The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Wednesday 28 December 2022

«Նիդերլանդական օրագրի» տարվա մի քանի հիշարժան օրեր, դեպքեր

Մայր Հայրենիքի համար զոհվածների հիշտակը վառ է մեր սրտերում:

2023 թվականը բոլորիս համար խաղաղության, բարեկեցության և միահամուռ նվիրումի տարի լինի՝ հանուն Հայաստանի, Արցախի և համայն հայության:

Բոլորիդ շնորհավորում ենք` գալիք Նոր Տարվա և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, մաղթում հաջողություններ և անխափան աշխատանք ի փառս մեր հայրենիքի:

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնուննդ:

«Նիդերլանդական օրագիր»


Այս անգամ ևս առանձնացրել ենք  տարվա մի քանի հիշարժան օրեր, դեպքեր:

Հոլանդական մունիցիպալ խորհուրդներում հայկական ծագումով ունեցանք 6 ավագանի:

Նիդերլանդներում տեղական մարմինների ընտրություններում գնալով շատանում է ազգությամբ հայ քաղաքացիների մասնակցությունը: Սա նշանակում է, որ հայերը Նիդերլանդներում գնալով ավելի են ներգրավում ու մասնակցություն ունենում տեղի հասարակական, քաղաքական կյանքում: Եթե նախորդ  2018 թ. քաղաքային գործադիր մարմիններում ընտրվել էին ավագանու երեք անդամ, ապա 2022թ. մարտ ամսին Հոլանդական մունիցիպալ խորհուրդներում մեր ազգակիցների թիվը կրկնապատկվեց՝ հասնելով վեցի:

Հոլանդական Ալմելո քաղաքում, մայիս ամսին բացվեց Հ.Մ.Ը.Մ նորակառույց կենտրոնը՝ Տաթեւ Սրբազանի օրհնությամբ եւ քաղաքապետի ներկայությամբ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 10-11-ին երկօրյա պաշտոնական այցով եղավ Նիդերլանդների Թագավորությունում՝ հանդիպելով այս երկրի վարչապետին

Հունիսին «Նիդերլանդական օրագիրը»՝ «Օրեր» Եվրոպական ամսագրի հետ, սկսեցին նոր գրական նախագիծ՝ նվիրված 19-րդ դարի երկրորդ կեսին ապրած և ստեղծագործած արևմտահայ կին գրողներին՝ Էլպիս Կեսարացյան, Սրբուհի Տյուսաբ, Սիպիլ (Զապել Խանջյան), Հայկանուշ Մառք (Թոփուզյան), Զապել Եսայան, Մառի Պեյլերյան, Զարուհի Գալեմքյարյան, Արշակուհի Թէոդիկ (Ճէզվէճյան) և այլք:Նախագծի խորագիրն է՝ «Արեւմտահայ կին գրողները եւ ժամանակը»։ Նախագծի հեղինակներ` ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի ավագ գիտաշխատող, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Նաիրա Համբարձումյան, նույն ինստ. ավագ գիտաշխատող, Բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Սիրանուշ Փարսադանյանը։

Սեպտեմբերին լրացավ 10 տարի՝ ինչ «Նիդերլանդական օրագիրը» գործում է ֆեյսբուքյան հարթակում և ունի 25 հազ. ավելի բաժանորդ: Այդ կապակցությամբ շնորհակալական նամակներ ստացվեցին Նիդերլանդներում Հայաստանի դեսպանությունից, ՀՀ սփյուռքի հանձնակատարի գրասենյակից, սփյուռքի հայկական կազմակերպություններից ու անհատներից: «Նիդերլանդական օրագրի» մասին գրեցին «Հայաստանի հանրապետություն թերթը», Արմենպրես լրատվական գործակալությունը, այլ լրատվամիջոցներ:

Հոկտեմբերի 28-31-ը Երևանում տեղի ունեցավ Սփյուռքի Համաշխարհային հայկական գագաթնաժողովը: Միջոցառումը կարևորվում է առաջնային հարցերի ու թեմաների քննարկումներով, նաև օգտակար էին միջոցառումից առաջ ու հետո տեղի ունեցած հանդիպումներն ու քննարկումները, այցելություններն ու մամուլի համար հոդվածներով հանդես գալը:

Լրացավ Ամստերդամի պատմական «Սուրբ Հոգի» եկեղեցու վերաբացման 33-րդ տարեդարձը: Այս առիթով կազմակերպվեցին միջոցառումներ:

Հաագայի արվեստի թանգարանում տեղի է ունեցել Տարվա լավագույն ցուցադրություն մրցանակին արժանացավ Հայաստանը՝ «Արարատի հմայքի ներքո. Հին Հայաստանի գանձերը» Դրենթեի թանգարանի ցուցադրությունը։ Հայաստանի պատմության թանգարանի հնագիտական հավաքածուից 160 արժեքավոր նմուշներ, այդ թվում՝ քարեդարյան հնագույն շրջանից մինչև քրիստոնեության ընդունման ժամանակահատվածին պատկանող տարբեր առարկաներ՝ խեցանոթներ, օջախներ, զենքեր, զարդեր, կոթողներ և այլ մշակութային արժեքներ տարվա սկզբից մինչև սույն թվականի հոկտեմբերի 30-ը ցուցադրվեց նիդերլանդացիներին:

Մի քանի ամիս «Հայոց պատմություն և պոեզիա» բարեգործական միջոցառման առաքելությամբ Եվրոպական  մի շարք երկրներում էին Հայաստանից եկած մշակութային գործիչներ, գրող Կարո Վարդանյանը, դերասան Ջիվան Սար-Սարգսյանը (Վանաձոր) և «Ինտերկապի» նախագահ Նորայր Զուլոյանը: Նրանց ելույթներն ու հետաքրքիր հայրենասիրական պատմություներն ընդմիջվում էին տեղի հայ համայնքի սաների երգ ու պարով: Մասնակիցները հյուրընկալվեցին ու հարցազրույց տվեցին «Նիդերլանդական օրագրին»:


No comments:

Post a Comment