Niderlandakan Oragir

Niderlandakan Oragir
Netherlands Daily

четверг, 29 июня 2017 г.

Բյուրակն Իշխանյանի նիդերլանդական հուշերը-9/ Երբ վիրտուալը դառնում է իրականություն

Սկիզբն այստեղ՝   1/ 2/ 3/ 4/ 5/ 6/ 7/8

Այն ժամանակ ես տասնհինգ տարեկան դեպրեսված դեռահաս էի, որի մայրը գործուղվել էր Պրահա և որն ապրում էր եղբոր հետ, իսկ միակ մտերիմ ընկերուհին արդեն ծանր հիվանդ էր: Այդ ամենին ավելացնենք, որ ամառ էր, հետևաբար դեպրեսվելու ժամանակն անսահման էր: Ու էդպես մի օր իմ անկումային տրամադրությամբ հայտնվեցի AlanisUtopia ֆորումում: Այն ժամանակ տարված էի երգչուհի Alanis Morissette-ի երգերով: Հիմա էլ էնպես ոչինչ:

Մտա ու սկսեցի գրառումներ անել: Զարմանալի էր. ինձ չափից դուրս լավ ընդունեցին: Եվ այդ սարսափելի պահերին, երբ ինքնասպանության մասին էի երազում, մարդիկ գտնվեցին, որ ինձ հետ պահեցին: Նրանք ինձ բնավ չէին ճանաչում, երբեք չէին տեսել, բայց շատ լավ էին հասկանում դեռահասային անկումներս, կիսում էին մենակությունս: Նրանք էին Պոլը, Լիկեն և Ռոզին: Առաջին երկուսը հոլանդացի են, երրորդը՝ իտալացի: Ու կապվեցի նրանց հետ, անչափ շատ սիրեցի: Աստիճանաբար այնպես ստացվեց, որ նրանք ինձ ավելի լավ ճանաչեցին, քան ինձ շրջապատող մարդիկ: Նրանք խորանում էին, նրանք տեսնում էին հենց ինձ:

Ճիշտ է՝ այն ժամանակ շատ ուրիշ վիրտուալ ընկերներ էլ ունեի, բայց ամենամտերիմն ու թանկը 12-ամյա Լիկեն, 36-ամյա Պոլը և 27-ամյա Ռոզին էին: Իսկ իրականությունը մշուշ էր դառնում, կամաց-կամաց անհետանում էր: Իմ ամբողջ կյանքն ուտոպիայում էր: Եվ հենց այդ ժամանակ Իտալիան ու Հոլանդիան իմ երազանքի երկրները դարձան. ուզում էի Լիկեի, Պոլի և Ռոզիի հետ իրական կյանքում էլ շփվել:

Տարիներ անցան: Այդ ուժեղ կապը կամաց-կամաց կորավ: Ռոզին արդեն ամուսնացել է, մի քանի ամսական աղջիկ ունի: Վաղուց նրա հետ չեմ շփվել: Լիկեն մեծացել է: Հազվադեպ ենք խոսում, այն էլ միայն Ամստերդամի ու Աննա Ֆրանկի մասին:

Ու թեև սերն ու կապվածությունը կամաց-կամաց մարեցին, քանի որ դուրս եկա ինտերնետից և իրական կյանք մտա, երազանքը մնաց. դեռ ուզում էի մեկնել Հոլանդիա կամ Իտալիա:

Եվ ահա մի օր հանկարծ երազանքս իրականանում է. ես գալիս եմ Հոլանդիա: Անմիջապես Պոլին տեղեկացնում եմ այդ մասին: Լիկեն էլ է իմանում, բայց հանդիպման մասին չի ակնարկում: Աննին, որը նույնպես իմ վիրտուալ մտերիմներից է ու որի մասին հաստատ մի օր առանձին երկար-բարակ կպատմեմ, հայտնում է, որ օգոստոսին արձակուրդ չունի, բայց մի շաբաթ-կիրակի անպայման Գերմանիայից կգա Հոլանդիա:

Երբ պլանավորում էի Հոլանդիայում գտնվելուս շաբաթ-կիրակիները, այնպես ստացվեց, որ մեկը տրամադրվեց Ռոտերդամին, որտեղ Պոլն է բնակվում, իսկ մյուսը պիտի Աննիի հետ անցկացնեի: Հիմա դրանցից առաջինի մասին եմ պատմելու:

Պոլի ասած ելքով դուրս եկա Ռոտերդամի Կենտրոնական կայարանից: Անմիջապես ճանաչեցի նրան: Ակնոցներով էր, սպիտակ շապիկով, կախ ընկած օվալաձև հսկայական փորով, որը կլորանում էր, երբ նստում էր, և մաշված ջինսե տաբատով, որը փորից մի քիչ ներքև կարկատան էր կրում: Երևի Պոլն էր արել, որովհետև շատ կոպիտ էր՝ իսկական տղամարդու ձեռքի գործ:

Առաջարկեց մտնել խանութ գնումների: Երբ ուզում էի ինքս վճարել (վերջիվերջո, ընթրիքիս ու նախաճաշիս համար էր այդ ամենը, և Պոլը տարիների ընթացքում միշտ նեղվում էր փողի պակասից), թույլ չտվեց:
- Ես հիմա շատ փող ունեմ,- ասաց,- մորս տունը ծախել եմ, և պարտքերս վճարելուց հետո ինձ քսանհինգ հազար եվրո մնացել է: Ճիշտ է՝ հարուստ չեմ: Շուտով իմ տունն էլ կծախեմ ու հիսուն հազար կունենամ: Այդ ժամանակ իսկապես հարուստ կլինեմ:

Հասանք տուն: Մուտքի մոտի աստիճանները կոտրված էին:
- Ժամանակ չեմ գտնում, որ նորոգեմ,- արդարացավ:
Դուռը մաշված էր:
- Անընդհատ ուզում եմ ներկել, բայց հետաձգում եմ:
Մտանք: Դուռը ներսից փակվում էր առանց բանալու՝ զուգարանի դռան նման:
- Այստեղ ապահով է. գողեր չկան:
Երկար ու նեղ միջանցքով առաջ շարժվեցինք, աստիճաններով բարձրացանք:
- Սա իմ հյուրասենյակն է,- ներկայացրեց Պոլը,- ես երկու բազմոց ունեմ, բայց ոչ մեկից չեմ ուզում հրաժարվել:
Ճիշտ էլ անում էր, որովհետև մեկի վրա ես էի փռվում, մյուսի վրա՝ նա:

Նույն հարկում էին նաև խոհանոցն ու զուգարանը: Առաջինը շատ փոքր էր ու կեղտոտ, վաղուց վերանորոգման կարիք ուներ: Իսկ զուգարանը տան միակ իդեալական մաքուր վայրն էր, որտեղից փնթիության հոտ չէր գալիս, սակայն մի անհարմարություն ուներ. լվացարան չկար: Դրա համար էլ բնական պահանջներդ հոգալուց հետո ստիպված ես լինում մի հարկ բարձրանալ, որ լողարանում լվացվես:

Վերևում իմ ու Պոլի սենյակներն էին և լողարանը: Իմ սենյակի պատերից մեկը կտուրի թեքություն էր կրում: Կահավորանք առանձնապես չկար. մի մատրաս, որի վրա պետք է քնեի, սեղան, որի փոշին դարերով ոչ ոք չէր սրբել, մի աթոռ, որը որպես սեղան էր ծառայում, և ջարդած դռներով պահարան:

Պոլի սենյակում այդպես էլ չեղա:
- Դու համակարգիչ օգտագործելու՞ ես: Եթե այո, ապա ստիպված եմ այն ներքև իջեցնել, որովհետև սենյակս չեմ հասցրել հավաքել: Ամաչում եմ:
Տան թափթփվածությունն ու կեղտոտությունը տեսնելուց հետո ես օրեր շարունակ երևակայությանս զոռ էի տալիս, որ պատկերացնեմ, թե ինչ աստիճանի կեղտոտ է, որ ամաչել է, որ մտնեմ:

Լողարանը դուռ չուներ: Փոխարենը մուտքի մոտ մի պարան կար, վրան՝ սպիտակ սավաններ, որոնք վարագույրի պես կարող էիր քաշել լողարանից օգտվելու ժամանակ: Հատակին մի հսկայական փալաս կար: Այդպես էլ չհասկացա՝ ինչի համար է:

“Մենակ տղամարդ է, դրա համար է տունն այս վիճակում”,- մտածեցի: Բայց աչքիս առաջ եկավ մեկ այլ մենակ տղամարդ՝ Շակը, որի մաքրասիրությունը նկարագրել հնարավոր չէ:

Միայն փնթիությունն ու թափթփվածությունը չէին, որ իշխում էին այդ տանը: Աղքատությունը նույնպես իր խորը հետքն էր թողել: Եվ ես զարմանում էի, թե ինչպես էր այս միայնակ ու աղքատ մարդը, որը հաստատ ավելի շատ պատճառներ ուներ կյանքից դժգոհելու, քան ես, կարողանում ինձ աջակցել այն պահերին, երբ նույնիսկ ապրել չէի ուզում:

Չեմ մանրանա ու չեմ նկարագրի, թե ինչ հավես ժամանակ անցկացրինք այդ երկու օրերի ընթացքում: Այստեղ ավելի շատ Պոլի մասին կխոսեմ:

Թեև արդեն հինգ տարի էր, ինչ նրան գիտեի, այդ երկու օրերի ընթացքում շատ ավելի իմացա:
Ես նկատել էի, որ անցյալում կենսաբանության հետ կապ էր ունեցել, որովհետև երբ դասերիցս էի պատմում, խելացի մեկնաբանություններ էր անում, երևում էր, որ հասկանում է:
- Երազում էի քաղցկեղի բուժումը գտնելու մասին: Ուզում էի մի համակարգ ստեղծել, որը կգտներ քաղցկեղածին գեները և կվերացներ: Դրա համար կենսաբանության ֆակուլտետ ընդունվեցի և երկու տարի սովորելուց հետո դուրս մնացի: Մեղավորը նրանք էին, հետո ինձ հետ կանչեցին, բայց չգնացի:

Գիտեի, որ ծրագրավորող է:
- Ուստի որոշեցի քաղցկեղին մյուս՝ համակարգչային կողմից մոտենալ: Սակայն այդ ժամանակ հայրս մահացավ: Բոլորը համոզում էին, որ շարունակեմ ուսումս, բայց ես տրամադրություն չունեի: Հետագայում ծրագրավորման մասնավոր դասընթացներ գտա: Այսպես էր. շաբաթվա չորս օրը սովորում էի, մեկ օր՝ աշխատում: Երկու ամիս անց երեք օր էի սովորում, երկու օր՝ աշխատում: Ու այդպես այնքան, մինչև ամբողջ շաբաթը սկսեցի աշխատել: Աշխատավարձս կամաց-կամաց բարձրանում էր: Ամիսը 3500 եվրոյի չափ ստանում էի, և դա վատ չէր:

Մեր ծանոթության հենց առաջին օրվանից ասել էր, որ մկնիկ բռնելու հետ ինչ-որ խնդիր ունի. ձեռքը թուլանում է: Այն ժամանակ ես լավ չէի պատկերացնում, թե ինչի մասին է խոսքը:
- Ես չեմ կարողանում ձեռքերս երկար օգտագործել. ո’չ տպել, ո’չ արդուկել, ո’չ որևէ այլ բան անել: Դրա համար ոչ մի աշխատանք չեմ ճարում: Երևի միակ բանը, որ կարող եմ անել, ռեստորանի դռնապան աշխատելն է. ընդամենը պետք է դուռ բացեմ-փակեմ:

Ես գիտեի, որ մենակ է ապրում, իմացել էի, որ մայրը մահացել է, բայց չէի պատկերացնում, ավելի ճիշտ՝ ընդհանրապես չէի մտածել, թե որքան միայնակ է:
- Ես միայն մի ընկեր ունեմ, որի հետ ժամանակ առ ժամանակ չինական ռեստորան եմ գնում: Հա’, մեկ էլ Ուտոպիայի անդամները: Ուրիշ ոչ ոք չունեմ:

Ուրիշը լիներ, գուցե մտածեի, որ սուբյեկտիվ է. երբեմն ես էլ եմ նման մտքեր արտահայտում, բայց չէ’, Պոլը չէր չափազանցնում: Եթե նույնիսկ ոչինչ չասեր, տեսածս լիովին բավական էր, որ ուղեղիս մեջ տպվի նրա միայնության պատկերը:

Բայց միշտ չէ, որ այդպես է եղել:
- Երբ լավ էի վաստակում, սիրում էի ընկերներիս համար նվերներ գնել: Երբ հաշմանդամ դարձա, սկսեցին ավելի քիչ վճարել, և ընկերներս էլ կամաց-կամաց կորան:
Այդ շաբաթ-կիրակին երազի նման էր: Ես չէի կարողանում հավատալ, որ դա հենց նույն Պոլն էր: Հետո՞ ինչ, որ լուսանկարների միջի գեր տղամարդուց չէր տարբերվում: Չէ՞ որ դա ընդամենը անշարժ պատկեր էր: Ես չէի տեսել նրան շարժվելիս, չէի լսել նրա ձայնը, չէի կերել նրա պատրաստած սպագետին:

Սակայն ամեն ինչ իր տեղն ընկավ, և ես միայն մի պահ ընդունեցի, որ նույն մարդն է, երբ շաբաթ երեկոյան քնելուց առաջ ասաց իր մշտական MSN-ական հրաժեշտի խոսքը. “Goodnight sweetie.”
Շարունակելի...

____________________________
Բյուրակն Իշխանյանը ծնվել է 1986 թ․ Մոսկվայում։ Մեծացել է Երևանում՝ լրագրողների ընտանիքում։ Սովորել է Երևանի պետական բժշկական համալսարանում, մասնագիտացել է հոգեբուժության մեջ։ ՈՒսումնառության պրակտիկան անցկացրել է Հոլանդիայում, ապա 2011-ին Էրազմուս մունդուս կրթաթոշակային ծրագրով մեկնել է Եվրոպա՝ կլինիկական լեզվաբանություն մասնագիտությամբ սովորելու։ Ավարտելուց հետո աշխատել  է Նուբարաշենի հոգեբուժարանում և դասավանդել մանկավարժական համալսարանում, կարճ ժամանակ անց մեկնել է Դանիա՝ Կոպենհագենի համալսարանում հոգեբանություն և նյարդալեզվաբանություն մասնագիտությամբ ասպիրանտուրայում սովորելու։
Ներկայումս բնակվում է Դանիայի մայրաքաղաքում։ Մասնագիտական գործունեությունից բացի նաև գրում է պատմվածքներ, զբաղվում բլոգերությամբ և կատարում թարգմանություններ։

Комментариев нет:

Отправить комментарий