The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Wednesday 8 March 2023

Մարտի 10-12-ը Երևանում տեղի է ունենալու «Ապագա Հայկականի» առաջին Համաժողովը

Մարտի 10-12-ը  Երևանում տեղի է ունենալու «Ապագա Հայկականի» առաջին Համաժողովը՝ հիմնված  «Քաղաքացիական ասամբլեա» մասնակցային ժողովրդավարության մոդելի վրա, որն առաջին անգամ է կիրառվելու հայկական իրականությունում: Այս համաժողովի  կազմակերպման ու անցկացման մասին լուսաբանելու է  նաև «Նիդերլանդական օրագիրը»: «Ապագա Հայկականի» Համաժողովի մեկնարկի նախապատրաստական փուլի մասին իր առաջին թղթակցությունն է ուղարկել Նաիրա Գասպարյանը:

«ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» հանրային նախաձեռնություն է, որը հիմնվել է  2021 թ.՝ Հայաստանի և աշխարհասփյուռ հայության ապագայով մտահոգված հայորդիների կողմից՝ Նուբար Աֆեյան, Ռուբեն Վարդանյան, Ռիչարդ Ազարնիա, Արթուր Ալավերդյան և այլոք։ Նախաձեռնությանը արդեն միացել են ավելի քան 110 հազար հայրենակիցներ աշխարհի 108 երկրներից՝ այդ թվում Նիդերլանդներից, «Ապագա Հայկականի» տնօրենն է Արտակ Ապիտոնյանը:

Ավելի քան 300 փորձագետների մասնակցությամբ նախաձեռնությունը սահմանել է Հայաստանի և հայության ապագայի նախանշած 15 նպատակները

Նախաձեռնությանը կարող է միանալ յուրաքանչյուր հայ, ով պատրաստ է աջակցել նպատակների իրականացմանը: 

Ուղղությունների սահմանմանը հաջորդեցին հանրային քննարկումները: Հայրենիքի և Սփյուռքի համայնքներում ամենատարբեր խմբերի ներկայացուցիչների հետ 70-ից ավել առկա և առցանց հանդիպումներ են տեղի ունեցել, որոնց արդյունքում  միահամուռ կարևորվել է միասնականությունը:  

  Հատկանշական է, որ որպես մոդելի փորձնական տարբերակ կազմակերպվել է «Ապագա Հայկականի» Արցախյան ֆորումը՝ «Բնակչության աճը Արցախում» խորագրով: 

Ապագա Հայկականի առաջին համահայկական Համաժողովի յուրահատկություններից է նաև այն, որ առաջին անգամ նման ձևաչափում ընդգրկվելու է նաև Սփյուռքը: Հարցման արդյունքում նախաձեռնողների կողմից ընտրվել են՝  «Պատմական պատասխանատվություն», «Հայաստան-Սփյուռք միասնականություն» և «Բնակչության աճ»  Համաժողովին քննարկվելիք 3 նպատակները: 

Ստեղծվել են փորձագիտական հանձնախմբեր՝ Գերաշնորհ Տեր Խաժակ Արքեպիսկոպոս Պարսամյանի, Արամ Աբրահամյանի և Արմինե Հովհաննիսյանի ղեկավարմամբ: 

5 ամիս շարունակ հայկական փորձագիտական համայնքի 100-ից ավել ներկայացուցիչներ առկա և առցանց ձևաչափերով քննարկել են նպատակների իրագործման հետ կապված սցենարներն ու ծրագրերը: 

Դրանք ներկայացվելու են  Համաժողովին, որին մասնակցելու համար թափանցիկ վիճակահանությամբ և ներկայացուցչական ընտրանքի մեթոդով ընտրվել են 200 մասնակիցներ՝ ձևավորելով աշխարհասփյուռ հայության սեռատարիքային, կրթական և բնակության վայրով պայմանավորված յուրօրինակ մանրակերտը: Քննարկումներին առցանց ձևաչափով մասնակցելու հնարավորություն ունեն նաև գրանցված բոլոր հայրենակիցները: 

Արդյունքում  «Ապագա Հայկականը»  ձևավորում է մի հարթակ, որտեղ աշխարհասփյուռ հայության ամենատարբեր խմբերի ներկայացուցիչներ նախ ծանոթանում, ապա քննարկում են փորձագիտական գնահատում անցած սցենարներն ու ծրագրերը՝ միահամուռ ուժերով սահմանելով ապագայի իրենց տեսլականը: 

Նաիրա ԳԱՍՊԱՐՅԱՆ

Հատուկ «Նիդ․ օրագրի» համար, Երևան, 08.03.2023   

Համաժողովի օրակարգն  այստեղ  

Convention-Agenda-arm.pdf (futurearmenian.com)

No comments:

Post a Comment