The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Saturday, 18 April 2026

ԿԱԼԿԱԹԱՅԻ ՀԱՅՈՑ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՃԵՄԱՐԱՆԸ 205 ՏԱՐԵԿԱՆ

 Կալկաթայից Նիդ.օրագրի համար


Խաղաղությունը մի մանուկ է
Անօթևան ու անպաշտպան,
Մոլորակն է նրա տունը,
Մարդը` նրա բարեկամ։

Տարվույս ապրիլի 17-ին Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանում մեծ շուքով նշվեց ամենահին ու ցայսօր անխափան գործող   հայկական կրթօջախի հիմնադրման 205-րդ տարեդարձը։ 

Միջոցառումն սկսվեց Տերունական աղոթքով, որից հետո հնչեցին Հայաստանի և Հնդկաստանի պետական օրհներգերն ու ճեմարանի հիմնը։ Միջոցառմանն իրենց ներկայությամբ պատվել էին  բարձրաստիճան հյուրեր, պետական ու հոգևոր այրեր,հնդկահայ համայնքի ներկայացուցիչներ։ Միջոցառումն իր մեջ կրում էր նաև խաղաղության ու աշխարհը «բուժելու» խորհուրդ։

Միջոցառման մեկնարկը տրվեց  ճեմարանի 10-րդ դասարանի շրջանավարտների ավարտական  արարողությամբ, որն ազդարարեց վերջիններիս ճեմարանական ուղու ավարտի ու նոր անհայտի սկիզբը։

Շնորհավորական խոսքով հանդես եկան ճեմարանի տնօրեն տիկին Դեբանջալի Չոուդհուրին և կառավարիչ Տ․ Տաճատ վարդապետ Ծատուրյանը։ Վերջինիս  հաջորդեց շրջանավարտների հուշ-նվերների հանձնման ամենամյա արարողությունը։

 Իրենց շնորհակալական զեկույցներով ներկաներին հուզեցին  ճեմարանի ու նաև    ճեմարանի հիմքով Լա Մարտինիեր բրիտանական  ավագ դպրոց ընդունված ու ավարտած շրջանավարտներ` Մ. Նինելն ու Ս. Ռաիսան։ Նրանք իրենց երախտիքի խոսքն ուղղեցին  կրթօջախի տեսչական  և ուսուցչական աշխատակազմին՝ անմնացորդ  նվիրումի,ծնողական հոգածության ու անսասան հավատի  համար։

Շնորհավորական խոսքով հանդես եկավ միջոցառման պատվավոր հյուր` Կալկաթայում Հռոմի կաթոլիկ արքեպիսկոպոսության առաջնորդ` Նորին սրբություն, Ամենապատվելի Դ. Էլիաս Ֆրանկը, որը նաև հիացմունք արտահայտեց նմանօրինակ  բարձր մակարդակի միջոցառում ներկայացնելու կապակցությամբ։

Միջոցառումն ուղեկցվում էր  գեղարվեստական համարներով` հայկական ու հնդկական ազգային երգ ու պարով, փոքրիկ մանրապատումներով ու ճեմարանի պատմության մասին գեղեցիկ տեսանյութերով։

Ճեմարանի երգչախմբի կատարմամբ հնչեցին Մհեր Սամվելյանի «Խաղաղություն» և ազգային  «Տոտիկ-տոտիկ », իսկ համաշխարհային հիթերից "Heal the Worl''  և ''Blowin' in the Wind'' երգերը։

Աղջիկների պարային համույթի  ներկայացմամբ, ներկաները վայելեցին խորեոգրաֆ Վանուշ Խանամիրյանի բեմադրած  « Կակաչներ» պարային կատարումը։ Իսկ ճեմարանի ողջ պարային համույթի կողմից ներկայացված «Ավարայր» պարը(երաժշտ.` Արա Գևորգյան) ևս մեկ անգամ հիշեցրեց մեր Հայկյան ոգու ու անկոտրում կամքի մասին։

Այնուհետև ճեմարանի տեսչության կողմից տեղի ունեցավ գերազանց առաջադիմությամբ աչքի ընկած աշակերտների ամենամյա պարգևատրման  արարողությունը։

Միջոցառման ավարտին ներկաները վայելեցին նաև  «Էսթետիկա 2026» արվեստի ցուցահանդեսը, որում տեղ  գտած  ճեմարանականների ձեռքի աշխատանքներն ու նկարները հիացմունք պատճառեցին յուրաքանչյուրին։

Շնորհավոր հիմնադրմանդ օրը, սիրելի' ճեմարան(ACPA)

Happy Founders day Armenian College and Philanthropic Academy.

ԼԻԱՆԱ ՓԻՐՈւՄՅԱՆ

Լուսանկարները` հեղինակի











No comments:

Post a Comment