The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Saturday 26 October 2019

Ադրբեջանական անցյալի հորինվածքը

Տխրահռչակ Զիյա Բունիաթովին «հիշել» են  Նիդերլանդներում



Տխրահռչակ, հայատյաց Զիյա Մուսա օղլի Բունիաթովին երևի թե չանրադառնայինք, եթե  Ամստերդամում տեղի համալսարանի գիտաշխատող Սառա Քրոմբախը հանդես չգար «Զիա Բունյաթովը և ադրբեջանական անցյալի հորինվածքը» դոկտորական թեզի պաշտպանությամբ: Ամստերդամի հումանիտար հետազոտությունների ինստիտուտին (AIHR) կից Հին Լութերական եկեղեցու դահլիճում տեղի ունեցած արարողությանը ներկա էր  Նիդերլանդներում ՀՀ դեսպանության կցորդ Անահիտ Չալիկյանը: Նա  ողջունելով նիդերլանդացի գիտնականին, կարևորել է արևմտյան գիտական շրջանականերում պատմությունը կեղծելու ադրբեջանական փորձերին հակազդելը:

Սարա Քրոմբախը իր աշխատության առաջին մասում անդրադարձել է Բունիաթովի կյանքին ու գործունեությանը, իսկ երկրորդ մասում վերլուծել է նրա կարևոր գործերը`հատկապես գիտության ու պատմության նկատմամբ անբարեխիղճ ու կողմնակալ վերաբերմունքը:  Նկարագրվում է Բունիաթովի դերը շրջադարձային ժամանակաշրջանում`Perestroika-ից մինչև 1997 թվականը` նրա խորհրդավոր մահը: Վերջին տարիների անկախություն ստացած Ադրբեջանում Բունիաթովի աշխատանքը կապված էր քաղաքական իրադարձությունների հետ` կտրուկ փոփոխվում էր, ու նրա գործելաոճն  անվերապահորեն ավելի ագրեսիվ էր դառնում:

Բունիաթովին ավելի լավ ճանաչում են խորհրդային ժամանակաշրջանն ապրած մարդիկ: Ծնվել է 1923թ դեկտեմբերի 21-ին: Անցնել է պատերազմով և կարողացել է իրեն դրսևորել որպես խորհրդային օրինակելի ու  վստահելի քաղաքացի, ավարտել է Մոսկվայի արևելագիտության ինստիտուտը ու թեև 1954թ պաշտպանել է «Իտալական իմպերիալիզմը Աֆրիկայում» գիտական թեզը` աշխատանքի անցնելով Ադրբեջանի ԳԱ պատմության ինստիտուտում, մասնագիտացել է Հայաստանի պատմության խեղաթյուրման մեջ: Հենց սա և ադրբեջանցիներին որպես հնագույն ազգ ներկայացնելը ապահովվեց Բունիաթովին մինչև ակադեմիկոսի գիտական աստիճանի վերին սանդղակում հասնելը: Երկար տարիներ ղեկավարել է  Ադրբեջանի Գիտությունների ակադեմիայի պատմության ինստիտուտը:  Նման ազգայնական խեղաթյուրման նպատակներն են աղվանների ներկայացումը որպես ադրբեջանցիների:  Փութաջանորեն աղվանների բնակեցված տարածքներիը մաքրվել են հայկական ժառանգություններից: Առաջին լուրջ հակապատմական ու հակահայկական հոդվածով Բունիաթովը հանդես է եկել 1960 թվականից, իսկ 1964-թ.-ին «Ադրբեջանը VII—IX դարերում» թեմայով պաշտպանել է դոկտորական դիսերտացիան` ընդ որում կասկածի տակ դնելով հայկական պետականությունը տարածաշրջանում: Թեև խորհրդային ստվար գիտնականների մի խումբ Բունիաթովի հասցեին հանդես եկան լայնածավալ քննադատությամբ, դա չխանգարեց, որ  հաջորդ տարի`1965-ին, Լեոնիդ Իլիչ Բրեժնևի բարձրագույն ատեստավորման հանձնաժողովը նրան շնորհեր  պրոֆեսորի կոչում...ՈՒ այսպես ամենաթողությունը Զիա Բունիաթովի մատուցմամբ ծնեց նորանոր պատմական խեղաթյուրումներով լեցուն բազմահատոր ստեր ու  կեղծիքներ` որ հնարավոր չէ անգամ սեղմ ներկայացնել: Բավական է ասել, որ նա գործուն մասնակցություն է ունեցել նաև խորհրդային Ադրբեջանի հանրագիտարանի հրատարակությանը:

Բունիաթովի զեղծարարության գագաթնակետը 1988 թվականին և դրանից  հետո էր, երբ Լեռնային Ղարաբաղի հայերը հայտարարեցին Ադրբեջանից բաժանվելու իրենց ցանկության մասին, մի շարք ադրբեջանցի գիտնականներ Բունիաթովի գլխավորությամբ հիմնավորում էին Ադրբեջանի ղեկավարության պնդումները, որ իբր հայերը Լեռնային Ղարաբաղ եկվորներ  են և վերաբնակեցվել են միայն 1828 թվականին: Քանի որ ադրբեջանական լեզվով սկզբնական աղբյուրներ չկային, ու գիտնականներն, ըստ երևույթին, հրաժարվում էին հայկական աղբյուրներից, ուստի Բունիաթովը և նրա գործընկերները ստիպված էին օգտագործել պարսկերեն, ռուսերեն և արաբերեն առաջնային աղբյուրներ: Այնուամենայնիվ, նրանք գտան, որ հնագույն և միջնադարյան աղբյուրների մեծ թվաքանակը, ոչ միայն պարսկերեն, արաբերեն և ռուսերեն, այլև հունարեն, լատիներեն, գերմաներեն և անգլերեն լեզուներով, նշում են, որ մինչև 1828 թվականը հայերը կազմում էին Ղարաբաղի բնակչության մեծամասնությունը : Բունիաթովին և նրա գործընկերներին ամենից շատ նյարդայնացրեց այն փաստը, որ ներկայիս Ադրբեջանի տարածքում ապրող Կովկասում մահմեդական առաջնային աղբյուրները, ինչպիսիք են Աբբաս Կուլի Բակիխանովը, որի անունն է կրում հենց Ադրբեջանի Գիտությունների ակադեմիայի պատմության ինստիտուտը, և Միրզա Ադիգոզալ Բեկը, նույնպես հստակ նշում են մինչ այդ թվականը Ղարաբաղում հայկական ուժեղ ներկայության մասին: ՈՒ պատկերացնու՞մ եք Բունիաթովի թիմը անտեսելով ակադեմիական բարեխիղճությունը,  միջնադարյան առաջնային աղբյուրների տպագրություններից հանում  է հայերի մասին տեղեկատվությունը` նշելով ոչ հավաստի, ինչ որ լույս չտեսած գրքի աղբյուրներ:

Բունիաթովը խրախուսել է Սումգաիթի ջարդերը ու հետո հայտարարել, որ Սումգայիթյան ջարդերը հայերի ծրագրածն է եղել ՝ իբր  վարկաբեկելու համար Ադրբեջանը, և խթանելու հայ ազգայնամոլությունը: Լպիրշ ու անբարտավան, ոչ գիտնականին հարիր եզրակացություն: Նա հանդես է եկել ադրբեջանցիներին Լեռնային Ղարաբաղ հարկադիր վերաբնակեցման նախագծերով, ու այդպես  նմանատիպ` տպագրված ու անտիպ բունիաթովյան գործունեություն, մինչև 1997 թվականը, երբ նրան լռեցրել են Բաքվի իր սեփական տան մուտքի մոտ: Ըստ պաշտոնական վարկածի, սպանությունը կազմակերպել են «Հըզբոլլահ»-ի Բաքվի մասնաճյուղի անդամները, որոնք Բունիթովին հռչակել են իսրայելական «Մոսադ» հետախուզական գործակալության անդամ: Կան նաև այլ վարկածներ: Զիա Բունյատովը թաղված է Բաքվի Պատվո ծառուղում: Մահվան կապակցությամբ Հեյդար Ալիևը հետևյալն է ասել.
«Գնդակ` արձակված այդպիսի մեծ ու բարձր հանճարին,  սա հարձակում է ողջ Ադրբեջանի ժողովրդի վրա, գնդակն արձակված է ադրբեջանի ժողովրդի վրա»:

Թեև 22 տարի տխրահռչակ Բունիաթովը լռել է, սակայն նրա թողած պատմական աղբը հավաքելը դյուրին գործ չէ: Խորհրդային հանրահայտ գիտնականներից բացի Բունիաթովի կեղծ գիտական փաստարկները քննադատել ու հերքել են բազմաթիվ օտարազգի գիտնականներ, ավելին` նա հայտնի է նաև  գրագողությամբ: Բրիտանացի Թոմաս դե Վաալը Բունիաթովի գիտական ​​վկայականները կասկածելի է համարում: Վաալը  հաստատում է. Կովկասի Ալբանիայի վերաբերյալ 1960 և 1965 թվականներին  Բունիաթովի հրատարակված երկու հոդվածներն ուղղակի գրագողություն են: Բունիաթովի անունով հրատարակվել է չհրապարակված երկու հոդվածների թարգմանությունները, որոնք ի սկզբանե անգլերեն գրված են եղել արևմտյան գիտնականներ C.F.J. Dowsett և Robert Hewsen-ի կողմից:  Թոմաս դե Վաալը Բունիաթովին անվանել է «Ադրբեջանի համար մեկ հայատյացը»:
Վրացի պատմաբան Գ. Բերաձեն պնդում է, որ Բունիաթովը յուրացրել է հնդիկ հայտնի արևելագետ Հադի Հասանի աշխատանքը Ֆալակի Շիրվանի մասին:

Բունիաթովի կողմից հայերի հիշատակումների համակարգային «մաքրումը» և «ալբաններին» փոխարինելը  նշում է նաև ամերիկացի պատմաբան Ջորջ Բուռնուտյանը, որի համաձայն, Շիլթբերգերի «ճանապարհորդության» ժամանակ «Բունիաթովը համարձակորեն բաց է թողել ձեռագրի 63 - 66 գլուխները, ընդհանուր առմամբ քսան էջեր ՝ կապված Հայաստանին և հայերին, և  իր հրապարակման մեջ փոխել  տեքստը:

«Կալիֆոռնիայի համալսարանի պրոֆեսոր Բարլոու Տեր-Մերդեճյանը « Երկու տեսություն Ղարաբաղի պատմության մասին» գրքի նախաբանում  նշում է, որ Բունիաթովի պատմածները  տեքստային  աղբյուրների առումներով ունեն բազմաթիվ աղավաղումներ:

Եվ այսպես «հանճարեղ» Զիա Բունիաթովի սուտն  ու  կեղծիքը մերկացնող  բազմաթիվ ազնիվ ու անաչառ պատմաբաններին միացավ ևս մեկը` նիդերլանդացի գիտնական Սառա Քրոմբախը: Պատմության կեղծարարներին հենց ինքը` պատմությունը չի ներում:
Hay Azian




No comments:

Post a Comment