The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Tuesday 7 August 2018

Երազիկ Գրիգորյանի երկու նոր հեքիաթները


Երազիկ Գրիգորյանը մասնագիտությամբ բանասեր է: 90-ականներին խմբագրել է Հայաստանի Հանրապետության առաջին անկախ թերթը՝ «Անկախությունը»: Օրեցօր բազմապատկվող տպագրական տիրաժի ու նորացվող համակարգչային տեխնոլոգիայի կիրառման շնորհիվ աճեց թերթի հեղինակությունը: Այլ թերթերում նույնպես լրագրողական աշխատանք կատարելուց հետո Երազիկ Գրիգորյանը կտրուկ շրջադարձ է կատարել դեպի... ՄԱՆՈՒԿՆԵՐԻ անհավանական ու զարմանահրաշ աշխարհը: 
Այժմ Երազիկ Գրիգորյանն աշխատում է Լեզվի կոմիտեում: Նաև «Շողակաթ» հեռուստաընկերության մանկական հաղորդումների սցենարիստն է («Հին ու նոր հեքիաթներ», «Ինչն ինչոց է ըստ Պիստակի» հաղորդաշարեր): Նա մանուկների սիրելի «Գնա ապրիր հեքիաթում» ժողովածուի հեղինակն է: Երազիկ Գրիգորյանի երկրորդ՝ «Ձերդ գերազանցություն վատ կախարդ պառավ» գիրքը, Հայ գրքի կենտրոնի և «Օրանժ» ընկերության կազմակերպած գրական մրցույթում հաղթել է «Լավագույն հեքիաթ» և «Ժողովրդական ընտրություն» անվանակարգերում: Մանկապատանեկան գրքի միջազգային կոմիտեն (IBBY) նույնպես բարձր է գնահատել այդ ժողովածուն: Այն լավագույն մանկական ստեղծագործություններին տրվող պատվո կոչման է արժանացել, պահվում է Մյունխենի Միջազգային պատանեկան գրադարանում, Բազելում, թարգմանաբար տարածվում աշխարհի մի քանի երկրներում: 
«7 գույն» մանկապատանեկան պատմվածքների ժողովածուում տեղ գտած «Դինոզավրի համաստեղություն» պատմվածքը հեղինակին հուշեց ստեղծել «Չտեսնված դինոզավրը» հեքիաթների ժողովածուն, որը նույնպես շատ սիրվեց ընթերցողի կողմից: 
Երազիկ Գրիգորյանի հավատամքը մանուկներին ուրախություն պարգևելն է, նրանց հետ ազնվորեն հաղորդակցվելն ու բարություն սերմանելը: Անվանի մանկագիրն անկեղծ է երեխաների հետ, սիրում և սիրվում է նրանց կողմից: Այսօր «Նիդերլանդական օրագրին» բախտ է վիճակվել առաջին անգամ իր ընթերցողներին ներկայացնել Երազիկ Գրիգորյանի երկու նոր հեքիաթները: Անպայման այն կարդացե՛ք ձեր փոքրիկների համար: Բարության այս երկու կաթիլը հաստատ դուր կգա ձեր փոքրիկներին, նրանց դրական լիցքեր կտա, և ամենակարևորը՝ կձևավորելով գեղագիտական ճաշակ: 
Հետևե՛ք նաև «Նիդերլանդական օրագրի» «Գրական չորեքշաբթի» կայքին և մյուս էջերին՝ Երազիկ Գրիգորյանի այլ հեքիաթները կարդալու համար:


ՕԴԱՊԱՐՈՒԿՆ ՈՒ ԿԱՉԱՂԱԿԸ 
Օդապարուկը պարելով բարձրանում է երկինք, բարձրանում, հասնում է իր նման գունզգույն կաչաղակին ու սկսում է պոչի պես թափահարել իր սիրուն ժապավենները: 
-Վա՛յ, էս ի՞նչ թռչուն է, -վեր է թռչում կաչաղակը:- Հե՜յ, ձայն հանիր, դու ո՞վ ես:  
Օդապարուկը չի պատասխանում, հանգիստ օրորվում է օդում: Կաչաղակը բարկանում է.   
-Լսի՛ր, քեզ հետ եմ, դու ի՞նչ իրավունքով ես բարձրացել երկինք: Որտեղից եկել ես, էնտեղ էլ գնա: Երկնքում առանց էն էլ նեղվածք է: Մենք էստեղ աչքաչափով հազիվ ենք պահում մեր տարածքը: Տես, մոտավորապես չորս թիզ էս կողմից, մե՜կ… երկո՜ւ… էս է` հինգուկես էլ էն կողմից: Այ էսքանը իմ տարածքն է, եղա՞վ: Չմոտենաս: Հե՜յ, քեզ հետ եմ…     
Այսպես չաչանակում է կաչաղակը, իսկ օդապարուկը հանգիստ պարում է օդում ու պոչի պես թափահարում է իր սիրուն ժապավենները: 
-Հե՜յ, էդ ո՞ւր ես գնում: Լսի՛ր, իմ կողքի տարածքը ծիծեռնակինն է: Քանի չի եկել, այ էդպես բերանդ փակ թող ու գնա,-բղավում է կաչաղակը օդապարուկի վրա, իսկ օդապարուկը էլի պարում է ու պարում:  
Կաչաղակը թռչում-գնում է ծիծեռնակի մոտ:
-Լսիր, դու քո մկրատե պոչով օդում չափուձև ես անում, իսկ էնտեղ մի անկոչ եկել, ուզում է քո տարածքը գրավել:
Ծիծեռնակը երկինքը կլոր-կլոր կտրատելով թռչում-գնում է: 
Կաչաղակը ծիծեռնակի հետևից թևը թափ է տալիս, գնում, տեսնում է օդապարուկը ավելի է բարձրացել: 
-Հե՜յ,- ինքնաթիռ տեսնելուն պես բղավում է կաչաղակը,- էդ ներկած հիմարին բան հասկացրու, վերևներում իրեն տեր է զգում: Շուտով քեզ երկնքից կվտարի: Ես նրան ասում եմ….
Ինքնաթիռը սպիտակ ամպ արձակելով թռչում-գնում է: 
Կաչաղակը ինքնաթիռի հետևից թևը թափ է տալիս, գնում, տեսնում է օդապարուկը մի քիչ ներքև է իջել:
-Հե՜յ, գոնե դո՛ւք ինձ լսեք,- մլակներին է բողոքում կաչաղակը,- էդ ներկածը ձեր տարածք է մտել: Լա՜վ, բան չեմ ասում, եկել, եկել է, բայց ո՛չ աչքաչափ ունի, ո՛չ էլ հետը մի պարան է բերել, որ գոնե դրանով իր սահմանը նշի: Բա չե՞ք տեսնում` վերև, ներքև, ամբողջ երկինքն իրենով է արել:     
Մլակները չլսելու են տալիս:   
Կաչաղակը մլակների վրա թևը թափ է տալիս, գնում, տեսնում է` օդապարուկն ավելի է իջել: 
-Տեսնես սրա մտքին ի՞նչ կա,- ասում է կաչաղակը ու սուսուփուս թռչում-իջնում է օդապարուկի հետևից: Իջնում, տեսնում է` շենքերից մեկի բակում մի տղա պարանը ձեռքին վազում է, օդապարուկն էլ օրորվելով թռչում է նրա հետևից, ո՜նց է թռչում:   
-Հե՜յ, ներկած հիմար,-ձայն է տալիս կաչաղակը,- պարանի պատճառով մի գնա էդ տղայի հետևից: Մի բան էր` ասացի: Լսի՛ր, դու ոնց որ թե իմ ազգականն ես, հա՞: Արի, քեզ իմ տարածքում տեղ կտամ: Հիշում ես, չէ՞, չորս թիզ մի կողմից, հինգուկես էլ… 
Այսպես չաչանակում էր կաչաղակը, իսկ օդապարուկը պարելով վազում էր պարանով տղայի հետևից ու պոչի պես թափահարում էր իր սիրուն, գույնզգույն ժապավենները: 
____________ 

ՉԱՐԱՃՃԻ ԳՆԱՑՔԸ


Լինում է, չի լինում, մի չարաճճի գնացք է լինում: Կայարանը գնացքին ասում է. 
-Այս ու այս ճանապարհով կգնաս քաղաք: Շանը, աքլորին ու մողեսին էլ հետդ կտանես: Ահա՛ տոմսերը:  
Բայց գնացքը քաղաք գնալ չի ուզում: Ուզում է գյուղ գնա, որ տրակտորի նման հողերի հետ խաղա: Կայարանից դուրս է գալիս գնացքը ու գնում է դեպի գյուղ: 
-Վա՜յ, դու մեզ այս ո՞ւր ես տանում,-հարցնում են շունը, աքլորն ու մողեսը:- Մենք քաղաք պիտի գնանք:  
-Քաղաքում միայն շենքեր ու փողոցներ են,-պատասխանում է գնացքը:- Իսկ գյուղում շատ լավ է: Գնանք գյուղ, տրակտորի հետ կընկերանանք ու հողերի հետ կխաղանք:
Շունը, աքլորն ու մողեսը կռվում, գոռգոռում են, տոմսերը հետ են վերցնում ու թողնում-գնում են: Գնացքը մենակ գնում է գյուղ, մտնում է ցանած հողերի մեջ, տրորում է ու գոռում է` ուուո՜ւ…
Տրակտորը գնացքի վրա բարկանում է ու ասում է նրան.
-Դու քո կայարանը գնա: Ինձ խանգարում ես: 
Գնացքը վերադառնում է կայարան: Կայարանը նրան ասում է. 
-Այս ու այս ճանապարհով կգնաս քաղաք: Շանը, աքլորին ու մողեսին էլ հետդ կտանես: Ահա՛ տոմսերը:    
Բայց գնացքը էլի քաղաք գնալ չի ուզում: Ուզում է լիճ գնա ու նավակի նման ջրի հետ խաղա: Կայարանից դուրս է գալիս գնացքը ու գնում է դեպի լիճը: 
-Վա՜յ, դու մեզ այս ո՞ւր ես տանում,-հարցնում են շունը, աքլորն ու մողեսը:- Մենք քաղաք պիտի գնանք:  
-Քաղաքում միայն շենքեր ու փողոցներ են,-պատասխանում է գնացքը:- Իսկ լճի մեջ շատ լավ է: Գնանք լիճ, նավակի հետ կընկերանանք ու ջրերի հետ կխաղանք:
Շունը, աքլորն ու մողեսը կռվում, գոռգոռում են, տոմսերը հետ են վերցնում ու թողնում-գնում են: Գնացքը մենակ գնում է լիճ, մոտենում է ափին, բայց ջուրը շատ սառն էր: Հենց առջևի անիվը մտնում է լճի մեջ, գնացքը գոռում է` ուուո՜ւ, ու ձկներին վախեցնում է: 
Նավակը գնացքի վրա բարկանում ու ասում է նրան.
-Դու քո կայարանը գնա: Ինձ խանգարում ես: 
Գնացքը վերադառնում է կայարան: Կայարանը ռելսեր է սարքում, գնացքին կանգնեցնում է ռելսերի վրա ու ասում է նրան.  
-Դու շատ չարաճճի ես: Վերջ, սրանից հետո միայն այս ու այս ճանապարհով կգնաս: Շանը, աքլորին ու մողեսին էլ հետդ կտանես: Ահա՛ տոմսերը:     
Այդ օրվանից գնացքը միայն ռելսերի վրայով է գնում: Ու հենց որ հեռվից ազատ դաշտում կամ լճում տրակտոր կամ նավակ է տեսնում, ձայն է տալիս` ուուո՜ւ, ու էլի ռելսերի վրայով իր ճանապարն է շարունակում:



No comments:

Post a Comment