտեղից էլ՝ Միացյալ Նահանգներ: Հասնելով «ազատության» երկիր՝ նա որոշում է փոխել իր կյանքը՝ անցյալում թողնելով վիշտն ու անդառնալի կորուստը և նոր գերդաստանի հիմքը դնել: Սահմանն անցնելու համար Գասպարից պահանջում են անձը հաստատող փաստաթուղթ: Փաստաթուղթ չուներ, հարցնում են ազգանունը, չգիտեր, որոշում է հոր անունով իր ազգանունը կոչել  Հովհաննիսյան:

    1925 թ. Գասպարը հասնում է Թուլերի, որտեղ ապրում էր նրա քեռին` Մանուկ Տեր-Սարգսյանը: Վերջինս այնտեղ մի մեծ ագարակ ուներ: Քեռու օգնությամբ Գասպարն արագ ոտքի է կանգնում, աշխատանք գտնում մոտակա վարսավիրանոցում, 1927 թ. ամուսնանում է Սիրուն Նալբանդյանի հետ: 1930-ական թվականներին վերջապես իրականանում է Գասպարի երազանքը. նա կարողանում է գնել  մի հողակտոր և խաղողի այգիներ տնկում: Գասպարն ու Սիրունը 4 զավակ են ունենում` Հովհաննեսը, որին մայրն անվանափոխում է Ջոնի, Րաֆֆին` Ռալֆը, Ռիչարդը  և վերջապես՝ Վերնոնը (Վարդգես): Երեխաները մեծանում են հոր հիմնած ագարակում՝ հարուստ խաղողի այգիներով: Նրանք հաճախ են հնարավորություն ունենում վայելելու Արսեն Միքայելյանի, Սիմոն Վրացյանի,  բազմաշենցի հայրենակից Ահարոն Գրիգորյանի (Քըրք Քըրքորյանի հայրը) և այլոց ներկայությունը: 

    1946 թ. աշնանը Ռիչարդն ընդունվում է Թուլերի Յունյոն ավագ դպրոց և հասկանում, որ ուզում է զբաղվել պատմությամբ ու դառնալ ուսուցիչ: 1950թ. Ռիչարդը ճանաչվում է Թուլերի Յունյոն ավագ դպրոցի լավագույն աշակերտ և ստանում ավարտական ճառն ասելու իրավունքը: Հետագա ուսումը շարունակելու համար նա մեկնում է Ֆրեզնո: Երիտասարդ Ռիչարդն իր արտաքին առանձնահատկությունների շնորհիվ` կանաչաչյա, սպիտակամաշկ, փոքր քթով, ինչպես նաև ամերիկյան բարբառի հրաշալի իմացությամբ արագ գտնում է իր տեղը ամերիկյան հասարակության մեջ: Ռիչարդն իր հայկական ինքնության աղբյուրը գտնում է Ֆրեզնոյի Սուրբ Երրորդություն հայ առաքելական եկեղեցում, որտեղ նա հաճախում էր երգչախումբ: Ֆրեզնոյի ՀՅԴ և Ասպարեզ օրաթերթերի գրասենյակներում նա հաճախում էր նաև Հայ երիտասարդաց դաշնակցության հանդիպումներին, թեև այդպես էլ երբեք կուսակցական չի դառնում:

    Ֆրեզնոյի համալսարանում պրոֆեսոր Հերբերթ Ֆիլիփսի դասախոսությունների շնորհիվ նա հասկանում է, որ պատմությունը կարող է մեռնել, եթե մոռացվի: 1952 թ. սեպտեմբերին իրականանում է երիտասարդ Ռիչարդի փայփայած երազանքը. նա ընդունվում է Բերկլիի համալասարան: 

    1952 թ. երիտասարդ Ռիչարդը մասնակցում է Սան Ֆրանցիսկոյի համայնքի կազմակերպած մի քննարկման, որտեղ բանախոսը Սիմոն Վրացյանն էր: Զրույցի ժամանակ Վրացյանը նրան առաջարկում է մեկնել Լիբանան` Նշան Փարաջյանի համազգային ճեմարան, այնտեղ անցկացնել մեկ տարի և հայերեն սովորել: 

    1954 թ. Ռիչարդ Հովհաննիսյանն ավարտում է Բերկլիի համալսարանը և մեկ տարի անց` 1955 թ., հետևելով Վրացյանի խորհրդին, մեկնում Լիբանան: Լիբանանում ճեմարանի ուսանողները նրան մեծ ջերմությամբ են ընդունում: Նրանց մեջ էր նաև Վարդան Գրիգորյանը (ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, նրա մասին նյութը կկարդաք հաջորդիվ), որն իր ուսերին էր վերցրել արևելահայերենի և արևմտահայերենի տարբերությունները սովորեցնելու գործը: Արդեն 1956 թ., հեռանալով Բեյրութից, Ռիչարդը վարժ խոսում և գրում էր հայերեն: 

    1957 թ. Ռիչարդն ամուսնանում է իր վաղեմի ընկերուհու՝ բժշկուհի Վարդիթերի հետ, ում ճանաչում էր դեռևս 1950 թվականից: Այդ ամուսնությունից ծնվում են Րաֆֆին, Արմենը, Անին և Կարոն: 

    Ռիչարդը սկզբնական շրջանում դասավանդում էր Լոնգֆելոյի միջնակարգ դպրոցում՝ ուսուցանելով աշխարհագրություն, պատմություն և անգլերեն: Սակայն նա անդադար մտածում էր Հայաստանի մասին (թեկուզև այն խորհրդային էր) և ցանկանում էր իր աչքով տեսնել Ավետյաց երկիրը: 1959 թ.՝ ամռանը, Ռիչարդն առաջին անգամ ժամանում է Խորհրդային Հայաստան. զգացողությունները հակասական էին:

    1962 թ. Ռիչարդ Հովհաննիսյանը Գուստավ ֆոն Գրունեբաումից` Լոս Անջելեսի կալիֆորնյան համալսարանի (UCLA) Մերձավոր Արևելքի ուսումնասիրության կենտրոնի տնօրենից, առաջարկ է ստանում աշխատել իրենց համալսարանում` միաժամանակ լծվելով թեկնածուական ատենախոսության պատրաստման գործին: 1966 թ. նա մեծ հաջողությամբ պաշտպանում է գիտական ատենախոսությունը` «Հայաստանը անկախության ճանապարհին» թեմայով: 1968 թ.՝ գարնանը, Ռիչարդ Հովհաննիսյանի անմիջական մասնակցությամբ Լոս Անջելեսի մոտակայքում` Մոնթեբելլոյի Բիքնել զբոսայգում, ութասյուն հուշարձան է բացվում, որը նվիրված էր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Այդ օրը նրան հաջողվում է մի պահ համախմբել ԱՄՆ-ի բոլոր հայերին` անկախ կուսակցական կամ անձնական տարաձայնություններից:

    1972 թ. Ռիչարդ Հովհաննիսյանը դառնում է Հայաստանի և Մերձավոր Արևելքի պատմության պրոֆեսոր: Նա զբաղեցնում է Հայոց և կովկասյան պատմության բակալավրի, մագիստրոսի և գիտությունների թեկնածուի աստիճաններ շնորհող ծրագրերի ղեկավարի պաշտոնը (1962-ից)։ Նա Հայ կրթական հիմնարկության հայ ժողովրդի արդի պատմության ամբիոնի առաջին վարիչն էր (1987-ից), Հայագիտական հետազոտությունների ընկերության հիմնադիր նախագահը (1974, 1977, 1991–1992, 2006-2009): Նա Գուգենհայմի պատվավոր գիտնական է:

    Ռիչարդ Հովհաննիսյանը 70-ից ավել գիտական հոդվածների և շուրջ 20 մենագրությունների հեղինակ է, որոնցից խիստ արժեքավոր են «Հայաստանն անկախության ճանապարհին» (1967), «Հայաստանի Հանրապետություն» քառահատորյակը (1981-1996), «Հայոց Ցեղասպանությունը» (1980), «Հայկական պատկերը պատմության ու գրականության մեջ» (1981), «Հայոց ցեղասպանությունը. պատմություն, քաղաքականություն, էթիկա» (1992), «Հայ ժողովուրդը հնագույն շրջանից մինչ ժամանակակից շրջան» երկհատորյակը (1997), «Հիշողություն և մերժում. Հայոց ցեղասպանության խնդիրը» (1998), «Հայոց ցեղասպանությունը. մշակութային և բարոյական ժառանգությունը» և այլն: Մեծ հայագետը լծված էր մեկ այլ աշխատանքի ևս. խմբագրում էր պատմական Հայաստանի քաղաքների և նահանգների պատմությունը, որոնց թվում` Հայկական Վան/Վասպուրական, Հայկական Բաղեշ/Բիթլիս և Տարոն/Մուշ, Հայկական Խարբերդ, Հայկական Կարին, Հայկական Կիլիկիա, Հայկական Կարս և Անի, Հայկական Զմյուռնիա/Իզմիր և այլն: 

    1982 թ. իր կատարած աշխատանքների համար Հովհաննիսյանն արժանանում է Սուրբ Մեսրոպ Մաշտոց շքանշանին Մեծի Տանն Կիլիկո կաթողիկոս Գարեգին 2-ի (Սարգսյանի) կողմից, 2001 թ. Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2-ը (Ներսիսյան) նրան շնորհում է Սուրբ Սահակ և Մեսրոպ շքանշանը, 2001 թ. Նորին սրբություն Արամ 1-ի կողմից նրան շնորհվում է Կիլիկո ասպետ շքանշանը: 

    Ռիչարդ Հովհաննիսյանը այժմ էլ հնարավորության դեպքում սիրով գալիս է Հայաստան և իր գիտելիքները փոխանցում հայ երիտասարդ մասնագետներին և գիտնականներին:  

    Հաշվի առնելով Ռիչարդ Հովհաննիսյանի գիտական, մանկավարժական, հայապահպանության գործում ունեցած մեծ վաստակը, ինչպես նաև մայր հայրենիքի հետ սերտ կապերը՝ Գիտությունների ակադեմիան 1990 թվականին նրան ընտրել է ԳԱԱ արտասահմանյան անդամ: Ի դեպ, նա հասարակագիտության բնագավառի առաջին գիտնականներից է, որն ընտրվել է որպես ԳԱԱ արտասահմանյան անդամ: 1994 թ. նա դարձել է Երևանի պետական համալսարանի, իսկ 1997 թ.` Արցախի պետական համալսարանի պատվավոր դոկտոր:

    Ռիչարդ Հովհաննիսյանը ցայսօր մեծ ջանքեր է ներդնում հայապահպանության, ցեղասպանության ճանաչման գործում, համագործակցում Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի և գիտակրթական այլ հաստատությունների հետ:

Կազմեց` Գոհար Իսկանդարյանը, պ.գ.թ. դոցենտ

ՀՀ ԳԱԱ սփյուռքի բաժնի գիտքարտուղար




Մաթո ՀԱԽՎԵՐԴՅԱՆ
 

(Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի նախագահ)

Խորապես ցավում եմ պրոֆեսոր Հովհաննիսյանի մահը։ Ես այն երջանիկներից մեկն եմ, որ առիթ եմ ունեցել 2014 թվականին Հաագայում հյուընկալել Ռիչարդ և Վարդիթեր Հովաննիսյաններին, երկար զրուցել նրանց հետ և նրանց ուղեկցել Ամստերդամ և Ալմելո, որտեղ Ռիչարդ Հովհաննիսյանը հույժ հետաքրքիր դասախոսությամբ հանդես եկավ հայ լսարանի առջև։ Պրոֆ. Ռիչարդ Հովհաննիսյանի համար ծանր կորուստ էր նրա կնոջ` դոկտ. Վարդիթեր Կոճոլոզյան-Հովհաննիսյանի մահը։ Այդուհանդերձ նա հասցրեց ավարտել Նոր Ջուղայի մասին իր ուսումնասիրությունը և պատրաստվում էր այդ նյութը ներկայացնել Նիդերլանդներում և եվրոպական մի շարք երկրներում։

Փառք ու պատիվ մեծ գիտնականի անմահ հիշատակին։

Պրոֆեսոր Հովհաննիսյանիը 2014 թվականին Հաագայում 


No comments:

Post a Comment