The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Tuesday 21 March 2023

Զատիկի տոնական միջոցառումներ

 

Հարգելի  Հայրենակիցներ, 

Մաստրիխտի Ս. Կարապետ Եկեղեցու Ծխական Խորհուրդը մեծ ուրախությամբ ձեզ հայտնում է Զատիկի շաբաթվա  եկեղեցում տեղի ունեցող  շարք տոնական միջոցառումների մասին:

Ապրիլի 2-ին` ժամը 11:30-ին  Սուրբ Պատարագ, Ծաղկազարդի տոնին առիթով:Պատարագիչն ու օրվան պատգամը փոխանցողը`  Տեր Խաչատուր ավագ քահանա Ֆրանգյան։Պատարագի վերջում կատարվելու է երեխաների օրհնություն:

Ապրիլի 6-ին` Ավագ հինգշաբթի ժամը 18-00ին, Սուրբ Կարապետ Եկեղեցիում տեղի կունենա ոտնլվայի կարգ, ոտնլվայի ավարտին` ժամը 20.00ին,  տեղի պիտի ունենա խավարման կարգ, ուրախությամբ սպասում ենք Ձեզ։

Ապրիլի 7-ին: Սիրով տեղեկացնում ենք, որ երեկոյան  ժամը 18-00-ին` Մաստրիխտի Սուրբ Կարապետ Եկեղեցում, Ավագ ուրբաթ Հիսուս Քրիստոսի չարչարանաց, խաչելության, մահվան ու թաղման կարգի  կատարումն է`  Հոգեշնորհ Տեր Պսակ վարդապետ Թեփիրջյանի մատուցմամբ:



Ապրիլի 8-ին` սիրելի հավատացյալներ, շաբաթ երեկոյան ժամը 18-00-ին Ճրագալույց, ժամը 19-00-ին Սբ հարության Պատարագ ։

Ապրիլի 9-ին, բոլորիդ մեծ ուրախությամբ հրավիրում ենք մեր հրաշափառ Հիսուս Քրիստոսի Հարության Սուրբ Պատարագին , ժամը 11-30-ին Մաստրիխտի Սուրբ Կարապետ եկեղեցիում  Պատարագիչն է` Հոգեշնորհ ՏԵՐ Պսակ վարդապետ Թեփիրջյանը։

Այս խորհրդավոր ավագ շաբաթվան Սուրբ Կարապետ եկեղեցւո դռները  բաց են Ձեզ համար:

Սիրով կսպասենք բոլորիդ:

Այս տոնական միջոցառումները տեղի են ունենալու նաև Նիդերլանդների, հայաստանի ու այլ երկրների Հայ Առաքելական եկեղեցիներում:





Այս տարի տոնը նշվում է ապրիլի 9-ին: Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը կոչվում է նաև Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված: Զատիկը Հայ Առաքելական Ս. Եկեղեցու 5 տաղավար տոներից մեկն է: Հիսուս Քրիստոսի խաչելությունից և մահից հետո` երեկոյան, բարեպաշտ մարդիկ Նրա մարմինը իջեցրին խաչից և դրեցին վիմափոր գերեզմանի մեջ՝ փակելով մեծ քարով: Երեք օր հետո` կիրակի առավոտյան, յուղաբեր կանայք` Մարիամ Մագդալենացին, Հակոբի մայր Մարիամը և Սողոմեն, գնացին գերեզման՝ անուշաբույր յուղերով օծելու Քրիստոսի մարմինը, սակայն զարմանքով տեսան, որ քարայրի մուտքի քարը հեռացված է, իսկ գերեզմшնը` թափուր: Մինչ նրանք տարակուսում էին, երևացին երկու հրեշտակ և ասացին. «Ինչո՞ւ եք ողջին մեռելների մեջ փնտրում: Այստեղ չէ, այլ Հարություն առավ» (Ղուկ. 24:5-6):

Հարության լուրը կանայք ավետեցին առաքյալներին, որից հետո Հիսուսը երևաց նրանց: Քրիստոսի Հարությունը դարձավ քրիստոնեական վարդապետության և հավատի հիմքը: «Եթե մեռելների հարություն չկա, ապա և Քրիստոս հարություն չի առել: Եվ եթե Քրիստոս Հարություն չի առել, իզուր է մեր քարոզությունը, իզուր է և ձեր հավատը» (Ա Կորնթ. 15:13-14):

Ս. Հարության տոնի նախընթաց երեկոյան եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Ս. Պատարագ, որով սկսվում են զատկական տոնակատարությունները: Առավոտյան եկեղեցիներում կատարվում է ժամերգություն, Անդաստանի արարողություն, ապա մատուցվում տոնական Ս. Պատարագ: Ս. Հարության տոնին հավատացյալները միմյանց ողջունում են «Քրիստոս Յարեաւ ի մեռելոց» ավետիսով, պատասխանում՝ «Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի»:

Զատկի տոնին հավատացյալները ձու են ներկում: Ներկված ձուն համարվում է Հարության և նոր կյանքի խորհրդանիշ: Կարմիր գույնը խորհրդանշում է խաչյալ Հիսուսի կենդանարար արյունը, որ թшփվեց մարդկության փրկության համար: Ըստ Ս. Գրիգոր Տաթևացու՝ «Միայն Զատկին ենք ձու ներկում, որովհետև ձուն օրինակ է աշխարհի», և ինչպես իմաստուններն են ասում. «Դրսի կեղևը նման է երկնքին, թաղանթը՝ օդին, սպիտակուցը՝ ջրին, դեղնուցն էլ երկիրն է: Իսկ կարմիր գույնը խորհրդանշում է Քրիստոսի արյունը: Եվ մենք կարմիր ձուն մեր ձեռքերի մեջ առնելով` հռչակում ենք մեր փրկությունը»:

No comments:

Post a Comment