Նիդերլանդների խորհրդարանը կրկին անդրադարձավ հայկական հարցերին. ընդունվել են Դոն Սիդերի միջնորդությունները
17.04.2026/Նիդ.օրագիր
Նիդերլանդների խորհրդարանում հերթական անգամ բարձրացվել են հայկական հարցերին առնչվող կարևոր թեմաներ։ Քրիստոնեական միություն կուսակցության պատգամավոր Դոն Սիդերի ներկայացրած երկու միջնորդություններն ընդունվել են մեծամասնությամբ՝ չնայած կառավարության բացասական դիրքորոշմանը։
Այս մասին իր ֆեյսբուքյան գրառման մեջ տեղեկացրել է FAON-ի հայկական կազմակերպության քարտուղար ( Inge Drost ) Ինգա Դրոստը՝ մանրամասնելով ընդունված որոշումների բովանդակությունն ու քաղաքական ենթատեքստը։
Առաջին միջնորդությունը վերաբերում է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցին։ Այն կոչ է անում Նիդերլանդների կառավարությանը իրականացնել նախկինում ընդունված խորհրդարանական որոշումները և հստակ քայլեր ձեռնարկել ճանաչման ուղղությամբ։ Միջնորդության մեջ ընդգծվում է, որ Նիդերլանդները Բենիլյուքս երկրների շարքում միակն է, որի կառավարությունը դեռ պաշտոնապես չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը։
Միևնույն ժամանակ, նշվում է, որ նման որոշումը չպետք է պայմանավորված լինի Թուրքիայի հնարավոր արձագանքով կամ Հարավային Կովկասում ընթացող քաղաքական գործընթացներով, մասնավորապես՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցություններով։ Հատկանշական է, որ նախարարությունը միջնորդությունը խորհուրդ էր տվել մերժել, սակայն խորհրդարանը դա անտեսել է և ընդունել այն լայն աջակցությամբ։
Երկրորդ միջնորդությունը վերաբերում է Ադրբեջանում պահվող հայ գերիների խնդրին։ Այն կոչ է անում Նիդերլանդների կառավարությանը ավելի ակտիվ գործել Եվրոպական միության շրջանակներում՝ նպաստելու հայ ռազմագերիների և քաղաքացիական պահվող անձանց ազատ արձակմանը։ Խոսքը վերաբերում է նաև Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարներին։
Այս միջնորդությունն էլ է ընդունվել մեծամասնությամբ, ինչը վկայում է, որ խորհրդարանում կա լայն համաձայնություն հայկական հումանիտար և քաղաքական հարցերի շուրջ։
Ինգա Դրոստը իր գրառման մեջ ընդգծում է, որ, չնայած կառավարության զգուշավոր դիրքորոշմանը, խորհրդարանը շարունակում է հետևողականորեն աջակցել այս հարցերին՝ ցույց տալով քաղաքական կամք և արժեքային հստակ դիրքավորում։
Նիդերլանդների խորհրդարանի այս քայլերը կարող են կարևոր ազդակ հանդիսանալ թե՛ եվրոպական, թե՛ միջազգային հարթակներում հայկական հարցերի հետագա քննարկման և առաջխաղացման համար։

No comments:
Post a Comment