The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Saturday, 18 April 2026

Հայկական բիզնեսի առաջին ծիլերը Եվրոպայում. «EuroBridge 2026» ցուցահանդեսը Բուրգասում

17.04.2026/Բուրգաս/Նիդ.օրագիր

Ապրիլի 16–18-ը Բուլղարիայի Բուրգաս քաղաքի «Ֆլորա» էքսպո կենտրոնում կայացավ «EuroBridge 2026» հայ արտադրողների և գործարարների ցուցահանդեսային ֆորումը, որը դարձել է կարևոր հարթակ՝ Հայաստանի բիզնեսի համար դեպի եվրոպական շուկաներ ընդլայնվելու ճանապարհին։

Միջոցառումը կազմակերպվել էր « Made by Armenians » հասարակական կազմակերպության (նախագահ՝ Արա Մարության), Հայ-բուլղարական համագործակցության ասոցիացիայի և «AM-BG IMPEX» ՍՊԸ-ի կողմից։ Ցուցահանդեսի ընդունող կողմերն էին Բուրգասի քաղաքապետարանը և Բուրգասի առևտրաարդյունաբերական պալատը։ Այն իրականացվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Բուլղարիայում ՀՀ դեսպանության և Հայ-բուլղարական առևտրաարդյունաբերական պալատի աջակցությամբ։

Ֆորումի հանդիսավոր բացումը տեղի ունեցավ ապրիլի 16-ին «Ֆլորա» էքսպո կենտրոնի հարակից այգում։ Բացման խոսքով հանդես եկավ Հայ-բուլղարական համագործակցության ասոցիացիայի համահիմնադիր Էդգար Աբրահամյանը, որին հաջորդեցին Բուրգասի քաղաքապետ Դիմիտար Նիկոլովի և Բուլղարիայում ՀՀ դեսպան Ծովինար Համբարձումյանի ողջույնի ելույթները։

Դեսպան Համբարձումյանն իր խոսքում ներկայացրեց Հայաստանի տնտեսական զարգացման ցուցանիշները և ներդրումային ներուժը՝ ընդգծելով նման հարթակների կարևորությունը երկկողմ համագործակցության խորացման գործում, ինչպես նաև շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին և հյուրընկալող կողմին։

Բացման արարողության կարևորագույն իրադարձություններից էր Բուրգասի և Երևանի միջև ուղիղ ավիաչվերթների գործարկման մասին հայտարարությունը, որը կմեկնարկի հունիսի 4-ից։ Համապատասխան փաստաթուղթը ստորագրվեց հենց տեղում։ «Electra Airways»-ի կողմից իրականացվող շաբաթական ուղիղ չվերթները էականորեն կհեշտացնեն ինչպես զբոսաշրջային հոսքերը, այնպես էլ գործարար կապերը՝ նպաստելով ապրանքների և ներդրումների շարժի արագացմանը։

«EuroBridge 2026»-ի առանցքային նպատակը Հայաստանի և Եվրամիության երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների ամրապնդումն է, ինչպես նաև նոր գործընկերների, դիստրիբյուտորների և ներդրումային հնարավորությունների բացահայտումը։ Ֆորումը կազմակերպված է B2B ձևաչափով, ինչը մասնակիցներին հնարավորություն է տալիս անմիջական շփումների միջոցով հաստատել արդյունավետ գործարար կապեր։

Ցուցահանդեսում ներկայացված է հայկական արտադրանքի լայն տեսականի՝ ալկոհոլային խմիչքներ (գինի, կոնյակ, ջին, օղի, մրգային թորվածքներ), շոկոլադ և կոնֆետներ, պահածոներ, բնական հյութեր, ձկնամթերք և խավիար, սուրճ, թեյ, մեղր, սոուսներ, ձավարեղեն և առողջ սնունդ։ Բացի այդ, ներկայացված են նաև ոսկերչական արտադրանք և շինանյութեր։

Միջոցառմանը մասնակցում են ոչ միայն Հայաստանից ժամանած ընկերություններ, այլև գործարարներ սփյուռքից՝ Մոլդովայից, Իտալիայից, Հունաստանից և Ռումինիայից։ Ներկայացված են նաև ծառայությունների ոլորտի ընկերություններ՝ զբոսաշրջության, լոգիստիկայի, ՏՏ-ի, անշարժ գույքի և ներդրումների ոլորտներից։

Ապրիլի 17-ը և 18-ը ամբողջությամբ նվիրված են B2B հանդիպումներին և գործարար բանակցություններին, որոնք նպատակ ունեն վերածվելու երկարաժամկետ համագործակցությունների։

Ֆորումի ընթացքում բազմիցս ընդգծվել է դրա ռազմավարական նշանակությունը․ Բուրգասը կարող է դառնալ հայկական արտադրողների համար դեպի Եվրամիություն մուտքի կարևոր դարպաս։

«EuroBridge 2026»-ը ոչ միայն ցուցահանդես է, այլև արդյունավետ գործարար հարթակ, որը միավորում է Հայաստանի և եվրոպական շուկաների շահերը՝ ստեղծելով նոր հնարավորություններ հայկական բիզնեսի միջազգային առաջխաղացման համար։

ՆԻԴ.ՕՐԱԳԻՐ

Ինֆորմացիոն հովանավոր
























No comments:

Post a Comment