The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Tuesday, 14 April 2026

Այց Տավուշի մարզ՝ Կիրանց բնակավայր

 


ՀՀ ՊՆ և ՀԳՄ նախաձեռնությամբ մարտի 17-ին մի խումբ մտավորականներ, այդ թվում՝ ես, այցելեցինք Տավուշի մարզ՝ մասնավորապես Կիրանց բնակավայր, դիտեցինք սահմանազատված հատվածները, ամրաշինական աշխատանքները, ինչպես նաև՝ նորակառույց դպրոցը, որը իր տեխնիկական հագեցվածությամբ, լաբորատորիայով ու պայմաններով լիովին համապատասխանում է միջազգային չափանիշներին։ Պետք է խոստովանեմ, որ չափազանց տպավորված եմ, քանի որ դիտարկված արդյունքները արժանի են բարձր գնահատականի, և այդ առիթով արտահայտում եմ երախտագիտությունս ՀՀ կառավարությանը, ՀՀ ՊՆ-ին, ինչպես նաև գործընթացներում ներգրավված բոլոր պետական և ինստիտուցիոնալ կառույցներին։ 
 Ինչ պարզեցի ինձ համար․ Տավուշի մարզում իրականացված սահմանազատման և ամրաշինական աշխատանքները կրում են համակարգային և ռազմավարական բնույթ՝ ուղղված սահմանային կառավարման հստակեցմանը և անվտանգության ենթակառուցվածքների զարգացմանը։ Ակնհայտ է, որ սահմանազատման գործընթացն իրականացվել է ինստիտուցիոնալ շրջանակներում՝ համապատասխան պետական մարմինների վերահսկողությամբ և մասնագիտական ներուժի ներգրավմամբ։
Միաժամանակ, հիմնավորված կարելի է համարել հանրայնացման այն մեխանիզմը, որը ենթադրում է տարբեր ոլորտների մտավորականների ներգրավմամբ ճանաչողական այցելություններ։ Նման նախաձեռնությունները նպաստում են տեղում իրավիճակի համակողմանի ուսումնասիրությանը, ինչպես նաև հանրային դիսկուրսի առավել տեղեկացված և կառուցողական ձևավորմանը՝ միաժամանակ բարձրացնելով դիմադրողականությունը հիբրիդային ապատեղեկատվական ազդեցությունների նկատմամբ։ 
Այցի ընթացքում ուսումնասիրվել են նաև Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի անվտանգության տեսանկյունից ռազմավարական նշանակություն ունեցող այլ հատվածներ, այդ թվում՝ մարզի կարևոր մշակութային կենտրոններից մեկը՝ Ոսկեպարի եկեղեցին։ Վերջինս միջնադարյան (մոտավորապես VII–X դարեր) ճարտարապետական հուշարձան է, որը շարունակում է պահպանել իր պատմամշակութային արժեքը։ Միաժամանակ հարկ է նշել, որ հիշյալ հուշարձանը 2024 թվականին հայտնվել էր հանրային և տեղեկատվական դաշտի ուշադրության կենտրոնում՝ ներքաղաքական գործընթացների և դրանց ուղեկցող հիբրիդային դիսկուրսների համատեքստում։
Ամփոփելով՝ ձևավորվում է համեմատական հստակ պատկեր. մի կողմից՝ պետական և ինստիտուցիոնալ մակարդակներում իրականացվող կառուցողական և համակարգված գործընթացներ, որոնք էական նշանակություն ունեն Հայաստանի Հանրապետության երկարաժամկետ զարգացման և անվտանգության ապահովման համար՝ մարդակենտրոն մոտեցման աստիճանական ամրապնդմամբ։ 
Մյուս կողմից՝ հանրային դաշտում առկա են տարբեր գնահատականների և մեկնաբանությունների ենթակա ներքաղաքական հիբրիդային դրսևորումներ, որոնց ընկալումն ու գնահատումը շարունակում են մնալ բազմաշերտ և գիտական-վերլուծական քննարկումների առարկա։ 
Կից ներկայացնում եմ նկարներ Ոսկեպարի եկեղեցուց և Կիրանցի արևաշող դպրոցի դահլիճից։ 
Նաիրա Համբարձումյան, բ․գ․թ․, դոցենտ




No comments:

Post a Comment