The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Saturday 12 October 2024

Սրբոց Թարգմանչաց տոնը Կալկաթայում

 

Այսօր  Հայաստանյաց Առաքելական Սուրբ  եկեղեցին տոնախմբեց Սրբոց Թարգմանչաց տոնը, որը դարեր ի վեր եղել է մեր եկեղեցու ամենափառավոր տոներից մեկը։ 

Հայ գրի ծնունդը մեր պատմական ճանապարհի երկար սպասված հանգրվանն էր` արմատներն անցյալում, բունը` 5-րդ դարի արշալույսին, ճյուղերն ու պտուղները ` մեր օրերում և... հավերժության մեջ ։ Անցյալը ներկային, ներկան գալիքին կապող անխորտակելի կամուրջ- այբուբենը մեզ կապում է նաև... մեզ հետ։ Աշխարհասփյուռ բոլոր հայերի հայացքներն ուղղվում են դեպի Հայրենիք Մեծ Մեսրոպի լույսի ձգողությամբ։ Ս. Վարդապետի ոգին հայությանը կանչում է Արարատ, Էջմիածին ու Օշական։ Մեսրոպաբույր  հայոց գիրը հավիտենություն տանող ճանապարհի մեր մշտական ուղեկիցն է։ Մեծ Մաշտոցի մեզ տված ազգային, քաղաքական, մշակութային հասունության վկայականին` այբուբենին հաջորդեց Թարգմանչաց շարժումը, որի թագն ու պսակը եղավ Աստվածաշնչի հայատառ թարգմանությունը։ Շնորհիվ որի ամեն անգամ նորովի ենք կարողանում ապրել, խորանալ մեր հավատքի մեջ ու միանալ մեր Տիրոջը։

Ուստի այս օրը տոնն է  մեր ինքնության,աստվածաբույր գրքի, արթուն մտքի ու հաստատուն իմաստության։

Վերոհիշյալ դեպքերին էր նվիրված տարվույս, հոկտեմբերի 11-ի երեկոյան, Սրբոց Թարգմանչաց տոնի նախատոնակին ,Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանում «Հայոց պատմության» և «Հայ Եկեղեցու պատմության» ուսուցչուհի տ. Լիանա Փիրումյանի կազմակերպած յուրօրինակ «ԱՍՏՎԱԾ ԽՈՍՈՒՄ Է ՀԱՅԵՐԵՆ․․․» միջոցառումը։ 

Միջոցառման ընթացքում  աշակերտները, մարմնավորելով Ս. Մեսրոպ Մաշտոց վարդապետին, Ս. Սահակ Պարթև հայրապետին, Վռամշապուհ արքային, ինչպես նաև Ս. Մեսրոպի և Ս.Սահակի աշակերտներին, ասես վերապրեցին ու հանդիսատեսին փոխանցեցին հայոց ոսկեդարի շունչը։

Միջոցառումը համեմված էր նաև  հոգևոր ասմունքով ու շարականներով։ Հատկապես  տպավորիչ էին «Է անուն Տեառն» և Վարդան վարդապետ Արևելցու  «Որք զարդարեցին» շարականների հոգեպարար  կատարումները ճեմարանականների շուրթերով։

Ավարտին տիկին Լիանա Փիրումյանն իր պատգամն ուղղեց աշակերտներին՝ պահելու և պահպանելու մեսրոպաբույր հայոց լեզուն, քանի որ, ինչպես բրիտանացի հայտնի գրող և հայասեր Ջորջ Բայրոնն է ասել՝ «Աստծո հետ խոսելու միակ լեզուն հայերենն է»։

Միջոցառումը  եզրափակվեց Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանի կառավարիչ Տ․ Տաճատ վարդապետ Ծատուրյանի խոսքով։ Հայր Սուրբը նախ շնորհակալություն հայտնեց տիկին Փիրումյանին՝ ևս մեկ կարևոր պատմական իրադարձություն հրաշալիորեն ներկայացնելու համար, ապա անդրադարձավ Թարգմանչաց տոնի խորհրդին`  շեշտելով«երկրի վրա երկնային ճշմարտության թարգմանիչների» և «հայոց ոսկեդարի ճարտարապետների»  առաքելության կարևորությունը։ Հայր Սուրբն աշակերտներին հորդորեց հոգատարությամբ ու նախանձախնդրորեն վերաբերվել հայոց լեզվի, գրականության, պատմության ուսուցմանը, որպեսզի վերջիններս զինվեն այն ուժով ու զորությամբ,  որ իր մեջ ունի աստվածապարգև հայոց լեզուն։

Միջոցառումն ավարտվեց «Պահպանիչ» աղոթքով։









No comments:

Post a Comment