![]() |
| Լուսանկար` Ա.Բ-ի |
«Աշտարակ իմ Հին ու Նոր» մշակութային նախաձեռնության 9-ամյակը՝ «Նիդերլանդական օրագրի» ուշադրության կենտրոնում
Աշտարակի անցյալն ու ներկան միավորող, քաղաքի պատմությունն ու մշակութային ժառանգությունը հանրահռչակող «Աշտարակ իմ Հին ու Նոր» նախաձեռնությունը նշում է հիմնադրման 9-ամյակը։
Այս կարևոր տարեդարձը չէր կարող աննկատ մնալ «Նիդերլանդական օրագրի» համար։ Մեր պարբերականը մշտապես կարևորել է ոչ միայն Նիդերլանդների հայ համայնքի կյանքը, այլև հայրենիքի պատմության, մշակույթի և ազգային հիշողության պահպանմանն ուղղված նախաձեռնությունները՝ անկախ դրանց աշխարհագրական դիրքից։
Ինը տարի շարունակ «Աշտարակ իմ Հին ու Նոր»-ը հավաքում, պահպանում և հանրությանը ներկայացնում է հին լուսանկարներ, արխիվային նյութեր, պատմություններ ու հիշողություններ՝ ընթերցողին տեղափոխելով հին Աշտարակ և միաժամանակ բացահայտելով նոր քաղաքի մշակութային կյանքը։ Սա պարզապես լուսանկարների ու պատմությունների հավաքածու չէ, այլ հարազատ քաղաքի հիշողությունը սերունդներին փոխանցելու կարևոր աշխատանք։
«Նիդերլանդական օրագիրը» նախաձեռնության 9-ամյակի առթիվ շնորհավորական ուղերձ էր հղել՝ մաղթելով, որ այն շարունակի մնալ սերունդներին կապող հիշողության կամուրջ։
Շնորհավորանքին ի պատասխան՝ «Աշտարակի իմ Հին ու Նոր» մշակութային ասոցիացիա ՀԿ-ի հիմնադիր Ժենյա Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել մեր պարբերականին՝ առանձնահատուկ կարևորելով սփյուռքում գործող հայկական լրատվամիջոցի ուշադրությունը հայրենի քաղաքի պատմամշակութային ժառանգության նկատմամբ։
Նրա պատասխանում հատկապես ուշագրավ էր մի միտք, որը, թերևս, արժե առանձնացնել.
«Հատկանշական ու խորհրդանշական է, որ հազարավոր կիլոմետրեր հեռվում գտնվող Ձեր պարբերականն ավելի արագ նկատեց, արժևորեց և գնահատեց մեր քաղաքի պատմամշակութային ժառանգության պահպանմանն ուղղված տարիների աշխատանքը, քան նրանք, ովքեր գտնվում են այդ ժառանգության կողքին, բայց դեռևս չեն գիտակցում դրա կարևորությունը»։
Այս խոսքերը միաժամանակ շնորհակալություն են և մտահոգություն՝ հայրենի պատմամշակութային արժեքների նկատմամբ վերաբերմունքի մասին։ Չէ՞ որ պատմական հիշողությունը պահպանելու համար երբեմն անհրաժեշտ է ոչ միայն ապրել այդ միջավայրում, այլև կարողանալ գնահատել դրա արժեքը։
«Նիդերլանդական օրագիրը» շնորհակալություն է հայտնում Ժենյա Մկրտչյանին ջերմ արձագանքի և գնահատանքի համար։ Համոզված ենք՝ Աշտարակի պատմությունը միայն Աշտարակի բնակիչներինը չէ։ Այն մեր ընդհանուր ազգային հիշողության մասն է, որը միավորում է հայերին աշխարհի տարբեր անկյուններում։
Շնորհավորանքներ «Աշտարակ իմ Հին ու Նոր»-ին։ Թող նախաձեռնության աշխատանքը շարունակի նոր բացահայտումներ պարգևել, իսկ հին Աշտարակի հիշողությունը շարունակի ապրել նոր սերունդների մեջ։
«Նիդերլանդական օրագիր»


No comments:
Post a Comment