«Նա հայկական Ռոբին Հուդն է, Գարիբալդին և Վաշինգտոնը՝ միասին վերցրած»։ Ամերիկացի ճանապարհորդ, գրող և հրապարակախոս Մելվիլ Չետերսի այս գնահատականը ամենատպավորիչ բնորոշումներից մեկն է, որ երբևէ տրվել է Զորավար Անդրանիկ Օզանյանին։
Բայց այդ խոսքերի իմաստը հասկանալու համար երբեմն բավական է կանգնել Վանաձորի Զորավար Անդրանիկ փողոցի սկզբնամասում՝ նրա բրոնզաձույլ հուշակոթողի առջև, և տեսնել մարդկանց, որոնք տասնամյակներ անց էլ հավաքվում են ոչ միայն պատմական դեմքի անունը հիշելու, այլև նրա կերպարի մեջ իրենց ազգային հիշողությունը վերագտնելու համար։
Օգոստոսի 31-ին այստեղ մարդաշատ էր։ Լոռեցիները հավաքվել էին նշելու հայ ժողովրդի մեծանուն զավակի, Մեծն Հայդուկապետ, Զորավար Անդրանիկ Օզանյանի մահվան 99-րդ տարելիցը և խոնարհվելու նրա հիշատակի առաջ։
Սա հերթական պաշտոնական միջոցառումը չէր։ Մարդիկ եկել էին իրենց կամքով, իրենց հիշողությամբ ու իրենց վերաբերմունքով։ Եվ գուցե հենց այդ պատճառով էլ այդ օրը Վանաձորում մի պարզ, բայց կարևոր բան առավել ակնհայտ էր դառնում՝ Լոռին չի մոռացել Անդրանիկին։
ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Արմեն Կարապետյանը, որը Լոռիում առաջին անգամ էր մասնակցում նման միջոցառման, խոստովանեց, որ զարմացած է՝ տեսնելով, թե Վանաձորում ինչպիսի կազմակերպվածությամբ, սիրով ու նվիրվածությամբ են հիշում Զորավարին։
Նրա համար հատկապես ուշագրավ էր դպրոցականների ներկայությունը։ Նրա խոսքում կար նաև ցավոտ համեմատություն։ Անդրանիկի աճյունն այսօր հանգչում է Եռաբլուրում, սակայն մայրաքաղաքում նման համախմբված հիշատակի միջոցառումներն այլևս հաճախակի չեն։ Իսկ Լոռին շարունակում է իր ավանդույթը։
Միջոցառումը բացեց Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը՝ օրհնության խոսքով։ Նա հիշեց Անդրանիկի կյանքի ու գործունեության մի շարք դրվագներ՝ ընդգծելով նրա բացառիկ տեղը հայ ժողովրդի հայդուկային շարժման պատմության մեջ։
Զորավարի անունը, նրա համոզմամբ, պետք է շարունակի հնչել որպես հայ ազատամարտի և ազգային ոգու խորհրդանիշ։
Այդ խոսքերի մեջ մի պարզ ճշմարտություն կա. Անդրանիկի կերպարը ժամանակի հետ չի փոքրացել։ Ընդհակառակը՝ պատմության հեռավորությունից նա ավելի ու ավելի է վերածվում խորհրդանիշի։
Վանաձորում Անդրանիկին և ԱՍԱԼԱ-ի հերոս մարտիկներին նվիրված միջոցառումների մշտական մասնակից է բանասիրական գիտությունների թեկնածու, գրող, հրապարակախոս և Անդրանիկագետ Կարո Վարդանյանը։ Այս անգամ ևս նա ներկաներին ներկայացրեց Զորավարի կյանքին ու գործունեությանը վերաբերող հայտնի և ոչ այնքան հայտնի, երբեմն էլ ճակատագրական դրվագներ։
Անդրանիկը ազգային-ազատագրական պայքարի գործիչ էր, ժողովրդի ինքնապաշտպանության պայքարի առաջնորդ, որի զինվորական հեղինակությունը ծնվել էր ոչ թե պաշտոնական կաբինետներում, այլ մարտի դաշտում՝ Սասունում, Մուշում, Արևմտյան Հայաստանի տարբեր վայրերում՝ ժողովրդի կողքին։
Վտանգի պահին ժողովուրդը նրա մեջ տեսնում էր իրենից մեկին՝ իր կողքին կանգնած մարդուն։
Անդրանիկը միայն մեր հերոսը չէր։ Նրա անունը ճանաչվեց Հայաստանի սահմաններից դուրս։ Սակայն Անդրանիկի մեծությունը միայն այն չէ, որ նրան ճանաչել են ուրիշները։ Նրա մեծությունն առաջին հերթին այն է, որ նրան ճանաչել է իր ժողովուրդը։
Եվ ժողովուրդը նրան տվել է մի անուն, որը պաշտոնական որևէ կոչումից բարձր է՝ Զորավար Անդրանիկ։
Այդ օրը ես էլ ելույթ ունեցա։ Խոսքիս գլխավոր միտքն այն էր, որ մենք հավաքվել ենք ոչ միայն հիշելու մի մարդու, որը մահկանացուն կնքեց հայրենիքից հեռու՝ 99 տարի առաջ։ Մենք հավաքվել ենք անմար պահելու մի գաղափար, որի համահավաք անունը դարձավ՝ Անդրանիկ։
Անդրանիկի կյանքի վերջին տարիները ծանր էին։ Նա հեռու էր հայրենիքից, հիվանդ էր և ապրում էր ծանր հոգեբանական վիճակում։ 1920-ականների սկզբից հաստատվել էր ԱՄՆ-ում, իսկ առողջական վիճակի վատացումից հետո բուժվում էր Կալիֆոռնիայի Ռիչարդսոն Սփրինգս առողջարանում՝ կնոջ՝ Նվարդ Քյուրքչյանի հետ։
Այստեղ էլ՝ 1927 թվականի օգոստոսի 31-ին, նա մահացավ։
Նրա մահվանից հետո սկսվեց մի ճանապարհ, որը խորհրդանշականորեն շարունակեց նրա ամբողջ կյանքի պատմությունը։ Սկզբում նրան հուղարկավորեցին Ֆրեզնոյի «Արարատ» հայկական գերեզմանատանը, հետագայում աճյունը տեղափոխվեց Փարիզ և ամփոփվեց Պեր Լաշեզում, իսկ 2000 թվականին Զորավարի աճյունը վերադարձվեց Հայաստան և վերահուղարկավորվեց Եռաբլուրում։
Մարդը մահացավ օտար հողի վրա, բայց ժողովուրդը նրան տուն վերադարձրեց։
Եվ գուցե հենց այստեղ է Անդրանիկի կյանքի ամենախորհրդանշական հանգույցներից մեկը. մարդը կարող է հեռանալ հայրենիքից, կարող է մահանալ հազարավոր կիլոմետրեր հեռու, բայց եթե նրա կյանքը կապված է հայրենիքի հետ, նա մի օր վերադառնում է՝ և՛ աճյունով, և՛ ժողովրդի հիշողության մեջ։
Անդրանիկի կյանքի վերջին շրջանին վերագրվող ամենահայտնի խոսքերից մեկն է՝ «Գործս կիսատ մնաց…»։
Երեք բառ, որոնք ժամանակի հետ վերածվել են պատգամի։
Որովհետև Անդրանիկի «գործը» միայն պատերազմը չէր։ Դա միայն հաղթանակների կամ ռազմական գործողությունների շարքը չէր։ Այդ գործը հայրենիքի ազատության, ժողովրդի անվտանգության, ազգային արժանապատվության և կորցրած հայրենիքի նկատմամբ հավատքի գործն էր։
Եվ որքան էլ տարիները հեռանան նրա մահվան օրից, այդ խոսքը շարունակում է հնչել.
«Գործս կիսատ մնաց…»
Անդրանիկի անունը մեզ համար կարող է մնալ պատմության էջերում, հուշարձանների վրա, դպրոցական դասագրքերում։ Բայց նրա կյանքի իրական խորհուրդը դրանից շատ ավելի մեծ է։
Պարտավոր ենք ոչ միայն հիշել Անդրանիկին, այլև ապրել այնպես, որ նրա «կիսատ մնացած գործը» կրկին կիսատ չթողնենք։
Գագիկ ԱՆՏՈՆՅԱՆ




No comments:
Post a Comment