The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Tuesday, 29 January 2019

Դեսպան Բալայանը հայ համայնքի ներկայացուցիչների հետ քննարկեց մշակութային և կրթական հարցեր



Հաագա, 29-ը Հունվարի: Աշխատանքային օրվա ավարտին  Նիդերլանդներում Հայաստանի Հանրապետության դեսպան Տիգրան Բալայանը հանդիպեց տեղի հայկական համայնքների և կառույցների ներկայացուցիչներին: Կողմերը քննարկեցին կրթական և մշակութային
հետաքրքրություն ներկայացնող լայն ծավալի հարցեր:

Դեսպան Տիգրան Բալայանը մանրամասը ներկայացրեց  2019թ. Հայաստանում կազմակերպվող  մշակութային ամենասպասված միջոցառումների թեմատիկան,  Հայաստան-սփյուռք կապը նոր հիմքերի վրա դնելու խնդիրները, կրթական ծրագրերին առնչվող հարցերը: Այս տարի նշվելու են Ամենայն Հայոց բանաստեղծի` Հովհաննես Թումանյանի և Մեծն Կոմիտասի  150-ամյակները; ՅՈՒՆԵՍԿՕ-ն նրանց ներառել է հռչակավոր մարդկանց 2018-2019 թթ. օրացույցում:  Դեսպանության հետ համատեղ հայ համայնքները աշխատանքներ են տանելու Նիդերլանդների արվեստասեր հասարակայնությանը ներկայացնելու մեր մեծերին: Նիդերլանդական քաղաքներում ներկայացվելու են Կոմիտասին նվիրված միջոցառումներ, համերգներ, հոլանդերենով թարգմանվելու է և տեղի մի հրատարակչության միջոցներով հրապարակվելու են Թումանյանի հեքիաթները:

Հոգևոր , մշակութային կապերի ու շփումների համար մեծ ուշադրություն է դարձվելու Հայաստանի ճանաչելությանը նպաստող այլ գործոններ` մասնավորապես հայ հնագույն պատմական քարտեզների ցուցադրությունները տարբեր մշակութային օջախներում` դպրոցներում, գրադարաններում, կինոթատրոններում և այլուր, մշակութային ինքնագործ խմբերի ելույթները` տարբեր փառատոններում: Այս ու  կրթական բնագավառի իրենց դրական փորձի փոխանակման ու նոր նախաձեռնության մասին իրենց դիտարկումներով հանդես եկան Հաագայի «Աբովյան» մշակութային միության, Ամստերդամի «Գրիգոր Նարեկացի» հիմնադրամի, Դեն Բոսի, Ալմելոյի և Նայմեխենի կիրակնօրյա դպրոցների ներկայացուցիչները:

Հոլանդահայ կազմակերպությունների ու կառույցների ներկայացուցիչները որոշեցին «Նիդերլանդական օրագրի», դեսպանության կայք էջի, էլեկտրոնային նամակագրությամբ ու այլ  միջոցներով միմյանց տեղյակ  պահեն իրենց  գործունեության ու համայնքներում կազմակերպվող միջոցառումներին: Հայկական համայնքները այս տարի ևս հետամուտ են լինելու  Հայոց Ցեղասպանության տարելիցի պատշաճ անցկացմանն ու ցեղասպանության ժխտման կանխարգելմանը: Դեսպանության նախաձեռնությամբ կազմակերպվող Լավագույն աշակերտ մրցույթը ավելի արդյունավետ անցկացնելու համար` մասնակիցները որոշեցին այն հետաձգել, իսկ մինչ այդ  հավաքվել Ամստերդամի «Գրիգոր Նարեկացի» դպրոցում` քննարկելու   մրցույթի արդյունավետ անցկացման պայմանները:

Երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հանդիպման ընթացքում հնչեցին շատ հարցեր ու տրվեցին դրանց պատասխանները:
Վերջում` դեսպան  Տիգրան Բալայանը հավաստեց, որ պատրաստ է ամեն բան անել հայ-հոլանդական կապերն  ամրապնդելու, մեր երկու ժողովուրդների բարեկամությունը խրախուսելու ջանքերում : Գաղտնիք չէ, որ  այդ  կապերը տարեցտարի ընդլայնվում ու զարգանում են: Ամրապնդվում է մեր երկու ժողովուրդների հոգևոր ու մշակութային կապերը: Ի դեպ հենց այս օրերին Ռոտերդամի կինոփառատոնում Փարաջանովի ֆիլմերի ցուցադրությունն է: Միջազգային այս հեղինակավոր կինոփառատոնի շրջանակներում WORM Rotterdam ակումբում  Սերգեյ Փարաջանովի արվեստի և ժանագության վերաբերյալ  Նիդերլադներում ՀՀ դեսպանությունը ընդունելություն էր կազմակերպել  նաև սիմպոզիումի մասնակիցների համար:
Հրաժեշտ տալուց առաջ  հանդիպման մասնակիցները հաջողություններ մաղթեցին միմյանց և լուսանկարվեցին:

«Նիդերլանդական օրագիր»







No comments:

Post a Comment