ԳԱՆՁԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆԻ ՊԱՏԿԵՐԱԳՐՔԻՑ
📖 ՎԱՐԴԱՊԵՏՈՒԹԻՒՆ ՔՐԻՍՏՈՆԷԱԿԱՆ։ ԱՄՍՏԵՐԴԱՄ, 1667 Ա.հ. , 82 էջ։
«Քրիստոնէական վարդապետութիւն»-ը քրիստոնեական քարոզագիրք է, որի առաջին հայտնի հրատարակությունը լույս է տեսել 1667 թվականին Ամստերդամում՝ առանց տպարանի հիշատակության։ Գիրքը հայերենից և լատիներենից բաղկացած հրատարակություն է, իսկ լատիներենից հայերեն թարգմանությունը կատարել է Կարապետ Անդրիանացին։ Հրատարակության տիտղոսաթերթին նշված է՝ «Վարդապետութիւն քրիստոնէական. Doctrina christiana armenice…»։
Գիրքը փոքրածավալ է՝ ընդամենը 82 էջ, որոնցից առաջին 10-ը չհամարակալված են: Ըստ Գարեգին Զարբհանալյանի և Թեոդիկի՝ այն համարվում է Ոսկանյան տպագրության օրինակ։
«Քրիստոնէական վարդապետութիւն»-ի պատմությունը, սակայն, չի սահմանափակվում 1667 թվականի հրատարակությամբ։ Հետագայում գիրքը վերահրատարակվել է եվրոպական տարբեր քաղաքներում՝ տարբեր հեղինակների, թարգմանիչների և տպագրիչների կողմից։
🔹 1670 թ.՝ Լիվոռնոյում, Սուրբ Էջմիածնի և Սուրբ Սարգսի տպարանում՝ Ոսկան Երևանցու տպագրությամբ։ Հեղինակը Ռոբերտոս Բելարմինոսն է, թարգմանիչը՝ Բարսեղ Կոստանդնուպոլսեցին։ Հրատարակությունն ունի 366 էջ։
🔹 1680 թ.՝ Հռոմում, Ուրբանյան տպարանում։ Հեղինակ՝ Ռոբերտոս Բելարմինոս, թարգմանիչ՝ Բարսեղ Կոստանդնուպոլսեցի։ Գիրքը բաղկացած է 453 էջից։
🔹 1715 թ.՝ Վենետիկում, Անտոնի Բորտոլիի տպարանում՝ Պետրոս և Գրիգոր Ջահկեցիների հեղինակությամբ, «Համառօտ եւ շահաւէտ քրիստոնէական վարդապետութիւն» խորագրով։
🔹 1770 թ.՝ Վենետիկում՝ Զաքարիա Ալեքսանյանի հեղինակությամբ։
🔹 1776 թ.՝ Տրիեստում, Մխիթարյան տպարանում՝ աշխարհաբար։
🔹 1783 թ.՝ նույն տպարանում՝ հայատառ թուրքերեն։
🔹 1788 թ.՝ հայերեն և գերմաներեն։
🔹 1791 և 1795 թթ.՝ կրկին հայատառ թուրքերեն տարբերակներով։
Հայ հնատիպ գրքի շրջանում «Քրիստոնէական վարդապետութիւն» խորագրով հրատարակություններ են լույս տեսել նաև Մխիթար Սեբաստացու և Յակոբ Վիլլոտի անուններով, իսկ հետագա շրջանում՝ 1801, 1814, 1823, 1836, 1846 և 1847 թվականներին։
Այս բազմակի հրատարակությունները վկայում են, որ «Քրիստոնէական վարդապետութիւն»-ը դարերի ընթացքում ունեցել է լայն շրջանառություն և տարբեր լեզվական ու մշակութային միջավայրերում շարունակել է ծառայել որպես կրոնական ու կրթական գրականության կարևոր օրինակ։
_____________________________________________________
📚 Այս եզակի հրատարակությանը կարող եք ծանոթանալ «Գանձեր Հայաստանի ազգային գրադարանի. Հնատիպ գիրք» երկլեզու (հայերեն–անգլերեն) պատկերագրքում, որը հրատարակվել է Հայաստանի ազգային գրադարանի պետական կարգավիճակ ստանալու 105-ամյակի առթիվ։ Պատկերագիրքն ամփոփում է 1512–1800 թվականների 592 հնատիպ գրքերի մատենագիտական նկարագրությունները և դրանց բարձրորակ գունավոր լուսանկարները։
🔗Ավելին՝ https://nla.am/blog/patkeragirq-shnorhandes
📍 Ի դեպ, պատկերագիրքը կարող եք ձեռք բերել Երևանի գրախանութներից։
#հնատիպ_գիրք_1512_1800 #ՀայաստանիԱզգայինԳրադարան #Գանձեր_Հայաստանի_Ազգային_գրադարանի #ՀայկականՏպագրություն #ՀնատիպԳրքեր
© Հայաստանի ազգային գրադարան


No comments:
Post a Comment