The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Sunday, 1 November 2026

Ինչի՞ հետևանք էր Թրամփի համաձայնագիրը․ Հայաստանը՝ ռուս-թուրքական ազդեցության և ամերիկյան նոր նախաձեռնության միջև


44-օրյա պատերազմից մինչև Վաշինգտոնի համաձայնություն․ ինչպե՞ս փոխվեց Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական պատկերը, ինչո՞ւ Միացյալ Նահանգները ներգրավվեց Սյունիքի ճանապարհի հարցում, և ի՞նչ այլընտրանք է առաջարկում Հայաստանի ընդդիմությունը։

Ներածություն

Թրամփի նախաձեռնությունը երկնքից չընկավ։ Այն 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Հարավային Կովկասում ձևավորված աշխարհաքաղաքական հակասությունների, Ռուսաստանի ազդեցության պահպանման փորձերի, Ադրբեջանի տարածքային հավակնությունների և Արևմուտքի աստիճանաբար մեծացող ներգրավվածության հետևանք էր։

Եթե փորձենք հասկանալ, թե ինչու Միացյալ Նահանգները որոշեց ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցությունների ապաշրջափակման գործընթացում առանցքային դեր, պետք է վերադառնանք ոչ թե 2025 թվականի օգոստոս, այլ 2020 թվականի աշուն։

Այդ ժամանակներից ի վեր Հայաստանի շուրջ ձևավորվող իրադարձությունները մեկ ընդհանուր տրամաբանություն ունեն՝ ո՞վ է վերահսկելու տարածաշրջանային հաղորդակցությունները, ո՞վ է որոշելու Հարավային Կովկասի անվտանգության կանոնները և, ի վերջո, ո՞ր աշխարհաքաղաքական կենտրոնի ազդեցության ներքո է հայտնվելու Հայաստանը։

Պատերազմ, որի հետևանքները դեռ շարունակվում են

44-օրյա պատերազմը ցույց տվեց, որ Ադրբեջանն ու Թուրքիան գործում էին սերտ համագործակցությամբ և Ռուսաստանի լուռ համաձայնությամբ։ Թուրքիայի քաղաքական, ռազմական և տեխնոլոգիական աջակցությունը վճռորոշ նշանակություն ունեցավ Ադրբեջանի ռազմական հաջողությունների համար։ Ռուսաստանը, որը Հայաստանի ռազմավարական դաշնակիցն էր և տարածաշրջանում ազդեցության հիմնական կենտրոնը, չկանխեց պատերազմը։

2021 թվականի մարտի 17-ին Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, խոսելով ռուս-թուրքական հարաբերությունների և Լեռնային Ղարաբաղի շուրջ հետպատերազմյան գործընթացների մասին, այն բնութագրեց որպես շատ բարդ օպերացիա՝ հատուկ ընդգծելով Թուրքիայի ներգրավվածությունը և երկու երկրների միջև իրականացված աշխատանքը։

Իսկ ո՞ւմ շահերի շրջանակում էր իրականացվում այդ օպերացիան և ի՞նչ արդյունք տվեց այն Հայաստանի համար։

Այս հարցն այսօր էլ մնում է քաղաքական ու պատմական քննարկման առարկա։

Պատերազմի արդյունքում Արցախը կորցրեց իր տարածքների մեծ մասը, իսկ 2023 թվականի սեպտեմբերին ադրբեջանական ռազմական գործողությունից հետո հայաթափվեց ամբողջությամբ։

Ռուս խաղաղապահների ներկայությունը չկանխեց այդ ողբերգությունը։ Նրանք չկարողացան ապահովել կամ ավելի շուտ չուզեցին ո՛չ Լաչինի միջանցքի անխափան գործունեությունը, ո՛չ էլ Արցախի հայ բնակչության անվտանգությունը։

Այս ամենից հետո դժվար էր անտեսել մի իրողություն՝ Ռուսաստանի անվտանգության երաշխավորի դերը Հայաստանի և Արցախի համար լուրջ հարցականի տակ էր հայտնվել։

Սյունիքը՝ աշխարհաքաղաքական նոր դիմակայության կենտրոն

Պատերազմի ավարտից հետո ուշադրության կենտրոնում հայտնվեց Հայաստանի Սյունիքի մարզը։

2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետը նախատեսում էր տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակում։ Դրանում առանձին նշվում էր Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև կապի ապահովումը, իսկ հաղորդակցության նկատմամբ վերահսկողության գործառույթը նախատեսվում էր վերապահել Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայությանը։

Այս դրույթը Մոսկվայի համար կարևոր աշխարհաքաղաքական հնարավորություն էր։ Ռուսաստանը կարող էր պահպանել իր ազդեցությունը տարածաշրջանային ճանապարհների և տրանսպորտային հաղորդակցությունների կառավարման հարցում։

Ադրբեջանի պահանջներն ավելի հեռուն էին գնում։ Բաքուն առաջ էր մղում այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» գաղափարը՝ ձգտելով Հայաստանի տարածքով ապահովել Ադրբեջանի հիմնական հատվածի և Նախիջևանի կապը՝ հնարավորինս նվազեցնելով հայկական վերահսկողության դերը։

Հայաստանի համար խնդիրը պարզապես ճանապարհի կառուցումը չէր։ Հարցը վերաբերում էր ինքնիշխանությանը՝ ո՞վ էր վերահսկելու սահմանը, մաքսային ընթացակարգերը, մարդկանց և բեռների տեղաշարժը։

Ադրբեջանը բազմիցս խախտեց սահմանային իրավիճակի կայունությունը։ 2021 թվականի մայիսին և 2022 թվականի սեպտեմբերին ադրբեջանական զինված ուժերը ներխուժեցին Հայաստանի ինքնիշխան տարածք՝ ստեղծելով նոր սպառնալիքներ։

Այս պայմաններում նոյեմբերի 9-ի հայտարարությամբ նախատեսված հաղորդակցությունների բացման մոդելը փաստացի մնաց չիրականացված։

Ամերիկյան դիվանագիտությունը Սյունիքում․ դեռևս 2021 թվականին

Սյունիքի նկատմամբ ամերիկյան ուշադրությունը սկսվել էր շատ ավելի վաղ, քան Թրամփի նախաձեռնությունը։

2021 թվականի ապրիլի 18-22-ը Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին այցելեց Սյունիքի մարզ։ Նա եղավ Սիսիանում, Մեղրիում, Կապանում և Գորիսում, հանդիպեց մարզային ու համայնքային ղեկավարների, ինչպես նաև ամերիկյան ծրագրերի շահառուների հետ։

Այցի պաշտոնական նպատակներից էր տեղում ծանոթանալ սահմանային հակամարտության և համավարակի հետևանքներին։

Հատկանշական է նաև այդ օրերին մամուլում տարածված տեղեկությունը։ Mediaport-ը 2021 թվականի ապրիլի 23-ին հայտնեց, որ ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին և Նիկոլ Փաշինյանը գիշերել են Քաջարան համայնքի Անդոկավան գյուղի «Արմենիա» հյուրանոցում։

Այս տեղեկությունը պաշտոնապես չի հաստատվել դեսպանատան կողմից, սակայն այն ժամանակ մեծ արձագանք գտավ հայկական մամուլում։

Ինչո՞ւ էր ամերիկյան դիվանագիտությունն այդքան ուշադիր հետևում Սյունիքում տեղի ունեցող իրադարձություններին։

Պատասխանը պետք է փնտրել ոչ միայն հայ-ամերիկյան հարաբերություններում, այլև տարածաշրջանի ռազմավարական նշանակության մեջ։ Սյունիքը Հայաստանի հարավային դարպասն է, իսկ դրա նկատմամբ վերահսկողության հարցը կարող էր փոխել ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ տարածաշրջանի ուժերի հարաբերակցությունը։

Եվրոպան ևս աստիճանաբար ներգրավվեց գործընթացում։ 2023 թվականի փետրվարին Հայաստանում սկսեց գործել ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությունը՝ սահմանային իրավիճակը դիտարկելու և միջադեպերի մասին տեղեկատվություն հավաքելու նպատակով։

Եվրոպական դիտորդները ռազմական ուժ չէին, սակայն նրանց ներկայությունը սահմանային իրադարձությունները դարձնում էր միջազգային ուշադրության առարկա։

Այսպիսով, Հայաստանը սկսեց անվտանգության լրացուցիչ հենարաններ որոնել՝ դուրս գալով բացառապես ռուսական համակարգից կախվածության շրջանակներից։

Բայդենի վարչակազմից մինչև Թրամփ․ ամերիկյան քաղաքականության շարունակականությունը

Կարևոր է հիշել, որ Հայաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունների խորացումը Թրամփի նախագահության հետ չի սկսվել։

2025 թվականի հունվարի 14-ին՝ Ջո Բայդենի վարչակազմի օրոք, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ու Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը Վաշինգտոնում ստորագրեցին Հայաստանի և ԱՄՆ-ի ռազմավարական գործընկերության խարտիան։

Փաստաթուղթը նախատեսում էր համագործակցություն տնտեսության, էներգետիկայի, անվտանգության, պաշտպանության, ժողովրդավարության, տեխնոլոգիաների և տարածաշրջանային հաղորդակցությունների ուղղություններով։

Խարտիայում հստակ ամրագրված էր Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ ամերիկյան աջակցությունը։

Սա նշանակում է, որ ամերիկյան ներգրավվածությունն ու Հայաստանի հետ ռազմավարական հարաբերությունների զարգացումը ձևավորվել էին դեռևս Բայդենի վարչակազմի օրոք։

Այդ ժամանակաշրջանում Ադրբեջանը շարունակում էր ճնշում գործադրել Հայաստանի վրա, իսկ Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի արձագանքը չէր ապահովում այն անվտանգային երաշխիքները, որոնց ակնկալում էր Երևանը։

Հնարավոր չէ հստակ ասել, թե ինչպիսի զարգացումներ կլինեին, եթե Վաշինգտոնը չմեծացներ իր ներգրավվածությունը։ Բայց կարելի է արձանագրել, որ ամերիկյան դիվանագիտությունը Հայաստանի համար ստեղծեց արտաքին քաղաքական լրացուցիչ հնարավորություններ։

Թրամփը, վերադառնալով Սպիտակ տուն, այդ արդեն ձևավորված գործընթացին հաղորդեց նոր քաղաքական և տնտեսական բովանդակություն։

Վաշինգտոն․ ճանապարհի շուրջ նոր աշխարհաքաղաքական պայմանավորվածություն

2025 թվականի օգոստոսի 8-ին Դոնալդ Թրամփի միջնորդությամբ Վաշինգտոնում հանդիպեցին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Հանդիպման արդյունքում ստորագրվեց համատեղ հռչակագիր, իսկ խաղաղության համաձայնագրի տեքստը նախաստորագրվեց։

Առանձնահատուկ նշանակություն ստացավ Հայաստանի տարածքով Ադրբեջանի հիմնական հատվածի և Նախիջևանի միջև հաղորդակցության կազմակերպման հարցը։

Առաջ քաշվեց «Թրամփի ուղին՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման»՝ TRIPP նախագիծը։

Դրա քաղաքական տրամաբանությունը պարզ էր․ ճանապարհը պետք է գործի Հայաստանի ինքնիշխանության և իրավազորության պահպանմամբ, բայց նախագծի զարգացման ու տնտեսական կառավարման մեջ ներգրավվի Միացյալ Նահանգները։

Սա սկզբունքային փոփոխություն էր 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ նախատեսված ռուսական վերահսկողության մոդելի համեմատ։

2026 թվականի մայիսի 26-ին հրապարակված հայ-ամերիկյան շրջանակային համաձայնագրով նախատեսվեց TRIPP զարգացման ընկերության ստեղծում՝ ամերիկյան 74 և հայկական 26 տոկոս բաժնեմասերով։ Նախնական ժամկետը 49 տարի է, իսկ փոխադարձ համաձայնությամբ ևս 50 տարով երկարաձգելու դեպքում Հայաստանի բաժնեմասը նախատեսվում է հասցնել 49 տոկոսի։

Կարևոր է ընդգծել, որ այս բաժնեմասերը վերաբերում են զարգացման ընկերությանը, ոչ թե Հայաստանի տարածքին։ Համաձայնագրով Հայաստանի ինքնիշխանությունը, սահմանային, մաքսային և իրավապահ լիազորությունները պահպանվում են։

Միաժամանակ երկարաժամկետ կառավարման և տնտեսական շահերի հարցերը պահանջում են մանրակրկիտ վերահսկողություն։

Ինչո՞ւ ընդդիմությունը դեմ քվեարկեց

2026 թվականի հոկտեմբերի 28-ին Հայաստանի Ազգային ժողովը 63 կողմ և 32 դեմ ձայներով վավերացրեց TRIPP-ի վերաբերյալ հայ-ամերիկյան շրջանակային համաձայնագիրը։

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը քվեարկեց կողմ, իսկ «Հայաստան» և «Ուժեղ Հայաստան» խմբակցությունները՝ դեմ։

Ընդդիմության հիմնական փաստարկներից են Ադրբեջանի նկատմամբ բավարար երաշխիքների բացակայությունը, տնտեսական շահերի անհստակությունը, հաղորդակցությունների փոխադարձության հարցը և խաղաղության համաձայնագրի վերջնական ստորագրման անհրաժեշտությունը։

Մասնավորապես, հնչել է այն դիրքորոշումը, որ նախ պետք է ստորագրվի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը, և միայն դրանից հետո կարելի է համաձայնություն տալ TRIPP նախագծին.
Բայց այստեղ առաջանում է տրամաբանական հարց.
Ի՞նչ կապ ունի խաղաղության համաձայնագրի վերջնական ստորագրումը հաղորդակցությունների զարգացման վերաբերյալ առանձին հայ-ամերիկյան շրջանակային համաձայնագրի վավերացման հետ։

Իհարկե, երկու գործընթացները քաղաքական առումով փոխկապակցված են։ Սակայն դրանց իրավական բովանդակությունը նույնը չէ։ Ճանապարհի նախագիծը կարող է ունենալ իր ինքնուրույն տնտեսական ու իրավական մեխանիզմները, իսկ խաղաղության պայմանագիրը՝ իր առանձին պարտավորությունները։

Եթե ամեն ինչ պայմանավորենք բոլոր հարցերի վերջնական լուծմամբ, ապա ո՞ր պահին և ի՞նչ մեխանիզմով պետք է սկսվի իրական տնտեսական համագործակցությունը։

Ընդդիմությունը իշխանությանը մեղադրում է Ադրբեջանին շարունակական զիջումների գնալու մեջ։ Պահանջում է վերադարձնել գերիներին, լուծել տարածքային հարցերը և հասնել Ադրբեջանի կողմից հայկական պահանջների ընդունմանը։

Սրանք կարևոր և հասարակության համար ցավոտ հարցեր են։ Բայց քաղաքական պահանջը պետք է ուղեկցվի նաև իրագործման հստակ ճանապարհային քարտեզով։

Ինչպե՞ս վերադարձնել գերիներին, եթե Ադրբեջանը հրաժարվում է նրանց ազատ արձակել։ Ինչպե՞ս վերադարձնել ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքները, եթե Բաքուն չի ընդունում հայկական պահանջները։ Արդյո՞ք կտրուկ վերջնագրերը կամ ուժային ճնշման փորձերը չեն հանգեցնի ռազմական նոր էսկալացիայի։

Եթե ընդդիմության առաջարկած լուծումը պահանջում է պատերազմական գործողությունների վերսկսում, ապա հասարակությունն իրավունք ունի իմանալու դրա գինը, ռիսկերը և հաջողության իրատեսական հնարավորությունները։

Պահանջներ ներկայացնելը հեշտ է։ Դրանց իրականացման խաղաղ, դիվանագիտական և անվտանգ մեխանիզմ առաջարկելն արդեն քաղաքական պատասխանատվություն է։

Հայաստանը խնդրի լուծմանը պետք է հասնի երկրների միջև ձեռք բերված տարածքային ամբողջականությանը վերաբերվող պայմանավորվածությունների  ու խաղաղության հիմքով:

«Ուժեղ Հայաստան»․ ռուսաստանյան կապերի հարցը

Առանձին ուշադրության է արժանի «Ուժեղ Հայաստան» քաղաքական ուժը, որի առաջնորդն է ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանը։

Կարապետյանը ծնվել է Հայաստանում, սակայն իր բիզնես կայսրությունը՝ «Տաշիր» խմբի հիման վրա, կառուցել է Ռուսաստանում։ Նրա տնտեսական գործունեությունը սերտորեն կապված է ռուսական շուկայի, ենթակառուցվածքների և խոշոր բիզնես շրջանակների հետ։

2025 թվականի դեկտեմբերին նրա աջակիցների ձևավորած շարժման հիման վրա ստեղծվեց քաղաքական ուժը, որը հետագայում վերանվանվեց «Ուժեղ Հայաստան»։ 2026 թվականի փետրվարին Կարապետյանն ընտրվեց կուսակցության նախագահ։

Նրա քաղաքական ուժը հրապարակայնորեն հանդես է եկել Ռուսաստանի հետ ավելի սերտ համագործակցության օգտին։ Այն Ռուսաստանի, ով չնայած պայմանագրերին չկանգնեց Հայաստանի կողքին:

Այս կենսագրական և քաղաքական հանգամանքները կարևոր են, երբ քննարկվում է կուսակցության արտաքին քաղաքական կողմնորոշումը։ Սակայն ռուսական շահերը սպասարկելու կամ Մոսկվայից հրահանգներ ստանալու մասին պնդումները պետք է հիմնավորվեն կոնկրետ փաստերով, այլ ոչ միայն գործարարի ռուսաստանյան անցյալով։

Այդուհանդերձ, մի հարց մնում է օրակարգում․ արդյո՞ք Հայաստանի ապագա անվտանգության և տնտեսական զարգացման մոդելը պետք է կրկին կառուցվի Ռուսաստանի հետ նախկին կախվածության խորացման վրա, թե՞ երկիրը պետք է ընդլայնի իր միջազգային գործընկերների շրջանակը։

Ի՞նչ կլիներ, եթե չլիներ Թրամփի նախաձեռնությունը

Սա ամբողջ հոդվածի առանցքային հարցն է։

Պատկերացնենք, որ Վաշինգտոնը չստանձներ հաղորդակցությունների ապաշրջափակման գործընթացում նման դերակատարություն։

Հայաստանը շարունակելու էր գտնվել Ադրբեջանի տարածքային ու քաղաքական ճնշման պայմաններում։ Ռուսաստանը պահպանելու էր 2020 թվականի հայտարարությամբ նախատեսված վերահսկողության մեխանիզմը վերականգնելու հնարավորությունը։ Թուրքիան շարունակելու էր առաջ մղել տարածաշրջանային հաղորդակցությունների ընդլայնման իր օրակարգը։

Ադրբեջանը, իր հերթին, չէր հրաժարվելու Զանգեզուրի միջանցքի իր նկրտումներից ու Նախիջևանի հետ ուղիղ կապի պահանջից։

Այս պայմաններում Հայաստանի համար այլընտրանքների շրջանակը բավական սահմանափակ կլիներ։ Արևմուտքի ավելի գործուն ներգրավվածության բացակայությունը կարող էր մեծացնել ռուսական և թուրք-ադրբեջանական պայմանավորվածությունների ազդեցությունը Հայաստանի ապագա ճանապարհային ու տնտեսական համակարգի վրա։

Սա, իհարկե, հակափաստական սցենար է, և հնարավոր չէ պնդել, թե առանց Թրամփի նախաձեռնության անպայման տեղի կունենար այս կամ այն զարգացումը։ Բայց այն, որ TRIPP-ը փոխեց բանակցային և աշխարհաքաղաքական միջավայրը, արդեն իսկ կարևոր իրողություն է։

Այդ պատճառով նախագիծը պետք է գնահատել ոչ միայն այն հարցով, թե ինչ է նախատեսում փաստաթուղթը, այլև այն հարցով, թե ինչպիսի իրավիճակում էր Հայաստանը մինչև դրա հայտնվելը։

Վերջաբան․ Հայաստանի ապագան՝ անցյալի՞, թե՞ նոր գործընկերությունների ճանապարհով

2020 թվականի պատերազմը, ռուս-թուրքական համագործակցության հետպատերազմյան մեխանիզմները, Արցախի հայաթափումը, Սյունիքի շուրջ Ադրբեջանի հավակնությունները, եվրոպական դիտորդների ներկայությունը, Բայդենի վարչակազմի օրոք հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության հաստատումը և վերջապես Թրամփի նախաձեռնությունը մեկ ընդհանուր աշխարհաքաղաքական գործընթացի մասեր են։

Այս պատմությունը հիշեցնելը կարևոր է, որովհետև այսօր Հայաստանի ներքաղաքական պայքարում հաճախ մոռացության են մատնվում այն պայմանները, որոնցում երկիրը ստիպված էր որոշումներ կայացնել։

Ընդդիմությունը կարող է քննադատել իշխանությանը, պահանջել ավելի լավ պայմաններ, ավելի ամուր երաշխիքներ և տնտեսական շահերի հստակեցում։ Բայց հասարակությունն իրավունք ունի նաև հարցնելու՝ ո՞րն է այդ քննադատության գործնական այլընտրանքը։

Արդյո՞ք Հայաստանը պետք է հրաժարվի նոր միջազգային գործընկերություններից՝ հանուն այնպիսի անվտանգության համակարգի վերականգնման, որն արդեն իսկ չկարողացավ պաշտպանել հայ բնակչությանը։

Արդյո՞ք խաղաղության գործընթացը պետք է անընդհատ հետաձգվի՝ մինչև Ադրբեջանի կողմից բոլոր հայկական պահանջների ընդունումը, եթե դրա այլընտրանքը կարող է լինել նոր պատերազմը։

Եվ վերջապես՝ եթե չլիներ ամերիկյան նախաձեռնությունը, այսօր ի՞նչ հնարավորություններ կունենար Հայաստանը՝ սեփական ինքնիշխանության պայմաններում տարածաշրջանային հաղորդակցությունների հարցը լուծելու համար։

Հեղինակի համոզմամբ՝ Թրամփի համաձայնագրի պատմական նշանակությունը հենց այստեղ է։ Այն Հայաստանի համար բացեց աշխարհաքաղաքական այլընտրանքի հնարավորություն՝ թույլ տալով դուրս գալ բացառապես ռուսական ազդեցության շրջանակում որոշումներ կայացնելու նախկին տրամաբանությունից։

Դա դեռ չի նշանակում, որ բոլոր խնդիրները լուծված են, կամ որ ամերիկյան նախագիծը զերծ է ռիսկերից։ Բայց այն ստեղծեց մի նոր հնարավորություն, որի արժեքը կարելի է լիարժեք հասկանալ միայն 2020 թվականից սկսած իրադարձությունները հիշելով։

Հայաստանի համար գլխավոր խնդիրը պետք է լինի ոչ թե որևէ արտաքին ուժի շահերին ծառայելը, այլ սեփական ինքնիշխանությունը, անվտանգությունն ու տնտեսական ապագան պաշտպանելու կարողությունը։

Արտազ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Վերլուծաբան

Նիդերլանդական օրագիր

Աշխարհաքաղաքական իրադարձությունները պետք է գնահատել ոչ միայն այսօրվա քաղաքական վեճերի, այլև դրանց պատմական հետևանքների համատեքստում։
Շեղատառերով ընդգծումը` Նիդ.օրագրի


No comments:

Post a Comment