The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Tuesday 14 November 2023

Անձրևներից արձակուդ վերցրած կիրակին` Մաստրիխտում


Հայազգի Սերվատիուսի հոգևոր շնչով ապրող հնամենի Մաստրիխտ քաղաքին նոր որակ է հաղորդում ներկայումս գործող «Անի» հայ համայնքն իր Սուրբ Կարապետ եկեղեցով, որի մուտքին ծածանվում են են Հայաստանի ու Նիդերլանդների դրոշները: Կիրակին` ինչպես ծիածանի գույնզգույն կամարի ներքո անցնող կախարդական երազանք, ընդհատել էր տևական ու անընդհատ քսանչորսօրյա անձրևների շարքը` օրը տրամադրող, յուրահատուկ ու գեղեցիկ դարձնելով: Վերջերս համայնք այցելության եկած Նիդերլանդներում Հայաստանի նորանշանակ դեսպան Վիկտոր Բիյագովից հետո, այս անգամ Մաստրիխտի հայ համայնք պատիվ էին արել այցել  սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, հանձնակատարի գրասենյակի սփյուռքի ներուժի քարտեզագրման և ներգրավման վարչության պետ Կարեն Ավանեսյանը և այս օրերին Բրյուսելում անցկացված «Հայաստանի ռազմավարական ապագան» Հայաստան-Եվրոպա համաժողովի կազմակերպիչներից` ԵՀՄ փոխնախագահ, գործարար Արտակ Սերգոյանը:
 

Հյուրերը նախ եղան կիրակնօրյա դպրոցում, ծանոթացան սաների աշխատանքներին, ապա հանդիպում ունեցան հայ համայնքի ակտիվի հետ: 

Ատենապետ Լևոն Սարգիսը հյուրերին ներկայացրեց տեղեկատվություն իրենց կառույցի գործունեության և տեղական իշխանությունների հետ  կապի մասին: Գլխավոր հանձնակատարը խոսեց ներկա մարտահրավերների,  Բրյուսելյան աշխատանքային այցի մասին: Հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում  մանրամասն ներկայացվեց  գրասենյակի գործունեությունն ու ծրագրերը, քննարկվել են համայնքային գործընթացները և համագործակցության ընդլայնման հնարավորությունները:

Այնուհետև նա պատասխանեց ներկաների և «Նիդերլանդական օրագրի» ուղիղ եթերում հնչեցրած հարցերին:

Ամենագեղեցիկ անակնկալը, սակայն, առջևում էր, երբ տետրերով, համերաշխ իրար կողք-կողքի շարվեցին երեխաները ու սկսեցին կարդալ ու երգել: Արժանին պետք է մատուցել խմբավար Արտակ Ոսկանյանին, որին հաջողվել է բավական կարճ ժամանակահատվածում` մի քանի շաբաթվա ընթացքում երգչախումբ ձևավորել: Արտակը երեխաների հետ պարապելու է գալիս հարևան Գերմանիայի Քյոլն քաղաքից ու չի ափսոսում ոչ ճանապարհի, ոչ ծախսված ժամանակի ու ոչ էլ միջոցների համար: «Իմ նպատակը երեխաներին հայ պահելն է»- ասում է նա: Երեխաների ոգևորող երգը` ծափերի ուղեկցությամբ, անտարբեր չթողեց ներկաներին, իսկ գործարար Արտակ Սերգոյանը` հենց տեղում խոստացավ,  երեխաներին ապահովվել համապատասխան բեմական զգեստներով:





Հայ համայնքի հետ ունեցած հանդիպումից հետո, հյուրերը Մաստրիխտի Սբ.Կարապետ եկեղեցու ծխական խորհրդի անդամներ` Արմանդ Կարաօղլանի և Վազգեն Սարգիսի ուղեկցությամբ եղան հայկական խաչքարի մոտ,  այցելեցին Սերվատիուսի բազիլիկ եկեղեցի: Վազգեն Սարգիսը, ով վերջերս Երևանում մասնակցում էր սփյուռքի իրավաբանների համագումարին և  Նիդերլանդահայ իրավաբանների միության հիմնադիր-նախագահն է, բավականին հետաքրքիր տեղեկություններ փոխանցեց Մաստրիխտ քաղաքի, մասնավորապես քաղաքը խորհրդանշող հայազգի Սուրբ Սերվատիուսի մասին, ում պատվին Մաստրիխտում շատ հուշարձաններ կան, փողոց, կամուրջ և այլն:

Հետաքրքիր էր Սերվատիուսի թանգարանը, որտեղ պահվում են եզակի նկարներ, քանդակներ, մասունքներ ու այլ նմուշներ:

https://www.youtube.com/watch?v=4Lm5sNpyXTs

Սերվատիուսը` 4-րդ դարի հայ հոգևորական է, որը  քրիստոնեություն է տարածել ներկայիս Նիդերլանդների, Բելգիայի, մասամբ էլ Գերմանիայի տարածքում։ Սերվատիուսն է հանդիսացել  քրիստոնեության առաջին տարածողն ու ջահակիրը այս երկրներում: Նրա ծննդյան թիվն անհայտ է, մահացել և թաղվել է  Մաստրիխտում 384 թվականին:«Սուրբ Սերվատիոսի կյանքը» 1170 թվականին գրի է առել հոլանդացի առակագիր Հենդրիկ վան Վելդեկեն:  Ամեն տարի, մայիսի 13-ից սկսած, Լիմբուրգի նահանգի Մաստրիխտ քաղաքում կաթոլիկ եկեղեցին մեծ շուքով ու հանդիսությամբ Սերվատիուսին նվիրված տոնակատարություններ է կատարում, որին  ակտիվորեն մասնակցում է մեր հայ համայնքը,  ի  դեպ նրանց  ի պահ է տված եկեղեցու դռների բոլոր բանալիներնը: Նաև հետաքրքրական է փաստը, որ Սերվատիուսի զանգակատունը Նիդերլանդների ամենամեծ զանգն  ունի:

Օրը` քաղաքին ծանոթանալով չավարտվեց: Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատարի պատվիրակները`  Զարեհ Սինանյանի գլխավորությամբ, հանդիպեցին Հյուսիսային Բրաբանտ, Լիմբուրգ, Զեելանդ և Խելդերլանդ նահանգներում, ինչպես նաև տեխնոլոգիական և արդյունաբերական հանգույց հանդիսացող Էյնդհովենում Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի պատվո հյուպատոս Վիլի ֆան դե Կերկհոֆին, ով հանձնառություն է վերցրել իր կապերն ու հեղինակությունը օգտագործելով նպաստել հայ հոլանդական կապերի ամրապնդմանը: Զրույցի ընթացքում կարևորվեց Նիդերլանդների հարավային նահանգների հետ Հայաստան-Նիդերլանդներ համագործակցությունը` բիզնես ոլորտում, գործարար պատվիրակությությունների փոխայցելություններն ու զանազան ծրագրերի առաջնահերթությունները: Քննարկվեցին քաղաքական և տնտեսական, մշակութային փոխգործակցության խորացման կոնկրետ հարցեր:

Տեղումներից արձակուրդ վերցրած կիրակին, երբ ավարտին էր մոտենում` կրկին երկնքից մաղեց անձրևը, բացվեցին անձրևանոցներն ու թրջվեցին մայթերն ու փողոցները: Այնուհանդերձ Մաստրիխտյան նոյեմբերյան աշնանային օրը` հիշողության մեջ մնաց Սերվատիուսյան հայկականությամբ` ջերմ ու անմոռաց:

 Երկուշաբթի սփյուռքի գլխավոր հանձնակատարին, սպասում են մեկ այլ ջերմ, հայկական օջախում`այս անգամ Հաագայի Աբովյան մշակութային միությունում` անկախ եղանակից:

Hay Azian

Maastricht 12.11.2023
























No comments:

Post a Comment