Niderlandakan Oragir

Niderlandakan Oragir
Netherlands Daily

среда, 24 октября 2018 г.

Հոլանդական «BRIGHT FUTURE» կազմակերպության հերթական հաջող միջոցառումը Հայաստանում

ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԵԾ ՆԱԽԱԳԻԾ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԼԱՅՆԱՄԱՍՇՏԱԲ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՓՈՐՁԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԾՐԱԳԻՐ՝ «ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ» ԽՈՐԱԳՐԻ ՆԵՐՔՈ


ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ՝ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ԲԱՆԱԼԻ

Եվրամիության հովանու ներքո հոլանդական «ԼՈՒՍԱՎՈՐ ԱՊԱԳԱ» («BRIGHT FUTURE) հ/կ կողմից Հայաստանում հաջողությամբ իրականացվեց միջազգային լայնամասշտաբ նախագիծ՝ աշխարհի տարբեր երկրներից ժամանած երիտասարդների մասնակցությամբ (Նիդերլանդներ, Ավստրիա, Գերմանիա, Իսպանիա, Իտալիա, Ռուսաստան, Հայաստան)։ «Առաջնորդություն» խորագրի ներքո սփյուռքահայ և օտարազգի երիտասարդները 7 օր անցկացրեցին Հայաստանում՝ Բյուրականի «Ամբերդ» հյուրանոցային համալիրում։ Ծրագրի հիմնական նպատակն էր ոչ-ֆորմալ ուսումնական մեթոդներով երիտասարդ մասնակիցների և ուսանողների շրջանում զարգացնել առաջնորդին հատուկ որակներ և գիտելիքներ՝ տարբեր հետաքրքիր, ինչպես նաև ուրախ ինտերակտիվ խաղերի և միջոցառումների շրջանակներում, որոնք անընդհատ ընդատվում էին մասնակիցներին ակտիվացնող, կարճ երգ ու պարով, մարմնավարժություններով՝ ուսումնական գործընթացին հաղորդելով ակտիվություն և բարձր տրամադրություն։ 
Միջազգային նախագծի մասնակիցները տեղակայվել էին «միջազգային» սենյակներում՝ նախապես չիմանալով իրենց հարևանների անունները։ Նախագծի կազմակերպիչների համոզմամբ՝ նման իրավիճակում երիտասարդները սովորում են լինել հանդուրժող, ճկուն վարքագիծ են դրսևորում՝ միմյանց հետ հարմարվելու համար, դառնում են էլ ավելի համբերատար, հոգատար, ծանոթանում են միմյանց մշակույթին, ազգին բնորոշ վարքագծին, զարգացնում են արագ լեզու գտնելու և շփվելու ունակութոյւններ։ 
Հետաքրքիր, բայց դժվարին է եղել մասնակիցների ընտրությունը. մոտիվացիոն նամակների, այնուհետև՝ հարցազրույցների արդյունքում նախագծին են միացել միմիայն խելացի, առաջատար մասնագետներ և խոստումնալից երիտասարդներ, ովքեր մեծ ցանկություն են հայտնել զարգացնել կամ գտնել իրենց մեջ առաջնորդին հատուկ հմտություններ։ Գերմանիայի խմբի ներկայացուցիչ Կարինեն, լինելով ազգությամբ հայ, երբևէ հնարավորություն չէր ունեցել լինել հայրենի երկրում։ Ստանալով այդ բացառիկ հնարավորությունը և չստանալով արձակուրդային օրեր, նա, միևնույն է, որոշում է կայացրել կորցնել աշխատանքը, բայց կատարելագործել առաջնորդին հատուկ իր հմտությունները հենց հայրենի հողում։ Այսպիսով՝ մի քանի ամիս ընթացող երկարատև միջազգային հարցազրույցների արդյունքում ընտրվել են լավագույններից լավագույնները։ Իսկ ճիշտ ընտրություն կատարելու ապացույցը նախագծի արդյունքներն են։   
Առաջին օրը երիտասարդները միմյանց ներկայացրեցին իրենց երկրների առաջնորդներին, փորձի և տեղեկատվության փոխանակում իրականացրեցին՝ ոչ-ֆորմալ միջավայրում։ Նրանցից յուրաքանչյուրը կերպարանափոխված էր ու նման էր այն առաջնորդին, ումով հպարտանում էր։ Հյուրանոցային համալիրի միջանցքներում կարելի էր հանդիպել Մեսրոպ Մաշտոցին, Նիկոլ Փաշինյանին՝ կնոջ հետ, Անգելա Մերկելին, Առնոլդ Շվարցենեգերին, Ալլա Պուգաչովային, Դիրան և Պիեր Բաղդադյաններին («Գուրմե Դուրմե» հայկական արտադրության կրեատիվ շոկոլադների հիմնադիրներ), Դեն Բիլզերյանին, հոլանդական քաղաքական գործիչ Հարրի վան Բոմմելին և այլոց։ Երիտասարդներն ակտիվ համոզում ու պատմում էին միմյանց, թե ինչու և ինչ արժանիքների շնորհիվ է իրենց ներկայացրած կերպարը առաջնորդ համարվում։ (լուսանկարներ)
Նախագծի շրջանակներում գրանցվեցին հետաքրքիր հանդիպումներ տարբեր նախարարությունների ներկայացուցիչների հետ։ Երիտասարդներն ունեցան փորձի փոխանակում Սփյուռքի փոխնախարար Արամայիս Գրիգորյանի և Եվրոպական երկրներում հայկական համայնքների հետ կապերի բաժնի ղեկավար Կարեն Ավանեսյանի հետ։ Նրանք ժամանեցին Բյուրական, ընկերական և շատ հաճելի մթնոլորտում շփվեցին երիտասարդների հետ, պատասխանեցին նրանց բոլոր հարցերին՝ ստանալով սպառիչ և հետաքրքիր պատասխաններ, խորհուրդներ։ Ուշագրավ և տպավորիչ էր Արամայիս Գրիգորյանի և Կարեն Ավանեսյանի ջերմ վերաբերմունքը՝ մասնակիցներից յուրաքանչյուրին. նրանք նաև մեծ սիրով համաձայնեցին մասնակցել «Առաջնորդ կամ մենեջեր» զարգացնող խաղին՝ աջակցելով թիմակիցներին հասկանալ և տարբերակել առաջնորդի և մենեջերի պարտականությունները։    
Մասնակիցները ոչ պակաս տպավորված էին մշակույթի նախարարություն այցելելով։ Նախարար Լիլիթ Մակունցն իր՝ օտար լեզուների, մասնավորապես՝ անգլերենի փայլուն իմացությամբ ապշեցրել էր բոլորին։ Բովանդակալից և թեմատիկ փորձի փոխանակման արդյունքում արտասահմանցի և հայ երիտասարդները փաստեցին, որ այդ հանդիպումն, իրոք, հաջողված էր և որ Լիլիթ Մակունցին հաջողվեց մոտիվացնել և ուղղորդել իրենց՝ դեպի նորանոր գործնական և անձնական ձեռքբերումներ և հաղթանակներ։ Իսպանացի երկու երիտասարդներ՝ Պաուլան և Խավիերը իրենց՝ «Ժողովրդավարություն» խորագրով գիտական աշխատանքն էլ ավելի հետաքրքիր դարձնելու նպատակով զրուցեցին Սփյուռքի հարցերով փոխնախարար Արամայիս Գրիգորյանի, ինչպես նաև՝ Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի հետ։ Նրանք տպավորված էին մեր նախարարների հետ մտերմիկ և ջերմ շփման արդյունքում և նշեցին, որ Իսպանիայում նախարարների և այլ պաշտոնյաների հետ նմանատիպ ընկերական և ոչ-ֆորմալ զրույց դժվար է պատկերացնել ։    
  Ով կարող է ունենալ ավելի մեծ կամքի ուժ և առաջնորդին հատուկ վարքագիծ, եթե ոչ  սպորտային աշխարհի ներկայացուցիչները, աշխարհի և օլիմպիական խաղերի մրցանակակիրները։ Սպորտային օրը կազմակերպվել էր ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ Մարզաձևերի զարգացման հանրապետական համալիր կենտրոնում (նախկին «Միկա» մարզադահլիճ)։ Մինչ խաղերին անցնելը՝ երիտասարդ մասնագետներին հնարավորոթյուն ընձեռվեց կատարել փորձի փոխանակում ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանի հետ, ինչպես նաև՝ օլիմպիական խաղերի մրցանակակիր Հռիփսիմե Խուրշուդյանի, Եվրոպայի չեմպիոն Հարություն Մերդինյանի, աշխարհի չեմպիոն Վաղինակ Գալուստյանի հետ, ArmFC սպորտային ընկերության ղեկավար Հայկ Ղուկասյանի հետ։ Նրանք կիսվեցին իրենց հաջողություններով, մարզական ձեռքբերումներով, պատմեցին դրանց հասնելու ճանապարհին ունեցած դժվարությունների մասին: Երիտասարդները և հանդիպմանը մասնակից մարզիկները անցկացրեցին բացօթյա մարզումներ, սպորտային խաղեր և մրցումներ։
Մեկ այլ օրվա շրջանակներում ապագա և ներկա առաջնորդ-մասնակիցները քննարկեցին հաջողված և անհաջող բիզնեսային օրինակներ, կիսվեցին միմյանց հետ սեփական դրական և բացասական պատմություններով, փորձի փոխանակում ունեցան հայկական շուկայում առաջատար մարքեթինգային ընկերություններից մեկի՝ «Դոփինգ» գրուպի հիմնադիր-ղեկավար Հայկ Սիմոնյանի հետ, ով իր օրինակով փորձեց երիտասարդներին մոտիվացնել Հայաստանում սեփական բիզնես հիմնել, չվախենալ դժվարւթյուններից և չբավարարվել գրանցված հաջողություններով՝ միշտ ձգտելով առավելագույնին։ Արդյունքում ծրագրի մասնակիցներին հաջողվեց ընդամենը 20 րոպեում՝ թիմային արդյունավետ համագործակցությամբ, ստեղծել սեփական սթարթ-ափ նախագծերը, որոնք նրանք պատրաստվում են մոտ ապագայում իրականացնել Հայաստանում։ 
Տպավորիչ էր հանդիպումը «ՄԵՐ ՏՈՒՆ» հ/կ մանկատան երիտասարդ աղջիկների և հ/կ տնօրինության հետ։ Արտասահմանցի և սփյուռքահայ մասնակիցներն ակտիվ շփվեցին նրանց հետ՝ փորձելով զարգացնելով աղջիկների շրջանում խոսակցական անգլերենի մակարդակը։ 
Մասնակիցները հոգ էին տանում միմյանց հանդեպ այնպես, ասես տասնյակ տարիների ընկերներ լինեին։ Նրանք ինքնակամ կազմակերպում էին հետաքրքիր միջոցառումներ, հրավիրում միմյանց մասնակցել դրանց։ Իսպանական խումբն այս տարի ամենաակտիվն էր. ծրագրի ավարտին արժանացան «Լավագույն խումբ» կոչմանը։ Նրանք Իսպանիայից Հայաստան էին բերել Պաելիա պատրաստելու համար անհրաժեշտ բոլոր պարագաները, բաղադրիչները։ Ուղղակի տեսնել էր պետք, թե ինչ համախմբվածությամբ և սիրով էին պատրաստում իսպանական խոհանոցը ներկայացնող ուտեստը և հյուրասիրում իրենց նոր ընկերներին։ Մասնակիցների համոզմամբ, անհավանական բարի և սիրո մթնոլորտ էր տիրում նախագծի ներսում, չնայած, որ մասնակիցներից յուրաքանչյուրը անհատականություն էր, ուներ իր՝ արդեն ձևավորված վարքագիծն ու աշխարհայացքը։ Ինչպես էին նրանք համագործակցում, օգնում միմյանց և թե ինչ սրտացավորեն էին մոտենում միմյանց դժվարություններին ու ցանկացած խնդիրներին՝ տեսնել էր պետք։
 Արտասահմանցի երիտասարդները հիացած էին հայկական հյուրընկալությամբ. նախագծի շրջանակներում նրանք հնարավորություն ունեցան սեփական փորձի արդյունքում զգալ, թե ինչ հյուրասեր և ջերմ ազգ ենք մենք՝ հայերս։ «Առաջնորդները Աշտարակ քաղաքում» ակտիվության շրջանակներում միջազգային թիմերի բաժանված մասնակիցները ունեին հետաքրքիր թիմային առաջադրանքներ. օրինակ՝ մի թիմը պետք է անվճար կարողանար կտրել մասնակից տղաների մազերը, մյուսը՝ գումար վաստակել և/կամ, դռնեդուռ ընկնելով, սնունդ խնդրեր։ Նրանք լվանում էին մեքենաներ, երգում և պարում փողոցներում, այցելում աշտարակցիների տները, օգնում նրանց բերք հավաքել ծառերից, աղբահանում էին կատարում և այլն։ Երիտասարդները վստահեցրին, որ այս փորձը նրանց ոչ միայն անծանոթ քաղաքում գոյատևելու և մարդկանց հետ ժեստերի լեզվով խոսելու բացառիկ հնարավորություն տվեց, այլ նաև խորապես ապացուցեց, որ Հայաստանում ապրում են միայն բարի, հյուրընկալ և ուրախ մարդիկ։ «Ում հետ խոսել ենք փողոցներում՝ իր տուն է հրավիրել ամբողջ խմբին. սա անհավատալի է»,- միաձայն ասում էին օտարազգի երիտասարդները։
- Իհարկե, նախագծի հիմնական նպատակն էր պատրաստել տարբեր ասպարեզներում գործունեություն ծավալող առաջնորդներ, սակայն ուրախությամբ կարող ենք նշել, որ ինչպես նախորդ տարի (խորագիրը՝ «Միջմշակութային հաղորդակցություն»), այս տարի ևս մեր ծրագիրը ոչ միայն ուսումնական և տեղեկատվական բնույթ կրեց մասնակիցների համար, այլ իր չափով նպաստեց Հայաստանի հանդեպ սփյուռքահայ և օտարազգի երիտասարդների հետաքրության առաջացմանը, նշեց ծրագրի ղեկավար, հոլանդական «ԼՈՒՍԱՎՈՐ ԱՊԱԳԱ» հ/կ հիմնադիր-տնօրեն Մարիամ Կիրակոսյանը։ - Իմ համար՝ որպես հայրենասեր հայի, նախագծի ամենամեծ հաջողություններից է այն, որ բոլոր մասնակիցները հրապուրվեցին մեր երկրով, մշակույթով և հայ ազգով։ Գրեթե բոլորը պատրաստվում են վերադառնալ, պատրաստել նորանոր նախագծեր՝ ներգրավելով իրենց ընկերներին։ Զարմանալիորեն հիացրեցին մի քանի մասնակիցներ, երբ ասացին, որ պատրաստվում են Արարատի տեսքով դաջվածքներ անել։ Մի եվրոպացի երիտասարդ նույնիսկ որոշեց ներկել իր մազերը հայկական դրոշի գույներով և պատմել մեր երկրի մասին իրենց ընկերներին և գործընկերներին։ Այսօր պատահաբար նկատեցի, որ արտասահմանցի մեր մասնակիցներից մեկի՝ Հյուգոյի սոցցանցային ստատուսը հայերեն տառերով է գրված, գլխավոր նկարը՝ Հայաստանում է արված։ Նախագիծը միանշանակ համարում ենք ստացված. դրանց ապացույցը երիտասարդների (թե՛ տղա, թե՛ աղջիկ) արցունքներն էին ծրագրի ավարտին։ Նրանցից ոչ մեկը չէր ցանկանում լքել Հայաստանը. Ավստրիական խմբի ղեկավար Քսենիան հետադարձի նոր տոմս գնեց՝ երկու օրով հետաձգելով իր թռիչքը։  
Նախագծի ավարտին մասնակիցներն արժանացան նոմինացիաների և սերտիֆիկատների։ Ծրագրի վաղեմի ընկեր «Լակի» ընկերությունն այս տարի ևս ապահովել էր մասնակիցներին քաղցրավենիքով և գեղեցիկ տորթով՝ Եվրոմիության տարբերանշանով։ 
Երիտասարդական այս նախագիծը մեծ հետաքրքրություն է առաջացրել հայկական և արտասահմանյան լրատվամիջոցների մոտ։ Ծրագրի գլխավոր ինֆորմացիոն հովանավորն է հոլանդա-հայկական «ՆԻԴԵՐԼԱՆԴԱԿԱՆ ՕՐԱԳԻՐ» պարբերականը։ Այլ լրատվական աջակիցներ՝  Հանրային հեռուստաընկերություն, Արմենիա հեռուստաընկերություն, Գավառի և Իջևանի հեռուստաընկերութոյւններ, Հանրային Ռադիո, Ռադիո Վան, Ռադիո Մարշալ, Orer.eu, Tert.am, Iravunk.com,  Shamshyan.com, MyMamul.am և ուրիշներ։
  Նմանօրինակ երիտասարդական մեծ նախագծերը խրախուսելի են, քանի որ դրանք ոչ միայն ուսուցողական են, այլ նաև հնարավորություն են տալիս ստեղծել նորանոր նմանատիպ ծրագրեր՝ երիտասարդներին հուզող խնդիրներին և հետաքրքրություններին ուղղված։ Այս նախագծի մասնակիցները, ոգևորվելով ծրագրի ընթացքից և արդյունքից, հանդես եկան նոր մտքերով և առաջարկնելով՝ առաջիկա ծրագրեր կյանքի կոչելու համար։










 Ամբողջական լուսանկարների հավաքածոն «Նիդերլանդական օրագրի» ֆեյսբուքյան էջում: