The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Thursday 25 October 2018

Լեզվի կոմիտեի կարևոր հրապարակումներից մեկը


2018թ. hունիս ամսից ՀՀ կրթության և գիտության նախարարության լեզվի պետական տեսչությունը վերակազմավորվեց, և նույն նախարարության կազմում ստեղծվեց Լեզվի կոմիտեն: Կոմիտեի նախագահ նշանակվեց անվանի լեզվաբան Դավիթ Գյուրջինյանը, որը նոր ոճով  նախաձեռնեց այս կարևորագույն ոլորտի աշխատանքը: Կարճ ժամանակում արմատապես փոխվեց կոլեկտիվի աշխատելաոճը․ վարչական վերահսկողությունն այլևս անցյալում է: Այժմ մեծ ուշադրություն է դարձվում լեզվաքարոզչությանը: Այս առումով ծավալուն և արդյունավետ աշխատանք են կատարում Լեզվի կոմիտեի աշխատակիցները, ովքեր ստեղծել ու վարում են կոմիտեի ֆեյսբուքյան էջը։ Կոմիտեն սերտ կապեր է հաստատել ԶԼՄ-ների, այդ թվում` սփյուռքի լրատվամիջոցների հետ: Հենց մամուլի միջոցներով էլ նա իր խոսքը հասցնում է հայախոս զանգվածներին: Մեր ընթերցողների ուշադրությանն ենք ներկայացնում Լեզվի կոմիտեի կարևոր հրապարակումներից մեկը.

 Ո՞ր, թե՞ ով... 



Հայ ժամանակակից գրականությունից քաղված այս մի քանի օրինակները ցույց են տալիս հայերենում հատուկ եւ հասարակ գոյականներին կապակցվող որ հարաբերական դերանվան գործածության ձեւավորված ավանդույթը։
Լեւոնը, որ կանգնած էր զրուցողների ուրիշ խմբի մեջ, հարցրեց. «Ի՞նչ է, արդեն սկսեց գլխին զոռ տալ» (Հրանտ Մաթեւոսյան)։
Միակ մարդը, որ լուրջ չէր ընդունում այդ ամբողջը եւ գիտեր իսկականի արժեքը, ես էի (Աղասի Այվազյան)։
Բեմին ամենից մոտիկ նստած էին երեխաները, որոնք շատ քիչ բանից են արդեն զարմանում (Վարդգես Պետրոսյան)։
Դա այն Գասպարն էր, որ անցյալ տարի նամակով հայտնել էր Պավելի մահվան լուրը (Զորայր Խալափյան)։
Ռեկտորի կինը, որի կրծքին կարմրագույն վարդ էր ամրացված, Դանիելին ասաց, որ դա պատերազմող մի զինվոր էր ուղարկել խրամատներից (Լեւոն Խեչոյան)։
Այլեւս չէր ուզում նեղություն պատճառել ազգականներին, որոնց տանը առանց իրեն էլ նեղվածք էր (Վահագն Գրիգորյան)։
Այս նախադասությունների որ, որի, որոնք, որոնց հարաբերականների փոխարեն շատերն այժմ ով, ում, ովքեր են գործածում, եւ դա օրեցօր ավելի ու ավելի է տարածվում։
Հորդորակի նպատակն է անդրադառնալ վերջին տարիներին հայերենում (մամուլի, հեռուստատեսության եւ ռադիոյի լեզվում, պաշտոնյաների խոսքում) խիստ տարածված այդ անհարազատ իրողությանը եւ վերացնել այն։

Կանոնը գրական հայերենում

Որոշիչ երկրորդական նախադասությունները լրացնում են գլխավոր նախադասության գոյականով արտահայտված անդամին՝ ցույց տալով դրա որեւէ հատկանիշ՝ որակական, քանակական, ժամանակային, տարածական եւ այլն։ Երկրորդական նախադասությունը գլխավոր նախադասությանը կարող է կապակցվել հարաբերականներով՝ որ(ը), ինչպիսի, որպիսի, ինչ, որքան, ինչքան, երբ, որտեղ, ուր, ինչպես, ով եւ որ, թե շաղկապներով։ Սրանցից ավելի հաճախ կիրառվում է որ հարաբերականը։ Օրինակ՝ «Երեկ պատահաբար տեսա այն տղային, որի հետ դու էիր ծանոթացրել»։
Վերջին տարիներին տարածվել է որոշիչ երկրորդական նախադասությունը գլխավոր նախադասությանը որ-ի փոխարեն ով-ով կապակցելը հատկապես այն դեպքերում, երբ երկրորդական նախադասությունը լրացնում է անձ ցույց տվող գոյականի։ Բերենք մի քանի օրինակ՝
Եկել էր նաեւ Բելգիայի վարչապետը, ով առաջին անգամ էր այցելում Ծիծեռնակաբերդ։
Մենք մարդիկ ենք, ովքեր ավելի քան տասը տարի փողոցում ծեծվել են։
Սուբելիանին այն պաշտոնյան է, ում ամիսներ առաջ Վրաստանի իշխանությունները կալանավորեցին՝ երկու անչափահասների սպանության գործով սկսած զանգվածային ցույցերը հանդարտեցնելու համար։
Այս գործածությունն արդեն այնքան է տարածվել, որ ով հարաբերականի միջոցով երկրորդական նախադասությունը սկսել են կապակցել անգամ այն գլխավոր նախադասությունների հետ, որոնց լրացյալ գոյականն անձ չէ, օրինակ՝ «Հայտնի է առաջին թիմը, ով նվաճել է ԱԱ 2018թ. եզրափակչի ուղեգիր», «Դուք կիմանաք թե՛ նոր անունները, թե՛ հին անունները, ովքեր մնալու են», «Ի դեպ, Չուգասզյանն այդպիսի ուժեր է համարում Հանրապետականին, Բարգավաճ Հայաստանին եւ Դաշնակցությանը, ովքեր կողմ քվեարկեցին ԱԺ-ի կանոնակարգ օրենքի հայտնի փոփոխությանը» եւ այլն։
Քանի որ որոշիչ երկրորդական նախադասությունը գլխավորին որ-ի փոխարեն ով-ով կապակցելու դեպքերը գերակշռում են այն դեպքերում, երբ լրացյալը անձ ցույց տվող գոյական է, կարծում ենք՝ 
նման եղանակով կապակցելու պատճառը հենց անձի առումը շեշտելն է. որ-ը ով-ով փոխարինած մարդիկ հավանաբար կարծում են, որ սխալ է անձի դեպքում որ գրելը, այնինչ պետք է ասել, որ որոշիչ երկրորդական նախադասությունը գլխավորին կապակցելիս անձի եւ իրի առման տարբերակումը չի գործում, հետեւաբար կարիք չկա նման տարբերակում մտցնելու եւ ըստ այդմ կապակցման միջոցը փոխելու։

Ինչո՞ւ որ. ինչպե՞ս կողմնորոշվել

Ինչպես արդեն նշեցինք, ով-ի եւ որ-ի կիրառության հիմնական խնդիրն առաջանում է որոշիչ երկրորդական նախադասության դեպքում։ Քանի որ որոշիչ երկրորդական նախադասությունը ցույց է տալիս իր լրացյալի որեւէ հատկանիշ, տրամաբանական է, որ պիտի պատասխանի հիմնականում ո՞ր, երբեմն էլ՝ ինչպիսի՞ հարցերին։ Հասկանալու համար՝ ճիշտ է գործածել ո՞ր, թե՞ ով հարաբերականը, կարելի է ընդամենը հարց տալ որոշիչ երկրորդական նախադասությանը։ Եթե այն պատասխանի ո՞ր հարցին, պետք է կիրառել որ հարաբերականը, իսկ եթե ո՞վ, ո՞ւմ հարցերին, ապա՝ համապատասխան դերանունները։
Այս տրամաբանությամբ դիտարկենք վերը բերված նախադասությունները։ Այսպես՝
Եկել էր նաեւ Բելգիայի վարչապետը, ով առաջին անգամ էր այցելում Ծիծեռնակաբերդ։
Երկրորդական նախադասությունը (ով առաջին անգամ էր այցելում Ծիծեռնակաբերդ) լրացնում է վարչապետը գոյականին։ Հարց տանք. եկել էր նաեւ Բելգիայի ո՞ր վարչապետը։ Ոչ մի կերպ չենք կարող հարցնել՝ եկել էր նաեւ Բելգիայի ո՞վ վարչապետը։ Ինչպես տեսանք, երկրորդական նախադասությունը չի պատասխանում ո՞վ հարցին, հետեւաբար սխալ է այն գլխավորին ով-ով կապակցելը։
Դիտարկենք մյուս օրինակը, որում երկրորդական նախադասությունը գլխավորին կապակցվում է ով-ի հոգնակի թվով՝ ովքեր հարաբերականով։
Մենք մարդիկ ենք, ովքեր ավելի քան տասը տարի փողոցում ծեծվել են։
Երկրորդական նախադասությունը՝ «ովքեր ավելի քան տասը տարի փողոցում ծեծվել են», լրացնում է մարդիկ գոյականին։ Հարց տանք. մենք ո՞ր մարդիկ ենք. չենք հարցնի՝ մենք ո՞վ մարդիկ ենք։ Պատասխանը կլինի. «Մենք մարդիկ ենք, որոնք ավելի քան տասը տարի փողոցում ծեծվել են», իսկ նախադասությունը փոխակերպելու դեպքում՝ «Մենք ավելի քան տասը տարի փողոցում ծեծված մարդիկ ենք»։
Հաջորդ օրինակում որոշիչ երկրորդական նախադասությունը գլխավորին կապակցվում է ով-ի հոլովված տարբերակով՝ ում հարաբերականով։
Սուբելիանին այն պաշտոնյան է, ում ամիսներ առաջ Վրաստանի իշխանությունները կալանավորեցին՝ 2 անչափահասների սպանության գործով սկսած զանգվածային ցույցերը հանդարտեցնելու համար։
Պաշտոնյա գոյականին լրացնող «ում ամիսներ առաջ Վրաստանի իշխանությունները կալանավորեցին՝ 2 անչափահասների սպանության գործով սկսած զանգվածային ցույցերը հանդարտեցնելու համար» երկրորդական նախադասությանն ուղղված հարցը կլինի՝ Սուբելիանին ո՞ր պաշտոնյան է եւ ոչ՝ Սուբելիանին ո՞ւմ պաշտոնյան է, հետեւաբար ճիշտ է երկրորդականը գլխավորին կապակցել որի հարաբերականով (Սուբելիանին այն պաշտոնյան է, որին ամիսներ առաջ Վրաստանի իշխանությունները կալանավորեցին՝ 2 անչափահասների սպանության գործով սկսած զանգվածային ցույցերը հանդարտեցնելու համար)։
Որոշիչ երկրորդական նախադասությունների հարաբերականները գլխավոր նախադասության մեջ՝ լրացյալ գոյականի կողքին, ունենում են հարաբերյալ, որի առկայությունն արդեն իսկ հուշում է, որ գործ ունենք որոշիչ երկրորդական նախադասության հետ եւ պետք է գրենք որ։
Դիտարկենք նման դեպքի սխալ կիրառության մեկ օրինակ՝
Ով է այն պաշտոնյան, ով ըստ Հայկ Դեմոյանի՝ աշխատում է Թուրքիայի հատուկ ծառայությունների համար։
Երկրորդական նախադասությանը կտանք «ո՞ր պաշտոնյան» հարցը։ Փոխակերպելիս պատասխանը կլինի՝ «Ով է ըստ Հայկ Դեմոյանի՝ Թուրքիայի հատուկ ծառայությունների համար աշխատող պաշտոնյան»։ Երկրորդական նախադասությունն այստեղ փոխարինում է այն հարաբերյալին, եւ նախադասությունը փոխակերպելիս «այն»-ը չի պահպանվում։
Նշենք, որ թեպետ որ-ի եւ ով-ի կապակցման այս խնդիրը հիմնականում առաջանում է որոշիչ երկրորդական նախադասությունների դեպքում, սակայն կարող են լինել դեպքեր, երբ երկրորդական նախադասությունը կարող է ընկալվել նաեւ որպես բացահայտիչ, քանի որ դրանց սահմանը շատ նուրբ է։ Այս դեպքում եւս երկրորդականը գլխավորին կապակցվում է որ հարաբերականով։ Օրինակ՝
Եղիշե Չարենցը, որ հայ նշանավոր բանաստեղծ է, մահացել է 1937 թվականին։
Այս երկրորդական նախադասությունը (որ հայ նշանավոր բանաստեղծ է) կարող է փոխակերպվել ե՛ւ որպես բացահայտիչ երկրորդական նախադասություն (Եղիշե Չարենցը՝ հայ նշանավոր բանաստեղծը, մահացել է 1937 թվականին), ե՛ւ որպես որոշիչ երկրորդական նախադասություն (Հայ նշանավոր բանաստեղծ Եղիշե Չարենցը մահացել է 1937 թվականին)։

Ե՞րբ կիրառել ով-ը

Ով հարաբերականով երկրորդական նախադասությունը կարող ենք կապակցել գլխավորին այն դեպքում, երբ երկրորդականը պատասխանում է ո՞վ, ո՞ւմ հարցերին։ Այսպիսին է նա, ով կառույցը՝ իր նրանք, ովքեր, նրան, ում, նրանց, ում եւ համանման դրսեւորումներով։ Այս կառույցների կիրառության դեպքում երկրորդական նախադասությունը հիմնականում բացահայտիչ է, սակայն կարող է լինել նաեւ ստորոգելի, ուղիղ խնդիր եւ այլն՝ կախված նրանից՝ «նա»-ն հարաբերյա՞լ է, թե՞ ոչ։
Կողմնորոշվելու համար կարեւոր է հիշել, որ երկրորդական նախադասությունը գլխավորին ով հարաբերականով կարող ենք կապակցել այն դեպքում, երբ գլխավոր նախադասության մեջ ունենք նա լրացյալը։
Քաջ մարդը ոչ թե նա է, ով չի վախենում, այլ նա, ով հաղթահարում է այդ վախը։
Հարց տանք «ով չի վախենում» եւ «ով հաղթահարում է այդ վախը» երկրորդական նախադասություններին։ Կասենք՝ քաջ մարդը ո՞վ է։ Երկրորդական նախադասությունը ստորոգելի է։
Ես հարգում եմ նրան, ով կարեւորում է քաղաքացու եւ պետության շահը։
Այստեղ «ով կարեւորում է քաղաքացու եւ պետության շահը» երկրորդականը պատասխանում է ո՞ւմ հարցին. կհարցնենք՝ ես հարգում եմ ո՞ւմ, պատասխանը կլինի՝ քաղաքացու եւ պետության շահը կարեւորողին։ Երկրորդական նախադասությունը ուղիղ խնդիր է։
Նա, ով կնշանակվի այդ պաշտոնում, կդառնա հիմնական պատասխանատուն։
Այս օրինակում «ով կնշանակվի այդ պաշտոնում» երկրորդական նախադասությունը կարող է ընկալվել ե՛ւ որպես ենթակա երկրորդական, եթե «նա»-ն համարենք հարաբերյալ եւ զեղչենք, ե՛ւ որպես բացահայտիչ երկրորդական, եթե «նա»-ն չհամարենք հարաբերյալ. այս դեպքում այն չի զեղչվի։ Ենթակա երկրորդականի դեպքում կփոխակերպվի այսպես. «Այդ պաշտոնում նշանակվողը կդառնա հիմնական պատասխանատուն», իսկ բացահայտիչ երկրորդականի դեպքում՝ «Նա՝ այդ պաշտոնում նշանակվողը, կդառնա հիմնական պատասխանատուն»։
Հաջորդ օրինակում գործ ունենք հոգնակի թվով գործածված կառույցի հետ, եւ երկրորդական նախադասությունը պատասխանում է ովքե՞ր հարցին.
Նրանք, ովքեր կփորձեն արհամարհել օրենքը, ժողովրդի կարծիքն ու պահանջը, կհայտնվեն պատմության աղբանոցում։
Դիտարկենք մեկ այլ օրինակ.
«Փառք ու պատիվ բոլոր նրանց, ում ջանքերի շնորհիվ այսօր ունենք մարտունակ բանակ»։
Երկրորդական նախադասությանն (ում ջանքերի շնորհիվ այսօր ունենք մարտունակ բանակ) ուղղված հարցը կլինի փառք ու պատիվ ո՞ւմ, ոչ թե փառք ու պատիվ ո՞ր նրանց։ Ի դեպ, սա չի նշանակում, որ չենք կարող գործածել նրանք, որոնք կառույցը. այն եւս կիրառելի է։ Այսպես՝ «Փառք ու պատիվ բոլոր նրանց, որոնց ջանքերի շնորհիվ այսօր ունենք մարտունակ բանակ»։
Ի դեպ, որպես հարաբերական ով-ը կարող է գործածվել նաեւ այն դեպքում, երբ գլխավոր նախադասության մեջ ունի ամեն ոք, յուրաքանչյուր ոք, յուրաքանչյուր, բոլորը, ամենքը եւ համանման դերանուններ։ Օրինակ՝ «Յուրաքանչյուր ոք, ով ճանաչում էր նրան, լավ կարծիք ուներ նրա մասին»։
Ամփոփելով՝ նշենք հետեւյալը. հայերենում որոշիչ երկրորդական նախադասությունը գլխավոր նախադասությանը կապակցելու ամենատարածված միջոցը որ հարաբերականն է։ Ճիշտ կողմնորոշվելու եւ որ-ի փոխարեն սխալմամբ ով չկիրառելու համար երկրորդական նախադասությանը պետք է հարց տալ. եթե այն պատասխանում է ո՞ր հարցին, պետք է գործածել հենց որ հարաբերականը։
Ով հարաբերականը գործածելի է այն դեպքում, երբ գլխավոր նախադասության մեջ նրա լրացյալը նա դերանունն է, այսինքն՝ գործ ունենք նա, ով կառույցի եւ դրա տարբեր դրսեւորումների հետ։ Միաժամանակ այն կարող է կիրառվել նաեւ այն դեպքերում, երբ լրացնում է յուրաքանչյուր, յուրաքանչյուր ոք, բոլորը, ամեն ոք եւ այլ դերանունների։
Այսպիսով՝ գոյականների հետ գործածում ենք որ հարաբերականը, իսկ դերանունների հետ՝ ով-ը (նաեւ որ-ը)։

No comments:

Post a Comment