The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Sunday, 19 April 2026

Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին նվիրված մշակութային ծրագիր Իտալիայի Տրևիզո քաղաքում

 

Իտալական Տրևիզո քաղաքում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին նվիրված «Երկրի վրա կրկին լուսաբացներ կծագեն» մշակութային ծրագրի բացումը։

Ս.թ. ապրիլի 11-ին Իտալիայի Վենետո մարզի Տրևիզո քաղաքում, քաղաքային և մարզային իշխանությունների, մտավորականության, հասարակական գործիչների և հայ համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ հանդիսավորությամբ տեղի ունեցավ «Երկրի վրա կրկին լուսաբացներ կծագեն» մշակութային ծրագրի բացումը։ Նախագիծը հեղինակել է քաղաքի բնակիչ, ազգությամբ հայուհի Գայանե Սահակյանը և այն իրականացվում է nusica.org կազմակերպության հետ համատեղ՝ «Մաձոտտի» հիմնադրամի հետ համագործակցությամբ և Իտալիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության ու Տրևիզոյի քաղաքապետարանի հովանավորությամբ։

Ծրագիրը մեկնարկեց արևմտահայ էքսպրեսիոնիստ նկարիչ Ժիրայր Օրագյանի ծննդյան 125-ամյակի կապակցությամբ՝ նրա ստեղծագործությունների «Ճանաչվածներ» խորագրով ցուցահանդեսի բացմամբ, որը տեղի ունեցավ Casa Robegan թանգարանային համալիրում։ 

Ժիրայր Օրագյանը ծնվել է 1901 թվականին Կոստանդնուպոլսում։ 1920 թվականից տեղափոխվել է Հռոմ, ուր ապրել և ստեղծագործել է մինչ իր կյանքի վերջը՝ 1962 թվականը։ 

Ցուցահանդեսում ներկայացված էին արվեստագետի ավելի քան 50 աշխատանքներ, որոնք պահպանվում են նկարչի թոռների մասնավոր հավաքածուում։

Բացման արարողությանը, ի թիվս մի շարք պատվավոր հյուրերի, ելույթ ունեցան Տրևիզոյի քաղաքապետարանի մշակույթի հարցերով խորհրդականը, Վենետոյի մարզային խորհրդի անդամը, Իտալիայում ՀՀ դեսպանության խորհրդական Գեղամ Ադամյանը, հայագետ և Կոստանդնուպոլսի կաթոլիկ հայերի պատվավոր արքեպիսկոպոս Պողոս Լևոն Զեքիյանը, նախագծի հեղինակ և համադրող Գայանե Սահակյանը, Հռոմի հայ համայնքի Ասոարմենի (AssoArmeni) մշակութային ընկերակցության նախագահ Անուշ Թոռունյանը, նկարչի թոռ Մասիմիլիանո Օրագյանը և ցուցահանդեսի համադրող, Հայաստանի ազգային պատկերասրահի դեկորատիվ և կիրառական արվեստի բաժնի ղեկավար Սաթենիկ Չուքասզյանը։

Ելույթները եզրափակեց բանաստեղծուհի Էրիկա Դե Բորտոլին՝ Հայաստանին նվիրված իր բանաստեղծությունների ընթերցմամբ։

Պետական, ակադեմիական և մշակութային ոլորտների ներկայացուցիչների ներկայությունը ևս մեկ անգամ ընդգծեց ծրագրի կարևորությունն ու արժեքը։ Միջոցառմանը ներկա էին նաև Վենետիկի Ca’ Foscari համալսարանի դոցենտ Սոնա Հարությունյանը, Իտալիայի հայերի միության նախագահ Պայկար Սիվազլյանը, կոմպոզիտոր և դիրիժոր Ջաննի Էֆրիկյանը, ինչպես նաև Վենետո մարզի հայ համայնքի այլ ներկայացուցիչներ։

«Ճանաչվածներ» ցուցահանդեսը կգործի մինչև 2026 թվականի մայիսի 3-ը, իսկ մայիսի 9-ին քաղաքի Սան Ֆրանչեսկո (San Francesco) եկեղեցում կկայանա «Արմոնիա» խորագրով համերգը՝ միջազգային ճանաչում ունեցող Գյուրջիև անսամբլի անդամների մասնակցությամբ։ Ելույթ կունենան դուդուկահար Նորայր Գափոյանը, քանոնահարուհի Տաթև Հակոբյանը և գեղարվեստական ղեկավար, երգեհոնահար Լևոն Իսկենյանը։

Երեկոն կհարստացվի Սուրբ Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» և Սուրբ Ներսես Շնորհալու աղոթքներից հատվածների ընթերցմամբ։ Տպավորիչ կլինեն նաև նկարիչ Ֆրանչեսկո Դե Ֆլորիոյի ստեղծագործությունների տեսապրոյեկցիաները, որոնց մեծ մասը նվիրված է Հայաստանին։

Գայանե ՍԱՀԱԿՅԱՆ





No comments:

Post a Comment