Լույս է տեսել մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ, Վանաձորի պատվավոր քաղաքացի Վանդոս Ղարագյոզյանի նոր աշխատությունը՝ «Ծանրամարտ. Օլիմպիադայից օլիմպիադա. Տոկիո–Փարիզ»։ Ծավալուն, հարուստ փաստական նյութերով և բարձրորակ տպագրությամբ այս աշխատությունը հեղինակի արդեն քառասունհինգերորդ գիրքն է։ Այն նվիրված է լեգենդար ծանրորդ Յուրի Վարդանյանի հիշատակին և հայկական ծանրամարտի հարյուրամյակին։
Գրքում ներկայացված են աշխարհի և Եվրոպայի առաջնությունների, օլիմպիական խաղերի արդյունքները, հայ ծանրորդների մասնակցությունն ու ձեռքբերումները, մրցումների ընթացքը, ռեկորդները։ Սակայն, ինչպես և հեղինակի նախորդ աշխատություններում, այստեղ խոսքը միայն մարզական վիճակագրության մասին չէ։ Վանդոս Ղարագյոզյանի գրքերը վաղուց դարձել են ծանրամարտի պատմության յուրատեսակ տարեգրություն, իսկ շատ մասնագետներ դրանք իրավամբ համարում են հանրագիտարանային արժեք ունեցող աշխատություններ։
Նրա մասին խոսելիս միայն գրքեր հիշելը քիչ է։ Վ. Ղարագյոզյանի կյանքն ու գործունեությունը վաղուց դուրս են եկել մեկ բնագավառի սահմաններից։ Ղարագյոզյանները Լոռու հայտնի տոհմերից են։ Ապուպապերով էրզրումցի, ապա արդեն Ղարաքիլիսայի՝ այսօրվա Վանաձորի բնակիչ դարձած այդ ընտանիքը քաղաքի պատմության մեջ իր հաստատուն տեղն ունի։ Այդ տոհմի արժանի զավակներից մեկն էլ Վանդոս Ղարագյոզյանն է, ում կենսագրության գրեթե յուրաքանչյուր էջ կապված է իր ծննդավայր Վանաձորի հետ։
Նրա գործունեությունը բազմաճյուղ է՝ արտադրական, պետական, հասարակական, մարզական, գիտամանկավարժական։ Երիտասարդ տարիքից աշխատել է արտադրության մեջ, ղեկավարել համամիութենական նշանակության մորթու-մուշտակի ֆաբրիկան։ Այդ տարիներին ձեռնարկությունը դարձավ հանրապետությունում ամենահաջողակներից մեկը․ տասնհինգ տարի անընդմեջ կոլեկտիվը պահեց համամիութենական մրցույթի փոխանցիկ կարմիր դրոշը։
Սակայն մարդիկ հիշում են ոչ միայն հաջողությունները։ Հիշում են նաև ղեկավարին, ով գիտեր իր աշխատողների հոգսերն ու կարիքները, ով կարողանում էր գնահատել աշխատանքը և արժևորել մարդուն։
Հետագայում նրան վստահվեց ևս մի պատասխանատու առաքելություն։ 1989 թ․ պատգամավորները նրան ընտրեցին Վանաձոր քաղաքի ղեկավար։ Դա ծանր ժամանակաշրջան էր՝ երկրաշարժից հետո վերականգնման կարիք ունեցող քաղաք, տնտեսական և քաղաքական մեծ փոփոխություններ։ Այդ տարիներին սկսվեցին վերականգնման լայնածավալ աշխատանքներ, կառուցվեցին բնակարաններ, դպրոցներ, մանկապարտեզներ, երկաթուղային կայարանում ավելացան լրացուցիչ գծեր, ձևավորվեցին նոր թաղամասեր՝ Տարոնները։
Այդ ամենի կողքին շարունակվում էր նաև նրա կապը մարզաշխարհի հետ։ Ծանրամարտի հանդեպ հետաքրքրությունը ժամանակի ընթացքում վերածվեց լուրջ հետազոտական աշխատանքի։ Նա սկսեց հավաքել տարբեր մրցումների տվյալներ, փաստեր, արդյունքներ։ Որոնումների արդյունքը դարձավ առաջին մեծածավալ աշխատությունը՝ «Ծանրամարտ. օլիմպիական խաղեր, աշխարհի և Եվրոպայի առաջնություններ»։
Երբ այդ գիրքը ներկայացվեց ծանրամարտի միջազգային ֆեդերացիայում, մի պահ լռություն տիրեց։ Հեղինակը սպասում էր մասնագետների կարծիքին։ Եվ ֆեդերացիայի նախագահ Գոտֆրիդ Շրյոդերը վեր կացավ տեղից ու ծափահարեց՝ բարձր գնահատելով կատարված աշխատանքի ծավալն ու արժեքը։ Գիրքը ընդունվեց ոչ միայն որպես հաջողված աշխատություն, այլև որպես ծանրամարտի պատմության կարևոր աղբյուր։ Հետագայում լույս տեսան նոր հատորներ։
Այսօր Վ. Ղարագյոզյանը հեղինակ է մենագրությունների, բուհական դասագրքերի, գիտական հոդվածների, որոնք օգտագործում են մարզիչներ, ուսանողներ և հետազոտողներ։
Նրա ստեղծագործական հետաքրքրությունները չեն սահմանափակվում մարզական թեմաներով։ Վերջերս նա հրատարակեց «Ղարագյոզյան տոհմի պատմությունը»՝ մեծածավալ մի գիրք, ուր հավաքված են սերունդների հիշողությունները, ընտանեկան պատմությունները, քաղաքի կյանքի դրվագները։ Այդ աշխատությունը նույնպես յուրատեսակ փաստագրություն է՝ ոչ միայն մեկ ընտանիքի, այլև ամբողջ ժամանակաշրջանի մասին։
Վ. Ղարագյոզյանը մինչ օրս դասավանդում է Վանաձորի պետական համալսարանում։ Նրան ճանաչում են որպես փորձառու գիտնականի և պահանջկոտ, բայց հոգատար դասախոսի։ Նրա հեղինակած դասագրքերով սովորում են ապագա մասնագետներ, իսկ գիտական աշխատանքները շարունակում են համալրել հայկական մարզական գրականությունը։
Մարդկանց հիշողության մեջ նրա կերպարը միայն պաշտոններով ու կոչումներով չի չափվում։ Ընկերները նրան մի անվանում են տվել՝ Վանդոս Հարեհաս, քանի որ այն մարդկանցից է, ովքեր միշտ պատրաստ են օգնության հասնելու։
Անվանի գրող Վահագն Մուղնեցյանը դիպուկ է բնութագրել նրան. «Նա միշտ նույն Մեծ Ախպերն է՝ նույն ծանր, ապահով ձեռքը ընկերոջ ուսին»։
Վ. Ղարագյոզյանը շարունակում է աշխատել նույն եռանդով՝ դասավանդել, ուսումնասիրել, գրել գրքեր։ Նրա գրքերը դարձել են մարզական գիտության կարևոր աղբյուրներ, իսկ անցած ճանապարհը՝ օրինակ այն բանի, թե ինչ կարող է անել մարդը, երբ աշխատանքը դառնում է կյանքի բնական շարունակությունը։
Եվ երբ նայում ես նրա անցած ուղուն, հասկանում ես, որ այն միայն անձնական կենսագրություն չէ։ Այն մի ամբողջ ժամանակաշրջանի պատմություն է, որտեղ կա աշխատանք, նվիրում, գիտություն և քաղաքին ծառայելու զգացում։
Այդ պատճառով էլ Վանաձորի մասին խոսելիս, քաղաքի հիշարժան անունների շարքում բնականորեն հիշատակվում է նաև մեկը՝ Վանդոս Ղարագյոզյան։ Մարդ, որի կյանքն ու գործը վաղուց դարձել են ժամանակի հիշողության մի մասը։
Գագիկ Անտոնյան



















