The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Wednesday, 1 April 2026

Նարեկյան ոգին Ամստերդամում․ հոգևոր և մշակութային համախմբման տոն


31.03.2026/Նիդ.օրագիր

Մեծ Պահքի առաջին օրը Ամստերդամում կայացավ նշանակալից մի միջոցառում, որը համախմբեց տարբեր համայնքների ներկայացուցիչներին՝ հավատքի, մշակույթի և հոգևոր ժառանգության շուրջ։ «Սուրբ Գրիգոր Նարեկացի» հիմնադրամի նախաձեռնությամբ արդեն իններորդ անգամ կազմակերպվեցին Նարեկյան ընթերցումները՝ այս անգամ տեղի ունենալով Սուրբ Նիկողայոս բազիլիկայի վեհաշուք կամարների ներքո։ Ինչպես նիդ.օրագրին տեղեկացնում է  Ամստերդամի Գր.Նարեկացի հիմնադրամը`

միջոցառման առանձնահատկությունը պայմանավորված էր ոչ միայն դրա շարունակականությամբ, այլև խորհրդանշական միջավայրով։ Անցյալ տարի հենց այս բազիլիկայում տեղադրված Սուրբ Գրիգոր Նարեկացու հուշատախտակը (նկարում) դարձավ երեկոյի հոգևոր առանցքը։ «Մատյան ողբերգության» անմահ տողերը հնչեցին հուշատախտակի նորովի ներկայությամբ՝ հաղորդելով ընթերցումներին խորապես աղոթական և խորհրդածական շունչ։

Հիմնադրամի առաքելությունը՝ հայ հոգևոր և մշակութային ժառանգությունը միջազգային հանրությանը ներկայացնելը, այս միջոցառմամբ ստացավ նոր ընդգծում։ Ընթերցումները կազմակերպվել էին էկումենիկ ձևաչափով՝ համախմբելով Ամստերդամում և շրջակայքում գործող տարբեր քրիստոնեական համայնքների ներկայացուցիչներին։ Սա վկայում է ինչպես Նարեկացու ժառանգության համամարդկային արժեքի, այնպես էլ հայ մշակույթի միավորող ներուժի մասին։

Երեկոն բացվեց Ամստերդամի դեկան և Սուրբ Նիկողայոս բազիլիկայի ռեկտոր հայր Էրիկ Ֆեննիսի ողջույնի խոսքով, ով տարիներ շարունակ կարևոր դեր է կատարում հայ և նիդերլանդական համայնքների միջև կապերի ամրապնդման գործում։ Այնուհետև ցուցադրվեց Հռոմից ուղարկված տեսաուղերձը՝ Արևմտյան Եվրոպայում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ներկայացուցիչ և Սուրբ Աթոռում Հայ Առաքելական Եկեղեցու պատվիրակ արքեպիսկոպոս Խաժակ Պարսամյանի կողմից, որը ևս մեկ անգամ ընդգծեց միջոցառման համաեկեղեցական նշանակությունը։

Մշակութային բաժինը շարունակվեց ռեժիսոր Լիլիթ Մխիթարյանի (պրոդյուսեր Ռուզաննա Գազարյան) «Նարեկացի» նոր վավերագրական ֆիլմից հատվածների ցուցադրությամբ։ Ֆիլմը ներկայացնում է մեծ մտածողի կյանքի ուղին և նրա ստեղծագործության համամարդկային նշանակությունը՝ շեշտադրելով Նարեկացու բացառիկ դերը համաքրիստոնեական հոգևոր ավանդույթի մեջ։ Հատկանշական է, որ ֆիլմը վերջերս ներկայացվել է Վատիկանում և առաջիկայում կցուցադրվի միջազգային հարթակներում։

Միջոցառման կարևորագույն դրվագներից էր բազմալեզու ընթերցումը։ «Մատյան ողբերգության» աղոթքները հնչեցին հայերեն, հոլանդերեն և արաբերեն՝ խորհրդանշելով Նարեկացու խոսքի համընդհանուր հասանելիությունը։ Տեր Տարոն Թադևոսյանի, Արմինե Գրիգորյանի, հայր Էրիկ Ֆեննիսի, Էդդի Ռեֆհեյսի և սարկավագ Մարկ Անտոնիոյի ընթերցումները բազիլիկայում ստեղծեցին խոր հոգևոր մթնոլորտ՝ լի լռությամբ և ներքին կենտրոնացմամբ։

Երեկոյի ընթացքում տեղի ունեցավ նաև հանդիսավոր պարգևատրման արարողություն։

Մեծ գոհունակությամբ հիմնադրամի նախագահ Վահան Ավագյանը հայտարարեց, որ 2025 թվականի «Սուրբ Գրիգոր Նարեկացի» հիմնադրամի մրցանակը շնորհվում է Սուրբ Նիկողայոս բազիլիկայի ռեկտորին և Ամստերդամի դեկանին՝ պարոն Էրիկ Ֆեննիսին՝ հայ և նիդերլանդական համայնքների միջև կապերի ամրապնդման, փոխըմբռնման խթանման և մշակութային համագործակցության զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար։ Այս պարգևատրումը ոչ միայն երախտագիտության արտահայտություն էր, այլև ապագա համագործակցության ամուր հիմք։

Ամստերդամում կայացած Նարեկյան ընթերցումները վկայեցին, որ Սուրբ Գրիգոր Նարեկացու հոգևոր ժառանգությունը շարունակում է կենդանի մնալ և ներշնչել տարբեր ազգերի ու մշակույթների ներկայացուցիչներին։ Նրա աղոթքը, ծնված դարերի խորքում, այսօր էլ միավորում է մարդկանց՝ անկախ լեզվից, ազգությունից և դավանանքից։

Այսպիսով, Նարեկյան երեկոն դարձավ ոչ միայն հիշատակի միջոցառում, այլ կենդանի օղակ անցյալի և ներկայի, Հայաստանի և աշխարհի, հավատքի և մշակույթի միջև։





No comments:

Post a Comment