The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Thursday, 23 July 2026

«Լեզուն միայն բառեր չէ, այն մշակույթ է»․ իրավաբան-թարգմանիչ Սոֆիա Սոմերս-Զաքարյանի ճանապարհը Հայաստանից Նիդերլանդներ


Մարդկանց միջև հաղորդակցությունը հաճախ սկսվում է ոչ միայն բառերից, այլև վստահությունից, մշակույթի ընկալումից և դիմացինին հասկանալու կարողությունից։ Այս գաղափարը հատկապես կարևոր է այն մասնագետների համար, որոնց աշխատանքը կապում է տարբեր լեզուներով և տարբեր մշակութային միջավայրերում ապրող մարդկանց։

«Նիդերլանդական օրագրի» զրուցակիցն է իրավաբան և բանավոր թարգմանիչ Սոֆիա Սոմերս-Զաքարյանը։ Հայաստանից Նիդերլանդներ տեղափոխված մասնագետը կարողացել է համադրել իրավաբանական գիտելիքները, բազմալեզու փորձը և մարդկանց օգնելու ցանկությունը՝ ստեղծելով իր մասնագիտական նոր ուղին։

Մեր զրույցում նա պատմում է Հայաստանից Նիդերլանդներ տեղափոխվելու, նիդերլանդական հասարակությանը ինտեգրվելու, լեզվի կարևորության, իրավունքի և թարգմանության փոխկապակցվածության, ինչպես նաև երիտասարդներին ուղղված իր խորհուրդների մասին։

Հարցազրույց իրավաբան-թարգմանիչ Սոֆիա Սոմերս-Զաքարյանի հետ

1. Նախ խնդրում ենք ներկայացնել Ձեզ մեր ընթերցողներին։ Ո՞վ է Սոֆիա Սոմերս-Զաքարյանը՝ որպես մարդ և որպես մասնագետ։

Սոֆիա Սոմերս-Զաքարյան. Ես մասնագիտությամբ իրավաբան եմ և բանավոր թարգմանիչ։ Հայաստանից եմ, սակայն արդեն մի քանի տարի է ապրում և աշխատում եմ Նիդերլանդներում։ Իմ մասնագիտական գործունեության հիմքում լեզուն, իրավունքը և մարդկանց միջև արդյունավետ հաղորդակցությունն են։

Որպես մարդ՝ ինձ համար կարևոր են ազնվությունը, պատասխանատվությունը, աշխատասիրությունը և մշտապես սովորելու ձգտումը։ Ես բազմակողմ հետաքրքրություններ ունեցող անձ եմ, և իմ հետաքրքրությունները միայն իրավաբանությամբ կամ թարգմանությամբ չեն սահմանափակվում։ Շատ եմ սիրում ուսումնասիրել տարբեր ժողովուրդների մշակույթները, հասկանալ նրանց մտածելակերպը, արժեքներն ու ավանդույթները։ Վստահ եմ, որ մշակույթների ճանաչումը մարդկանց ավելի է մոտեցնում միմյանց և օգնում է հաղթահարել բազմաթիվ թյուրիմացություններ։

Որպես մասնագետ՝ ձգտում եմ լինել ճշգրիտ, անաչառ և վստահելի։ Բանավոր թարգմանչի աշխատանքում կարևոր է ոչ միայն լեզուների գերազանց իմացությունը, այլև մարդկանց հանդեպ հարգանքը, գաղտնիության պահպանումը և յուրաքանչյուր իրավիճակում բարձր մասնագիտական բարեվարքությունը։

2. Ո՞ր քաղաքից կամ բնակավայրից եք Հայաստանում։ Ինչպիսի՞ հիշողություններ եք պահպանում հայրենիքից։

Սոֆիա Սոմերս-Զաքարյան. Ես ծնվել և մեծացել եմ Երևանում, թեև իմ նախնիները մի քանի սերունդ ապրել են Թբիլիսիում։ Արմատներս հայկական են, և Հայաստանի հետ ինձ կապում են ոչ միայն հիշողությունները, այլև ընտանիքս, հարազատներն ու ընկերները։

Հայաստանից շատ ջերմ ու լուսավոր հիշողություններ եմ պահպանում։ Դրանք կապված են մանկության, դպրոցական ու ուսանողական տարիների, ընկերների, ինչպես նաև մասնագիտական կյանքի առաջին քայլերի հետ։ Այդ տարիներն ինձ համար դարձան կարևոր փորձառությունների ու արժեքների ձևավորման շրջան։

Հայաստանում աշխատել եմ ինչպես մասնավոր իրավաբանական ոլորտում, այնպես էլ հանրային ծառայությունում։ Այդ ընթացքում իրավաբանական գործունեություն եմ ծավալել երեք լեզուներով՝ հայերեն, անգլերեն և ռուսերեն, ինչը հետագայում մեծապես նպաստեց նաև իմ թարգմանչական գործունեությանը։

Թեև այսօր ապրում եմ Նիդերլանդներում և փորձում եմ հնարավորինս լավ ինտեգրվել տեղական հասարակությանը, հասկանալ նրա մշակույթն ու արժեքները, ինձ համար նույնքան կարևոր է չկորցնել կապը սեփական արմատների հետ։ Ամեն հնարավորության դեպքում այցելում եմ Հայաստան, հանդիպում հարազատներիս ու ընկերներիս և փորձում պահպանել այն հոգևոր ու մշակութային կապը, որն ինձ համար մշտապես եղել է ուժի և ինքնության աղբյուր։

3. Ինչպե՞ս ճակատագիրը Ձեզ բերեց Նիդերլանդներ, և ինչո՞ւ ընտրեցիք հենց Նայմեյխեն (Nijmegen) քաղաքը որպես բնակության վայր։

Սոֆիա Սոմերս-Զաքարյան. Նիդերլանդներ տեղափոխվել եմ անձնական  հանգամանքների բերումով։ Նայմեյխենն ընտրեցի, քանի որ այն առանձնանում է իր հանգիստ մթնոլորտով, հարուստ պատմությամբ և բնության հետ ներդաշնակ միջավայրով։ Այստեղ ինձ շատ հարմարավետ եմ զգում, և քաղաքն աստիճանաբար դարձել է իմ երկրորդ տունը։

Այս ընտրության մեջ կարևոր դեր ունեցավ նաև կրթությունը։ 2024 թվականից մինչև 2025 թվականի կեսը նիդերլանդերեն եմ սովորել Ռադբաուդի համալսարանի Radboud in'to Languages լեզվական կենտրոնում։ Այդ շրջանը մեծ նշանակություն ունեցավ ոչ միայն լեզվական գիտելիքներս խորացնելու, այլև Նիդերլանդական հասարակությունն ու մշակույթն ավելի լավ ճանաչելու առումով։

2025 թվականից ուսումս շարունակում եմ Ռադբաուդի համալսարանում, որտեղ ստանում եմ ևս մեկ բարձրագույն իրավաբանական կրթություն՝ արդեն ամբողջությամբ նիդերլանդերենով։ Սովորում եմ նիդերլանդացի համակուրսեցիների հետ և ուսումնասիրում Նիդերլանդների իրավական համակարգը, ինչը հնարավորություն է տալիս ավելի խորությամբ հասկանալ այն միջավայրը, որտեղ ապրում և աշխատում եմ։

Նայմեյխենը գտնվում է նաև Գերմանիայի սահմանի հարևանությամբ, և այդ աշխարհագրական դիրքը քաղաքին տալիս է յուրահատուկ միջազգային շունչ։ Այստեղ հաճախ կարելի է հանդիպել գերմանացի այցելուների, իսկ տեղացիների համար Գերմանիա մեկնելը առօրյայի բնական մասն է։ Այդ բազմամշակութային միջավայրը ևս ինձ համար շատ հետաքրքիր և արժեքավոր է։

4. Դուք իրավաբան եք, բայց այսօր հաջողությամբ աշխատում եք նաև որպես մասնագիտական բանավոր թարգմանիչ։ Ինչպե՞ս ծնվեց այս մասնագիտությամբ զբաղվելու գաղափարը։

Սոֆիա Սոմերս-Զաքարյան. Իրականում թարգմանիչների աշխատանքով միշտ եմ հիացել, հատկապես՝ համաժամանակյա թարգմանիչների, որոնց աշխատանքը միջազգային համաժողովների և դասընթացների ընթացքում միշտ մեծ տպավորություն է թողել ինձ վրա։ Նրանց մասնագիտական պատրաստվածությունը, արագ կողմնորոշվելու ունակությունն ու պատասխանատվությունը միշտ ոգեշնչել են ինձ։

Վաղուց էի մտածում, թե ինչպես կարելի է համատեղել իրավաբանական կրթությունս և իրավաբանի մտածելակերպը բանավոր թարգմանչի աշխատանքի հետ։ Նիդերլանդներում ինձ ընձեռվեց այդ հնարավորությունը, և այսօր կարող եմ վստահ ասել, որ գտել եմ այն ոլորտը, որտեղ կարողանում եմ համադրել իմ գիտելիքները և անմիջականորեն օգնել մարդկանց։

Մինչ բանավոր թարգմանչի գործունեությամբ զբաղվելը աշխատել եմ իրավաբանական գրասենյակում՝ նիդերլանդերեն և անգլերեն լեզուներով։ Այդ փորձից հետո ցանկացա անցնել այնպիսի աշխատանքի, որտեղ ավելի շատ շփում կունենայի մարդկանց հետ և միաժամանակ կկարողանայի կիրառել հայերենի, ռուսերենի, անգլերենի և նիդերլանդերենի իմացությունս։

Բանավոր թարգմանչի աշխատանքն ինձ համար նաև մշտական ինքնակրթություն է։ Յուրաքանչյուր նոր հանձնարարություն պահանջում է մանրակրկիտ նախապատրաստություն, ոլորտային տերմինաբանության ուսումնասիրություն և պատասխանատու մոտեցում։ Հենց այդ շարունակական զարգացումն է այս մասնագիտությունը դարձնում այնքան հետաքրքիր և ոգեշնչող։

5. Որքա՞ն ժամանակ է, ինչ զբաղվում եք բանավոր թարգմանությամբ, և ի՞նչ ճանապարհ եք անցել այս ոլորտում։

Սոֆիա Սոմերս-Զաքարյան. Նիդերլանդերեն լեզվով բանավոր թարգմանությամբ զբաղվում եմ մոտ մեկ տարի։ Սակայն բազմալեզու միջավայրում աշխատելու փորձս շատ ավելի վաղ է սկսվել՝ դեռ ուսանողական տարիներից և հետագայում՝ իրավաբանական գործունեության ընթացքում։

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում աշխատել եմ միջազգային համագործակցության ուղղությամբ՝ անգլերեն և ռուսերեն լեզուներով ապահովելով հաստատության հաղորդակցությունը միջազգային կազմակերպությունների, դեսպանատների և տարբեր ծրագրերի շրջանակներում։ Ավելի ուշ նույն հաստատությունում ներգրավված եմ եղել նաև քաղաքացիների դիմումների և բողոքների ուսումնասիրության գործընթացում, որտեղ նույնպես ամենօրյա աշխատանքային լեզուներն էին անգլերենն ու ռուսերենը։

Հետագայում աշխատել եմ Dimension Legal RVS իրավաբանական ընկերությունում, որտեղ զբաղվել եմ բազմալեզու իրավական փաստաթղթերի պատրաստմամբ և օտարերկրյա հաճախորդների հետ հաղորդակցությամբ։ Այդ ամբողջ փորձը դարձավ ամուր հիմք՝ հետագայում բանավոր թարգմանչի մասնագիտությամբ զբաղվելու համար։

6. Ի՞նչ լեզուներով եք աշխատում, և ո՞ր ոլորտներում են առավել հաճախ անհրաժեշտ լինում Ձեր ծառայությունները։

Սոֆիա Սոմերս-Զաքարյան. Աշխատում եմ չորս լեզուներով՝ հայերեն, նիդերլանդերեն, ռուսերեն և անգլերեն։ Բանավոր թարգմանություն իրականացնում եմ նիդերլանդերեն–հայերեն, նիդերլանդերեն–ռուսերեն և նիդերլանդերեն–անգլերեն լեզվական համակցություններով։

Իմ ծառայություններն առավել հաճախ անհրաժեշտ են առողջապահության և խնամքի հաստատություններում, քաղաքապետարաններում, կրթական համակարգում, ինչպես նաև սոցիալական ծառայությունների շրջանակում, որտեղ մարդկանց համար շատ կարևոր է ճիշտ հասկանալ իրենց իրավունքներն ու պարտականությունները։

Միաժամանակ շարունակաբար խորացնում եմ իրավաբանական տերմինաբանության իմացությունը։ Իրավաբանական կրթությունս և մասնագիտական փորձը հնարավորություն են տալիս ավելի վստահ աշխատել նաև այն դեպքերում, երբ հաղորդակցությունը վերաբերում է իրավական կամ վարչական բարդ հարցերի։

7. Դուք նաև իրավաբանական կրթություն ունեք։ Ինչպե՞ս է իրավաբանի փորձը օգնում թարգմանչական աշխատանքում, և հակառակը՝ ինչպե՞ս է թարգմանչի փորձը հարստացնում իրավաբանի աշխատանքը։

Սոֆիա Սոմերս-Զաքարյան. Իրավաբանի մասնագիտական փորձն ինձ մեծապես օգնում է բանավոր թարգմանչի աշխատանքում։ Իրավաբանն ամեն օր աշխատում է մեծածավալ տեղեկատվության հետ, սովորում է արագ առանձնացնել էականն ու երկրորդականը, նկատել հակասությունները, բացթողումները կամ հաղորդակցության ընթացքում առաջացող խնդիրները։ Այդ հմտությունները չափազանց կարևոր են նաև բանավոր թարգմանության ժամանակ, երբ հաճախ որոշումների կայացման կամ տեղեկատվության ճիշտ փոխանցման համար վայրկյաններ են տրված։

Միևնույն ժամանակ, բանավոր թարգմանչի աշխատանքն ինձ որպես իրավաբանի ևս շատ բան է սովորեցրել։ Այն զարգացնում է ակտիվ լսելու, մարդկանց տարբեր մշակութային առանձնահատկությունները հասկանալու, հստակ և հասկանալի հաղորդակցվելու կարողությունը։ Աշխատելով տարբեր մշակույթների մարդկանց հետ՝ ավելի լավ ես գիտակցում, որ նույն միտքը տարբեր հասարակություններում կարող է տարբեր կերպ ընկալվել։ Այդ փորձն այսօր ինձ օգնում է ոչ միայն որպես թարգմանչի, այլև որպես իրավաբանի։

8. Արտերկրում նոր կյանք սկսելը միշտ էլ հեշտ չէ։ Ի՞նչ դժվարությունների եք բախվել Նիդերլանդներում հաստատվելու առաջին տարիներին, և ինչպե՞ս եք հաղթահարել դրանք։

Սոֆիա Սոմերս-Զաքարյան. Ամենամեծ մարտահրավերը, անկասկած, լեզուն էր։ Մինչ Նիդերլանդներ տեղափոխվելը նիդերլանդերենին տիրապետում էի միայն տարրական մակարդակով։ Սա գեղեցիկ, բայց բավականին բարդ լեզու է, հատկապես երբ այն սկսում ես սովորել արդեն հասուն տարիքում։

Թեև Նիդերլանդներում գրեթե բոլորը գերազանց տիրապետում են անգլերենին, շատ արագ հասկացա, որ հասարակությանը լիարժեք ինտեգրվելու համար անհրաժեշտ է խոսել հենց նիդեռլանդերեն։ Լեզուն միայն բառապաշար չէ․ այն նաև մշակույթ է, մտածողություն, հումոր, ասացվածքներ և հաղորդակցության նրբություններ։ Առանց լեզվի հնարավոր չէ լիարժեք հասկանալ մարդկանց և զգալ հասարակության ներքին ռիթմը։

Լեզվի իմացությունն անմիջականորեն կապված էր նաև ուսման, աշխատանքի և սոցիալական կյանքի հետ։ Այդ պատճառով փորձեցի օգտագործել յուրաքանչյուր հնարավորություն՝ զարգացնելու լեզվական հմտություններս։ Սովորել եմ Ռադբաուդի համալսարանի Radboud in'to Languages լեզվական կենտրոնում, ինքնուրույն շարունակել եմ պարապել, մասնակցել եմ կամավորական նախաձեռնությունների, որտեղ նիդերլանդացի կամավորներն օգնում էին մեզ կատարելագործել խոսակցական լեզուն։

Արդեն երկու տարի է մասնակցում եմ Gilde Nijmegen կազմակերպության Taalmaatje ծրագրին։ Ամեն շաբաթ հանդիպում եմ նիդերլանդացի կամավորի հետ, քննարկում ենք երկրի նորությունները, հասարակական կյանքը, մշակույթը։ Ժամանակի ընթացքում մեր համագործակցությունը վերածվել է ընկերության, և այդ շփումները մեծ դեր են ունեցել իմ լեզվական զարգացման մեջ։

Մեծ փորձառություն էր նաև մի քանի տարի նիդերլանդական իրավաբանական ընկերությունում աշխատելը, որտեղ ամբողջ հաղորդակցությունը՝ թե՛ բանավոր, թե՛ գրավոր, իրականացվում էր բացառապես նիդեռլանդերենով։ Իսկ այսօր արդեն երկրորդ տարին է, ինչ իրավաբանություն եմ ուսումնասիրում Ռադբաուդի համալսարանում՝ ամբողջությամբ նիդերլանդերենով, ինչը ևս նպաստում է լեզվի շարունակական կատարելագործմանը։

Եթե այսօր հետ եմ նայում այդ ճանապարհին, մեծ երախտագիտությամբ եմ հիշում բոլոր այն մարդկանց, ովքեր օգնել են ինձ՝ հարազատներիս, ընկերներիս, նիդեռլանդացի կամավորներին, դասախոսներիս և համակուրսեցիներիս։ Նրանց աջակցությունը և ամենօրյա շփումը մայրենի լեզվով իմ համար լավագույն դպրոցն էին։

9. Ի՞նչ խորհուրդ կտաք այն երիտասարդներին, ովքեր ցանկանում են կրթություն ստանալ, ապրել կամ աշխատել արտերկրում։

Սոֆիա Սոմերս-Զաքարյան. Նախևառաջ խորհուրդ կտամ արդյունավետ կառավարել ժամանակը։ Հաջողության հիմքում հետևողական աշխատանքն է։ Կարևոր է ոչ միայն լավ սովորել, այլև ակտիվորեն համագործակցել դասախոսների և համակուրսեցիների հետ, մասնակցել ուսումնական խմբերի աշխատանքներին, փոխանակել գրառումներ և միասին քննարկել ուսումնասիրվող նյութը։

Շատ կարևոր է նաև չմեկուսանալ։ Իմ փորձից կարող եմ ասել, որ նիդերլանդացի համակուրսեցիներիս հետ համագործակցությունն անգնահատելի էր։ Մենք միասին սովորում էինք, քննարկում դասերը, և այդ ընթացքում ես ոչ միայն գիտելիքներ էի ստանում, այլև ծանոթանում էի ուսուցման նոր մեթոդների ու մտածելակերպին։

Յուրաքանչյուր երկրի կրթական համակարգն ունի իր առանձնահատկությունները։ Այդ պատճառով կարևոր է հասկանալ, թե ինչ հմտություններ են գնահատվում քննությունների ընթացքում և համապատասխանեցնել սովորելու ռազմավարությունը։ Շատ հաճախ արտասահմանյան համալսարաններում քննությունների ձևաչափը զգալիորեն տարբերվում է Հայաստանում ընդունված մոտեցումներից։

Կխորհրդակցեի նաև ուսման ընթացքում ակտիվորեն մասնակցել համալսարանական կյանքի տարբեր նախաձեռնություններին՝ միանալ ուսանողական կազմակերպություններին, մասնակցել մասնագիտական միջոցառումներին, աշխատանքի տոնավաճառներին, ընդլայնել ծանոթությունների շրջանակը և ստեղծել մասնագիտական կապեր։ Շատ դեպքերում հենց այդ կապերն են հետագայում բացում նոր հնարավորությունների դռները։

Եվ ամենակարևորը՝ երբեք չվախենալ հարցեր տալուց։ Դասախոսները, կարիերայի խորհրդատուները, բարձր կուրսերի ուսանողները և մարդկային ռեսուրսների մասնագետները կարող են արժեքավոր խորհուրդներ տալ, որոնք կօգնեն ավելի վստահ կողմնորոշվել նոր միջավայրում։

10. Եվ վերջում, ի՞նչ կմաղթեք «Նիդեռլանդական օրագրի» ընթերցողներին և աշխարհի տարբեր երկրներում ապրող հայերին։

Սոֆիա Սոմերս-Զաքարյան. Առաջին հերթին բոլորին մաղթում եմ առողջություն, խաղաղություն և հաջողություն իրենց ընտրած ճանապարհին։ Անկախ նրանից, թե աշխարհի որ երկրում են ապրում, ցանկանում եմ, որ կարողանան պահպանել կապը հայոց լեզվի, մշակույթի և ազգային ինքնության հետ։

Միաժամանակ կարևոր եմ համարում լինել բաց նոր գիտելիքների, նոր մշակույթների և նոր հնարավորությունների հանդեպ։ Վստահ եմ, որ սեփական արմատներին հավատարիմ մնալը և աշխարհի հանդեպ բաց լինելը ոչ թե հակասում, այլ լրացնում են միմյանց։ Հենց այդ հավասարակշռությունն է օգնում մարդուն լինել և՛ լավ մասնագետ, և՛ արժանապատիվ քաղաքացի, և՛ իր ժողովրդի արժանի ներկայացուցիչ։


Հարցազրույցը վարեց «Նիդերլանդական օրագրի» թղթակից Լիանա ԲԱԼՅԱՆԸ


Wednesday, 22 July 2026

Ինչո՞ւ Ալեքսանդր Մակեդոնացին չնվաճեց Հայաստանը

Ալեքսանդր Մակեդոնացին և Հայաստանը․ ինչպիսի՞ հարաբերություններ ուներ աշխարհի մեծագույն նվաճողը հայոց երկրի հետ

22.07.2026/Nid.oragir

Պատմական աղբյուրները բացահայտում են մի հետաքրքիր իրականություն․ Հայաստանը Ալեքսանդրի կայսրության սովորական նահանգ չդարձավ

Ալեքսանդր Մակեդոնացու անունը կապված է մարդկության պատմության ամենամեծ ռազմական արշավանքներից մեկի հետ։ Ք.ա. IV դարում նա ստեղծեց մի կայսրություն, որը ձգվում էր Բալկաններից մինչև Հնդկաստան՝ փոխելով հին աշխարհի քաղաքական և մշակութային քարտեզը։

Սակայն նրա նվաճումների պատմության մեջ առանձնահատուկ տեղ ունի Հայաստանը։ Հարցը, թե ինչպիսի հարաբերություններ ուներ Ալեքսանդրը հայոց երկրի հետ, մինչ այսօր հետաքրքրում է պատմաբաններին։

Արդյո՞ք Հայաստանը դարձավ նրա նվաճած տարածքներից մեկը, թե՞ պահպանեց իր ինքնուրույնությունը։

Հայաստանը Ալեքսանդրի արշավանքների ժամանակ

Ալեքսանդրի արևելյան արշավանքի ժամանակ Հայաստանը գտնվում էր Աքեմենյան Պարսկական կայսրության ազդեցության ներքո։ Հայկական զորքերը մասնակցեցին Ք.ա. 331 թվականի Գավգամելայի ճակատամարտին՝ Դարեհ III-ի բանակի կազմում։

Սակայն Ալեքսանդրի հաղթանակից հետո տեղի ունեցավ մի կարևոր հանգամանք․ նա չիրականացրեց Հայաստանի դեմ այնպիսի լայնածավալ ռազմական գործողություն, ինչպիսին իրականացրել էր Պարսկաստանի կենտրոնների, Եգիպտոսի կամ Միջագետքի նկատմամբ։

Արիանոսի լռությունը՝ կարևոր վկայություն

Ալեքսանդրի արշավանքների գլխավոր պատմիչներից մեկը՝ հույն հեղինակ Արիանոսը, մանրամասն նկարագրել է նրա ռազմական գործողությունները։

Ուշագրավ է, որ Արիանոսը չի հիշատակում Հայաստանի նվաճման որևէ խոշոր արշավանք։ Պատմաբանների մի մասը հենց այս հանգամանքն է համարում ապացույց, որ Հայաստանը Ալեքսանդրի կողմից չի ենթարկվել սովորական նվաճման։

Եթե Հայաստանը վերածվեր մակեդոնական վարչական տարածքի, այդ իրադարձությունը դժվար թե դուրս մնար ժամանակի գլխավոր պատմագրություններից։

Հայաստանը՝ տեղական իշխանության պահպանմամբ

Ալեքսանդրի մահից հետո նրա հսկայական կայսրությունը բաժանվեց զորավարների միջև։ Այդ շրջանում հիշատակվում է Միհրանեսի (Միթրինեսի) անունը, որը նշանակվեց Հայաստանի կառավարիչ։

Սակայն իրական իրավիճակը ցույց է տալիս, որ Հայաստանում շարունակեցին պահպանվել տեղական իշխանական կառույցները, հատկապես՝ Երվանդունիների արքայատոհմի ազդեցությունը։

Այս փաստը կարևոր է․ Հայաստանը չվերացավ որպես քաղաքական միավոր և շարունակեց իր պատմական զարգացումը։

Ստրաբոնի վկայությունը

Հույն աշխարհագրագետ և պատմիչ Ստրաբոնը իր աշխատություններում Հայաստանը ներկայացնում է որպես առանձնահատուկ երկիր՝ սեփական աշխարհագրական, քաղաքական և մշակութային նկարագրով։

Նրա տեղեկությունները ցույց են տալիս, որ Ալեքսանդրի ժամանակաշրջանից հետո հայկական պետական ավանդույթը շարունակվեց։

Հետագայում Հայաստանը դարձավ հելլենիստական աշխարհի կարևոր մասնակիցներից մեկը՝ միավորելով տեղական մշակույթն ու հունական ազդեցությունը։

Ալեքսանդրի հայկական հետքը՝ պատմությո՞ւն, թե՞ լեգենդ

Ալեքսանդրի մասին դարերի ընթացքում ստեղծվել են բազմաթիվ պատմություններ, որոնց մի մասը միավորում է իրական պատմությունը և լեգենդը։

Հատկապես հայտնի է «Ալեքսանդրի վեպը»՝ ստեղծագործություն, որը տարածվել է տարբեր ժողովուրդների շրջանում և պահպանվել նաև հայկական ձեռագրական ավանդույթում։

Այս պատմությունների մեջ Ալեքսանդրը հաճախ ներկայացվում է ոչ միայն որպես նվաճող, այլև որպես համաշխարհային մշակույթների հանդիպման խորհրդանիշ։

Սակայն պատմական փաստերը ցույց են տալիս, որ նրա իրական հարաբերությունները Հայաստանի հետ առավել բարդ էին․ նա Հայաստանը չէր ոչնչացրել, այլ այն հայտնվեց նոր աշխարհաքաղաքական համակարգի մեջ՝ պահպանելով իր ազգային և պետական հիմքերը։

Հայ պատմիչ Մովսես Խորենացին, անդրադառնալով հին աշխարհի իրադարձություններին, Ալեքսանդրի կերպարը ներառում է հայկական պատմական հիշողության մեջ։

Թեև Խորենացու աշխատությունը գրվել է Ալեքսանդրի ժամանակներից դարեր անց և պահանջում է աղբյուրագիտական զգուշություն, այն կարևոր է նրանով, որ ցույց է տալիս՝ Ալեքսանդրի կերպարը մտել էր նաև հայկական պատմական մտածողության շրջանակ։

Պատմական աղբյուրների համադրությունը թույլ է տալիս ասել, որ Ալեքսանդր Մակեդոնացին Հայաստանը չի նվաճել այն ձևով, ինչպես բազմաթիվ այլ երկրներ։

Ավելի հավանական է, որ Հայաստանը հայտնվել է նրա ստեղծած նոր աշխարհակարգի ազդեցության ներքո՝ պահպանելով ներքին ինքնուրույնության զգալի մասը։

Հայաստանը դարձավ այն հին երկրներից մեկը, որը Ալեքսանդրի հսկայական կայսրության փլուզումից հետո չանհետացավ, այլ շարունակեց իր պետական և մշակութային ճանապարհը։

Եվ հենց այդ պատճառով Ալեքսանդրի ու Հայաստանի հարաբերությունները պատմության մեջ մնում են ոչ միայն ռազմական, այլև քաղաքական ու մշակութային հետաքրքիր էջ։

Ալեքսանդր Մակեդոնացու հայկական պատկերումը միջնադարյան ձեռագրում


Գիտե՞իք, որ Նիդերլանդները ցամաքային սահման ունի Ֆրանսիայի հետ

 
22.07.2026/Նիդ.օրագիր/ Hay  Azian 

Երկու երկրները վերջ դրեցին շուրջ 400 տարի շարունակվող սահմանային անորոշությանը՝ Կարիբյան ծովի Սեն Մարտեն կղզում

Շատերի համար սա անակնկալ փաստ է. առաջին հայացքից թվում է, թե Նիդերլանդներն ու Ֆրանսիան Եվրոպայում ընդհանուր սահման չունեն, հետևաբար նաև միմյանց հետ սահմանակից չեն։ Սակայն իրականությունը բոլորովին այլ է։

Նիդերլանդների և Ֆրանսիայի միջև գոյություն ունի ցամաքային սահման, բայց ոչ Եվրոպայում, այլ Կարիբյան ծովում գտնվող գեղատեսիլ Սեն Մարտեն կղզում։ Կղզու հյուսիսային մասը պատկանում է Ֆրանսիային (Saint-Martin), իսկ հարավային մասը՝ Նիդերլանդների Թագավորությանը (Sint Maarten)։ Սա երկու երկրների միջև գոյություն ունեցող միակ ցամաքային սահմանն է։

Կղզին բաժանվել է դեռևս 1648 թվականին, երբ ստորագրվեց Կոնկորդիայի պայմանագիրը։ Սակայն այն ժամանակ սահմանագիծը չէր սահմանվել ժամանակակից չափանիշներին համապատասխան՝ ճշգրիտ աշխարհագրական կոորդինատներով։ Դարերի ընթացքում, հատկապես որոշ առափնյա հատվածներում, պահպանվել էին իրավական անորոշություններ, որոնք ժամանակ առ ժամանակ առաջացնում էին տարաձայնություններ վարչական իրավասությունների, ծովային տարածքների և անվտանգության հարցերի շուրջ։

Վերջին տարիներին Ֆրանսիան և Նիդերլանդները համատեղ աշխատանք իրականացրին՝ վերջնականապես հստակեցնելու սահմանը։ Ստորագրված համաձայնագրով սահմանը ճշգրտվեց ժամանակակից քարտեզագրման և աշխարհագրական կոորդինատների հիման վրա՝ փակելով շուրջ 400 տարի շարունակվող իրավական անորոշության էջը։

Հետաքրքիր է, որ չնայած կղզին բաժանված է երկու պետությունների միջև, այնտեղ գրեթե չկան սահմանային անցակետեր։ Մարդիկ կարող են ազատ տեղաշարժվել կղզու մի հատվածից մյուսը՝ հաճախ նույնիսկ չնկատելով, թե երբ են անցել Ֆրանսիայից Նիդերլանդներ կամ հակառակը։ Միևնույն ժամանակ յուրաքանչյուր հատվածն ունի իր վարչակազմը, օրենքները, պետական խորհրդանիշներն ու կառավարման համակարգը։

Սեն Մարտենը վաղուց դարձել է խաղաղ համակեցության յուրօրինակ խորհրդանիշ։ Այստեղ մեկ կղզու վրա համատեղ գոյակցում են երկու պետություններ, երկու մշակույթ և երկու վարչական համակարգ՝ պահպանելով բարիդրացիական հարաբերություններ։

Ֆրանսիայի և Նիդերլանդների միջև շուրջ չորս դար տևած սահմանային անորոշության կարգավորումը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ նույնիսկ ամենահին տարածքային հարցերը կարող են լուծվել երկխոսության, փոխադարձ հարգանքի և միջազգային իրավունքի հիման վրա։

Սեն Մարտեն կղզում բնակվում է շուրջ 75–80 հազար մարդ։ Նրանցից մոտ 43 հազարն ապրում է Նիդերլանդների Թագավորության կազմում գտնվող Սինտ Մարտենում, իսկ շուրջ 32 հազարը՝ Ֆրանսիայի Սեն Մարտեն համայնքում։ Չնայած վարչական բաժանմանը՝ կղզու բնակիչների առօրյան գրեթե միասնական է` ազատ տեղաշարժ, երկու հատվածների միջև ազատ շփում

Կղզին առանձնանում է նաև իր բազմազգ բնակչությամբ։ Այստեղ կողք կողքի ապրում են Կարիբյան ավազանի, Եվրոպայի, Լատինական Ամերիկայի և աշխարհի բազմաթիվ այլ երկրների ներկայացուցիչներ։ Թեև հյուսիսային հատվածի պաշտոնական լեզուն ֆրանսերենն է, իսկ հարավայինինը՝ նիդերլանդերենը, առօրյա շփման հիմնական լեզուն անգլերենն է, որը դարձել է կղզու բազմազան համայնքների հաղորդակցության բնական միջոցը։

Սեն Մարտենի տնտեսության հիմնական շարժիչ ուժը զբոսաշրջությունն է։ Ամեն տարի կղզին ընդունում է միլիոնավոր զբոսաշրջիկների, որոնք ժամանում են ինչպես ավիաչվերթներով, այնպես էլ Կարիբյան տարածաշրջանում շրջող զբոսանավերով։ Տնտեսության կարևոր ճյուղերից են նաև հյուրանոցային բիզնեսը, առևտուրը, ռեստորանային ծառայությունները, տրանսպորտը և ֆինանսական ծառայությունները։

Հետաքրքիր է, որ մեկ կղզու վրա գործում են երկու տարբեր դրամական համակարգեր։ Ֆրանսիական Սեն Մարտենում պաշտոնական արժույթը եվրոն (€) է, քանի որ այն Ֆրանսիայի անդրծովյան համայնք է և Եվրամիության մաս։ Իսկ Նիդերլանդների Թագավորության կազմում գտնվող Սինտ Մարտենում պաշտոնական արժույթը Նիդերլանդական Անտիլների գուլդենն (ANG) է, թեև գործնականում լայնորեն օգտագործվում է նաև ԱՄՆ դոլարը (USD), որը զբոսաշրջության և առևտրի հիմնական վճարամիջոցներից մեկն է։ Շատ խանութներ, հյուրանոցներ և ռեստորաններ ընդունում են միաժամանակ եվրո, ԱՄՆ դոլար և գուլդեն, ինչը զգալիորեն հեշտացնում է միջազգային զբոսաշրջիկների առօրյան։

Այս պատմությունը նաև հիշեցնում է, որ աշխարհագրությունը երբեմն կարող է զարմացնել նույնիսկ փորձառու ճանապարհորդներին. քչերը գիտեն, որ Նիդերլանդներն ու Ֆրանսիան ոչ միայն բարեկամ երկրներ են, այլև իրականում ունեն ընդհանուր ցամաքային սահման՝ աշխարհի մյուս ծայրում՝ արևադարձային Կարիբյան ծովի մի փոքրիկ, բայց բացառիկ կղզում։ 

Գալուստ Կյուլպենկյանի տեսլականը՝ 70 տարի անց էլ շարունակում է ծառայել աշխարհին

21.07.2026/Նիդ.օրագիր

Լիսաբոնում հանդիսավորությամբ նշվում է Կյուլպենկյան հիմնադրամի 70-ամյակը․ հարգանքի տուրք մեծ բարերարի հիշատակին

Յոթ տասնամյակ առաջ կյանքի կոչված մի գաղափար այսօր շարունակում է իր ազդեցությունն ունենալ աշխարհի մշակութային, գիտական, կրթական և մարդասիրական կյանքում։ 2026 թվականին լրանում է Գալուստ Կյուլպենկյան հիմնադրամի հիմնադրման 70-ամյակը՝ մի կառույցի, որը դարձել է ոչ միայն միջազգային հեղինակավոր հաստատություն, այլև հայ ժողովրդի ամենանշանակալի բարեգործական ժառանգություններից մեկը։

Լիսաբոնում անցկացվող հոբելյանական միջոցառումները վերածվել են ոչ միայն անցած ճանապարհի ամփոփման, այլև հիմնադրամի հիմնադիր Գալուստ Սարգիս Կյուլպենկյանի հիշատակի ու տեսլականի արժևորման։ Այս օրերին կազմակերպված համերգները, ցուցահանդեսները, թանգարանի վերաբացումը և հիշատակի արարողությունները մեկ անգամ ևս ընդգծում են այն բացառիկ ազդեցությունը, որ ունեցել և շարունակում է ունենալ Կյուլպենկյանի ստեղծած հիմնադրամը համաշխարհային մշակույթի և հայապահպանության գործում։

1956 թվականին, Գալուստ Կյուլպենկյանի կտակի համաձայն, հիմնադրված այս հաստատությունն այսօր գործում է որպես աշխարհի ամենահեղինակավոր բարեգործական հիմնադրամներից մեկը։ Նրա գործունեությունն ընդգրկում է մշակույթի, գիտության, կրթության, առողջապահության, սոցիալական նորարարության և մարդասիրության ոլորտները։ Միաժամանակ հիմնադրամը հավատարիմ է մնացել իր հիմնադրի ազգային պատգամին՝ շարունակելով աջակցել Հայաստանի և սփյուռքի հայկական կրթական, մշակութային ու գիտական ծրագրերին, արևմտահայերենի պահպանմանն ու հայկական ինքնության ամրապնդմանը։

Հոբելյան՝ մշակույթի, հիշողության և պատասխանատվության խորհրդանիշ

Հոբելյանական տարվա գլխավոր միջոցառումներից էր հուլիսի 18-ին կայացած հանդիսավոր համերգը, որտեղ ելույթ ունեցան Կյուլպենկյանի նվագախումբն ու երգչախումբը։ Միաժամանակ վերաբացվեց հիմնովին նորոգված Կյուլպենկյան թանգարանը, որն իր եզակի հավաքածուով շարունակում է համարվել աշխարհի կարևորագույն մասնավոր արվեստի թանգարաններից մեկը։ Բացվեց նաև «Gulbenkian, 70 Years, Post It!» ցուցահանդեսը, որը ներկայացնում է հիմնադրամի յոթ տասնամյակների գործունեությունը, կարևոր նախաձեռնություններն ու համաշխարհային ազդեցությունը։

Սակայն հոբելյանի ամենահուզիչ դրվագներից մեկը դարձավ Գալուստ Սարգիս Կյուլպենկյանի հիշատակին նվիրված արարողությունը, որը միավորեց հիմնադրամի ղեկավարությանը, աշխատակիցներին և հոգևորականությանը։

Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի պատգամը՝ ծառայության և հավատքի մասին

Կյուլպենկյան հիմնադրամի տնօրենների խորհրդի նախագահի հրավերով, Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ և Սուրբ Աթոռում Ամենայն Հայոց Կաթողիկոսի ներկայացուցիչ Գերաշնորհ Տեր Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը մասնակցեց հիշատակի միջոցառումներին։

Օրը սկսվեց Գալուստ Կյուլպենկյանի կիսանդրու առջև հարգանքի տուրքի արարողությամբ, որից հետո մասնակիցները ներկա գտնվեցին կաթոլիկ եկեղեցում մատուցված Սուրբ Պատարագին՝ ի հիշատակ մեծ բարերարի։

Պատարագի ավարտին Խաժակ Սրբազանը հանդես եկավ խորիմաստ հոգևոր խոսքով՝ Սուրբ Գրիգոր Նարեկացու աղոթական ժառանգությունը կապելով Գալուստ Կյուլպենկյանի կյանքի ու առաքելության հետ։ Վկայակոչելով Նարեկացու անմահ տողերը՝ «Սրտիս ողբաձայն հառաչանքների աղաղակն, ահա՛, դեպ երկինքն ի վեր՝ քեզ եմ ընծայում», նա ընդգծեց, որ մարդն Աստծո առջև ներկայանում է ոչ միայն իր հաջողություններով, այլև իր սրտի ճշմարտությամբ, և հենց այդ ճշմարտությունն է աղոթքը դարձնում կենդանի ու իրական։

Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը նշեց, որ Սուրբ Գրիգոր Նարեկացին սովորեցնում է՝ իսկական հավատքը չի խուսափում մարդկային տկարությունից, այլ այն վերափոխում է Աստծո լույսի ներքո։ Այդ միտքը նա կապեց Գալուստ Կյուլպենկյանի կյանքի հետ՝ ներկայացնելով նրան որպես մարդու, ով իր կարողությունը, ազդեցությունն ու հեռատեսությունը ծառայեցրել է մարդկությանը։

«Նա հասկացել էր, որ տաղանդը պատասխանատվություն է բերում, հարստությունը՝ հոգատարություն, իսկ տեսլականն իր ճշմարիտ արժեքը գտնում է ծառայության մեջ»,– նշեց Սրբազանը։

Նրա խոսքով՝ եթե Սուրբ Գրիգոր Նարեկացին Աստծուն ընծայեց իր սրտի աղոթքը, ապա Գալուստ Կյուլպենկյանը մարդկությանը նվիրեց իր կյանքի պտուղները՝ վերածելով դրանք կրթության, մշակույթի, գիտության և բարեգործության։

Հայանպաստ առաքելության շարունակականությունը

Հիշատակի արարողության ավարտին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ավանդական աղոթքով ոգեկոչվեցին Գալուստ Սարգիս Կյուլպենկյանի և Կյուլպենկյան ընտանիքի հանգուցյալ անդամների հիշատակը։

Այցի շրջանակում Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը հանդիպում ունեցավ Կյուլպենկյան հիմնադրամի հայկական համայնքների բաժնի տնօրեն, դոկտոր Ռազմիկ Փանոսյանի հետ։ Քննարկվեցին հիմնադրամի հայանպաստ գործունեությունը, իրականացվող ծրագրերը և ապագա համագործակցության հեռանկարները։

Սրբազանը նաև այցելեց նորոգված Կյուլպենկյան թանգարան, որի բացառիկ հավաքածուն ընդգրկում է Հին Եգիպտոսի, Միջագետքի, իսլամական արվեստի և եվրոպական կերպարվեստի եզակի ստեղծագործություններ։ Այդ հավաքածուն ոչ միայն վկայում է Գալուստ Կյուլպենկյանի բացառիկ գեղագիտական ճաշակի մասին, այլև արտահայտում է նրա հավատը համաշխարհային մշակույթի պահպանման և հանրահռչակման գաղափարին։

Ժառանգություն, որը շարունակում է կերտել ապագան

Գալուստ Կյուլպենկյանի անունը վաղուց դուրս է եկել միայն բարեգործի սահմանումից։ Նա դարձավ մի մարդ, ով կարողացավ անձնական հաջողությունը վերածել համամարդկային արժեքի, իսկ հարստությունը՝ կրթության, գիտության, մշակույթի և մարդասիրության ծառայության։

Յոթանասուն տարի անց նրա հիմնադրած հաստատությունը շարունակում է հավատարիմ մնալ այդ սկզբունքներին՝ ներդրումներ կատարելով այնտեղ, որտեղ ծնվում են գաղափարներ, զարգանում են հասարակություններ և պահպանվում են մշակութային արժեքները։

Կյուլպենկյան հիմնադրամի 70-ամյակը հիշեցում է, որ իրական ժառանգությունը չափվում է այն արժեքներով, որոնք փոխանցվում են սերունդներին։ Եվ այդ առումով Գալուստ Սարգիս Կյուլպենկյանի անունը շարունակում է մնալ հայ ժողովրդի և համաշխարհային բարեգործության պատմության ամենավառ էջերից մեկը։

Լուսանկարները` Pontifical legation Western Europa  կայքից 




Լոնդոնում բնակվող պատմաբան Դեյվիդ Գրանտը պնդում է, որ գտել է Ալեքսանդր Մեծի իրական կտակի հետքերը

 

Ալեքսանդր Մակեդոնացու հայկական պատկերումը միջնադարյան ձեռագրում

Վերջերս հետաքրքիր հրապարակում է արել Ամստերդամի Mateos Tsaretsi bibliotheek կայքը։ Հրապարակման բովանդակությունը հետևյալն է.

Լոնդոնում բնակվող պատմաբան Դեյվիդ Գրանտը (David Grant) շուրջ տասը տարվա ուսումնասիրությունից հետո պնդում է, որ գտել է Ալեքսանդր Մեծի իրական կտակի հետքերը։

Նրա կարծիքով՝ այդ կտակը թաքնված է հին հայկական ձեռագրում պահպանված «Ալեքսանդրի վեպի» (Alexander Romance) տարբերակում։

Մինչ այժմ պատմաբանների մեծ մասը կարծում էր, որ այդ ձեռագրի վերջին գլուխը պարզապես հորինվածք է և Ալեքսանդրի կտակը իրական հիմք չունի։

Սակայն Գրանտը համոզված է, որ այնտեղ պահպանվել է Ալեքսանդրի իսկական կտակի վերափոխված տարբերակը։

Հոդվածի համաձայն՝ Ալեքսանդրը ցանկացել էր.

իր հսկայական կայսրության օրինական ժառանգներ ճանաչել իր որդիներին՝ Ալեքսանդր IV-ին (որը դեռ չէր ծնվել նրա մահվան պահին) և Հերակլեսին,

որոշել էր, թե որտեղ պետք է իրեն թաղեն,

ինչպես պետք է բաժանվեն իր հարստությունն ու իշխանությունը։

Ըստ Գրանտի՝ Ալեքսանդրի ազդեցիկ զորավարները թաքցրել են այդ կտակը, քանի որ չէին ցանկանում իշխանությունը փոխանցել նրա որդիներին, որոնց մայրերը ասիական ծագում ունեին։ Փոխարենը նրանք սկսեցին պայքարել միմյանց դեմ իշխանության համար, ինչի հետևանքով սկսվեցին հայտնի «Ժառանգորդների պատերազմները» (Wars of the Successors), որոնք տասնամյակներ շարունակ ավերեցին Ալեքսանդրի կայսրությունը։

Պատմաբանը ենթադրում է, որ կտակը հետագայում քաղաքական նպատակներով խմբագրվել է և ներառվել է «Ալեքսանդրի վեպում», որի հին հայկական ձեռագիրը պահպանել է այդ վերամշակված տարբերակը։

Կարևոր է նշել, որ այս ամենը ներկայումս մեկ պատմաբանի գիտական վարկածն է, ոչ թե համընդհանուր ընդունված պատմական փաստ։ Եթե նրա եզրակացությունները հաստատվեն, ապա դա կարող է համարվել Ալեքսանդր Մեծի կյանքի և մահվան վերաբերյալ վերջին տասնամյակների ամենանշանակալի պատմական բացահայտումներից մեկը։

Նիդերլանդական օրագիրը շուտով  Մակեդոնացու մասին հանդես կգա` Ալեքսանդր Մակեդոնացին և Հայաստանը թեմայով մեկ այլ հետաքրքիր հոդվածով։

ՀՕՄ-ի Դավթաշենի մասնաճյուղը նշել է հիմնադրման 10-ամյակը. Հայ կանանց նվիրումը համաշխարհային մարտահրավերների ֆոնին

 


Նաիրա Գասպարյան, բ․գ․թ․, ԵՊՀ դոցենտ, 
ՆիդՕրագրի համար

ԵՐԵՎԱՆ — «Արայի ամրոց» ռեստորանային համալիրում տեղի է ունեցել Հայ Օգնության Միության (ՀՕՄ) Դավթաշենի մասնաճյուղի հիմնադրման 10-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումը: Հոբելյանական երեկոյին, որտեղ թևածում էին հայ երգն ու պարը, հավաքվել էին միության անդամները, աջակիցներն ու հյուրերը՝ ամփոփելու տասնամյա մարդասիրական գործունեությունն ու արժևորելու կատարված աշխատանքը:

Միջոցառման ընթացքում հատուկ ընդգծվել է, որ նույնիսկ համաշխարհային աճող լարվածության, աշխարհաքաղաքական բարդ զարգացումների և անհանգիստ ժամանակների պայմաններում հայ կանայք շարունակում են ամուր պահել իրենց հավատարմությունը մարդասիրական առաքելությանը: Իրենց անխոնջ աշխատանքով, կազմակերպվածությամբ և անսպառ նվիրումով նրանք ամենօրյա իրական աջակցություն են ցուցաբերում կարիքավորներին, անապահով ընտանիքներին ու հայրենակիցներին՝ ապացուցելով, որ բարությունն ու սոցիալական պատասխանատվությունը սահմաններ ու խոչընդոտներ չեն ճանաչում:

Տոնական երեկոն անցել է ջերմ ու համախմբված մթնոլորտում. հնչել են երախտագիտության խոսքեր, ամփոփվել են անցած տարիների ձեռքբերումներն ու նախանշվել առաջիկա ծրագրերը, որոնք կոչված են շարունակելու հայ կնոջ ազգանվեր ու մարդասիրական գործունեությունը:





ARS Davtashen Branch Celebrates 10th Anniversary: Armenian Women’s Dedication Amid Global Challenges

Naira Gasparyan, PhD, Associate Professor, YSU
 For the Diary of the Netherlands/ NidOragir

A solemn event celebrating the 10th anniversary of the Armenian Relief Society (ARS) Davtashen branch was held at the "Arayi Amrots" restaurant complex. Filled with traditional Armenian song and dance, the anniversary evening brought together union members, supporters, and guests to review a decade of humanitarian work and honor the impact of their achievements.

During the event, special emphasis was placed on how, even amid growing global tensions, complex geopolitical developments, and turbulent times, Armenian women remain steadfast in their commitment to their humanitarian mission. Through tireless work, strong organization, and boundless dedication, they provide daily, tangible support to those in need, vulnerable families, and fellow compatriots—proving that kindness and social responsibility know no boundaries or obstacles.

The celebratory evening unfolded in a warm and unified atmosphere. Expressions of gratitude were shared, past accomplishments were summarized, and future programs were outlined—all designed to continue the patriotic and humanitarian mission of Armenian women. 

Հայուհին՝ բրիտանական թագավորական ընտանիքի ապագա հարսնացու. ո՞վ է Էլեանոր Էքսերջյանը

 

Հայկական արմատներով բրիտանացի նկարիչ Էլեանոր (Էլլի) Էքսերջյանի նշանադրությունը բրիտանական թագավորական ընտանիքի անդամ Սեմ Չատտոյի հետ վերջին օրերին դարձել է միջազգային մամուլի ամենաքննարկվող թեմաներից մեկը։ Թեև սոցիալական ցանցերում և որոշ հրապարակումներում տարածվեց տեղեկություն, թե նա արդեն ամուսնացել է, իրականում խոսքը նշանադրության մասին է։

Հուլիսի 13-ին Սեմ Չատտոն՝ արքայադուստր Մարգարետի թոռը և թագավոր Չարլզ III-ի ազգականը, Instagram-ի իր էջում հայտարարեց, որ նշանվել է Էլեանոր Էքսերջյանի հետ՝ գրելով. «Մենք անչափ երջանիկ ենք»։ Հատկանշական է, որ նշանադրության մատանին պատրաստել էր հենց ինքը՝ որպես կերամիկայի արվեստագետ։

Այս լուրը մեծ արձագանք ստացավ ոչ միայն Մեծ Բրիտանիայում, այլև հայկական լրատվամիջոցներում, քանի որ Էլեանորը հայկական արմատներ ունի և իր ստեղծագործություններում հաճախ անդրադառնում է հայկական ինքնությանը, հիշողությանը և սփյուռքի փորձառությանը։

Էլեանոր Էքսերջյանը ծնվել է Լոնդոնում՝ արվեստագետների և արվեստաբանների ընտանիքում։ Նրա հայրը՝ պրոֆեսոր Դեյվիդ Էքսերջյանը, իտալական Վերածննդի արվեստի ճանաչված պատմաբան է, իսկ մայրը՝ Սյուզան Մուրը, երկար տարիներ եղել է Financial Times-ի արվեստի քննադատը։

Էլեանորի հայկական արմատները գալիս են հոր ընտանիքից։ Նրա պապը՝ գնդապետ Նուբար Մարտին Էքսերջյանը, ծառայել է բրիտանական բանակում և Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին արժանացել բարձր պարգևների։ Ընտանիքի նախնիները պատկանել են Օսմանյան կայսրության ճանաչված հայկական ընտանիքներից մեկին։

Սեմ Չատտոն և Էլեանորը ծանոթացել են Էդինբուրգի համալսարանում։ Նրանց կապը հրապարակային է դարձել 2021 թվականից։ Երկուսն էլ արվեստագետներ են. Սեմը զբաղվում է կերամիկայով, իսկ Էլեանորը՝ աբստրակտ գեղանկարչությամբ։

Հայաստանի հետ Էլեանորի կապը միայն ծագումով չի սահմանափակվում։ 2022 թվականին զույգը մեկ ամիս ճանապարհորդել է Հայաստանում՝ ուսումնասիրելով երկրի բնությունը, մշակութային ժառանգությունն ու ճարտարապետությունը։ Այդ ուղևորության արդյունքներն ամփոփվել են «Imagined Landscapes» («Պատկերացվող բնապատկերներ») համատեղ արվեստի նախագծում և ցուցահանդեսում։

Բրիտանական թագավորական ընտանիքի հետևորդները վաղուց էին նկատել, որ Էլեանորը մասնակցում էր մի շարք կարևոր ընտանեկան միջոցառումների, այդ թվում՝ Սանդրինգհեմում անցկացվող Սուրբ Ծննդյան ավանդական հավաքին, ինչը սովորաբար մեծ վստահության նշան է համարվում թագավորական ընտանիքում։

Բրիտանական մամուլի տեղեկություններով՝ թագավոր Չարլզ III-ը տեղեկացվել է նշանադրության մասին և ուրախությամբ է ընդունել լուրը։ Ըստ նույն աղբյուրների՝ հարսանիքը նախատեսվում է 2027 թվականի գարնանը։

Այս պատմությունը հայկական հանրության համար առանձնահատուկ հետաքրքրություն ունի ոչ միայն այն պատճառով, որ հայկական ծագում ունեցող արվեստագետը միանում է աշխարհի ամենահայտնի ընտանիքներից մեկին, այլև որովհետև Էլեանոր Էքսերջյանը երբեք չի թաքցրել իր հայկական ինքնությունը և իր արվեստում բազմիցս անդրադարձել է հայ ժողովրդի պատմությանը, հիշողությանն ու սփյուռքի մշակութային ժառանգությանը։

Նիդերլանդական օրագիրը շարունակելու է հետևել այս պատմության զարգացմանը և ընթերցողներին ներկայացնել նոր մանրամասներ, հատկապես՝ Էլեանորի հայկական ընտանիքի պատմության, նրա ստեղծագործական ուղու և Հայաստան կատարած այցելությունների մասին։

Empowering or Ruining Education? Highlights from the International "AI in Education" Conference

Արհեստական բանականությունը կրթության մեջ․ զարգացնո՞ւմ է, թե՞ մարտահրավերներ է ստեղծում

Naira Gasparyan, PhD, Associate Professor, YSU
 For the Diary of the Netherlands/ NidOragir

Organised by an incredible committee of Moroccan professors and researchers, the recent online international conference on AI in Education brought together scholars, educators, and students from across the globe to explore the future of learning.

Featured Speaker Highlights:

Gevorg Grigoryan captivated the audience with a deep dive into "Are AI-Powered Tools Improving or Deteriorating Students’ Writing Skills?"

Naira Gasparyan & Mariam Khazhakyan (Yerevan State University) unveiled their research, "Beyond the Paraphrase: AI-Co-Pilot Integration in Postgraduate Thesis Writing and Oral Defense." They demonstrated how using AI as an intellectual "co-pilot" for structural architecture can cut manual drafting effort by up to 40%, freeing scholars to focus on high-level critical thinking.

Richard Helder shared valuable insights on Conceptual Metaphor Theory in AI-Mediated EFL Writing Instruction.

The Key Takeaway: While AI integration offers massive potential, attendees unanimously agreed that technology can never replace human background knowledge, critical thinking, and intellectual oversight.

Heartfelt congratulations to the organizing committee—Ghouati Sanae, Anasse Khadija, Moustaghfir Samia, Salmi Salaheddine, Bouknify Mohammed, Mrissa Brahim, and Askour Soufiane—for hosting such a successful and impactful conference!


Pursuing his PhD in Linguistics, Richard has made Armenia his new home alongside his beautiful Armenian wife. With a house to call their own, the couple plans to enjoy a long—if not permanent—life here!

My former student, Gevorg Grigoryan, who currently works in administration at a top educational college in China is an exceptionally active researcher: Gevorg has published over 50 papers in high-impact journals in just 5 years. Gevorg was the person who connected us with the organizers of the Morocco conference.

Արհեստական բանականությունը կրթության մեջ․ զարգացնո՞ւմ է, թե՞ մարտահրավերներ է ստեղծում

Նաիրա Գասպարյան, բ․գ․թ․, ԵՊՀ դոցենտ, 
ՆիդՕրագրի համար։ 21հուլիսի 2026. Երևան։
Մարոկկացի պրոֆեսորների և հետազոտողների հիանալի կազմկոմիտեի կողմից կազմակերպված «ԱԲ-ն կրթության մեջ» վերջերս տեղի ունեցած առցանց միջազգային գիտաժողովը համախմբել էր գիտնականների, մանկավարժների և ուսանողների աշխարհի տարբեր ծայրերից՝ միասին ուսումնասիրելու ուսուցման ապագան։
Ելույթ ունեցողների ուշագրավ զեկույցները.
Գևորգ Գրիգորյանը գրավեց լսարանի ուշադրությունը՝ խորությամբ վերլուծելով «Արդյո՞ք Արհեստական Բանականության գործիքները բարելավում, թե՞ վատթարացնում են ուսանողների գրավոր հմտությունները» թեման:
Նաիրա Գասպարյանն ու Մարիամ Խաժակյանը (Երևանի պետական համալսարան) ներկայացրին իրենց «Վերապարաֆրազավորումից անդին. ԱԲ-ընկերակցի (co-pilot) ինտեգրումը թեզերի գրման և բանավոր պաշտպանության գործընթացում» հետազոտությունը: Նրանք ցույց տվեցին, թե ինչպես ԱԲ-ն որպես մտավոր «ընկերակից» կառուցվածքային ճարտարապետության մեջ կիրառելը կարող է մինչև 40%-ով կրճատել սևագրման մեխանիկական աշխատանքը՝ հնարավորություն տալով հետազոտողներին կենտրոնանալ բարձր մակարդակի քննադատական մտածողության վրա:
Ռիչարդ Հելդերը արժեքավոր դիտարկումներ ներկայացրեց «Հայեցակարգային փոխաբերության տեսությունը ԱԲ-ի միջնորդությամբ անգլերենի (որպես օտար լեզվի) ուսուցման մեջ» թեմայով:
Հիմնական եզրահանգումը. Թեև ԱԲ-ի ինտեգրումը հսկայական ներուժ ունի, մասնակիցները միահամուռ համաձայնեցին, որ տեխնոլոգիան երբեք չի կարող փոխարինել մարդկային բազային գիտելիքներին, քննադատական մտածողությանն ու մտավոր վերահսկողությանը:
Սրտանց շնորհավորում ենք կազմկոմիտեին՝ Ղուատի Սանաեին, Անասսե Խադիջային, Մուսթաղֆիր Սամիային, Սալմի Սալահեդդինին, Բուկնիֆի Մոհամմեդին, Մրիսսա Բրահիմին և Ասկուր Սուֆիանին՝ նման հաջողված և ազդեցիկ գիտաժողով կազմակերպելու համար: 


Monday, 20 July 2026

Նոր ուսումնասիրություն՝ Սրբուհի Տյուսաբի գրական և հասարակական ժառանգության մասին

 

Հայ գրականագիտությունը համալրվել է արժեքավոր նոր աշխատությամբ։ Լույս է տեսել «Նիդերլանդական օրագրի» հետ երկարամյա և ակտիվ համագործակցություն ունեցող գրականագետ, ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի ավագ գիտաշխատող, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Նաիրա Համբարձումյանի նոր ուսումնասիրությունը՝ «Սրբուհի Տյուսաբ. Հոդվածներ, քերթվածներ, հրապարակումներ» (Երևան, «Էդիթ Պրինտ», 2026, 504 էջ)։

Սա հերթական կարևոր ներդրումն է 19-րդ դարի արևմտահայ գրականության և հատկապես հայ առաջին արձակագիր կնոջ՝ Սրբուհի Տյուսաբի (Վահանյան, 1830–1901) ստեղծագործական ու հասարակական ժառանգության ուսումնասիրման գործում։ Հատորը ոչ միայն համախմբում է Տյուսաբի գրական ժառանգության կարևոր հատվածները, այլև գիտական նոր դիտարկումների և մինչ այժմ անհայտ փաստերի շնորհիվ նոր լույս է սփռում նրա կենսագրության, գրական գործունեության և ժամանակի մտավոր-մշակութային կյանքում ունեցած նշանակալի դերակատարության վրա։

Աշխատությունն իրականացվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի աջակցությամբ՝ 24SSAH-6B006 ծածկագրով հետազոտական նախագծի շրջանակում, իսկ հրատարակությունը կատարվել է ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի գիտական խորհրդի որոշմամբ։ Գրքի լույսընծայումը հնարավոր է դարձել Յովսէփ և Գարոլին Նալպանտեանների (Լոս Անջելես, Սթուդիո Սիթի) մեկենասական աջակցության շնորհիվ։

Հատորի խմբագիրներն են ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ալբերտ Խառատյանը և Նաիրա Համբարձումյանը, գրախոսը՝ պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Ստեփանյանը։

Գրքի գիտական առաջաբանը ներկայացնում է Սրբուհի Տյուսաբի կյանքի և գործունեության ամբողջական պատկերը՝ անդրադառնալով նրա ընտանիքին, կրթությանը, գրական և հասարակական միջավայրին, ժամանակի նշանավոր մտավորականների հետ ունեցած հարաբերություններին, ինչպես նաև նրա հասարակական նախաձեռնություններին։ Առանձնակի ուշադրության են արժանացել մինչ այժմ քիչ հայտնի կամ ամբողջությամբ չուսումնասիրված փաստերը, որոնք վերաբերում են գրողի ստեղծագործական կենսագրությանը, հասարակական-քաղաքական գործունեությանը, երաժշտական և թատերական հետաքրքրություններին։

Հեղինակը նաև գիտական շրջանառության մեջ է դնում նոր տեղեկություններ Սրբուհի Տյուսաբի «Գարուն» խորագրով գրաբար առաջին բանաստեղծության տպագրության պատմության, ինչպես նաև Կոստանդնուպոլսի հայկական կրթական և բարեգործական հաստատությունների հետ նրա կապերի և գործունեության վերաբերյալ։ Այս փաստերը հնարավորություն են տալիս առավել ամբողջական գնահատելու Տյուսաբի ներդրումը ոչ միայն հայ գրականության, այլև ազգային հասարակական կյանքի ձևավորման գործընթացում։

Հատորը կառուցված է երեք բաժիններով։ Առաջինում ընդգրկված են տարբեր պարբերականներում հրապարակված հոդվածները, երկրորդում՝ հեղինակի պահպանված բանաստեղծությունները, իսկ երրորդ բաժնում տեղ են գտել Սրբուհի Տյուսաբի վեպերին և հրապարակախոսությանը նվիրված տարբեր հեղինակների հոդվածներն ու գնահատականները։ Բոլոր նյութերը ներկայացված են գիտական ծանոթագրություններով, ինչը հրատարակությունը դարձնում է կարևոր սկզբնաղբյուր հետազոտողների, դասախոսների, ուսանողների և հայ մշակութային ժառանգությամբ հետաքրքրվող ընթերցողների համար։

Նոր աշխատությունը ևս մեկ անգամ վկայում է, որ Սրբուհի Տյուսաբի գրական և հասարակական ժառանգությունը շարունակում է բացահայտվել նոր փաստերով ու մեկնություններով՝ հաստատելով նրա բացառիկ տեղը հայ նոր գրականության և կանանց մտավոր պատմության մեջ։

«Նիդերլանդական օրագիրը» շնորհավորում է Նաիրա Համբարձումյանին հերթական գիտական ձեռքբերման առիթով և վստահ է, որ այս հիմնարար աշխատությունը կարևոր ուղենիշ կդառնա ինչպես հայ գրականագիտության, այնպես էլ արևմտահայ մշակութային ժառանգության ուսումնասիրության համար։


Հիշեցնենք, որ «Նիդերլանդական օրագիրը» և «Օրեր» եվրոպական ամսագիրը համատեղ իրականացնում են գրական նախագիծ՝ նվիրված 19-րդ դարի երկրորդ կեսի արևմտահայ կին գրողների գրական ժառանգության հանրահռչակմանը։ Նախագծում ներկայացվում են Էլպիս Կեսարացյանը, Սրբուհի Տյուսաբը, Սիպիլը (Զապել Խանջյան), Հայկանուշ Մառքը (Թոփուզյան), Զապել Եսայանը, Մառի Պեյլերյանը, Զարուհի Գալեմքյարյանը, Արշակուհի Թէոդիկը (Ճէզվէճյան) և այլ նշանավոր հեղինակներ։

Նախագծի հեղինակն ու վարողը ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի ավագ գիտաշխատող, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Նաիրա Համբարձումյանն է, որի երկարամյա հետազոտական աշխատանքը կարևոր դեր ունի արևմտահայ կին հեղինակների գրական ժառանգության պահպանման, գիտական արժևորման և հանրայնացման գործում։

«Նիդերլանդական օրագիր»

Sunday, 19 July 2026

Մարդու մասին լավագույնս պատմում են ոչ միայն նրա գիտական կոչումները, այլև նրա մտքերը, երազանքներն ու արժեքները

Աստվածաբանության դոկտոր Խաչիկ Հովհաննիսյանի կյանքն ու գործունեությունը տարիներ շարունակ նվիրված են հավատքի, գիտության և հայ քրիստոնեական մտքի ուսումնասիրությանը։ Բրյուսելում ապրելով և աշխատելով՝ նա շարունակում է իր գիտական առաքելությունը՝ մշտապես պահպանելով ամուր կապը Հայաստանի և հայկական հոգևոր-մշակութային ժառանգության հետ։

«Նիդերլանդական օրագիրը» նախկինում ևս բազմիցս անդրադարձել է Խաչիկ Հովհաննիսյանի գիտական գործունեությանը՝ հրապարակելով նրա մասին հոդվածներ և հարցազրույցներ։ Այս անգամ մեր ընթերցողներին ներկայացնում ենք ավելի անձնական և մտերմիկ զրույց, որտեղ նա խոսում է իր գիտական ճանապարհի, Գրիգոր Նարեկացու հանդեպ իր հետաքրքրության, Հայաստանի հետ ունեցած կապի, հայկական ինքնության, երիտասարդներին ուղղված իր պատգամի և այն Հայաստանի մասին, որի տեսլականը կրում է իր սրտում։


1. Ո՞վ է Խաչիկ Հովհաննիսյանը՝ մի քանի բառով։

Ես աստվածաբան եմ, հետազոտող և դասախոս՝ մասնագիտացած գերմանալեզու աստվածաբանության, հայ քրիստոնեական մտքի և Գրիգոր Նարեկացու ժառանգության ուսումնասիրության մեջ։

2. Բելգիայի ո՞ր քաղաքում եք ապրում։

Ապրում եմ Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում։

3. Ի՞նչ եք ուսումնասիրում այս տարիներին։

Այս տարիներին հիմնականում ուսումնասիրում եմ Գրիգոր Նարեկացու աստվածաբանական ժառանգությունը։ Այդ թեմայով մի շարք հոդվածներ և ուսումնասիրություններ արդեն հրատարակվել են կամ պատրաստվում են հրատարակության։ Միաժամանակ աշխատում եմ երկհատոր նոր գրքի վրա, որը հայերեն և ֆրանսերեն լեզուներով կներկայացնի աստվածաբանության և փիլիսոփայության բարդ ու երբեմն հակասական փոխհարաբերությունները։

4. Ինչո՞ւ ընտրեցիք հենց այդ ուղղությունը։

Սովորել եմ Սևանի Վազգենյան հոգևոր դպրոցում և սկզբում ցանկացել եմ հոգևորական դառնալ։ Սակայն տարիների ընթացքում այդ կոչումը վերափոխվեց աստվածաբանությամբ զբաղվելու ճանապարհի։ Ինձ համար աստվածաբան լինելը մեծ պատասխանատվություն է՝ հավատքի, Աստծու գաղափարի և քրիստոնեական համայնքի առջև։ Համոզված եմ, որ աստվածաբանությունը պետք է ծառայի քրիստոնեական հավատքի խորացմանն ու համայնքի բարօրությանը։

5. Ի՞նչ կապ ունի Ձեր աշխատանքը Հայաստանի հետ։

Իմ աշխատանքը սերտորեն կապված է Հայաստանի հետ, քանի որ ուսումնասիրում եմ հայ քրիստոնեական միտքն ու Գրիգոր Նարեկացու ժառանգությունը։ Հայաստանում նույնպես առիթ եմ ունեցել ներկայացնելու իմ գիտական ուսումնասիրությունները։ Ինձ համար կարևոր է նպաստել, որպեսզի աստվածաբանությունը Հայաստանում շարունակաբար զարգանա և ամրանա որպես ինքնուրույն գիտական ուղղություն։

6. Նարեկացու ստեղծագործություններից ո՞րն է Ձեզ ամենամոտը և ինչո՞ւ։

Ինձ ամենամոտը Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության»-ն է։ Այդ գիրքը դարեր շարունակ հոգևոր բժշկության և մխիթարության աղբյուր է եղել հայ ժողովրդի համար։ Սակայն ինձ հետաքրքրում է նաև այն հարցը, թե արդյոք մենք Նարեկացուն լիովին և ճիշտ ենք հասկացել։ Իմ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ նրա ստեղծագործությունը նոր աստվածաբանական մեկնաբանության կարիք ունի։ Նարեկացին մեծ խոնարհությամբ է խոսում Աստծու մասին՝ մարդուն ներկայացնելով որպես ողորմություն հայցող, իսկ Աստծուն՝ որպես անսահման սիրով ու շնորհով մարդուն փրկող։ Հենց այդ խոր աստվածաբանական տեսլականն է, որ ինձ ամենից շատ է գրավում։

7. Ի՞նչ նշանակություն ունի Գրիգոր Նարեկացին այսօր աշխարհի հայերի համար։

Այսօր Գրիգոր Նարեկացին աշխարհի հայերի համար ոչ միայն ազգային, այլև համաքրիստոնեական արժեք է։ Նրա ստեղծագործությունը մեզ հիշեցնում է, որ մարդը պետք է խոնարհությամբ դիմի Աստծուն և մշտապես փնտրի Նրա շնորհն ու ողորմությունը։ Նարեկացին սովորեցնում է, որ ապաշխարությունն ու հավատքը պետք է արտահայտվեն նաև գործնական կյանքում՝ սիրո, ողորմածության և պատասխանատվության միջոցով։ Նրա աստվածաբանական խորությունը, Սուրբ Գրքի մեկնության առանձնահատկությունները և մարդ-Աստված հարաբերության ընկալումը շարունակում են արդիական մնալ՝ կարևոր ուղենիշ լինելով նաև մեր օրերում։

8. Բելգիայում ապրելով՝ ինչպե՞ս եք պահպանում հայկական ինքնությունը։

Շառլ Ազնավուրն ասում էր. «Ես հարյուր տոկոս հայ եմ և հարյուր տոկոս ֆրանսիացի»։ Այդ միտքը շատ հոգեհարազատ է նաև ինձ։ Բելգիայում ապրելով՝ ես լիարժեքորեն ինձ համարում եմ այս երկրի քաղաքացի՝ միաժամանակ ամբողջովին պահպանելով իմ հայկական ինքնությունը։ Բելգիան հնարավորություն է տալիս պահպանելու հայկական լեզուն, մշակույթն ու հավատքը՝ հայկական եկեղեցիների, դպրոցների և ակտիվ համայնքային կյանքի շնորհիվ։ Ինձ համար այս երկու ինքնությունները ոչ թե հակադրվում են, այլ փոխադարձաբար հարստացնում են միմյանց։

9. Եթե մեկ խորհուրդ տայիք երիտասարդ հայերին, ի՞նչ կասեիք։

Իմ խորհուրդը երիտասարդ հայերին սա է՝ մշտապես կրթվել, զարգացնել քննադատական մտածողությունը և մեր նախնիներից ժառանգած արժեքները ոչ միայն պահպանել, այլև ստեղծագործաբար վերաիմաստավորել ու գործնական արժեքի վերածել։

10. Ձեր ամենամեծ երազանքը ո՞րն է։

Իմ ամենամեծ երազանքն է տեսնել անվտանգ, խաղաղ և բարեկեցիկ Հայաստան, որտեղ մարդիկ կարող են արժանապատիվ ապրել, ստեղծագործել և վստահությամբ նայել ապագային։ Կարծում եմ՝ եթե դա իրականանա, շատ այլ երազանքներ նույնպես կդառնան իրականություն։

11. Եթե Ձեր գիտական ճանապարհը մեկ նախադասությամբ բնութագրեիք, ինչպե՞ս կասեիք։

Իմ գիտական ճանապարհը մշտական ուսումնառության, ինքնաքննության և ճշմարտության անընդհատ որոնման ճանապարհ է՝ Աստծուն և մարդուն ավելի խորությամբ ճանաչելու ձգտմամբ։

Հարցազրույցը վարեց «Նիդերլանդական օրագրի» Բելգիայի թղթակից` 
Լիանա Բալյանը։